Հայերեն | На русском | In English
Երևան, 17 նոյեմբերի 2011թ.
ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին: Գիտաժողովի թեմայի կարևորությունը հաստատվում է ինչպես տարածաշրջանի պետությունների անվտանգության շահերով, այնպես էլ ներկա մասնագետների ու փորձագետների հեղինակությամբ ու կշռով:
Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ են և հաճախ դժվար կանխատեսելի՝ ենթակա տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժային կենտրոնների շահերի համադրման ու մրցակցության ազդեցությանը: Այս հանգամանքը տարածաշրջանի պետությունների համար ստեղծում է ինչպես լրացուցիչ հնարավորություններ, այնպես էլ որոշակի մարտահրավերներ:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է տարածաշրջանային և գլոբալ դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության ու փոխադարձ հարգանքի, նրանց շահերի համադրման տրամաբանությամբ: Մենք վստահ ենք, որ բաց սահմանները և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են լավագույն խթան դառնալ փոխըմբռնման ու փոխվստահության մթնոլորտի ձևավորման, հետևաբար նաև քաղաքական խնդիրների կարգավորման համար: Փոխարենը տարածաշրջանի պետությունների միջև բաժանարար գծերի խրախուսմանն ուղղված քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի ամբողջ Հարավային Կովկասում անկայունության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը:
Տարածաշրջանի առջև ծառացած առանցքային մարտահրավերներից են չկարգավորված հակամարտությունները, որ կարոտ են համապարփակ ու վերջնական լուծման: Մենք բազմիցս վերահաստատել ենք մեր անկոտրում համոզմունքը, որ առկա հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հենքի վրա: Չեմ վարանում կրկնել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի համար միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է: Մեր խորին համոզմամբ՝ տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն կարող են հաստատվել միմիայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու երաշխավորված ապահովմամբ:
Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով նախատեսված առաստաղների բազմակի գերազանցումը մտահոգիչ հանգամանք է ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հարավային Կովկասի, այլև առավել լայն ընդգրկմամբ՝ տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից: Ստեղծված պայմաններում Հայաստանը հարկադրված է առավել մեծ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի արդիականացմանը` որպես տարածաշրջանում ռազմատենչ նկրտումների զսպման ու կայունության ապահովման կարևոր գործոնի:
Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներում էական դեր ունի նաև էներգետիկ գործոնը: Հայաստանն ըմբռնումով է մոտենում էներգակիրների մատակարարման աղբյուրների և ուղիների բազմազանեցմանը միտված քաղաքականությանը: Այդուհանդերձ, նոր էներգետիկ ծրագրերը չպետք է օգտագործվեն տարածաշրջանում ձևավորված ուժային հաշվեկշռի խախտման նպատակով: Նման քաղաքականությունը ոչ միայն սպառնալիք է տարածաշրջանի առանձին պետությունների անվտանգության համար, այլև կարող է լրջորեն վտանգել էներգետիկ տարանցման ուղիների անխափան գործունեությունը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային էներգետիկ միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր: Դա չի բխում ոչ տարածաշրջանի անվտանգության և ոչ էլ նավթային ու գազային ընկերությունների շահերից:
Մեր օրերում անվտանգության և զարգացման փոխկապակցվածությունն այլևս աքսիոմ է: Հենց այս նկատառումից ելնելով էր, որ 2008 թվականին մենք նախաձեռնեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ առաջարկելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները՝ առանց նախապայմանների:
Հայաստանն այսօր էլ հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք հռչակել էր այդ գործընթացը նախաձեռնելիս: Եվ պետք է նշել, որ միջազգային-իրավական պարտավորությունները կյանքի կոչելու համար այսօր Թուրքիայից պահանջվում է անհրաժեշտ քաղաքական կամք:
Կարևորելով պետական մակարդակով ռազմավարական որոշումների ընդունման ժամանակ մասնագիտական խորհրդատվական աջակցության նշանակությունը` Հայաստանն արժևորում է միջազգային հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ գիտաժողովները, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում փորձագիտական մակարդակով քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները և առաջարկելու հնարավոր լուծումներ:
Գիտաժողովին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ