Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՑՐՈՒՄ



ԶՈՐԱՑՐՈՒՄԶորացրվեց ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Հրաչ Սլոյանը

 

Զորակոչ է: Այս օրերին երկրի տարբեր հատվածներից զինկոմիսարիատներ են ներկայանում և վիճակահանությամբ նախորոշված զորամասեր են մեկնում հազարավոր  նորակոչիկներ: Միաժամանակ իրենց հայրենի օջախներ են վերադառնում պատվով ծառայությունն ավարտած զինվորները: Նրանցից մեկը Քառօրյա պատերազմի հերոս զինվոր, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր  Քյարամ Սլոյանի եղբայր Հրաչ Սլոյանն է: Մինչև ծառայության մեկնելը երիտասարդն ինքն իր համար վճիռ էր կայացրել. կգնա, պատվով կծառայի, հետ կվերադառնա, կայցելի եղբոր գերեզմանին ու պատվի առնելով կասի. «Քո ծառայությունը պատվով շարունակեցի»:

Զորացրվելուց հետո նա վարդերի մի մեծ փնջով ներկայացավ մորը՝ տիկին Նվարդին. «Մամ ջա՛ն, վերադարձա»:

-Երբ Հրաչս ընդառաջ եկավ ինձ, ասես, նրա հետ Քյարամս տուն գար, այդպիսի զգացողություն ունեցա,- ասում է տիկին Նվարդը:

…Քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի շիրիմի մոտ ենք: Հրաչը զինվորական համազգեստով է ներկայանում եղբոր շիրմին. ձգվում է ամբողջ մարմնով, և ինչպես զինվորական կարգն է, պատվի է առնում հերոս եղբոր պատկերի առջև:

-Իմ եղբայրը մինչև վերջ կատարել է իր մարտական խնդիրը. ես էլ իր օրինակով եմ առաջնորդվել ծառայության մեկնելով, ու հիմա ինձ շատ հպարտ եմ զգում՝ եղբորս պատկերի առջև կանգնած: Գիտե՛մ, որ կհպարտանար ինձնով,- ասում է՝ մեզ դառնալով:

-Առաջին հերթին հենց ես էի ուզում, որ նա էլ գնա, ծառայի, կատարի իր պարտքը,- որդուն միանում է տիկին Նվարդը: -Իմ Քյարամը հերոս է, և Հրաչս նրա պատիվը իր ծառայությամբ պետք է բարձր պահեր: Հիմա մեծ հպարտություն եմ զգում ուրախության հետ մեկտեղ. Հրաչս էլ ծառայեց ու վերադարձավ պատվով:

ԶՈՐԱՑՐՈՒՄ-Զորակոչ է, տիկին Նվարդ, տղաները մեկնում են ծառայության, ի՞նչ կցանկանաք ասել նրանց,- հարցնում եմ հերոս զինվորի մորը:

-Տղանե՛ր ջան, դա ձեր պարտքն է, պետք է գնաք, ծառայեք, մեր հայրենիքի, մեր հողի, մեր ջրի համար: Բարո՜վ ծառայեք, բարո՜վ ետ գաք: Օրհնում եմ բոլորին, ես նրանց կյանքին մեռնեմ, թող բարով ծառայեն ու հետ գան իրենց օջախները: Ցանկանում եմ, որ բոլոր մայրերն իրենց զինվորներին ուրախ ճանապարհեն և հպարտ դիմավորեն: Չեմ կարող նկարագրել ուախությունս: Միաժամանակ կիսում եմ բոլոր այն մայրերի ուրախությունը, որոնք ինձ պես այս օրերին դիմավորում են իրենց զորացրված տղաներին:

-Շատ էի ուզում գնալ ծառայելու,- ասում է Հրաչը:- Եղբորս գործը շարունակելը պարտքս էր նրա հիշատակի, հայրենիքի, ընտանիքիս առջև: Ծառայության ընթացքում միշտ ձգտել եմ լավ կատարել բոլոր առաջադրանքները: Հատկապես կրակային պատրաստությունից  էի շատ լավ. զինվորը պետք է դիպուկ կրակե՛լ կարողանա: Երբ մարտական հերթապահություն էի իրականացնում, պատասխանատվությունը գերիշխող զգացումս էր:

Վերջերս, երբ Տավուշի հյուսիսարևելյան սահմանագոտում սկսվեցին մարտական գործողությունները, Հրաչը և իրենց զորամասի ամբողջ անձնակազմը մի մարդու պես պատրաստ են եղել օգնության մեկնելու:

-Թե՛ նոր ծառայության եկած տղաները, թե՛ զորացրվելու պատրաստվող տղաները, բոլորս պատրաստ էինք ցանկացած պահի մեկնելու Տավուշ… Բայց բանը դրան չհասավ: Շատ ուրախ կլինեմ, եթե լայնածավալ պատերազմ չլինի: Ես, ընտանիքս տեսել ենք պատերազմի ամենավատ հետևանքները… Լավ բան չկա պատերազմի մեջ: Բայց եթե թշնամին նորից փորձի գալ մեր երկրի վրա, հաստա՛տ զղջալու է. մի մարդու պես կանգնելու ենք:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #30 (1350) 29.07.2020 - 04.08.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/07/2020