Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ



2009թ. արդյունքներով՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալը ազգային բանակում ճանաչվեց լավագույնը եւ նվաճեց փոխանցիկ դրոշը, ինչը լուրջ ձեռքբերում էր կայազորային հոսպիտալի համար։ Վարդենիսցի բուժաշխատողների հաջողությունը ունեցած հնարավորությունների արդյունավետ օգտագործման եւ պարտականությունների բարեխիղճ կատարման արդյունք է։ Անտարակույս, հաջողության գործում չափազանց մեծ է հոսպիտալի պետ փոխգնդապետ Պետրոս Մանուկյանի վաստակը, եւ նրա հետ ծանոթությունից էլ ծավալվեց զրույցը հոսպիտալի անցած մարտական ուղու եւ խաղաղ ժամանակաշրջանում առաջադրանքների կատարման շուրջ։
-Ծնվել եմ 1964թ. Վարդենիսի շրջանի Ծովակ գյուղում։ 1981թ. միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո մեկնեցի Լենինգրադ՝ այժմ Սանկտ Պետերբուրգ, եւ ընդունվեցի տեղի ռազմաբժշկական ակադեմիայի ավիացիայի եւ տիեզերագնացության նորաբաց ֆակուլտետը, որը զարգացման լուրջ հեռանկարներ ուներ, եւ հատուկ վերաբերմունք կար այնտեղ սովորողների նկատմամբ։ 1988թ. ավարտեցի ակադեմիան, ծառայության նշանակվեցի ռազմական ավիացիայի զորամասերից մեկում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխվեցի հակաօդային պաշտպանության զորամաս։ Արցախյան շարժումը գնալով նոր զարգացումներ էր ստանում, եւ ես ամեն կերպ ձգտում էի վերադառնալ Հայաստան, մանավանդ որ գիտեի, թե ինչ վիճակ է ստեղծվել Վարդենիսի շրջանում։ Հայաստան տեղափոխվելու կամ զորացրվելու իմ բոլոր զեկուցագրերը ՍՀՄ պաշտպանության նախարարության կողմից մերժվում էին, եւ հիմնական պատճառաբանությունը եզակի մասնագիտություն ունենալս էր։ Բայց ես համառում էի եւ կարողացա հանդիպել ԽՍՀՄ պաշտպանության նախարարին եւ Անդրկովկասյան զինվորական օկրուգ տեղափոխվելու հնարավորություն ստացա։ 1992թ. սկզբին նշանակվեցի Հայաստանում տեղակայված ՀՕՊ զորամասի բուժծառայության պետ։ 1995թ. նշանակվեցի դաշտային հոսպիտալի պետ։ 2004-ից այս կայազորային հոսպիտալում եմ։

Փոխգնդապետ Պետրոս Մանուկյանն աշխատանքին զուգահեռ զբաղվում է գիտական գործունեությամբ։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է գիտական կոնֆերանսների, հանդես եկել զեկուցումներով։ Ռուս գործընկերների կողմից պարգեւատրվել է Պիրոգովի անվան մեդալով։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նույնպես ըստ արժանվույն է գնահատել բարեխիղճ բժշկի ավանդը՝ նրան պարգեւատրելով առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի անբասիր ծառայության, ինչպես նաեւ «Մխիթար Հերացի», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» եւ «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Բժիշկ Պ. Մանուկյանը երկու որդիների հայր է։ Տղաներն ավարտել են ծառայությունն ազգային բանակում եւ այժմ ուսանողներ են։ Կինը՝ տիկին Գեղանուշ Մանուկյանը, մասնագիտությամբ բուժքույր է։
***
Մեր խնդրանքով փոխգնդապետ Պ. Մանուկյանը ներկայացրեց հոսպիտալի անցած մարտական ուղին։
-Հայ-ադրբեջանական հակամարտության թեժ գոտիներից մեկն էր Վարդենիսը։ Ադրբեջանցիները միշտ էլ մեր շրջանին տիրելու հավակնություն են ունեցել։ Մարտական գործողությունների գոտում պատշաճ բուժհաստատություն ունենալը ժամանակի հրամայական էր։ Եվ 1993թ. այստեղ բացազատվեց հոսպիտալ, ուր աշխատում էին տեղի եւ ՊՆ բուժվարչության կողմից գործուղված բժիշկները։ Հետագայում, անհրաժեշտությունից ելնելով, ստեղծվեց Կարճաղբյուրի լազարեթը, որի պետը Կամո Շաբոյանն էր։ 1995թ. առաջնագծում ստեղծվեց դաշտային հոսպիտալ։ 2004թ., ստեղծվեց այս հոսպիտալը։ Այս ամբողջ ժամանակաշրջանում անկախ անվանումից, ձեւից եւ ունեցած միջոցներից, հոսպիտալն անգնահատելի ծառայություն է մատուցել մեր ժողովրդին, մեր բանակին։ Այստեղ կատարվել են բազմաթիվ շտապ վիրահատություններ։ Մեր կամավորականները, զինծառայողները, մեզ մոտ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, վերադարձել են մարտադաշտ եւ շարունակել դիմակայել թշնամուն։ 2004թ., երբ մեզ տրամադրվեց քաղաքացիական հիվանդանոցի այս մասնաշենքը, մենք հիմնականում մեր ուժերով նորոգեցինք, ստեղծեցինք գործունեության համար բավարար պայմաններ։ Ինչպես տեսնում եք, ունենք կաթսայատուն, տաք ջուր, լվացքատուն, իսկ սարքավորումները լիովին բավարարում են մեր պահանջները։ Ստացել ենք նաեւ նորագույն ռենտգեն սարքավորումներ, որոնք շուտով կտեղադրվեն։
Հոսպիտալում ունենք թերապեւտիկ, բուժական, վիրաբուժական բաժանմունքներ, մասնագետ-բժիշկներ բոլոր հիվանդությունների գծով։ Մեր թերապեւտիկ բաժանմունքը 2008 եւ 2009թթ. հոսպիտալների թերապեւտիկ բաժանմունքների մրցույթում ճանաչվել է լավագույնը։ Ունենք շատ լավ վիրահատարան, բացառիկ դեպքերում ենք հիվանդին ուղարկում մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Բժշկական սարքավորումների եւ դեղորայքի խնդիր ընդհանրապես չենք ունենում։
Անդրադառնալով զինծառայողների եւ զորամասերի հետ տարվող աշխատանքին՝ փոխգնդապետ Պ. Մանուկյանն ասաց.
-Աշխատանքն այդ ուղղությամբ պլանավորում եւ կատարում ենք զորամիավորման բուժծառայության պետ փոխգնդապետ Կարեն Աթոյանի հետ։ Սովորաբար ամիսը մեկ կամ երկու անգամ լինում ենք բոլոր զորամասերում, ստուգում ենք ճաշարանի, բաղնիքի, սանհանգույցների, ինչպես նաեւ զորանոցների վիճակը, մեթոդական օգնություն ենք ցույց տալիս զորամասերի բուժաշխատողներին։ Ունենք թվային ֆլյուորոգրաֆիա անելու հնարավորություն եւ սահմանված ժամանակաշրջանում ստուգում ենք մեր պատասխանատվության ոլորտում եղած բոլոր զորամասերի զինծառայողներին։ Արդեն ավարտել ենք այս տարվա երկրորդ փուլի ստուգումները, եւ ուրախությամբ պիտի ասեմ, որ ոչ մի արտառոց դեպք չենք հայտնաբերել։ Սովորաբար բարձր լեռնային գոտիներում ծառայողների շրջանում շատ են հանդիպում սիրտ-անոթային հիվանդությունները, այսօր այդպիսիք գրեթե չկան։ Եթե տարիներ առաջ շատ էին լինում ցրտահարումներ, հրազենային վնասվածքներ, ապա այժմ իրավիճակը շատ ավելի լավ է՝ ցրտահարումներ ընդհանրապես չկան, վնասվածքները էապես նվազել են։ Շատ քիչ են շնչառական ուղիների հիվանդության եւ թոքաբորբի դեպքերը։ Նվազել են նաեւ կառավարվող ինֆեկցիոն հիվանդությունները։ Քիչ են ջրծաղիկ հիվանդության դեպքերը։ Հայտնի է, որ նորակոչիկները դեռ հավաքակայանում ստանում են պատվաստումներ տասը հիվանդությունների դեմ, եւ զորամասերում մենք պատվաստումները շարունակում եւ ավարտում ենք։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը մեր զորամիավորումում բավարար է, ինչը ես կապում եմ ոչ միայն եղանակի, այլ մեծ մասամբ կենցաղային պայմանների բարելավման, որակյալ ջրի օգտագործման հետ։
Փոխգնդապետ Պ. Մանուկյանը անդրադարձավ նաեւ հոսպիտալում տարվող կադրային քաղաքականությանը.
-Բժիշկները հիմնականում տեղացիներ են եւ նույնիսկ գիշերային ժամերին կարող են գալ եւ իրենց գործն անել։ Բուժգծով իմ տեղակալը կապիտան Տիգրան Նալբանդյանն է։ Ամենաբարդ վիրահատությունները մենք նրան ենք վստահում։ Հրաշալի մասնագետ է մայոր Սաթենիկ Մինասյանը։ Ունենք երիտասարդ բժիշկներ, որոնք կրթություն ստանալուց հետո որոշ ժամանակ աշխատել են, այնուհետեւ վերապատրաստվել։ Մենք մեզ փոխարինողներ ենք պատրաստում, երիտասարդներին օգնում ենք փորձ ձեռք բերել եւ պատրաստ լինել դիմագրավելու մարտահրավերներին։
***
Հոսպիտալի պետին խնդրեցինք ներկայացնել նաեւ զինծառայողների ընտանիքների անդամների եւ ընդհանրապես քաղաքացիական բնակչության բուժսպասարկման վիճակը։
-Մենք սահմանված կարգով սպասարկում ենք ինչպես զինծառայողների, այնպես էլ ազատամարտիկների ընտանիքների անդամներին եւ քաղաքացիական բնակչությանը։ Վարդենիսցիների մեծ մասը առողջության հետ կապված բոլոր հարցերով գալիս է հոսպիտալ։ Մենք սահմանափակումներ դնելու, մարդկանց մերժելու բարոյական իրավունք չունենք, մանավանդ որ սա սահմանամերձ շրջան է, այստեղ բոլորը պոտենցիալ զինվորներ են, եւ մենք բոլորս միմյանց ճանաչում ենք։ Մենք մարդկանց, սովորական քաղաքացիներին սպասարկում ենք անշահախնդրորեն, առանց որեւէ ակնկալիքի։ Ես գտնում եմ, որ ցանկացած իրավիճակում բժիշկը պետք է իր առաքելությունը կատարի։ Սա է Հիպոկրատի երդման խորհուրդը։ Սակարկող, բուժումը ձգձգող, վարձի սպասող բժիշկը, մեղմ ասած, արդեն երդմնազանց մարդ է եւ իր վարքագծով գցում է հիվանդի տրամադրությունը, է՛լ ավելի է վատացնում նրա վիճակը։ Այս ամռանը Երկրապահ կամավորականների միությունը Սեւանի ափին զոհված ազատամարտիկների երեխաների համար ճամբար էր կազմակերպել։ Մենք ապահովեցինք նրանց բուժսպասարկումը եւ բոլորին բուժհետազոտման ենթարկեցինք։ Տեղական իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն՝ ստանձնել ենք բոլոր մարզական եւ մասսայական միջոցառումների բուժսպասարկումը։ Ժողովուրդը վստահում է մեզ, եւ մենք պարտավոր ենք լինել նրա կողքին, մեր հնարավորությունների սահմաններում հոգալ նրա հոգսերը։ Միայն այսպես կարող ենք ամրապնդել մեր միասնությունը, բարելավել կյանքը սահմանամերձ շրջանում։
***
Հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու կապիտան Տիգրան Նալբանդյանը ծնվել է 1973թ. Վարդենիսում։ 1990թ. ավարտել է տեղի Համազասպ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, որն ավարտել է 1996թ. եւ երկու տարի սովորել Վոլգոգրադի բժշկական ակադեմիայի ինտերնատուրայում։ 1998-2001թթ. հետդիպլոմային ուսուցումը շարունակել է Բելառուսի Հանրապետության բժշկական ակադեմիայում, իսկ 2001-2004թթ. եղել է նույն ակադեմիայի ասպիրանտ եւ պաշտպանել գիտական թեզ՝ լապարասկոպիկ վիրահատությունների թեմայով։ Վերադառնալով հայրենիք՝ Տիգրան Նալբանդյանը Վարդենիսի հոսպիտալում անցել է զինվորական ծառայության։ Մասնագիտական հարուստ գիտելիքների տեր շնորհալի բժիշկը ոչ միայն զինծառայողների, այլեւ բոլոր վարդենիսցիների համար սիրելի անձնավորություն է։ Հիվանդները հավատով են մտնում նրա աշխատասենյակ։ Նրանք գիտեն, որ բժիշկը ամենաճիշտ որոշումն է կայացնելու։
-Բելառուսում ինձ մշտական աշխատանք էին առաջարկում եւ չէին ուզում, որ տեղափոխվեմ Հայաստան, բայց ես արձակուրդ վերցրի, եկա ու մնացի, ինչի համար չեմ ափսոսում։ Իհարկե, ծանրաբեռնվածությունը շատ է մեծ, տեղակալի պարտականությունների կատարումը շատ ժամանակ է պահանջում, բայց մարդկանց օգնել է պետք։ Մենք ձգտում ենք հիվանդին բուժել առանց ավելորդ վիրահատական միջամտության, բայց հաճախ չենք կարողանում դրանից խուսափել։ Մեր ժողովուրդն էլ մի վատ սովորություն ունի, ինչպես ասում են՝ մինչեւ ցավը ոսկորին չի հասնում, բժշկի չի դիմում։ Մենք այստեղ կատարում ենք բոլոր տեսակի վիրահատությունները, բացի նյարդավիրաբուժականից եւ անոթայինից։ Լավ է, որ ապահովված ենք ամեն ինչով, ո՛չ դեղորայքի, ո՛չ էլ այլ նյութերի պակաս չունենք,- ասաց կապիտան Տ. Նալբանդյանը։
***
Մայոր Սաթենիկ Մինասյանը թերապեւտիկ բաժանմունքի պետն է։ Հենց նրա աշխատանքի շնորհիվ է բաժանմունքը երկու տարի անընդմեջ ճանաչվել լավագույնը։ Ինքը՝ Սաթենիկը, հաջողությունը վերագրում է հոսպիտալի պետ փոխգնդապետ Պ. Մանուկյանին։
-Նա արհեստավարժ զինվորական բժիշկ է, եւ գործերի ճիշտ կազմակերպումը նրանից եմ սովորել,- ասաց բժշկուհին։
Մայոր Ս. Մինասյանը նույնպես Համազասպ Համբարձումյանի անվան դպրոցի շրջանավարտ է։ Բժշկական համալսարանն ավարտել է 1986թ. եւ աշխատանքի անցել Վարդենիսի բուժմիավորումում։ Եղել է մանկաբույժ, գլխավոր բժշկի՝ մոր եւ մանկան գծով տեղակալ, մանկական բաժանմունքի վարիչ, իսկ 2005թ. տեղափոխվել է հոսպիտալ։
-Մինչ այստեղ տեղափոխվելը, պատերազմի տարիներին որպես բուժքույր ծառայում էի զինված ուժերում, այնպես որ զինվորականների հետ աշխատանքն ինձ համար նորություն չէր, եւ երբ փոխգնդապետ Պ. Մանուկյանն առաջարկեց կրկին ծառայության անցնել՝ առանց երկմտելու համաձայնեցի։ Չեմ թաքցնում, աշխատանքից մեծ բավականություն եմ ստանում, որովհետեւ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է։ Բոլորն էլ գիտակցում են, որ զինվորի առողջությունն ամենակարեւորն է։ Եթե տեղացի հիվանդներին այցելում են իրենց հարազատները, ապա զինվորների հարազատները մենք ենք, որ պարտավոր ենք բուժօգնությունից բացի, մեր սերն ու քնքշությունը տալ նրանց,- ասաց Սաթենիկ Մինասյանը։
***
Հանդիպեցինք նաեւ վիրաբուժական բաժանմունքի պետ ավագ լեյտենանտ Գրիգոր Խաչատրյանին։ Երիտասարդ բժիշկը համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, սովորել օրդինատուրայում, վերադարձել ու ծառայության անցել զինվորական հոսպիտալում։ Նրա ուղեկցությամբ եղանք վիրահատարանում, վիրակապարաններում, տեսանք բժիշկների, բուժքույրերի աշխատանքը, հիվանդասենյակներում զրուցեցինք բուժվող զինվորների հետ։ Շարքային Կարեն Սերոբյանն ասաց, որ ոտքերին վերքեր էին առաջացել, որոնք օր օրի ապաքինվում են։ Շարքային Վազգեն Սարոյանն էլ ասաց, որ նշագեղձերն են հեռացրել։ Քթի վիրահատություններ էին տարել շարքայիններ Արշակ Հարությունյանը եւ Հովհաննես Հովակիմյանը։
Մեզ ցույց տվեցին նաեւ ինտենսիվ թերապիայի սենյակը, որի ստեղծումն այս հոսպիտալում նախատեսված չի եղել, սակայն ղեկավարությունն այն ստեղծել է՝ ելնելով անհրաժեշտությունից։
Ընդունարանում հերթապահում էր քիթ-կոկորդ-ականջի բժիշկ կապիտան Սամվել Ղարիբյանը։ Նա նույնպես քաղաքացիական հիվանդանոցից հինգ տարի առաջ է տեղափոխվել հոսպիտալ։ Մինչ հերթապահ բուժքույր Էլվիրա Աբրահամյանը հիվանդ այցելուի վերաբերյալ գրանցումներ էր կատարում, կապիտան Ս. Ղարիբյանը մեզ ուղեկցեց աշխատասենյակ, ցույց տվեց մասնագիտական սարքավորումները, աշխատանքային պայմանները։
-Երիտասարդների մեջ ավելի հաճախ են հանդիպում քթի շնչառական խնդիրներ ունեցողները։ Զինվորներից շատերը գերադասում են ծառայության ընթացքում վիրահատվել եւ ճիշտ են վարվում, որովհետեւ քաղաքացիական բուժհաստատություններում այդ վիրահատությունը բավական թանկ է,- ասաց Ս. Ղարիբյանը։
***
Վարդենիսում առիթ ունեցանք հոսպիտալի մասին զրուցելու տեղացիներից մի քանիսի հետ։
-Այսօր մեր հիվանդանոցը մարդկանց լիարժեք սպասարկելու հնարավորություն չունի, այդ պատճառով էլ հիվանդները հիմնականում դիմում են զինվորական հոսպիտալի օգնությանը,- ասաց Աշոտ Սիմոնյանը։
-Հոսպիտալում քաղաքացիներին ոչ միայն չեն մերժում, այլեւ անշահախնդիր բուժօգնություն են ցույց տալիս։ Մենք երախտապարտ ենք հոսպիտալի անձնակազմին, պաշտպանության նախարարությանը, որ թույլ է տալիս օգտվել հոսպիտալի ծառայությունից։ Վերջերս թոնրի համար փայտ կոտրելիս վնասել էի մատս։ Թվում էր՝ միակ ելքը անդամահատելն էր, բայց մեր բժիշկներն այլ կարծիքի էին, բուժեցին, եւ հիմա ամեն ինչ լավ է։ Ես քիչ թե շատ ապահովված մարդ եմ, սակայն ինչ արեցի՝ մի դրամ չվերցրին,- ասաց Սահակ Սահակյանը։
-Մենք փորձության ենթարկված եւ միասնության, համախմբվածության արժեքն իմացող ժողովուրդ ենք։ Ապրելով սահմանամերձ շրջանում, հասկանում ենք, որ ամեն ինչով պետք է աջակցենք այստեղ ծառայող զինվորին, սպային։ Հոսպիտալի բժիշկներն էլ մեր մարդիկ են, մեր եղբայրները։ Նրանք այսօր մեզ օգնելու հնարավորություն ունեն եւ օգնում են, վաղն էլ, թե մի բան եղավ, մենք ենք իրենց օգնելու, այլ կերպ հնարավոր չէ, միմյանց աջակցելով պիտի ապրենք ու զորեղանանք,- ասաց Գեղամ Սահակյանը։
***
Փոխգնդապետ Պ. Մանուկյանը մեր այցի նախորդ օրը եղել էր պաշտպանության նախարարությունում, որտեղից իր հետ բերել էր անձնակազմի պարգեւները՝ մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր, որոնցով առանձին բուժաշխատողներ, Բուժծառայողի օրվա առթիվ պարգեւատրվել էին նախարար Սեյրան Օհանյանի եւ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանի կողմից։ Հանձնելով պարգեւները հասցեատերերին, պարոն Պ. Մանուկյանը մեկ անգամ եւս նրանց շնորհավորեց եւ կոչ արեց անձնակազմին՝ հավատարիմ մնալով սկզբունքներին, շարունակել արժանապատվորեն ծառայել մեր բանակին եւ մեր ժողովրդին։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #50 (865) 22.12.2010 – 29.12.2010, Ազգային բանակ


24/12/2010