Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԱՌՋԵՎԻՑ ՊԻՏԻ ԳՆԱ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԱՌՋԵՎԻՑ ՊԻՏԻ ԳՆԱ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԱՌՋԵՎԻՑ ՊԻՏԻ ԳՆԱՊայմանագրային Արթուր Համբարձումյանն ասում է. «Կապիտան Վաչագան էլոյանի կերպարն է ինձ ներշնչել զինվորական դառնալու միտքը: Նա էլ սկզբում ինձ պես պայմանագրային է եղել, հետո ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպայական դասընթացներն ու այսօր արդեն վաշտի հրամանատար է: Ես քաղաքացիական բուհ եմ ընդունվել և հուսով եմ, որ հետագայում կկարողանամ նաև ռազմական կրթություն ստանալ ու դառնալ սպա: Վաչագան էլոյանին պատվում ու սիրում են և՛ զինվորները, և՛ հրամանատարները: Նա պահանջկոտ է և հոգատար, խիստ է և բարի: Իսկ հայրենիքը հզոր և անառիկ պահելու ջիղը ժառանգական է. նրա հորեղբայրները Արցախյան պատերազմի մասնակիցներ են և բանակից զորացրվել են սպայի կոչումով»:

Վաչագան էլոյանի հետ զրուցելուց առաջ ես ուզում եմ իմանալ նաև զորամասի հրամանատարի կարծիքը: Գնդապետ Թադևոսյանը այսպես է բնութագրում իր սպային. «Բարեխիղճ է, պարտաճանաչ ու պատասխանատու: Ծառայում է նվիրումով: Քաղաքացիական մասնագիտությամբ մանկավարժ է ու կարողանում է լեզու գտնել յուրաքանչյուր զինվորի հետ, նրա ղեկավարած անձնակազմում ձևավորվել են առողջ միջանձնային փոխհարաբերություններ»:

 

– Վաչագա՛ն, շատ պատվաբեր ու առինքնող է, երբ զինվորն ուզում է կրկնել իր հրամանատարի անցած ճանապարհը: Կարծում եմ՝ բոլորիս էլ առաջ են մղում ազնիվ, տաղանդավոր ու համարձակ մարդիկ և դառնում են ուղեցույց: Ձեր զինվորները հետևում են Ձեր օրինակին, իսկ ո՞ւմ եք հետևել Դուք:

– Ես բախտավոր մարդ եմ, որովհետև իմ տոհմի պատմությունը լի է պատկառելի անուններով, որոնց կերպարը վարք ու բարոյականություն է հուշել գերդաստանի ջահելներին: Նրանք այնքան ազդեցիկ էին, ու մեծերը այնպիսի պատկառանքով էին պատմում նրանց մասին, որ Էլոյան ազգանունը կրելու պատասխանատվությունը ինքնաբերաբար ուղղորդում էր մեզ…

Պապս գնացել է պատերազմ  և    հերոսաբար կռվել է Ստալինգրադի ինքնապաշտպանության ժամանակ ու զոհվել: Նրա խիզախության, ազնվության, բարության, խելքի մասին ես լսել եմ մանկուց: Իսկ Կարապետ մեծ Պապս իր ընտանիքով Պեմզաշեն է եկել Մշո Հացեկաց գյուղից: Նա տիրացու է եղել: Երբ փոքր էի, տատս սիրում էր պատմել մեր գերդաստանի պատմությունը, հատկապես՝ տղամարդկանց մասին, նրանց ուժի, խելքի, գթասրտության ու հերոսականության: Իմ սերը պատմության հանդեպ հենց տատիս զրույցներից ծնվեց…:

… Հետո սկսվեց Արցախյան պատերազմը, ու երկու հորեղբայրներս գնացին սահման: Ես՝ փոքրիկ  տղա, բախտ ունեցա սեփական աչքերով տեսնել կամավորականներին, որոնք հավաքվում էին մեր տանը ու պատմում էին ճակատամարտերից, իրենց ընկերների հերոսություններից… Մարդը քարոզներով ու ճառերով չի դաստիարակվում, այլ իր շրջապատի արժեքներով ու բարոյականությամբ, իր կողքին ապրող մարդկանց կերպարներով, այն պատմություններով, որ անընդհատ լսում է: Իմ բոլոր հաջողությունների համար ես պարտական եմ այն մարդկանց, որոնց կերպարը օրինակ է եղել ինձ համար: Ու ինքս էլ պարտավորված եմ  օրինակելի  լինել…

-Դուք պատերազմի սերունդ եք: Այդ սերունդը ավելի արագ հասունացավ, բայց և դաստիարակվեց տարերայնորեն, որովհետև ցուրտ էր, խավար էր, մարդիկ գոյատևման խնդիր էին լուծում, ու կրթությանը, դաստիարակությանը ուշադրություն դարձնելու ժամանակ այդքան էլ չկար:

– Թույլ տվեք չհամաձայնել: Գուցե պատերազմի սերունդը այդքան էլ լավ չսովորեց քիմիա կամ ֆիզիկա, բայց հայրենասիրության, խիզախության ու մարդկայնության դասերը շատ լավ յուրացրեց: Դա տոկուն ու պայքարող սերունդ էր, պատերազմի ոգեղենությունը ներծծած սերունդ: Ես, օրինակ, դպրոցական տարիներին դասերից հետո աշխատում էի, որ օգնեմ ընտանիքիս: Հող էի մշակում վարձավճարով: Ու ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեծ երազանքներ ունեի… Դպրոցն ավարտելուց հետ ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ, հետո գնացի բանակ, ծառայեցի առաջնագծում: Զինվորական դառնալու միտքը ծնվեց այն ժամանակ, և ես սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել մեր ռազմի պատմությունը:Հասկացա, թե մեր Ժողովրդի կյանքում ինչ բախտորոշ դերակատարում են ունեցել ռազմի գործիչները. իրականում, զինվորն է գրում երկրիդ պատմությունը, զինվորն է երաշխավորում մշակույթի և տնտեսության գոյությունն ու ծաղկումը երկրում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԱՌՋԵՎԻՑ ՊԻՏԻ ԳՆԱ-Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպայական դասընթացներն ավարտելը բավակա՞ն էր լավ սպա դառնալու համար:

-Ցանկացած գործում հաջողության հասնելու առաջին պայմանը նվիրումն է, ցանկությունը: Ոչ մի գիտելիք քեզ չի փրկի, եթե ամբողջ հոգով չես ձգտում առավելագույն արդյունքների, առավելագույն ձեռքբերումների, առավելագույն հաջողության: Հրամանատարի խնդիրն է այնպես անել, որ յուրաքանչյուր զինվոր ծառայի նվիրումով, գիտակցված բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ:

Հայրենիքի պաշտպանությունը որպես գաղափար կա յուրաքանչյուր հայի հոգում: Դա պայմանավորված է մեր պատմությամբ: Հայ տղամարդը միշտ էլ իր օջախը, երկիրը, ժողովրդին զենքով պաշտպանելու խնդիր է ունեցել, ու առանձին ջանքեր պետք չեն նրան սահմանապահ դարձնելու համար: Անկախ այն բանից, թե ինչն է դրդել հայ տղամարդուն զենք վերցնել, սահման հասնելուն պես բոլոր խնդիրները նրա համար դառնում են երկրորդական՝ զիջելով թշնամու ճանապարհը փակելու պարտավորությանը: Առավել ևս՝ երբ պայմանագրայինները հիմնականում սահմանամերձ տարածքների բնակիչներ են: Հրամանատարին մնում է արմատավորել կարգապահություն և ձևավորել մարդկային ճիշտ փոխհարաբերություններ անձնակազմի շրջանում: Այս երկու գործոնները կարող են էականորեն փոխել անձնակազմի ծառայողական ակտիվությունը, նվիրվածությունը գործին, տրամադրվածությունն ու հոգեկան հարմարավետությունը: Ես իմ բազմաթիվ զինվորներից փոքր եմ տարիքով, ու իմ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ կարողացել եմ լինել զինվորներիս ընկերն ու հրամանատարը: Այո՛, ես իմ զինվորների ընկերն եմ: Բառերով հեշտ է թվում, բայց դա ամենագլխավորն է ու ամենադժվարը:

-Ես զրուցել եմ Ձեր զինվորների հետ: Այո՛, նրանք ասում էին՝ կապիտան Էլոյանն իմ ընկերն է: Հետո ավելացնում էին՝ սրտացավ հրամանատար է, բայց խիստ է շատ:

-Հրամանատարի կերպարը էականորեն ազդում է զինվորների վարքի վրա: Եթե հրամանատարը կարգապահ է, աշխատասեր, բարեխիղճ ու պատասխանատու, զինվորներն ակամա «ձգվում են»: Եթե հրամանատարը առաջին հերթին ինքն իրենից է պահանջում, զինվորներից պահանջելու անհրաժեշտությունը գրեթե վերանում է:

-Եկեք մեր զրույցն ամփոփենք՝ նշելով, թե ո՞րն է, այդուամենայնիվ, լավ հրամանատարի ամենակարևոր բնութագրիչը:

-Հրամանատարը միշտ պիտի գնա առջևից ու պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ