Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՈՒՐՋ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ



ՇՈՒՐՋ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄԶրույց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

 

-Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի գործողություններն այս պատերազմում: Ադրբեջանը միտումնավոր շրջանցում եմ, քանի որ, ինչպես ցույց տվեցին բոլոր փաստերը, նրա մասնակցությունը և նկրտումները ստորադասված են ավելի մեծ «խաղացողի» շահերին:

-Այս պատերազմի սկզբից դեռ ասել եմ, որ Թուրքիան նպատակ ուներ նախ և առաջ թուլացնել Հայաստանը՝ շարունակելով իր ցեղասպանական քաղաքականությունը: Այն, ինչ Թուրքիան անում է Արցախի դեմ, հարված է Հայաստանի Հանրապետությանը: Իսկ Հայաստանի Հանրապետության վերացումը Աթաթյուրքի նպատակն է եղել 1920 թ. նոյեմբերին: Կարաբեքիր փաշային նրա տված գաղտնի հրամանագրում բառացի գրված է, որ Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի: «…Անհնարին է, որ Հայաստանը, որը գտնվում է մեծ մահմեդական շրջանակի կենտրոնում, այդ դաժան ժանդարմի պարտականությունից սրտի համոզմունքով հրաժարվի և որոշի իր բախտը լիովին կապել Թուրքիայի և իսլամականության հետ: Այդ պատճառով, բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի…»:

Ներկայումս Էրդողանը շարունակում է այդ քաղաքականությունը: Նրան այս պահին չհաջողվեց օրինական հիմունքներով ռուս խաղաղապահների հետ մեր տարածաշրջան զորք տեղակայելը: Համոզված եմ, որ իր այդ ծրագրից Էրդողանը չի հրաժարվել:

ՇՈՒՐՋ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ-Ինչպես հայտնի է, Սիրիայի վարձկաններին նա այժմ էլ տեղավորում է Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում:

-Այո՛, նրանց տեղավորում է այս շրջաններում, որպեսզի ցանկացած պահի օգտագործի: Իհարկե, վարձկաններն իրավունք չունեն այնտեղ լինելու, բայց Ադրբեջանում այսօր էլ հազարավոր վարձկան-հրոսակներ կան: Կարծում եմ՝ վարձկաններին այնտեղ տեղակայելով՝ Թուրքիան մի նոր առևտրի «սեղան» է բացում Ռուսաստանի ու Իրանի հետ, որոնք պահանջում են, որ այդ վարձկաններն այնտեղից դուրս բերվեն: Թուրքիայի հիմնական նպատակն այս փուլում Արցախի սահմանի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ իր զորքերը տեղակայելն է: Նրա վարած այս քաղաքականությունը կարտահայտվի նաև Հայաստանի դեմ՝ տարբեր ճնշումներով, սադրանքներով: Բացառված չեն Նախիջևանի սահմանի վրա Մեղրիի, Սյունիքի ուղղությամբ սադրանքները: Ձևականորեն այդտեղ սրանք կիրականացվեն ադրբեջանցիների, իսկ մնացած հատվածներում նաև՝ բուն Թուրքիայի կողմից:  Այնպես որ, մեզ «հեշտ» ժամանակներ չեն սպասվում: Պետք է պատրաստ լինենք Թուրքիայի կողմից ավելի ծավալուն սադրանքների: Անթույլատրելի է զգոնության կորուստը. պատերազմը չի ավարտվել:

-Անգամ պարզ դիտումով բազմաթիվ զուգահեռներ են երևում ուղիղ հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության և այս օրերի իրականության միջև: Զենքն ու սպառազինությունն է ասես միայն փոխվել, իսկ մեթոդները նույնն են: Ոճրագործ, ցեղասպան  ձեռագիրը՝ նույնը: Որպես թուրքագետ՝ Դուք ի՞նչ գնահատական կտաք թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններին: Թուրքիան ժամանակին արեց հնարավոր անհնարը՝ պաշտոնապես չճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով նա օրինականացրեց մարդկայնության հանդեպ իր նոր հանցանքների հնարավորությունը, ինչին այսօր ականատես ենք:

-Էրդողանը ոչ միայն կեղծում է պատմական փաստերը, այլև, այո՛, ներկայումս փաստորեն շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը՝ չճանաչելով այդ ծանրագույն հանցագործության եղելությունը։ Փաստ է նաև, որ Թուրքիային շատ դեպքերում հաջողվում է տարբեր երկրների հետ «լեզու գտնել», իր այս գործողությունների վրա աչք փակել տալ: Իսկ նրա կամակատար Ադրբեջանի գործողությունների հանցագործ բնույթը բազմաթիվ փաստերով ապացուցել են ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանները: Սրանք կարելի է օրինական դաշտում բնութագրել ոչ միայն որպես մարդու իրավունքների զանգվածային խախտումներ և հանցագործություններ մարդու իրավունքների դեմ, այլ նաև՝ որպես ցեղասպանական գործողություններ: Այս օրերին արդեն իսկ սկսվել է հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ստեղծած քաղաքակրթական արժեքների պղծումն ու ոչնչացումը: Սրանք արդեն կոնկրետ ցեղասպանական արարքներ են: Առկա են նաև բազմաթիվ փաստեր, երբ հայազգի խաղաղ բնակիչները հայտնվում են ազերիների ձեռքում և անմարդկային կտտանքների են ենթարկվում: Այն, որ հայ լինելու համար մարդուն դաժանաբար սպանում են, կարելի է բնութագրել որպես ցեղասպանական արարք: Այս բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել ու դեռ շարունակում են կատարվել, փաստագրվում են:

ՇՈՒՐՋ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ. ՄԵԹՈԴՆԵՐՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ ՉԵՆ ՓՈԽՎՈՒՄ-Ինչպիսի՞ արձագանք ստացանք այս ընթացքում տարբեր երկրների կողմից. ի՞նչ հետևություններ կարող ենք անել:

-Փորձը ցույց տվեց, որ իրականում միայն Ռուսաստանն է մեր իրական դաշնակիցը տարածաշրջանում: Եվ մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ռազմական, ռազմաքաղաքական, նաև՝ վերլուծական, հետախուզական ոլորտներում պետք է շատ ավելի բարձր մակարդակի բերենք:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք եվրոպական երկրներում վերջերս տեղ գտած ղեպքերը, որոնցից անմասն չէր հավակնոտ Էրդողանը: Ինչպես տեսանք, մի մատի շարժումով նրան հաջողվեց ահաբեկչական որոշակի գործողություններ իրականացնել՝ ներգրավելով իսլամիստ ծայրահեղականների խմբերը: Ի՞նչ մարտահրավեր էր սա Եվրոպային, և ի՞նչ արձագանք ունեցավ սա: 

-Ներկայումս Էրդողանի մերձակա շրջապատը որոշակի աշխատանք է տանում, որի նպատակն է 61 մուսուլմանական երկրների կոնֆեդերացիա ստեղծելը, որի մայրաքաղաքը պետք է լինի Ստամբուլը: Եվ այդ աշխատանքների մասին, որ Էրդողանի շրջապատի մարդիկ են ղեկավարում, որի շրջանակներում ամեն տարի կոնֆերանսներ են անցկացվում, սովորաբար քիչ է խոսվում: Այս վերջին իրադարձությունների ֆոնին ակնհայտ է դառնում, որ Էրդողանը փորձում է ձեռք բերել մուսուլմանական ամբողջ աշխարհի առաջնորդի համարում: Սա Թուրքիայի քաղաքականության մեջ մի նոր ակտիվացած ուղղություն է: Էրդողանը փորձում է արաբական աշխարհի իսլամական հայտնի առաջնորդներին մի կողմ մղել, դաշնակիցներ է փնտրում, ի դեմս, օրինակ, Պակիստանի: Մենք գիտենք, որ 16-րդ դարից մինչև 1924 թվականը իսլամական  աշխարհի առաջնորդը՝ խալիֆը, եղել է թուրք սուլթանը: Խալիֆ նշանակում է Ալլահի ներկայացուցիչ, փոխանորդ երկրի վրա: Առաջին խալիֆը Մուհամեդն է եղել, և 16-րդ դարի սկզբին թուրք սուլթանը բռնի կերպով դարձավ խալիֆ, այսինքն՝ իսլամական աշխարհի առաջնորդ: Աթաթյուրքը վերացրեց խալիֆի պաշտոնը, ու հիմա իսլամական աշխարհը չունի խալիֆ՝ հեղինակություն վայելող առաջնորդ։ Թուրքիան այժմ փորձում է մի կողմ մղել Սաուդյան Արաբիային, որ նույնպես իսլամական աշխարհում առաջնորդ լինելու հավակնություններ ունի, Եգիպտոսին, որը մեծ հեղինակություն է վայելում ու, համագործակցելով Պակիստանի հետ, դառնալ իսլամական աշխարհի ամենահզոր պետությունը։ Չմոռանանք, որ Պակիստանն ունի միջուկային զենք, որի մասին հայտարարվում է, որ դա «մահմեդական միջուկային ռումբ» է:

Եվ նշված ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում ամբողջ աշխարհում: Սուրբ Սոֆիայի՝ հրապարակային, ամբողջ աշխարհի աչքի առջև մզկիթի վերածելը հենց այս նպատակն էր հետապնդում՝ ցույց տալ մուսուլմանական աշխարհին և մյուս երկրներին, թե՝ տեսե՛ք, ինչեր կարող ենք անել…

Թուրքիան համագործակցում է ծայրահեղական մուսուլմանական կազմակերպություններից «Մուսուլման եղբայրների» հետ: Դա այն կազմակերպությունն է, որը որոշ ժամանակով իշխանության էր եկել, օրինակ, Եգիպտոսում, սակայն շուտով հեռացվեց իշխանությունից: Դրանից հետո Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները կտրուկ վատացան: Այժմ «Մուսուլման եղբայրները» գործում է աշխարհի շատ երկրներում։ Նրա անդամները ուժեղ գաղափարական պատրաստություն են անցնում: Այսօր Թուրքիան փորձում է հանդես գալ որպես այս կազմակերպության հովանավոր և օգտագործել նրան՝ մահմեդական աշխարհում իր ծրագրերի իրականացման համար։

-Գանք Եվրոպական երկրներին: Թուրքիան այստեղ ունի իր կողմից ղեկավարվող «Գորշ գայլերի» կազմակերպությունները, որոնք գործում են մշակութային, կրթական կենտրոնների քողի ներքո:

-Սրանց անդամները տասնյակ հազարավոր թուրքեր են, որոնք այդ երկրներում միաժամանակ և՛ պանթյուրքիստական գաղափարախոսություն են քարոզում, և՛ միաժամանակ փորձում են դառնալ մահմեդական տարբեր երկրներից որպես փախստականներ Եվրոպա եկածների համար  ձգող կազմակերպություններ, որ նրանք էլ ի վերջո ղեկավարվեն Թուրքիայի կողմից:  Սա մի քաղաքականություն է, որ իր դրսևորումն է գտնում Եվրոպական շատ երկրներում: Ինչպես նշեցի՝ իսլամական աշխարհում էլ Թուրքիան ձգտում է դառնալ առաջնորդ և հաստատել իր այդ դիրքը՝ Եվրոպայի, Արևմուտքի վրա ճնշում գործադրելու նպատակով: Սա նրան դեռևս հաջողվում է, բայց թուրքական այս վտանգի մասին կամաց-կամաց սկսում են գիտակցել նաև Եվրոպայում: Ինչպես գիտենք՝ սկզբում Ավստրիան, վերջերս նաև՝ Ֆրանսիան արգելեցին «Գորշ գայլերի» գործունեությունը: Տեղեկություններ կան, որ Գերմանիայում ևս քննարկվում է  այս հարցը: Եվ ամենակարևորը՝ արդեն հայտնի է, որ այս կազմակերպությունները ղեկավարվում են Անկարայից՝ թուրքական հետախուզության կողմից:

-Կարծես թե հապաղում են: Ի՞նչ է սա. վտանգի թերագնահատման արդյո՞ւնք:

-Շատ լավ տեղյակ են: Վստահ եմ՝ հակահետախուզությունը լիովին տիրապետում է այդ տվյալներին: Գուցե վտանգի մասշտաբները լիովին չեն գիտակցում: Կան տվյալներ, որ «Գորշ գայլերի» կազմակերպության անդամները փորձում են մտնել եվրոպական երկրների պետական կառույցները և արդեն այդ դիրքերից ծավալել իրենց գործողությունները: Թուրքերն այժմ մի քանի միլիոն են կազմում Եվրոպայում. հստակ տվյալներ, իհարկե, դժվար է ասել այս պահին:

-Վերջերս եվրոպական մի քանի երկրներում, մասնավորապես՝ Ավստրիայում և Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցներից ահազանգեր ստացանք, որ «Գորշ գայլերից» զանգվածաբար կյանքին սպառնալիք պարունակող նամակներ են ստանում: Ահաբեկիչները սրանով ինչի՞ են փորձում հասնել:

-Այո՛, հաստատվեց, որ հատկապես այս երկու երկրներում հայերը ռասիստական սպառնալիքներ պարունակող նամակներ են ստանում: Ցեղասպանական ձեռագրի ևս մեկ վկայություն, այս անգամ՝ Եվրոպայում:

-Ինչպե՞ս կբացատրեք թուրքերի այսպիսի խորը ատելությունը հատկապես հայերի հանդեպ: Ադրբեջանական հասարակությանը պետական մակարդակով՝ որպես քարոզչական սնունդ, դեռ դպրոցից մատուցվում է կեղծված պատմություն, թշնամանք է սերմանվում: Մինչդեռ ցեղասպանություն, ջարդեր, զրկանքներ կրած մեր ազգի մեջ ատելության այսպիսի քաղաքականություն չի տարվում: 

-Թուրքիայում և Ադրբեջանում տարածված այս երևույթը պետք է քաղաքական և գաղափարական տեսանկյունից դիտարկել: Մենք՝ մեր պատմական տարածքներով, կարծես մի սեպ կամ պատ ենք, որը խոչընդոտում է Թուրքիայի պանթյուրքիստական ծրագրերի իրականացմանը։ Աթաթյուրքն, օրինակ, այս առումով օգտագործել է «հայկական պատ» արտահայտությունը: Իսկ մեկ այլ գործիք՝ սերմանվող ատելությունը, լրացնում է իրենց քարոզչական զինանոցը՝ այս հասարակությունների մեջ համապատասխան վերաբերմունք ձևավորելով իբր իրենց պատմական հողերը զավթած հայերի հանդեպ: Այդ քարոզչությունը ծայրահեղ ագրեսիվ կերպով է սերմանվում հատկապես Ադրբեջանի հասարակության մեջ: Նոր պատմություն է գրվում, որում Հայաստան չի եղել: Ադրբեջանն այդ նույն ժամանակ իր երկրի կեղծ պատմությունն է գրում ու մատուցում իր ժողովրդին: Սա էլ օգտագործվում է սեփական ժողովուրդների աչքում իրենց ագրեսիվ ու ռասիստական գործողությունները արդարացնելու համար: Ատելության հողի վրա վերջին պատերազմի օրերին ադրբեջանցի զինվորականների՝ հայերի հանդեպ անմարդկային գործողությունները սրա վառ դրսևորումն են:

-Պատերազմը չի ավարտվել, իհարկե, բոլորս լավ հասկանում ենք: Ի՞նչ զարգացումներ են սպասվում:

-Ես կարծում եմ, որ Թուրքիան կշարունակի իր պանթյուրքիստական քաղաքականությունը, որը ծրագրել է դեռևս երիտթուրքերի իշխանության տարիներին։ Եվ սա մեծ վտանգ է նրա գծած ու երևակայած Թուրանի ճանապարհին գտնվող բոլոր երկրների ու պետությունների համար: Այնպես որ՝ Թուրքիայի նկրտումները կասեցնելն ու նրա հակամարդկային քայլերին համապատասխան գնահատականներ տալը միջազգային հանրության միասնական շահերից է բխում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1367) 25.11.2020 - 1.12.2020, Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


26/11/2020