Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ



ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸԱպրիլյան պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Շուլի Հակոբյանը հունիսի 18-ին նշեց ծննդյան 24-րդ տարեդարձը: Մեր հերոսը ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին, Արմեն և Անահիտ Հակոբյանների ընտանիքում: 2002-2013թթ. սովորել է Գյումրիի Վազգեն Ա-ի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցում: Այդ տարիներին Շուլին զբաղվել է նաև կարատեի Կյոկուշինկայ և Շոտոկան մարզաձևերով և մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մրցաշարերի՝  արժանանալով  բարձր պարգևների: 2012թ. մայիսին Շուլին դարձել է Շոտոկան կարատեի Հայաստանի Հանրապետության 16 տարեկանների չեմպիոն, ապա 2012թ. հունիսին Հայաստանը ներկայացրել է Շոտոկան կարատեի՝ Վրաստանի Փոթի քաղաքի   միջազգային մրցաշարում, հաղթել և զբաղեցրել առաջին հորիզոնականը: 2012թ. հոկտեմբերին Մոսկվայում մասնակցել է Շոտոկան կարատեի Եվրոպայի առաջնությանը և զբաղեցրել երրորդ հորիզոնականը: 2013թ. մասնակցել է Ստամբուլում  կայացած Շոտոկան կարատեի աշխարհի առաջնությանը, սակայն թուրք մարզիկի հետ ունեցած վիճաբանության պատճառով Շուլին որակազրկվել է և դուրս մնացել առաջնությունից…

Շուլին ավարտելով դպրոցը հաջողությամբ հանձնում է  քննությունները և ընդունվում Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ: Ավարտելով առաջին կուրսը` կիսատ է թողնում ուսումը և մեկնում զինվորական ծառայության: Ծառայությունը 6-րդ պաշտպանական շրջանում էր։

…2014թ. հուլիսի 2-ին սկսվում է Շուլիի զինվորական ծառայությունը՝ որպես հակատանկային հաշվարկի («ֆագոտ» համալիր) օպերատոր։ Գերազանց և նվիրված ծառայության համար 2015թ. փետրվարին ստանում է կրտսեր սերժանտի զինվորական կոչում և նշանակվում «ֆագոտ» հաշվարկի հրամանատար, ավագ օպերատոր։ 2015թ. դեկտեմբերին ստանում է սերժանտի զինվորական կոչում։ Նշանակվում է առաջին հակատանկային դասակի հրամանատարի տեղակալի և մարտկոցի ավագի պաշտոններում:

…2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ սկսեցին:  Այդ  գիշեր Շուլին մարտկոցի հերթապահ էր, և 4։00 – 5։00-ն ընկած ժամանակահատվածում ստացավ հրաման՝ զինվորներին տագնապով արթնացնելու և տարհանելու վերաբերյալ:

Սկզբում զինվորներին թվում է, թե դա հերթական ուսումնական տագնապներից է։ Բայց ժամը 06։30-ի մոտակայքում, երբ առաջին արկն  ընկավ Մատաղիսի հէկ-ի, այնուհետև գյուղի և զորամասի տարածքում, նրանք հասկացան, որ իրական մարտական գործողություններ են սկսվել…

Ապրիլի 2-ին ստորաբաժանումներն ստացան հրաման՝  պահպանությունից անցնել պաշտպանության։ Հակատանկային մարտկոցի  կազմով կրտսեր սերժանտ Շուլի Հակոբյանը իր անձնակազմով, ինտենսիվ և անկայուն հրետակոծության պայմաններում, բարձրանում է Թալիշ գյուղի դիրքեր: «Ֆագոտով» դիրքավորվում և սկսում է դիտարկում իրականացնել: Այդ ժամանակ Թալիշ էին ժամանել նաև հատուկ նշանակության ջոկատները։ Անդադրում հրետակոծության պայմաններում զոհերից խուսափելու համար մարտկոցի հրամանատարի հրամանով ուժերը կենտրոնացրին այլ վայրում: Գիշերը մնացին Թալիշում, իսկ առավոտյան 06։00-ին կրկին նախկին դիրքերում էին: Ապրիլի 3-ին եղանակային պայմանները կտրուկ վատացան. անձրև, քամի, տեսանելիությունը խիստ նվազեց: Այս պայմաններում Շուլին և ընկերները ամբողջ օրն անցկացրին բարձունքին՝ ժամանակ առ ժամանակ ստանալով հրաման՝ փոխել դիրքերը հրետակոծության վնասներից խուսափելու համար։

Ապրիլի 3-ի գիշերը հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, մայոր Արարատ Բաղդասարյանը հայտնեց, որ Թալիշի մարտական դիրքերից մեկում հայկական կողմն ադրբեջանական տանկի կրակոցից երկու զոհ ունի՝ մեկը դիրքի անձնակազմից, մյուսը՝ հատուկ նշանակության ջոկատից։ Հատուկ նշանակության ջոկատը դիտարկում է իրականացնում և արագ պարզում ադրբեջանական տանկի գտնվելու վայրը։ Անհրաժեշտ էր հակատանկային մասնագետ՝ հակառակորդի տանկը ոչնչացնելու համար։ Շուլին ինքնակամ ստանձնեց այդ պատասխանատու գործը։ Նա, մյուս հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Լև Մարտիրոսյանը, մարտկոցի հրամանատար, կապիտան Էրիկ Սարգսյանը և հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, մայոր Արարատ Բաղդասարյանն ու իր խումբը մեկնեցին վերոնշյալ մարտական դիրք: Այստեղ Շուլին, նպատակահարմար չհամարելով կրակել խրամատից, դուրս է գալիս և արձակում առաջին հրթիռը։ Առաջին անհաջող փորձից հետո արձակում է երկրորդ հրթիռը և խոցում իրենց գլխին պատուհաս դարձած հակառակորդի տանկը:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸԴրանից հետո թաքստոցից դուրս են գալիս հակառակորդի տանկերը և կրակ բացում ինչպես Շուլիի դիրքի, այնպես էլ մյուս մարտական դիրքերի ուղղությամբ: Շուտով Շուլին անվրեպ կրակոցով խոցում է նաև երկրորդ տանկը։ Նրա և ընկերների դիրքը մշտապես հակառակորդի նշանառության տակ էր: Երրորդ տանկը Շուլին ոչնչացնում է շարժման ընթացքում, որից հետո հակառակորդի տանկերը նահանջում են: Այսպիսով՝ քաջարի սերժանտը  07։00 – 07։30  սահմաններում 4 հրթիռով ոչնչացնում է  հակառակորդի երեք  T-80 տանկ։

…2016թ. հունիսի 15-ին Շուլիին շնորհվում է ավագ սերժանտի կոչում, և նա մարտական դիրքերում է մնում մինչև հուլիս ամիս։ 2016թ. հուլիսի 4-ին նա զորացրվում է…

Վերստին նշենք. առաջին հակատանկային դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 700-800 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ:

… Շուլին իրեն հերոս չի համարում ու հարցազրույցներում էլ մշտապես ասում է, որ իր արածը հերոսություն չէ՝ առաջադրանք է կատարել. հերոս են այն տղաները, որոնք չեն խնայել ոչինչ ու զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2016թ. ապրիլի 15-ի հրամանագրով Շուլի Արմենի Հակոբյանը ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնուրացության  համար պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2016թ. սեպտեմբերի 21-ին էլ նա    արժանանում է «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակին:

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ…2016թ. հուլիսի 6-ին Շուլին գալիս է հայրենի Գյումրի, որտեղ նրան արժանացնում են  հանդիսավոր ընդունելության և պարգևատրում Գյումրի քաղաքի Ոսկե հուշամեդալով:

…Օգոստոսի 23-ին  հերոս գյումրեցին ընտանիքի անդամների հետ  հայրենի քաղաքից մեկնում է Լոռու մարզ, այցելում Սուրբ Հովհաննես մատուռ, որտեղ բազմաթիվ խաչքարերի կողքին նրա ընտանիքի կողմից ավելացավ ևս մեկը՝ «Աստված պահապան զինվորին» մակագրությամբ…

Այժմ բոլորի մեծ, անկեղծ սերն ու հարգանքը վայելող Շուլի Հակոբյանը շարունակում  է համալսարանական կրթությունը և միաժամանակ զինվորականի հայրենանվեր ծառայությունը ՊՆ համակարգում:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Խորագիր՝ #26 (1346) 1.07.2020 - 7.07.2020, Բանակ և հասարակություն


02/07/2020