Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄԸ ԼԵՌՆԵՐՆ ԵՆ



ԻՄԸ ԼԵՌՆԵՐՆ ԵՆԼեռնագնաց Գևորգ Գասպարյանի անունը լսեցի մի զրույցի ընթացքում, երբ պատմում էին, թե ինչպես է կամավորների խումբը պարաններ  ամրացնում ժայռերի վրա՝ դեպի հենակետեր տանող դժվար հաղթահարելի ճանապարհներին, որպեսզի զինվորները հատկապես ձմռան ամիսներին կարողանան ավելի անվտանգ հասնել դիրքեր: Գևորգ Գասպայանն այդ կամավորներից է: Մինչև մեր զրույցը, ես նրա մասին կցկտուր տեղեկություններ հայթայթեցի: Ծնվել է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, մասնագիտությամբ անասնաբույժ է, աշխատել է մի քանի գյուղական համայնքներում՝ այդ ընթացքում ավարտելով նաև ասպիրանտուրան: Հետագայում աշխատել է որպես զբոսավար, այնուհետև զբաղվել է լեռնագնացությամբ, բարձրացել է բազմաթիվ գագաթներ: «Հայ լեռնագնացների միության» հիմնադիր տնօրենն է, «Արևի» զբոսաշրջային ընկերության և «Արևի» հյուրանոցի հիմնադիրը:

 

Գևորգ, ինչպես եղավ, որ Դուք ներգրավվեցիք առաջնագծում, ժայռերի վրա պարաններ տեղադրող խմբում: Եվ որքանով է վտանգավոր այդ աշխատանքը:

-Իմ ավագ ընկեր Հակոբ Ճաղարյանը բանակի նվիրյալ է և իր ընկերների հետ զինվորներին աջակցող բազմաթիվ նախաձեռնություններ է իրականացնում: Նա իմացել էր, որ որոշ տեղանքներում զինվորների շարժը դեպի դիրքեր վտանգավոր է ռելիեֆի ու բնակլիմայական պայմանների պատճառով, ու անհրաժեշտ է ժայռերի վրա պարաններ կապել, որպեսզի զինվորները անվտանգ հասնեն դիրքեր: Հակոբ Ճաղարյանը հավաքեց մասնագետ-կամավորականների փոքր խումբ, որի մեջ սիրով ու պատրաստակամությամբ նաև ես ընդգրկվեցի։ Ինչ վերաբերում է վտանգավորությանը, անշուշտ, վտանգ կա՝ մանավանդ, երբ աշխատում ենք դիտարկվող տարածքում: Ասեմ, որ աշխատանքները պարբերական են ու շարունակվում են:

Դուք մասնագիտությամբ անասնաբույժ եք, այն էլ՝ ասպիրանտուրա ավարտած: Այդ մասնագիտությունը ակնհայտորեն կապ չունի լեռնագնացության հետ: Ինչպե՞ս ընտրեցիք անասնաբույժի մասնագիտությունը և ինչո՞ւ հետագայում անցաք լեռնագնացության:

-Հայրս իմ ծննդավայր Հայթաղ գյուղի անասնաբույժն էր՝ դեռ խորհրդային տարիներին: Ես մանկուց տեսել եմ, թե ինչպես է նա բուժում, խնամում հիվանդ կենդանիներին: Մտածում էի, որ հորս մասնագիտությունը բարի ու հետաքրքրիր մասնագիտություն է: Դպրոցական տարիներին մասնակցում էի նրա վիրահատություններին՝ որպես  «ասիստենտ», և հասկանում էի, որ այդ աշխատանքը չափազանց կարևոր է գյուղական բնակչության համար: Եվ գնացի հորս ճանապարհով: Դեռ ուսանող էի, երբ սկսեցի համագործակցել ֆերմերների հետ, հետո մի քանի գյուղական համայնքների անասնաբույժն էի:

Երբ փորձում էի գտնել Ձեր հեռախոսահամարը, ծանոթացա մի տղայի հետ, որը ասաց՝ Գևորգը մեր քանդակագործության խմբից էր, իսկ երաժշտական դպրոցում հարվածային գործիքներ էր նվագում:

-Այո, ես փորձում էի փափուկ նյութերից տարբեր կերպարներ ստանալ: Նաև երգում էի ու մորս նախաձեռնությամբ երաժշտական դպրոց հաճախեցի: Լեռնագնացությունն իմ մանկության ու պատանեկության նախասիրությունների շարքում չկար: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ վերելքներ հաղթահարելը դառնալու է իմ գլխավոր նախասիրություններից մեկը, որովհետև ես բոլորովին սեր չունեի էքստրիմի հանդեպ:

Մինչև…

-Մինչև ընդգրկվեցի հայկական «Հաբիթաթ» կազմակերպությունում, որը բարեգործական հիմունքներով իրականացնում էր անապահով ընտանիքների համար կառուցվող տների շինարարությունը: Կամավորների խմբում կային նաև արտասահմանցիներ, և մենք նրանց Հայաստանի տեսարժան վայրերը ցույց տալու պատրաստակամություն հայտնեցինք: Այդ ընթացքում մասնակցեցի դասընթացների, որն էլ սկիզբ դրեց զբոսավարությանը։

…Առաջին վերելքս Արագած լեռն էր: Հիշում եմ՝ լեռան գագաթից բացվող տեսարանն ու իմ զգացողությունները, որոնք ոգեշնչեցին ինձ ու նոր գագաթներ բարձրանալու խթան դարձան։ Արագածին հաջորդեցին Արա լեռը, Հատիսը, Արմաղանը, Գեղամա լեռները… Ես հասկացա, որ գտել եմ իմը. իմը լեռներն են, ու պիտի լեռնային արշավով զբաղվեմ:

ԻՄԸ ԼԵՌՆԵՐՆ ԵՆԱսում են՝ ով մեկ անգամ բարձրացել է Արարատի գագաթը, անընդհատ ուզում է վերադառնալ այնտեղ: Ինչո՞վ է ձգում Արարատը: Նրա գեղեցկությունը տեսնելու մղո՞ւմն է, թե՞ նվաճելու, ինքն իրեն հզոր զգալու բերկրանքը…

-Այո, Արարատի գագաթը մեկ անգամ բարձրանալուց հետո ուզում ես նորից ու նորից անցնել այդ ճանապարհը: Արարատի գագաթը բարձրանալը յուրատեսակ ուխտագնացություն է յուրաքանչյուր հայի համար: Շտապեմ ասել, որ որևէ լեռ բարձրանալիս, առավել ևս՝ Արարատ, դու երբեք նվաճողի զգացողություն չես ունենում: Անգամ ամենաբարձր գագաթը հաղթահարելուց հետո զգում ես լեռան ուժն ու զորությունն ու հասկանում ես, որ լեռը թույլ է տվել հաղթահարել բարձունքն ու քեզ զգալ նրա ուժի, վեհության մասնիկը: Այս զգացողություններն են, որ ստիպում են վերադառնալ լեռներ։

Իսկ գագաթի՞ն …

-Արարատն անբացատրելի վեհություն ունի: Առանձնակի տպավորիչ է գագաթից՝ Արարատ լեռան ստվերը լուսաբացին՝ Բայազետի դաշտի վրա: Լեռան մայրամուտները նույնքան անզուգական են։ Արարատից հետո մեր ճանապարհը շարունակվում է դեպի Վան, Անի, Կարս… Մեր արևմտյան տարածքները կրում են հայկականության հետքերը, ու հենց դրանով էլ հոգեհարազատ են։

Լեռնագնացությունը միայն էքստրիմի ձգտումը բավարարելու և սեփական ուժերը բացահայտելու համար չէ: Այն քեզ մոտեցնում է բնությանը: Բնությունը մարդուն սովորեցնում է գնահատել ու պահպանել գեղեցիկը։ Լեռնագնացությունը նաև բարոյական փորձառություն է, երբ վերելքը հաղթահարելիս մտածում ես նաև կողքինիդ մասին և ուզում ես, որ գագաթին լինես ոչ թե մենակ, այլ ընկերներիդ հետ։

Ո՞րն է եղել ձեր ամենադժվար վերելքը:

-Ես բարձրացել եմ Այլենդ Պիկը (6189), Կիլիմանջարոն (5895), Էլբրուսը (5642), Դամավանդը (5610), Կազբեկը (5054), Մոնբլանը (4810), Սիփանը (4058), Սիսը (3925): Արարատ լեռն իմ ամենասիրելին է, արդեն 19 անգամ բարձրացել եմ Արարատ լեռան գագաթը։ …Ամենադժվարը, թերևս, Մոնբլանն էր: Այդ լեռան բարձրությունը շատ չէ, բայց վերելքն ու վայրէջքը լի են փորձություններով։

Ինչո՞վ է զբաղվում Ձեր ղեկավարած «Հայ լեռնագնացների միություն» կազմակերպությունը:

-Այն ստեղծվել է լեռնային զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Մենք բացում ենք նոր լեռնային արահետներ, կառուցում ենք կամուրջներ, ցուցանակներ ենք տեղադրում լեռնային արահետների վրա, որ մարդիկ չմոլորվեն: Փորձում ենք հնարավորինս անվտանգ դարձնել տեղանքը:

ԻՄԸ ԼԵՌՆԵՐՆ ԵՆՄեր երկիրը բարենպա՞ստ է զբոսաշրջության համար, եթե համեմատենք զարգացած երկրների հետ:

-Հայաստանի և՛ բնությունն է բազմազան ու գեղեցիկ, և, որ ամենակարևորն է, հարուստ է մշակութային ժառանգությամբ: Շատ երկրներ կան, որոնք նույնպես հրաշալի բնություն ունեն, բայց չունեն մշակութային հարուստ ժառանգություն։ Փոխարենը՝ մենք զիջում ենք այլ հարցերում. ճանապարհների ու աղբահանության վիճակը կարող են վանել զբոսաշրջիկներին։ Մենք նաև աշխարհին ճանաչելի դառնալու խնդիր ունենք. պիտի կարողանանք ճիշտ ու հրապուրիչ ներկայացնել մեզ:

Դուք «Արևի» անունով հյուրանոցի սեփականատերն եք, ինչո՞ւ եք այն կառուցել Վայոց ձորի Եղեգիս գյուղում:

-Եղեգիսը շատ գեղեցիկ բնություն ունի: Շրջապատված է լեռներով, կիրճերով, գետ ունի, նաև՝ հարուստ կենդանական աշխարհ՝ բեզոարյան այծեր, արջեր, արծիվներ և այլն: Եղեգիսի կիրճն ունի նաև շատ հարուստ պատմամշակութային ժառանգություն, որը գեղեցիկ բացահայտում է ոչ միայն օտարերկրյա, այլև տեղացի զբոսաշրջիկների համար։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Բանակ և հասարակություն


30/07/2020