Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ



ՆԱԽԱՀԱՐՁԱԿ, ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈՒ ԴԻՄԱԿԱՅՈՒՆ«Հայ զինվորի» հյուրասրահում  «ՕՐԲԵԼԻ» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆՆ է:

 

Մաս I

 

-Պարոն Վերանյան, ի՞նչ մեսիջներ է պարունակում վերջին տարիներին Թուրքիայի աննախադեպ ակտիվությունը տարածաշրջանում, և արդյոք այդ երկիրը ուժերի հարաբերակցության ստատուս քվոն փոխելու խնդիր ունի՞:

-Վերջին տարիներին Էրդողանը կարողացել է լուրջ հաջողություններ արձանագրել Թուրքիայում իր քաղաքական-իշխանական դիրքերը ամրապնդելու հարցում։ Սա թույլ է տալիս Անկարային ավելի վստահ ու անկաշկանդ գործել արտաքին քաղաքականության մեջ։ Դուք ճիշտ նկատեցիք՝ վերջին շրջանում Թուրքիան սկսել է է՛լ ավելի ակտիվորեն ներգրավվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ռազմաքաղաքական, անվտանգային, էներգետիկ-տնտեսական և այլ գործընթացներում։ Նկատենք, որ թեև Վաշինգտոնի հետ հարաբերությունների լարվածությունը Թուրքիայում առաջացրել և առաջացնում է անվտանգային, քաղաքական ու տնտեսական խնդիրներ, այդուհանդերձ, Անկարայում դա ընկալում են նաև որպես ռեսուրս կամ հնարավորություն՝ տարածաշրջանային ու միջազգային տարբեր գործընթացներում հնարավորինս ինքնուրույն խաղալու  կամ ինքնուրույն քաղաքական օրակարգ ձևավորելու համար։ Նշեմ, որ Թուրքիան էապես վտանգում է միջազգային անվտանգային համակարգը և տարբեր տարածաշրջանների՝ Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրածովի ու Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Կովկասի կայունությունը: Սակայն, այսօրվա Թուրքիային անդրադառնալիս, կցանկանայի շեշտադրել Էրդողանի կերպարը, որը ձգտում է կյանքի կոչել իր փառասիրական, կայսերապաշտական ու նեոօսմանյան հավակնությունները։ Ուստի, կարող եմ ասել, որ ներկայիս Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային ուղերձը Էրդողանի՝ Օսմանյան կայսրության վերականգնման նկրտումն է, ինչը էապես բացասաբար է ազդում միջազգային ու տարածաշրջանային կայունության ու խաղաղության պահպանման վրա։

Կարծում եմ, այո՛, Էրդողանի նեոօսմանյան հավակնությունները ինքնին ամփոփում են տարբեր տարածաշրջաններում գործող հիմնական խաղացողների շահերի միջև ուժային հավասարակշռության ստատուս քվոն վերափոխելու՝ Անկարայի մտադրությունն ու քաղաքականության ռազմավարությունը։ Դա վերաբերում է նաև մեր տարածաշրջանում ձևավորված ուժային փխրուն հավասարակշռությանը։ Էրդողանը ձգտում է Թուրքիան դարձնել Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների մենիշխան գերտերություն։ Դժբախտաբար, միջազգային հանրությունը, անվտանգային զսպող մեխանիզմների կիրառման հարցում այսօր կանգնած է արդյունավետության առկա լուրջ խնդիրների առջև։ Եվ այս իրողությունը թույլ է տալիս, որ Թուրքիան առավել անկաշկանդ գործի տարբեր զարգացումներում և ստանա առավելագույն հաղթաթղթեր։ Թերևս սխալված չեմ լինի՝  ձևակերպելով, որ այսօր Թուրքիան այն բացառիկ պետություններից է, որ բացահայտորեն շրջանցելով միջազգային իրավունքը, խախտում է հարևան ու ոչ սահմանակից պետությունների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն մնում է անպատիժ։ Որպես օրինակ, դիտարկենք Սիրիան, Իրաքը, Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիան, Արևելյան Միջերկրածովում ու մասնավորապես՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Անկարայի հակաիրավական գործողությունները և այլն։ Եվ այս ամենով հանդերձ, այսօր չեն գործում հստակ ու արդյունավետ գործող՝ կանխարգելիչ այն միջազգային իրավաքաղաքական, տնտեսական պատժամիջոցները, որոնք կարող են զսպել Էրդողանի հավակնությունները։ Ընդունենք, որ անպատիժ մնալու «գործում» նման «շքեղություն» չէր կարող իրեն թույլ տալ անգամ գերտերություն Միացյալ Նահանգները։ Հիշենք, թե ինչպիսի լուրջ միջազգային դիմադրություն ու քննադատություն կար ուղղված Վաշինգտոնին, երբ ամերիկյան զորքերը 2003թ. մտան Իրաք։

-Տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու՝ Թուրքիայի նկրտումները որքանո՞վ են սպառնում մեր երկրի պաշտպանական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

-Ի սկզբանե նշեմ, որ Թուրքիայի քաղաքականության ակտիվության ցանկացած դրսևորում ուղղակի կամ անուղղակի, կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարով մարտահրավերներ ու սպառնալիքներ է պարունակում։ Դա առաջին հերթին բխում է Հայաստանի, Արցախի ու համայն հայության նկատմամբ Թուրքիայի վարած ապակառուցողական, հակահայկականության հիման վրա կառուցված քաղաքականության ռազմավարության ընդհանուր տրամաբանությունից։ Հետևաբար, որքան մեծանում է Անկարայի ներգրավվածությունն ու ազդեցությունը մեր տարածաշրջանում, այնքան ընդլայնվում ու խորանում են ռիսկերի ու սպառնալիքների շրջանակները, որոնք այս կամ այն չափով հնարավոր վտանգ են ներկայացնում Հայաստանի, Արցախի անվտանգության ու պաշտպանության համար։ Թուրքիայից եկող սպառնալիքները կամ ռիսկերը, որոնք կարող են առնչություն ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ, կրում են խիստ անուղղակի բնույթ։ Այն է՝ Թուրքիան այսօր չունի հիմքեր ուղիղ ռազմական գործողություններ իրականացնելու Հայաստանի դեմ։ Այսօր Թուրքիան հանուն Ադրբեջանի չի պատրաստվում ռազմական ուղիղ միջամտությամբ ներգրավվելու մեկ այլ հակամարտությունում ևս, այն էլ այնպիսի տարածաշրջանում, որը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Հասկանալի է, որ եթե Թուրքիան հնարավորություն ստանար այդ քայլին գնալու, ու եթե դա բխեր իր ազգային շահերից, ապա օր առաջ կդիմեր նման նախաձեռնության: Այսօր չկան այդ սցենարի զարգացման ո՛չ քաղաքական, ռազմական, ո՛չ էլ տնտեսական նախադրյալները։ Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Թուրքիան արդեն երեք տասնամյակ Հայաստանի դեմ վարում է հիբրիդային, միջնորդավորված պատերազմ. դա են վկայում Թուրքիայի՝ Հայաստանի տնտեսական ու քաղաքական շրջափակման քաղաքականությունը, տարածաշրջանային տրանսպորտային-հաղորդակցական ու էներգետիկ նախագծերից Հայաստանի մեկուսացումը, հակահայկական օրակարգի ձևավորումը տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարթություններում։ Որպեսզի ճիշտ գնահատենք մեր պետության հավաքական հզորության ներուժը, ապա կարող ենք ասել, որ Հայաստանն ուղղակիորեն դիմակայում է ոչ միայն Ադրբեջանին, այլև անուղղակիորեն՝ տարածաշրջանային տերություններից մեկին՝ Թուրքիային։ Պետության «հավաքական հզորության ներուժ» ասելով՝ հասկանում ենք երկրի ներքին ու արտաքին կարողությունները այնպիսի ոլորտներում,  ինչպիսիք են տնտեսության զարգացածությունը, հանրության մոբիլիզացման հնարավորությունները, պաշտպանական-անվտանգային ներուժը, միջազգային կշիռն ու հեղինակությունը, արտաքին քաղաքականությունում համագործակցության կարողությունները և այլն։

Այս առիթով նպատակահարմար է նաև հղում կատարել վերջերս ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նոր փաստաթղթին։ Փաստաթղթում մասնավորապես նշվում է. «Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը»: Ասել է թե՝ Թուրքիան, իր վարած  հակահայ  քաղաքականությամբ, անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։ Եթե համեմատենք 2007թ. ընդունված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության նախորդ փաստաթղթի հետ, ապա նոր ռազմավարությունում նկատվում է Թուրքիայի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման կոշտացում, ինչը ողջունելի է ու դրական. իրերը պետք է իրենց անունով կոչել։ Նախորդ ռազմավարության փաստաթղթում ասվում էր, որ Ադրբեջանից ամենաբարձր մակարդակով հնչող բացահայտ ռազմաշունչ հայտարարությունները հիմք են տալիս դրանք համարելու անմիջական սպառնալիքներ: Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Ավելին, նախորդ փաստաթղթում բավական շատ է խոսվում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին։ Նոր փաստաթղթում այդ մասին գրեթե անդրադարձ չկա, ինչը դրական պետք է գնահատել. ինչո՞ւ պետք է Հայաստանը ցանկություն ունենա խոսելու հարաբերությունների հաստատման կամ բարելավման մասին մի պետության հետ, որը բացահայտ աջակցում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ահաբեկչական քաղաքականությանը, թիրախավորում է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները։

-Ի՞նչ քաղաքական դիմակայություն կա թուրքական գործոնի դեմ, ինչպե՞ս եք գնահատում հակաթուրքական դաշինքների գործունեությունը, նոր շահագրգիռ անդամներով դրանք մեծացնելու հնարավորությունը և Հայաստանի ներգրավվածությունը այդ գործընթացում:

-Թուրքիայի հավակնությունները զսպելու ու հակազդելու ամենաարդյունավետ դիմակայությունը Հայաստանի հավաքական ներուժն է և առաջին հերթին՝ նրա պաշտպանունակությունը, Հայաստանի ներքին ու արտաքին դիմակայության կարողությունները։

Ինչ վերաբերում է հակաթուրքական դաշինքներին ու քաղաքական միտումներին, ապա դրանց ձևավորման գործընթացը և երևույթն ինքնին մեծ նշանակություն ունի Թուրքիայի նեոօսմանյան հավակնություններն ու տարածաշրջանային անկայունությունը խախտելու մտադրությունը զսպելու, հակազդելու համար։ Չենք կարող հերքել, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքում ու հարակից տարածաշրջաններում Թուրքիայի ազդեցությունը մեծացել է։ Միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն ուղղված հետագա հնարավոր սպառնալիքների չեզոքացման համար օր առաջ անհրաժեշտ է կիրառական քայլեր ձեռնարկել հակաթուրքական առանցքների ձևավորման, դրանց միջև համագործակցության, աշխատանքների կոորդինացման նպատակով։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ Թուրքիայի ապակայունացնող նկրտումները լրջորեն մտահոգում են տարածաշրջանի հիմնական խաղացողներին նույնպես։ Այդ իսկ պատճառով ձևավորվում են նոր դաշինքներ կամ առանցքներ։ Արդեն մեկ տասնամյակից ավելի արդյունավետ գործում է Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքը՝ Վաշինգտոնի քաղաքական հովանու ներքո. այն հայտնի է նաև հակաթուրքական դաշինք անվանումով։ Վերջին շրջանում ևս մեկ հակաթուրքական դաշինք ստեղծելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին հայտարարությամբ հանդես եկավ տարածաշրջանային խոշոր խաղացողներից մեկը՝ Եգիպտոսը։ Հակաթուրքական գործընթացներում ու ճամբարներում ակտիվ գործունեություն է իրականացնում տարածաշրջանում մեկ այլ ազդեցիկ պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Անհրաժեշտ է նկատել, որ վերջին ժամանակներում արաբական աշխարհի տարբեր հատվածներում հաճախացել են տեսակետները, թե՝ Թուրքիան դարձել է արաբական համերաշխության, արաբական աշխարհի գլխավոր հակառակորդներից մեկը։ Եվ նման մոտեցումների համար, անշուշտ, կան օբյեկտիվ ու լուրջ հիմնավորումներ. բավական է նշել Թուրքիայի անպատիժ քայլերը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից բացահայտորեն խախտել են այդ երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս ամենը նպաստավոր հարթակ է ստեղծում Հայաստանի՝ առավել թիրախային ու խորքային քայլեր իրականացնելու համար՝ Թուրքիայի քաղաքականության զսպման ու հակազդման տեսանկյունից։ Թուրքիայի տարածաշրջանային ագրեսիվ գործելաոճը մտահոգում է նաև մեկ այլ առաջատար խաղացողի՝ Սաուդյան Արաբիային։ Կարծում եմ՝  հակաթուրքական ինստիտուցիոնալացման, ինտեգրման գործընթացները դեռևս նոր են սկսում դառնալ շոշափելի ու առարկայական։ Ելնելով Անկարայի քաղաքականության ծավալապաշտական տրամաբանությունից, առաջիկա տարիներին այդ գործընթացներն ընդլայնման ու խորացման հնարավորություններ ունեն։

Նախ՝ նշեմ, որ Հայաստանն իր հերթին արդյունավետությամբ զարգացնում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ դաշնակցային ձևաչափը։ Հունաստանն ու Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցներն են։ Նկատենք, որ Հայաստանը ավանդական բարիդրացիական հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ, վերջին շրջանում արդյունավետություն է նկատվում նաև հայ-իսրայելական հարաբերություններում, ԱՄԷ-ի հետ գործակցությունում։ Ուստի, կարող ենք ասել, որ Հայաստանը կարող է լուրջ դեր ունենալ և արդեն շոշափելի քայլեր կատարում է հակաթուրքական դաշինքներում ու գործընթացներում։ Հայկական կողմի համար սա լավ հնարավորություն է նաև այդ դաշինքների միջև երկխոսության ու համագործակցության, կոորդինացման հարթակ ստեղծելու ուղղությամբ, ինչը կնպաստի Հայաստանի տարածաշրջանային կշռի ու հեղինակության ընդլայնմանը, արտաքին դիմակայության կարողությունների ամրապնդմանը։

-Թուրք-ադրբեջանական զորավարժությունները նորություն չեն, ինչո՞ւ վերջին զորավարժությունները այդքան մեծ հնչեղություն ունեցան:

-Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական զորավարժանքներ անցկացվում են, և դա իսկապես նորություն չէ։ Այդ համատեղ զորավարժություններն անցկացվում են պլանային, ոչ պլանային հիմունքներով, որոշ դեպքերում կողմերը նախապես չեն էլ զգուշացնում զորավարժությունների անցկացման մտադրության մասին։ Եվ, իսկապես, այս զորավարժությունների դեպքում Թուրքիայում ու Ադրբեջանում փորձում են դրանք ներկայացնել որպես աննախադեպ միջոցառումներ։ Փաստ է, որ նման ծավալի զորավարժանքներ կողմերն առաջին անգամ չեն իրականացնում։ Ակնհայտ է, որ սա առաջին հերթին արվում է քարոզչական նպատակներով։ Նախ՝ Թուրքիան այդ քայլով ձգտում է պահպանել հուլիսյան լարվածության մթնոլորտը Հայաստանում  և ամբողջ տարածաշրջանում։ Երկրորդ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը ձգտում է տեղեկատվական-հոգեբանական ճնշումներ բանեցնել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, Հայաստանի հանրության շրջանում ստեղծել վախի, լարվածության մթնոլորտ։ Այս տեսանկյունից բավական պարզունակ քարոզչական հնարք էր դեպի Նախիջևան թուրքական արտադրության ռազմական տեխնիկայի մուտքը։ Կողմերը փորձեցին ստեղծել այն տպավորությունը, որ թուրքական ռազմական տեխնիկայի մուտքը Նախիջևան խորհրդանշական ու աննախադեպ իրողություն է։ Մինչդեռ ավելի քան տասնամյակ թուրքական ռազմական տեխնիկա ու սպառազինություն է մատակարարվում Նախիջևանին։ Նախիջեւանում աշխատում են թուրք զինվորականներ, ռազմական խորհրդականներ ու մասնագիտական այլ խմբեր: Քարոզչական ու ապատեղեկատվության ծուղակ էր նաև թուրքական F-16-ի թռիչքները Հայաստանի սահմանին, իբր թե, Թուրքիան փորձում է ստուգել Երևանի ուղղությամբ օդուժի կիրառման հնարավորությունները։ Մեր ՊՆ-ն օպերատիվ հերքեց այդ տեղեկությունը։ Կցանկանայի հստակեցնել, որ նման իրավիճակներում անչափ կարևոր է, որպեսզի մեր հանրությունը չտրվի զգացմունքայնությանը և չդառնա հակառակորդի քարոզչության ու ապատեղեկատվության զոհը, այլ հիմնվի մեր պաշտոնական հաղորդագրությունների վրա։

-Ըստ Ձեզ, ո՞ւմ էին ուղղված մեր երկրի սահմանների մոտ թուրք-ադրբեջանական զորավարժության մեսիջները՝ տարածաշրջանի մեծ խաղացողների՞ն, Հայաստանի՞ն, գուցե դրանք Ադրբեջանի ներքին սպառման համար էին՝ մեր երկրի հյուսիսարևելյան ուղղությամբ  խայտառակ պարտություն կրելուց հետո:

-Մեծ հաշվով, թուրք-ադրբեջանական զորավարժություններն ամբողջությամբ տեղավորվում են միջազգային ու տարածաշրջանային գործընթացներում, Անկարայի ու անձամբ Էրդողանի կայսերապաշտական նկրտումներում ու քաղաքականության տրամաբանություն մեջ։ Թուրքիան ցանկանում է իր կարողությունները ցուցադրել նաև հարավկովկասյան ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իհարկե, թուրք-ադրբեջանական զորավարժությունները արձագանքն էին հայ-ռուսական զորավարժությունների:  Թուրքիան Մոսկվային ցուցադրում է իր հնարավորություններն ու ընդգծում իր շահերը մեր տարածաշրջանում։ Հասկանալի է, որ հուլիսյան ռազմական գործողությունները չեն արտացոլում պարզապես հայ-ադրբեջանական դիմակայությունը: Դրանք ունեն շատ ավելի լայն ընդգրկվածություն ու բովանդակություն, այն է՝ մեր տարածաշրջանում նույնպես ժամանակ առ ժամանակ դրսևորվում է Անկարա-Մոսկվա շահերի դիմակայություն։ Այդ ամենն, ըստ թուրք-ադրբեջանական քաղաքականության,  բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ վերջինիս  հնարավորություն  կտա  ճնշումներ բանեցնելու Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բացահայտորեն տապալեց իր իսկ սադրած ռազմական գործողությունները և հիմա ձգտում է լարվածության մթնոլորտի պահպանման միջոցով «հաջողության» պատրանք ստեղծել՝ իր իսկ հանրության առաջ ներկայանալու համար։ Ալիևը շատ լավ է հասկանում, որ նավթի գների անկումը, համավարակի հետևանքով երկրի տնտեսությանը պատճառված վնասները երկրում հասունացնում են սոցիալական լուրջ դժգոհությունների ալիք, ինչը կարող է խարխլել իր քաղաքական հենարանը։ Ուստի, Ալիևին պետք էր «հաջողության» հասնել գոնե արտաքին ճակատում։

Այս առիթով կարևոր է հստակեցնել, որ թյուր պատկերացում կա, թե Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը լիարժեք համընկնում են։ Նույնիսկ հակահայկականության տրամաբանության համատեքստում, ըստ էության, կողմերի միջև, այդուհանդերձ, կան շահերի հակասության շրջանակներ։ Չպետք է բացառել, որ հուլիսյան ռազմական գործողություններով Թուրքիան հրահրեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իր համար լուծելով երկու խնդիր. լարվածություն Հայաստանի շուրջ, Ալիևի դիրքերի թուլացում երկրի ներքաղաքական դաշտում: Սա հնարավորություն է Անկարայի համար Ադրբեջանը դարձնել առավել վերահսկելի ու կառավարելի իր համար։

-Թուրք-ադրբեջանական զորավարժությունները ինչ-որ կերպ կապվո՞ւմ են դրան հաջորդած Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի զորավարժությանը Պարսից ծոցում:

-Միանշանակ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Թուրքիայի անուղղակի ներգրավվածությամբ, սկսելով սադրիչ գործողություններ Հայաստանի սահմանի ուղղությամբ, նոր լարվածություն բերեց տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ադրբեջանին աջակցելու ագրեսիվ հայտարարությունները լրջորեն մտահոգում են տարածաշրջանային այլ խաղացողների նույնպես՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում: Կարծում եմ, զորավարժանքների մեկնարկի մասին որոշումները վկայում են դրա մասին։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ապակայունացնող գործողություններն հակազդվեցին հայ-ռուսական ու Պարսից ծոցում մեկնարկած Իրանի զորավարժություններով, որոնք ուղերձ էին՝ Անկարային զսպվածության ցուցաբերման, ուժային հավասարակշռության ստատուս քվոյի խախտման Անկարայի փորձերին  հստակ դիմագրավելու  և  հակազդելու կարողությունների ու պատրաստակամության վերաբերյալ։

-Հնարավո՞ր է, որ տարածաշրջանային մեծ խաղացողների դիրքային պայքարի ընթացքում թուրքական ագրեսիա իրականանա Հայաստանի դեմ:

-Չեմ կարծում՝ մի քանի պատճառներով. նախ՝ Ռուսաստանի և Իրանի հակազդեցությունը պահպանում է մեր տարածաշրջանում շահերի միջև ձևավորված ստատուս քվոն ու ուժային հավասարակշռությունը։ Երկրորդ՝ Թուրքիան հիմքեր չունի ռազմական ուղիղ միջամտություն իրականացնելու Հայաստանի նկատմամբ։ Ես չեմ տեսնում դրա քաղաքական, ռազմական կամ այլ նախադրյալները։ Ասեմ ավելին: Թուրքիան շատ լավ հասկանում է, որ մի բան է մրցակցել ու հակամարտել Ռուսաստանի դեմ Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, լրիվ այլ բան՝ հետխորհրդային տարածքում և այն էլ՝ հարավկովկասյան տարածաշրջանում, որը չափազանց մեծ կենսական կարևորություն ունի Ռուսաստանի շահերի տեսանկյունից։ Մյուս կողմից, սակայն, դա չի նշանակում, որ Անկարան չի փորձի հրահրել հայկական կողմին՝ հակամարտության մեջ ներքաշվելու հիմքեր ստեղծելու համար։ Տեսականորեն, միշտ էլ պետք է դիտարկել զարգացման տարբեր սցենարներ՝ ընդհուպ մինչև ամենահոռետեսականը։ Թուրքիան, ինչպես նշեցի, արդեն իսկ տասնամյակներ շարունակ հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ, ինչը չի կարելի  հաշվի չառնել։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1352) 12.08.2020 - 18.08.2020, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


13/08/2020