Հայերեն | На русском | In English
Զինվորներին առաջնագիծ ուղարկելուց առաջ քաջալերելն ու աղոթելը բոլոր ժամանակներում եղել է հոգևորականների ծառայության գլխավոր կետը: Այսօր էլ, պատերազմական այս իրավիճակում, մեր հոգևորականներն աղոթքով են հայրենիքի պաշտպաններին ռազմաճակատ ճանապարհում, իսկ ոմանք էլ գնում են՝ խաչ ու զենք վերցրած:
Վրթանես Սրբազանը եղբայրաբար զրուցում է զինվորների հետ, վստահեցնում, որ Աստված միշտ արդար պայքարի կողմնակից է, և հաղթանակը մերն է լինելու։
«Հայի համար պատերազմն սկսվել է այն օրից, երբ ինքն ընտրել է լույսը, ոչ թե խավարը»,- ասում է ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հավելելով, որ մեզ հաճախ լույսի որդիներ են անվանում:
Վրթանես Սրբազանն ասում է, որ այդ լույսը Հայաստան աշխարհն ու քրիստոնեական ապրելակերպն է, ինչպես նաև մեր եղբայրությունը:
«Մենք եղբայրներ ենք Քրիստոսով, դավանանքով, գաղափարախոսությամբ, ուստի, մենք այս պատերազմից պետք է պատվով և հաղթանակով դուրս գանք: Որպեսզի մենք հաղթենք՝ պետք է մեկ գաղափարով գործենք: Այդ գաղափարը մեր նվիրումն է առ հայրենիք, ընտանիք և մեր եղբայրասիրություն»,- եզրափակելով իր խոսքը` Սրբազանն առաջնագիծ մեկնող տղաներին օրհնեց Դադիվանքի մասունքով։
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ