Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԹՍ…



ԵՂԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԹՍ...Երբ հուլիսի կեսերին մեր հերոս զինվորներն ու սպաները արիաբար դիմակայում էին Ադրբեջանի հերթական սադրանքին՝ այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության  սահմանամերձ բնակավայրերի ու զինվորական մասերի վրա, ես, ի տարբերություն շատ ընկերների ու բարեկամների, դույզն-ինչ  չէի կասկածում, որ թուրքերը հերթական ջարդն են ուտելու և նահանջելու: Որտեղի՞ց  այդ  համոզմունք-վստահությունը:  Ինչպես ասում են՝  տառապանքս փորձ ունի:

1991 թվականն էր: Ազատագրված Արցախը վերագրավելու խելահեղ  պլաններով ադրբեջանցիները լայնածավալ հարձակում էին սկսել  Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բնակավայրերի վրա:  Աշնան վերջին օրերն էին:  Որդիս կանչում է հեռախոսի մոտ: Զանգողը նրա քեռին էր՝  ՌԴ Իրկուտսկ քաղաքում  ապրող, սեփական  բիզնեսը զարգացնող, երկու  փոքրահասակ երեխայի հայր Էդիկը: Ո՞նց եք, ի՞նչ կա-չկայից հետո հուզված ասաց.  «Վեստի»-ով («Վեստի»-ն ռուսական հեռուստատեսության լրատվական ծրագիրն էր) ասացին, որ թուրքերը հարձակվել  են մեր գյուղի վրա, ճի՞շտ է:  Դե, ի՞նչ անենք, հազիվ ինձ զսպելով, որ չասեմ թուրքերի ռմբակոծությունից հողին է  հավասարվել իր հայրական երկհարկանի տունը, հանգստացնել փորձեցի ես: «Ես արդեն Մոսկվա թռչելու տոմսն առել եմ, Մոսկվայից կզանգեմ, խնդրում եմ դիմավորես»: Նախկինում, երբ Էդիկը Հայաստան էր գալիս, ինձ նեղություն չէր տալիս: Օդանավակայանից տաքսի էր վերցնում ու ուղիղ գյուղ գնում, կամ գալիս էր մեր տուն, սակայն, նա լավ գիտեր, որ Հայաստանում  պարետային ժամ է ու տանկերը  փակել են փողոցները: Բարեբախտաբար, ծառայողական իմ «Վոլգայի» վրա պահպանվել էին որոշակի  մեքենաներին տրվող պետհամարանիշներն, ու  վարորդս ազատորեն ելումուտ էր անում Երևանի փողոցներում: Առավոտյան վաղ Էդիկը Մոսկվայից զանգեց  ու ապսպրեց  ժամը 12-ին լինել օդանավակայանում: Էդիկը մենակ չէր: Պարզվեց, երբ աշխատավայրում հայտնել է Հայաստան գալու մասին, մոտիկ ընկերը՝ Յուրան նրանից պոկ չի եկել՝ ասելով՝ ես կռվել եմ Աֆղանստանում, իմ փորձը Հայաստանում շատ պետք կգա: Քանի որ Էդիկը խնդրեց իրենց  ուղիղ  գյուղ՝ այն ժամանակ Շամշադինի շրջանի Ներքին Կարմիրաղբյուր տանել, հենց օդանավակայանում թեթևակի ճաշեցինք ու ճանապարհ ընկանք: Չեմ նկարագրի, թե Էդիկն ինչպես ընդունեց մանկությունն ու  երիտասարդությունն անցկացրած հոյաշեն տան  ավերակ դառնալը: Քիչ անց, եկավ  իր քեռու որդին՝ Եղիշեն՝ ներողություն խնդրելով ուշանալու համար: Երբ նա ասաց, որ եկել է դիրքերում հերթապահող տղաներին  ուտելիք տանելու, Էդիկն առանց հապաղելու ասաց՝ ես էլ եմ գալու: Երբ Յուրային թարգմանեց ինչն-ինչոց է, նա էլ պատրաստակամություն հայտնեց գալ: Թեթևակի ճաշելուց հետո ես վարորդին խնդրեցի աշխատավայրում հայտնել, որ մի քանի օր աշխատանքի չեմ լինելու ու, ճանապարհելով  նրան, միացա տղաներին:

Ներքին Կարմիրաղբյուրը սահմանակից  է ադրբեջանական Ալիբեյլի գյուղին: Դեռ երեկ ադրբեջանցիները ավանակներով ձմերուկ էին բերում, գյուղում վաճառում ու առոք-փառոք գիշերում էին իրենց հայ  «յոլդաշների» տանը,առատորեն հյուրասիրվում, թթի ընտիր օղիով բարեկամության ճառեր ասում:  Պատերազմն սկսվելու առաջին օրերից ադրբեջանական ՕՄՕՆ-ի մարտիկները լցվել էին  սահմանամերձ գյուղեր, երեկվա «յոլդաշներից» շատերի ձեռքը  ինքնաձիգներ էին տվել ու դիրքավորել: Մեր դիրքերը գտնվում էին գյուղի ներքևով հոսող Տավուշ «գետի» ափին: Սրան գետ ասելն էլ, մեղմ ասած, ամոթ է, քանզի նույնիսկ գարնանային վարարումների ժամանակ կարելի է ոտքով մի ափից մյուսն անցնել՝ թրջելով  մարմնի մինչև ծնկները հատվածը միայն: Եվ այսպես, առվի այս  կողմում մեր դիրքերն էին, մի քանի մետր այն կողմ՝ ադրբեջանցիների:  Ի տարբերություն Կալաշնիկովի ինքնաձիգներով ու նռնակներով զինված ադրբեջանցիների (նրանք հեռագնա նպատակով  զինապահեստներից թալանել էին սովետական բանակի զենք-զինամթերքը, սովետական սպաներից գնել զենքեր)՝ մեր հիմնական  «զենքերը» եղաններն ու բահերն էին, մի քանիսն էլ ձեռք էին բերել գյուղում մնացած որսորդական հրացաններ… Դիրքերում նստած, քիչ չէին դեպքերը, երբ իրար ծանոթ հայն ու թուրքը  հայերենով, ավելի ստույգ՝ Շամշադնի բարբառով, զրուցում էին միմյանց հետ, կարծեք հին «յոլդաշներն» են: Փաստորեն, ձմերուկ վաճառելը նպաստել էր ադրբեջանցիների լեզվաիմացության զարգացմանը…

Հերթապահում էինք 10-12 հոգով: Գյուղում մի այդքանն էլ պահեստայիններն էին, հանգստանում էին ու ահազանգի սպասում՝ անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու…Ընդհարումներ քիչ էին լինում:

1992թ. հունվար-փետրվար ամիսներին, երբ Արցախի ազատամարտիկները գրավեցին  Ստեփանակերտը ուժգին հրետակոծության տակ  պահող Կրկժան ու Խոջալու գյուղերը, կատաղած ադրբեջանցիներն սկսեցին ակտիվանալ ոչ միայն  Արցախում, այլ նաև Ադրբեջանի՝ Հայաստանին սահմանակից  տարածքներում:  Քանի որ արդեն կազմավորվել էր հայոց բանակը,  դիմեցինք տարածքի մարտական գործողությունները համակարգող նախկին ազատամարտիկ, արդեն զորամասի հրամանատար, գնդապետ  Վազգեն Ղավալյանին՝ մի քանի ինքնաձիգներ ձեռք բերելու խնդրանքով: Նա խոստացավ, և երկու օր անց մենք արդեն ինքնաձիգներ ունեինք: Այդ նույն օրերին ադրբեջանական կողմում  երևացին տանկեր ու «Գրադներ»: Ապրիլի առաջին օրերին նախկին «յոլդաշները» կամ նրանց արյունակից  օմօնականները՝ մոռացած կերած հացն ու խմած թթի օղին, սկսեցին կրակել մեր դիրքերի վրա: Տեսնելով, որ պակաս կրակողը մենք չենք, նրանք հրետակոծության տակ առան գյուղի տները, դպրոցն ու մանկապարտեզը: Հողին հավասարվեց Գոհար Չոբանյանի տունը:  Տունն ավերող  արկի բեկորները մահացու հարված հասցրին  նաև բակում հավերին կերակրող տանտիրուհուն: Հաջորդ հուժկու հարվածը Կոլյա Գալստյանի երկհարկանի տանն էր: Այստեղ, բարեբախտաբար, տանտերերը ժամանակին նկուղ էին մտել ու փրկվել, իսկ հոյաշեն տնից ոչինչ չէր մնացել: Ռադիոկապով Ղավալյանին տեղեկացրինք իրավիճակը: Մեկ ժամ հետո Բերդից  ժամանեց փրկիչ-տանկը: Տանկը տեսնելով, ադրբեջանցիները խուճապահար փախան:

ԵՂԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԹՍ...Երկու օր «յոլդաշները» լուռ էին: Մեզ օգնության էին եկել նաև «Գրադներ» ու «Ալազաններ»: Ապրիլի 6-ին ադրբեջանցիերը նորից  հուժկու հրետակոծության տակ առան գյուղն ու փորձում էին, գետն անցնելով, գյուղ մտնել: Սկսեցին աշխատել նաև մեր տանկը, «Ալազանն» ու «Գրադը»: Կրակում էինք նաև նռնականետով: Հանկարծ մեր դիրքում պայթեց «յոլդաշների» նետած նռնակներից մեկը: Էդիկը ոտքը բռնեց ու շշնջաց. «Տղերք, ինձ փրկեք»… Դիրքում պառկած ուսումնասիրեցինք վերքը: Պարզվեց  բեկորը կտրել է ոտքի գլխավոր երակը և արյունը  ուժգին կերպով ժայթքում է այդտեղից: Կապեցինք, անօգուտ. Էդիկն արագորեն արյունաքամ էր լինում, երեսին գույն չկար:  Դիրքից  դուրս գալ ու բժշկի տանել, արդեն ուշ էր և անիմաստ, բացի այդ,  բոլորս էինք  զոհ գնալու թշնամու գնդակներին. տեղներս տեսել էին…

…Էդիկին հուղարկավորեցինք գյուղի վերևի գերեզմանատանը: Այստեղ էլ «յոլդաշները» հանգիստ չէին տալիս:  Դեռ Էդիկին հողին չէինք դրել,   երբ  ադրբեջանական զինվորական  հագուստով մի տղայի  ձեռքից բռնած եկավ հաղթանդամ Ռադիկը: «Սպասեք, տղերք,  էս թուրքին պիտի մատաղ անենք Էդիկին»,- ասաց նա: Ես խեթ և սաստող հայացքով նայեցի Ռադիկին ու խնդրեցի այդ «գործն» ինձ վստահել:  Մի ձեռքով բռնելով տղայի ձեռքը, մյուսով ռադիոկապով  զորամասի հրամանատար Ղավալյանին զեկուցեցի, որ գերի ենք բռնել և փոխանակման համար ուղարկում ենք իր  տրամադրության տակ: Վարորդիս հանձնարարեցի տղային զորամաս հասցնել և հանձնել հրամանատարին…

Իրենց հայրենիքը սիրող, հող ու ջրին նվիրված տեղացի ու դրսում ապրող նախկին բնակիչների, նրանց ընկերների՝ սեփական հողի վրա ամուր կանգնելու,այն իրենց կյանքից ավելի արժեվորելու շնորհիվ գյուղը կանգուն մնաց, և այսօր ոչ մի թուրքի մտքով չի անցնում նորից  գրավել այն, իսկ եթե երբեմն էլ փորձում են, ինչպես  այս տարվա հուլիսի սկզբներին, պարտություն են կրում՝ զոհ տալով նաև գեներալի ու բարձրաստիճան այլ սպաների: Ոչնչացվեցին նաև աշխարհում անուն հանած իսրայելական թանկարժեք  «Հերմես-900» անօդաչու թռչող սարքը և տասնյակից ավելի այլ ԱԹՍ-ներ: Եվ այսօր 30 տարի առաջ եղաններով ու բահերով թշնամուն հաղթող մեր զինվորներն արդեն օգտագործում են իրենց հայրենակիցների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ները: Ասել թե՝ կարևորը հայրենիքին նվիրված մարդիկ են, զինվորներն ու սպաները, նրանց համար ժամանակակից զենք-զինամթերք մշակող, արտադրող և մատակարարող մասնագետներն ու գիտնականները, բանակի բոլոր կարիքներն առաջնահերթ ապահովող պետական կառույցները…

 

ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական պատմաբան

Խորագիր՝ #31 (1351) 05.08.2020 - 11.08.2020, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


06/08/2020