Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԷԻՆ

2009թ. նոյեմբերի 19-ին ՊՆ առընթեր ՀԽ-ին է դիմել Երևան քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանը` հայտնելով, որ որդին` Վ. Շահինյանը, 10 տարեկան հասակում ծնկահոդային վնասվածք է ստացել, 2003թ. բուժվել է ստացիոնար պայմաններում, ախտորոշվել է «Սուր արթրիտ, աջ ծնկային հոդի քրոնիկ սինովիտ»: 2009թ. հունիսի 22-ին զորակոչվել է ծառայության: 20 օր անց ծանր վիճակով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ ախտորոշվել է «Արթրիտ, երկու հոդերի սինովիտ»: Օգոստոսի 5-ին տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ-ի բժշկա-թռիչքային բաժանմունք, որտեղ երեք ամիս ստացել է ստացիոնար բուժում, ախտորոշվել է ռեակտիվ արթրիտ, A-III, պոլիարթրիտ, ՖԱ-II: Հոկտեմբերի 19-ին ՀՌԲՀ և հոկտեմբերի 22-ին ԿՌԲՀ որոշումներով ՊՆ հրամանի 37գ հոդվածով ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար և ուղարկվել ծառայության:

Դիմումատուն հայտնել է, որ զորամասի տեղակայման վայրի կլիմայական պայմանները և դիրքերում ծառայությունը վատ են անդրադառնում որդու առողջության վրա: Ծնողը մտավախություն է հայտնել, որ նա կարող է հաշմանդամ դառնալ, և խնդրել է միջնորդել` փոխելու որդու ծառայության վայրը:

Դիմումի ուսումնասիրության արդյունքում ՀԽ-ի կողմից դեկտեմբերի 1-ին միջնորդագիր է ներկայացվել զորամիավորման հրամանատարին: Առաջարկվել է, նկատի ունենալով զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ դիմումում նշված հանգամանքները, քննության առնել նրան չոր կլիմայական գոտում տեղակայված զորամաս ծառայության տեղափոխելու հարցը` կարևորելով նաև ծառայության ընթացքում զինծառայողի ոչ շարային կարգավիճակի պահպանումը:

Միջնորդությունը բավարարվել է: Հ. Շահինյանը տեղափոխվել է այլ զորամաս` հետագա ծառայության:

Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր