Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ



ՆԱԽԱՀԱՐՁԱԿ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ«Հայ զինվորի» հյուրասրահում  «ՕՐԲԵԼԻ» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆՆ է:

 

Մաս  II

 

– Ի՞նչ խնդիրներ է լուծում Թուրքիան Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

– Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովում և  Հյուսիսային Աֆրիկայում այս կամ այն գործընթացներում ու միջնորդավորված հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությունը բխում է այդ երկրի հավակնություններից՝ դառնալու նշյալ տարածաշրջաններում մենիշխան գերակա տերություն։ Մի կողմից՝ Անկարան ձգտում է ստանձնել արաբական ու մուսուլմանական աշխարհի առաջնորդի դերը, մյուս կողմից՝ արաբական աշխարհի տարբեր հատվածների հաշվին ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում։ Թուրքիան խրված է Սիրիայի, Իրաքի, Լիբիայի միջնորդավորված պատերազմներում, և մեղմ ասած՝ դժվար է այդտեղից հետևություն անել, որ արաբական աշխարհը մոբիլիզացնելու՝ Անկարայի նպատակները անկեղծ են։ Եթե միայն վերցնենք Սիրիան, ապա Թուրքիան քանիցս խախտել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը, Սիրիայից եկող «սպառնալիքների» պատրվակով այդ երկրում բռնազավթել է տարածքներ, դրանք անվանելով անվտանգության գոտի։ Թուրքիան հակաիրավական գործողություններ է իրականացնում Արևելյան Միջերկրածովում և մասնավորապես՝ ապօրինի հորատման աշխատանքներ տանում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։

Այս խնդիրները ուղղակիորեն կապված են 2009-2010թթ. Միջերկրական ծովի իսրայելական, ինչպես և կիպրոսական ափամերձ հատվածներում բնական գազի խոշոր՝ շուրջ 1.2 տրլն խորանարդ մետր ծավալով պաշարների հայտնաբերման հետ։ 2017թ. դեկտեմբերի սկզբին Նիկոսիայում Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը և Իտալիան ստորագրեցին EastMed գազատարի կառուցման հուշագիրը, որով Իսրայելից գազը Կիպրոսի ու Հունաստանի տարածքով հասնելու է եվրոպական շուկա։

Նեոօսմանյան հավակնություններից զատ, Աֆրիկայում և մասնավորապես՝ Լիբիայում, Անկարան հետապնդում է նաև այլ՝ ռազմավարական ու տարածաշրջանային նշանակության քաղաքական, տնտեսական-էներգետիկ շահեր։ 2019 թ. նոյեմբերին Անկարան և Տրիպոլին ստորագրեցին երկու փոխըմբռնման հուշագիր՝ Անվտանգության և ռազմական համագործակցության ու Ծովային սահմանների հստակեցման մասին։ Առաջին հուշագրի համաձայն՝ Թուրքիան իրավասություն էր ձեռք բերում Լիբիա ուղարկելու զորքեր, տրանսպորտային միջոցներ և ռազմական տեխնիկա, եթե Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) հանդես գա նման խնդրանքով։ Ինչպես և ակնկալվում էր, 2019թ. դեկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Անվտանգության ու ռազմական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Միջերկրականում ծովային սահմանների հստակեցման համաձայնագիրը արժանացավ Հունաստանի, Կիպրոսի ու Իսրայելի ղեկավարությունների քննադատությանը: Եվ վերջիններիս ակնհայտ դժգոհությունները հասկանալի են. խնդիրն այն է, որ Միջերկրական ծովում սահմանների հստակեցման թուրք-լիբիական հուշագիրը ակնհայտորեն խոչընդոտում է EastMed գազատարի կառուցման նախագծի իրականացմանը։ Ըստ նախագծի՝ գազատարն անցնելու է Թուրքիայի ու Լիբիայի կողմից սահմանված՝ բացառիկ տնտեսական գոտիների հատման տարածքով։ Այդ քայլը Էրդողանը հիմնավորում է նրանով, որ Թուրքիան Միջերկրական ծովում ունի ամենաերկար ափը, ինչը, ըստ նրա, թույլ է տալիս այս տարածաշրջանում ունենալ նաև համարժեք քաղաքական ու իրավական հավակնություններ։ 2019թ. դեկտեմբերի 9-ին Էրդողանը հայտարարեց, որ այլ միջազգային խաղացողներ չեն կարող գործել Արևելյան Միջերկրածովում՝ առանց Թուրքիայի համաձայնության։

Լիբիայի հետ համագործակցության համատեքստը բնավ չի սահմանափակվում Միջերկրականում ծովային սահմանազատմամբ ու էներգետիկ շահերի պաշտպանության հարցերով։ Անվտանգության ու ռազմական համագործակցության մասին պայմանագիրը ցույց է տալիս Անկարայի իրական ու հեռահար հավակնությունները լիբիական ուղղությամբ։ Հասկանալի է, որ փաստաթղթով Էրդողանը միջազգային իրավունքի տեսանկյունից փորձում է ապահովագրել իր ռազմական, ռազմաքաղաքական ներկայությունը Լիբիայում, այսօր իսկ առարկայացնել այդ ուղղությամբ հեռահար նպատակները։ Բացի այդ, Թուրքիան մեծապես հետաքրքրված է լիբիական նավթով։

Էրդողանը ձգտում է կերտել նոր Աթաթուրքի կերպարը։

-Հնարավո՞ր է, որ Էրդողանի փառասիրական, խելացնոր հավակնությունները շրջվեն հենց թուքական պետության դեմ: Քաղաքական, իրավական, տնտեսական ի՞նչ պատժիչ միջոցներ կան Թուրքիայի ապակայունացնող, ագրեսիվ գործողությունների դեմ, և ի՞նչ չափով են դրանք կիրառվում:

-Տարիներ շարունակ խոսվում է, որ քրդական ազգային-ազատագրական պայքարը կազմաքանդելու է Թուրքիան ներսից։ Նույնիսկ հստակ ժամանակաշրջաններ էին նշվում, թե երբ է դա տեղի ունենալու։ Իհարկե, այդ վտանգը կախված է Թուրքիայի պետականության ու տարածքային ամբողջականության շեմին։ Սակայն մյուս կողմից, չպետք է անտեսել այն, որ այսօրվա Թուրքիան կարողանում է զսպել ներքին դիմադիր բևեռները։ Ինչ վերաբերում է արտաքին ռիսկերին, ապա նշեմ, որ Էրդողանի նեոօսմանյան հավակնությունները սկսել են անհանգստացնել տարածաշրջանի տարբեր առաջատար խաղացողների։ Այդ տրամաբանությունից է բխում հակաթուրքական կոալիցիաների ու գործընթացների զարգացումը։ Արդեն կարող ենք ասել, որ Էրդողանն իր քայլերով սկսել է Թուրքիայի դեմ ձևավորել հակադիր տրամադրություններով ու շահերով բևեռներ։ Այլ է հարցը, թե ինչպես կընթանա կողմերի միջև շահերի դիմակայության ընթացքը. շատ բան կախված է հակաթուրքական գործընթացների բևեռներում առկա տրամադրություններից ու հետագա քայլերից։

Ընդհանուր առմամբ, միջազգային հանրությունը բավական պասիվ ու հետևողական կեցվածք է ընդունել Թուրքիայի՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտման դեպքերի վերաբերյալ: Այդուհանդերձ, նկատենք, որ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցում առավել հետևողական է ԵՄ-ն։

Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան և Իսլանդիան միացել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի որոնողական, հորատման աշխատանքների հետ։ Նշեմ նաև, որ դրանց միացել է նաև Հայաստանը։

Եվրամիությունը սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Թուրքիայի պետական նավթային ձեռնարկության ղեկավարության դեմ:

ԵՄ խորհուրդը որոշել է դադարեցնել օդային տրանսպորտի մասին համապարփակ համաձայնագրի ստորագրման բանակցությունները, ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի քննարկումների անցկացումը։ Եվրոպական ներդրումային բանկին խորհուրդ է տրվել վերանայել վարկային քաղաքականությունը Թուրքիայում։

2019թ.  տարեվերջին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատեց օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման և Սիրիայի հյուսիսում ռազմական ներխուժման համար:

ԱՄՆ-ը դադարեցրել է նաև 100 F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային և այդ երկրին դուրս է հանել հինգերորդ սերնդի կործանիչներ արտադրելու ծրագրից։

Բայց, ցավոք, նշյալ և այլ պատժամիջոցները բավարար չեն զսպելու Թուրքիայի՝ տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունն ու միջազգային իրավունքի խախտումներին համարժեք գնահատական տալու, կանխարգելիչ, զսպող գործընթացներ սկսելու համար։

-Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելով՝ Թուրքիան տվեց քաղաքակրթական պատերազմի մեկնարկը: Ո՞վ վերցրեց նետված ձեռնոցը:

-Քաղաքակրթությունների բախման մեկնարկը տրված է տարիներ առաջ։ Պարզապես, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Անկարայի քայլը խորացրեց քաղաքակրթությունների բախման գործընթացը։ Ըստ իս՝ սա ցույց է տալիս, որ քաղաքակրթությունը ճգնաժամում է, ինչը ենթադրում է լրջագույն բացասական հետևանքներ ու գործընթացներ  տարբեր ոլորտներում։ Անկարայի նետած ձեռնոցը մարտահրավեր է ամբողջ մարդկության ու քաղաքակրթության համար, սակայն այդ մարտահրավերը դեռևս օդում է, և միջազգային հանրությունը, կարծեք թե, պատրաստ չէ միահամուռ ընդունելու այն։

-Ի՞նչ կասեք Հայաստան-Հունաստան-Կիպրոս և Իսրայել- Հունաստան-Կիպրոս տանդեմի հեռանկարների մասին:

-Ինչպես արդեն նշեցի, սկզբունքային նշանակություն ունեն հակաթուրքական գործընթացներն ու կոալիցիաների ձևավորման հարցերը։ Այսօր կարող ենք կայացած համարել թե՛ Իսրայել-Հունաստան- Կիպրոս  և թե՛ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ երկխոսության հարթակները։ Կարևոր է նաև, որ այս հարթակների միջև նույնպես առաջիկայում տեղ գտնեն համագործակցության ու աշխատանքների կոորդինացման գործընթացներ։ Քանի դեռ հակաթուրքական գործընթացներում ու կոալիցիաներում ներգրավված տարբեր խաղացողների շահերը համընկնում են Թուրքիայի հարցում, անհրաժեշտ է առավել պրագմատիկ ու հայեցակարգային մոտեցումներ ցուցաբերել։ Որևէ երաշխիք չկա, որ տարածաշրջանային ու միջազգային միտումների փոփոխման արդյունքում կարող են տեղի ունենալ շահերի նոր վերադասավորումներ։ Արդեն խոսակցություններ են պտտվում, որ Իսրայելն ու Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում Արևելյան Միջերկրականում բացառիկ տնտեսական գոտիների բաշխման կապակցությամբ։ Ասել է թե՝ շահերը կարծրացած ու երկարատև գործոններ չեն: Եթե տասնամյակներ առաջ դաշինքներն ու կոալիցիաները ունեին շատ ավելի երկար կյանք ու ներքին կոնսոլիդացիայի առումով՝ դիմակայության բարձր մակարդակ, ապա ներկայումս շահերը բավական հարափոփոխ են, քանի որ աշխարհն ինքնին դարձել է արագ փոփոխվող։ Ուստի, անհրաժեշտ է համահունչ ընթանալ հարափոփոխ աշխարհի միտումներին՝ թե՛ եկող մարտահրավերներին դիմակայելու, թե՛ մեր ձայնը այդ գործընթացներում ամրագրելու նպատակով։

-Ինչպե՞ս եք գնահատում Տավուշյան առճակատումը: Ո՞րոնք էին մեր հաջողության նախադրյալները: Եվ ի՞նչ արդյունքներ արձանագրվեցին:

-Հուլիսյան գործողությունները ակնհայտորեն խոսում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սադրանքի ու արկածախնդրության մասին։ Նման սադրանքի համար կան մի շարք պատճառներ: Նախ՝ համաշխարհային նավթի գների անկումը զգալի վնասներ է պատճառում Ադրբեջանի տնտեսությանը, երկրորդ՝ համավարակի հետևանքով երկրի սոցիալ-տնտեսական իրադրությունը բախվում է լուրջ խնդիրների, աճում է գործազրկության մակարդակը։ Խոսում են նաև, որ Ադրբեջանում հասունանում է ջրային ռեսուրսների սակավության հետ կապված ճգնաժամ։ Հասկանալի է, որ այս ամենն ուղղակիորեն հարվածում է Ալիևի իշխանության դիրքերին. արդյունքում՝ Ադրբեջանում հասունանում էր հանրային դժգոհությունների մեծ ալիք, որը կարող էր վտանգել Ալիևի քաղաքական դիրքերը։ Որպես կանոն, Ալիևը նման դեպքերում, երբ անմիջական վտանգ է սպառնում իր իշխանությանը ու քաղաքական դիրքերին, փորձում է հանրության ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ՝ դեպի ռազմական ճակատ։

Տավուշյան առճակատման ընթացքում հայկական կողմի գործողությունները գնահատում եմ փայլուն. դա հավասարապես վերաբերում է ինչպես պաշտպանական, անվտանգային, այնպես էլ տեղեկատվական-քարոզչական, հանրության մոբիլիզացման կարողությունների ու պատրաստակամության հարցերին։ Մենք կարողացանք ռազմական ճակատում մեր հաղթանակը ամրապնդել՝ այլ ճակատներում ևս հաղթանակներ գրանցելով։

Մեր հաջողության նախադրյալներից կառանձնացնեի հայկական դիրքերի պաշտպանունակության արդյունավետության բարձրացումը, դիրքերի տեխնիկական ու սպառազինման հագեցվածության բավական բարձր մակարդակը. անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն է հարցազրույցներից մեկում հանրայնորեն դժգոհել, որ ադրբեջանական կողմն այլևս ի վիճակի չէ դիվերսիոն փորձեր կատարել ու արդյունքի հասնել, քանի որ մեր դիրքերում նախապես տեղեկացված են լինում հակառակորդի շարժերի վերաբերյալ ու կանխում հնարավոր սադրանքները։ Երկրորդ՝ կարող ենք ասել, որ այս ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ ապրիլյան քառօրյայի բացթողումները ամբողջությամբ շտկվել են։ Երրորդ՝ անչափ կարևոր է, երբ դիրքերում կանգնած ու սահմանը պահող զինվորականությունը, շարքայինից մինչև բարձրաստիճան սպա, ամուր են զգում իրենց, երբ թիկունքում  կա վստահություն, աջակցություն հանրության կողմից։ Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ու հանրության միջև բավական արդյունավետ է աշխատում վստահության մեխանիզմը։ Չորրորդ՝ հաջողության հիմքում կցանկանայի առանձնացնել պաշտպանության ու արտաքին քաղաքական ճակատներում հայկական կողմի ռազմավարության ու հայեցակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում մեր քայլերը դարձել են առավել նախահարձակ, թիրախային ու դիմակայուն։

Հուլիսյան լարվածությունը ցույց տվեց, որ ադրբեջանական բանակի «հաղթանակի» միֆը, որ Ալիևը ապրիլյան դեպքերից հետո ներարկել էր երկրի հասարակությանը, ամբողջությամբ տապալվեց։ Ռազմական գործողությունները մենք կարողացանք փայլուն վերջնակետի հասցնել ինչպես պաշտպանական-անվտանգային ճակատում՝ ունենալով դիրքային ու ռազմավարական կարևոր հաջողություններ, այնպես էլ արտաքին քաղաքական հարթությունում։ Հասկանալի են դառնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների մտահոգությունները, երբ Ադրբեջանի նավթագազային, տրանսպորտային-հաղորդակցական ենթակառուցվածքները հայտնվում են հայկական կողմի տեսողական վերահսկողության ներքո։

-Տավուշյան հաղթանակը ի՞նչ ազդեցություն կունենա Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացի վրա:

-Կարծում եմ՝ մենք ունենք մեկ իրողություն  մինչ հուլիսյան ռազմական գործողությունները, և տրամաբանորեն լրիվ այլ իրողություն՝ հուլիսյան ռազմական գործողություններից հետո։ Հուլիսյան լարվածության արդյունքում հայկական կողմի փայլուն հաղթանակը էական ազդեցություն է ունեցել ռազմաքաղաքական, տարածաշրջանային մակարդակով մեր դիրքերի ընդլայնումը ամրագրելու առումով։ Այս հաղթանակը նաև սկզբունքային նշանակություն ուներ Հայաստանի սուվերենության մակարդակը բարձրացնելու տեսանկյունից։ Այս ամենը հնարավորություն ու ամուր նախադրյալներ է ստեղծում արցախյան հակամարտության բանակցություններին անհամեմատ ամուր ու կոշտ դիրքերից ներկայանալու, բանակցային սեղանի շուրջ թելադրող կողմի դիրքերից խոսելու։ Ռազմաքաղաքական հարթությունում մեր դիրքերի բարելավումը թույլ է տալիս առավել կոշտ դիրքերից ներկայանալ նաև դիվանագիտական դաշտում։ Սա լավ առիթ է, որ հայկական կողմն առաջ քաշի մեր անվտանգության ու պաշտպանության տեսանկյունից զգայուն հարցեր, որոնք նախկինում թեև բարձրաձայնվել են, սակայն այդպես էլ չեն դարձել բանակցային օրակարգ։ Առանձնահատուկ կցանկանայի նշել վարչապետ Փաշինյանի առանձնացրած 7 կետերը և մասնավորապես՝ այն թեզը, որ հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս:

– Ինչի՞ մասին են խոսում Տավուշյան մարտական գործողություններին հաջորդած արտերկրյա  հայ-ադրբեջանական համայնքային  ընդհարումները: Ձեր կարծիքով՝ դրանք տարերայի՞ն էին, թե ուղղորդվում էին ադրբեջանական ու թուրքական իշխանությունների կողմից:

-Կարծում եմ՝ հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բավական ցավոտ հարված է հասցրել հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում։ Այդ իրողության հետ թերևս պետք է պայմանավորել երրորդ երկրներում ադրբեջանցիների բողոքի ակցիաների ու ցույցերի կազմակերպումը, որոնք ուղղակիորեն հետևանք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների տապալման՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ ներքին քաղաքական ու հանրության շրջանում։ Սա նաև հնարավորություն է Ալիևի համար հասունացող հանրային դժգոհությունները շեղելու և արտաքին ճակատ ուղղելու համար։ Հիշենք, թե ինչպիսի հանրային դժգոհության ալիք բարձրացավ, երբ Բաքվի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ  էր  դուրս եկել երիտասարդությունը, որն,  ըստ Ալիևի, իբր ցանկանում էր հայտնել իր աջակցությունը երկրի նախագահին: Իրականում, դժգոհությունները շատ արագ վերածվեցին հակաիշխանական բողոքի։ Վստահաբար կարելի է ասել, որ երրորդ երկրներում ադրբեջանական ցույցերն ուղղորդվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Հակված եմ նաև այն տեսակետին, որ այդ ցույցերի ետևում կանգնած են թուրքական «գորշ գայլերը»։ Թուրքիան ցույցերի միջոցով նաև ցույց է տալիս արտաքին աշխարհին իր դերն ու հնարավորությունները միջազգային հարաբերություններում: Էրդողանն այդ քայլով, կարծես թե, փորձում է ամրագրել ու շարունակել իր արշավը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու միջադեպի համատեքստում։

-Մի զրույցի ժամանակ Դուք հիշատակեցիք Ալիևի հայտնի ելույթը, երբ նա դավաճաններ էր փնտրում իր երկրի քաղաքական վերնախավում, ու ասացիք, որ մեր տարածք մտած ադրբեջանական «Ուազիկից» սկսված կոնֆլիկտը կարող էր վերաճել ադրբեջանական հեղափոխության: Խնդրում եմ՝ մանրամասնեք այս միտքը:

-Ալիևն իր այդ ելույթում քննադատություն հնչեցրեց երկրի դիվանագիտական կորպուսի ուղղությամբ՝ մի մասին անվանելով դավաճաններ: Սա ցույց  էր տալիս Ալիևի կրած խայտառակ պարտությունը ինչպես ռազմական գործողություններում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում։ Ալիևի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության անհաջողություններն այն աստիճանի էին, որ Ալիևը իրեն թույլ էր տալիս ռազմական գործողությունների ընթացքում հրապարակայնորեն նման ելույթ ունենալ, որն ուղղակիորեն կարող էր բարոյալքել ադրբեջանական հանրությանը։ Եվ, իսկապես, եթե հայկական կողմն է՛լ ավելի կոշտացներ իր դիրքերը և շարժվեր առավելապաշտական տրամադրություններով, և արդյունքում ադրբեջանական կողմն  ունենար շատ ավելի լուրջ դիրքային ու մարդկային կորուստներ, ապա «Ուազի» պատմությունը կարող էր դառնալ Ադրբեջանում հեղաշրջման, Ալիևի իշխանության տապալման մեկնարկը։ Այստեղ, սակայն, կարևոր եմ համարում ընդգծել, թե ինչ ուժեր կարող են գալ իշխանության Ալիևից հետո. չմոռանանք, որ Անկարան ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանի թուրքամետ ու այլ արմատական քաղաքական ուժերին, որոնք Ալիևի դիրքերի թուլացման դեպքում պատրաստ են անմիջապես վերցնել երկրի ղեկը։

-Ինչպե՞ս եք գնահատում Պուտին-Էրդողան քննարկումները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ: Ի՞նչ ճշգրտումներ արվեցին՝ կապված վերադիրքավորումների հետ:

-Առհասարակ, ռազմական բախումների ընթացքում զուգահեռաբար քաղաքական ու բանակցային, ուղղակի թե անուղղակի, շփման կապի միջոցների ու խողովակների պահպանումը կարևորագույն նշանակություն ունի։ Այդ օրերին Պուտին-Էրդողան քննարկումները կարևոր էին հայ-ադրբեջանական դիմակայության համատեքստում կողմերի միջև լարվածության թուլացման, փոխվստահության մթնոլորտի ամրագրման տեսանկյունից։ Նման շփումները օբյեկտիվորեն անհրաժեշտություն են նաև այն առումով, որ կողմերը փորձում են հասկանալ, շոշափել միմյանց նկատմամբ տրամադրությունները, ընկալումները, գնահատել ստեղծված նոր իրավիճակում սեփական դիրքերի ու հնարավորությունների հեռանկարները։ Կարծում եմ՝ հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ևս մեկ անգամ հստակեցրեց հարավկովկասյան տարածաշրջանի կայունության կարևորությունը Ռուսաստանի շահերի տեսանկյունից, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության անթույլատրելիությունն ու Մոսկվայի կոշտ արձագանքի պատրաստակամությունը։ Այդ ուղերձներն, ըստ էության, ընկալում գտնում են Թուրքիայում։

-Տարբեր հակամարտությունների մասնակցած Թուրքիան, բնականաբար, ձգտում է իր մարտական փորձը ներդնել Ադրբեջանում, որը սպառնալիք է ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանային խաղացողների համար: Ի՞նչ հակաքայլեր են արվում:

-Համամիտ եմ. Թուրքիան փորձելու է տարբեր միջնորդավորված հակամարտություններում՝ Սիրիայում, Լիբիայում իր կուտակած փորձառությունն ու կարողությունները փոխանցել նաև կրտսեր եղբորը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի ու տարածաշրջանի անվտանգությանը, և դա հստակ գիտակցում են թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանի այլ երկրներում, առաջին հերթին՝ Իրանում ու Ռուսաստանում։ Մեր խնդիրը  օր առաջ ուսումնասիրելն է Թուրքիայի ռազմավարությունն ու մարտավարական հնարքները, կիրառած ռազմական տեխնիկան ու կիրառման մեթոդները՝ հատկապես ԱԹՍ-ների հարցում։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ կիրառական քայլեր արդեն իրականացվում են: Բավական է հիշել հայ-ռուսական համատեղ զորավարժությունները, որոնց ընթացքում ուսումնասիրվում էին նաև երկու երկրների ՀՕՊ միասնական համակարգի արձագանքման հնարավորությունները. կարծում եմ՝ դրանք առաջին հերթին ուղղված էին թուրքական ԱԹՍ-ներին  հակազդելու  մեխանիզմների ուսումնասիրմանը։ Չմոռանանք, որ վերջերս Թուրքիան համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի հետ՝ վերջինիս իր արտադրության ժամանակակից  «Բայրաքթար»  տեսակի ԱԹՍ-ների մատակարարման մասին։

-Հայկական զինված ուժերի կողմից Իսրայելական ԱԹՍ-ների խոցումը կարո՞ղ է ենթադրել պատշաճ դիմակայություն նաև Ադրբեջանին մատակարարված թուրքական «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներին:

-Իսրայելական արտադրության տարբեր նշանակության՝ հետախուզական ու հարվածային տասնյակից ավելի թանկարժեք ԱԹՍ-ների խոցումը խոսում է մեր զինված ուժերի ՀՕՊ համակարգի ու զինվորականության բարձր պատրաստվածության ու կարողությունների մասին։ Չմոռանանք, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-ները լավագույններից են, եթե չասենք՝ լավագույնը  համաշխարհային շուկայում։ Մեզ մնում է միայն առավել թիրախային մոտեցում ցուցաբերել և նեղ մասնագիտական մակարդակում ուսումնասիրել թուրքական արտադրության ԱԹՍ-ների տեխնիկական հնարավորություններն ու դրանց կիրառման միջոցները, մեթոդները, մարտավարությունը, մեր հակազդման միջոցները, գործիքակազմը։ Կարծում եմ՝ այդ ուղղությամբ աշխատանքները արդյունավետ են ընթանում։

-Կարելի՞ է ասել, որ Տավուշյան հաղթական ռազմագործողությունները պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «ԶՈւ ռազմավարական զարգացման տեսլականում» արձանագրված նոր մոտեցումների գործնական կիրառումն էին:

-Այո՛: Դրանք ցույց տվեցին, թե որքանով են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթուղթն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ զինված ուժերի զարգացման տեսլականը փաստաթղթից կյանքի կոչվում։ Կարծում եմ՝ մեկնարկը տրվել է  և տրվել է հաջողությամբ։ Եվ ողջունելի է, որ երկու հայեցակարգային փաստաթղթերում արտացոլված ռազմավարական մտածողությունն ու փիլիսոփայությունը սկսում են կիրառություն գտնել իրական կյանքում։ Զինված ուժերի զարգացման տեսլականից հատկապես կցանկանայի առանձնացնել մի քանի կետեր. անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում մենք պետք է ունենանք առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու՝ միջավայրին համահունչ և նույնիսկ առաջանցիկ զարգացող կարողություններ:

Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում: Մենք պետք է լինենք նախաձեռնող։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #33 (1353) 19.08.2020 - 25.08.2020, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


20/08/2020