Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ



Ուղիղ մեկ շաբաթ է, ինչ հայկական զորքերը վստահորեն ու աննահանջ դիմակայում են թուրք-ադրբեջանական` նախապես ծրագրված և սեպտեմբերի 27-ին սանձազերծված աննախադեպ ագրեսիային: Փոքրիկ հարցախույզով փորձեցինք պարզել նաև մեր հայրենակիցների տրամադրվածությունն ու մտորումներն այս օրերին:

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻԱշոտ Բազինյան

Անասելի հպարտ ենք մեր զինվորով, մեր սպաներով և ոչ միայն նրանցով: Մենք բոլորս այսօր ժողովրդի աննախադեպ միավորվածությունն ենք տեսնում ու վայելում: Մենք՝ մեծերս, ամեն օր տեսնում ենք, թե մեր երիտասարդները ինչպես են հավաքվում, մեկնում են իրենց ընկերներին օգնության: Մյուսները զբաղված են բանակին ամեն կերպ սատարելով: Մեր ժողովուրդն է, մեր պարզ ու ուժեղ ժողովուրդը. միավորվել ենք: Միավորվել ենք մի մտքի, գաղափարի շուրջ. մենք պիտի ապրենք, իրենք՝ պատժվեն շատ խիստ: Սա մեր այսօրվա ծրագիրն է: Սա մեր վերջին, վճռական կռիվն է, այսպես ենք որոշել՝ կա´մ մենք, կա´մ նրանք: Եվ քանի որ մենք ավելի խելոք ենք, ուրեմն՝ մե՛նք: Եվ այսօր մենք մեր տղամարդավարի պատասխանը տվեցինք ագրեսորին, ահաբեկչին և շարունակելու ենք նույն լեզվով խոսել:

 

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

Սոնա Մանուկյան

Մենք բոլորս՝ ամբողջ ժողովրդով, շատ մարտական ենք տրամադրված այսօր: Մենք միանշանակ մեր բանակի թիկունքին ենք կանգնած, ու մենք էլ մեր գործն ենք անում: Ես իմ ձևով եմ ծառայում. կարևոր պաշտոնական տեղեկատվությունը, որ տարածվում է Արցախից ու Հայաստանից ու կարևոր է մեր պետության համար, հնարավորինս տարածում եմ: Իմ հեռախոսին այսօր տեղեկություն եկավ, թե որքան ժամանակ եմ զբաղվել այդ գործով, պարզվեց՝ օրական 18 ժամ: Իմ բոլոր արտասահմանում ապրող ընկերներն արդեն տեղյակ են, հետևում են իրադարձությունների զարգացմանը: Արձագանքներն աննախադեպ են: Մենք էլ մեր պատերազմն ենք մղում: Այսօր մեր ամբողջ սփյուռքը մի մարդու պես մեր կողքին է կանգնած, մեզ հետ է: Ինձ պես շատ ու շատերը կան: Թե ինչ է այժմ կատարվում, կասեմ՝ կրկնելով մեր Արցախի նախագահի և մեր վարչապետի խոսքերով: Պարզ լեզվով ասած՝ Թուրքիան այսօր ուզում է իրականացնել իր վաղուցվա պանթյուրքիստական ծրագիրը: Նույնիսկ խոսել չեմ ուզում այս մասին, քանի որ վստահ եմ 100 տոկոսով, որ չի՛ կարող, այլևս թույլ չե՛նք տա: Համայն համախմբված ու բռունցքված հայությունը վկա՛: Աստծո հրեշտակները պահապան մեր զինվորներին: Հաղթելու ենք: Այնպես չենք հաղթելու, ինչպես մինչև հիմա: Առաջ ենք գնալու: Այնպես ենք հաղթելու, որ սրանից հետո մինչև նրանց յոթերորդ պորտը իմանան, թե ով է հայը: Ագրեսոր թշնամին համտեսելու է մեր զարկի ուժը:

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

 

Սուսաննա Գրիգորյան

Ամենակարևորը, որ ուզում եմ այսօր ասել, այն է, որ լիովին հավատում եմ, որ մեր բանակը կիրագործի այն, ինչին մենք այսքան ժամանակ սպասում էինք: Ամեն տարի թուրքերը մեզ սթրեսի են ենթարկում մեր հաճախակի զոհերով: Էսպես ասեմ՝ փուչիկը ավելի հին է, քան Ադրբեջան կոչեցյալը: Վստահ եմ, որ մեր բանակը այսուհետ ևս լիարժեք կպահի մեր դիրքերը, ու հաղթանակը մերը կլինի: Հաղթանակ, միայն հաղթանա՛կ:

 

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻԱրսեն Թորոսյան

Ես մեր տղերքի ցա՜վը տանեմ՝ մեր զինվորների, սպաների, պայմանագրայինների: Այս օրերին միայն հաղթանակի մասին ենք մտածում: Դուք ձեր կարևոր գործն արեք, մենք էլ մեր հերթին ժողովրդով պինդ կանգնած ենք: Ձեր թիկունքին կանգնած ենք, տղե՛րք ջան, պի՛նդ կացեք:

 

 

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

 

Գագիկ Կարապետյան

Գիտեմ, որ պատերազմ է… Մեր զինվորներին ուզում եմ ասել, որ մենք անպայման հաղթելու ենք:

 

 

 

ԱԶԳ ՈՒՆԵՆՔ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

 

Նունե Արզաքանյան

Ուզում եմ մեր զինծառայողներին ուղղել խոսքս: Մենք կանգնած ենք նրանց թիկունքին, մենք հպարտանում ենք նրանցով: Ամեն օր, ամեն ժամ ու րոպե հետևում ենք: Մեծ ցավ ենք ապրում, որովհետև ամեն մի զինվոր մեր որդին է, մեր արյունակիցը, մեր եղբայրը, մեր քույրը: Եվ միակ բանը, որ այս պահին ցանկանում ենք, որ կանգուն մնան մինչև վերջ ու հաղթեն, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, անխուսափելի էր: Ոչ ոք երբևէ թող չասի, որ սա ինչ-ինչ պատճառներով եղավ: Այսօր չլիներ, վաղն էր լինելու, վաղը չլիներ, ավելի ուշ էր լինելու: Դրա համար էլ, ահավոր ցավ ապրելով հանդերձ, ամուր ենք ու վճռական: Այսօր ամեն հայ, այդ թվում և ես, Արցախում ապրող ու կռվող հարազատներ ունենք: Այդ պատճառով ինձ համար հեշտ չէ խոսելը, բայց ես լիովին գիտակցում եմ, որ սա պիտի լիներ, ու եթե մենք ուզում ենք մեր հողը պահել…

Ցանկացած պատերազմ զոհեր է պահանջում: Ուղղակի տա Աստված, որ այս մեր անգին զոհերի հեղած արյունն ապարդյուն չանցնի: Ուստի, միայն հաղթանա՛կ: Եթե աշխարհում կա մեկը, որ կասկածում է սրան, ապա մենք մի րոպե անգամ չենք  կասկածում: Մենք հաստատ հաղթելու ենք: Թող ամուր լինեն մեր զինվորականները…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

 

 

Խորագիր՝ #41 (1361) 14.10.2020 - 20.10.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ


04/10/2020