Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԳԵՐՀԶՈՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ



ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԳԵՐՀԶՈՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸԱնցյալ տարեվերջից սկսվեց շատ սպասված ու ինտրիգային գործընթացը՝ Հայաստանի ԶՈՒ ավիապարկը նոր, գերժամանակակից Սու-30 ՍՄ կործանիչներով համալրելու փուլը… Երկաթե հզոր «թռչունները» հմուտ օդաչուների ղեկավարմամբ բարեհաջող ժամանեցին մեր երկիր, և այսօր արդեն հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ մեր զինված ուժերը համալրված են այս գերհզոր ինքնաթիռներով: Ամիսներ շարունակ մեր ռազմական ավիատորները արտերկրում վերապատրաստման դասընթացներ էին անցնում՝ երկաթե այս տիտաններին սանձելու տեսագործնական բարդ ու աշխատատար գործընթաց: Եվ ահա օրերս հնարավորություն ունեցանք հետևելու Սու-30 ՍՄ-երի առաջին ցուցադրական թռիչքին՝ այս անգամ մեր օդաչուների կատարմամբ, որոնք, ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետի գլխավորությամբ, մեր երկնակամարում ցուցադրեցին իրենց բարձր արհեստավարժությունը, կարճ ժամանակահատվածում յուրացրած հմտություններն ու հնարքները: Մեր օդաչուներն այժմ եռանդուն մարզվում են, հմտանում, իսկ որոշ ժամանակ անց լիարժեք կներգրավվեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում՝ է՛լ ավելի անառիկ դարձնելով հայոց երկնակամարը: Այս ամենի մասին զրուցեցինք ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ, 1-ին կարգի օդաչու, գնդապետ Գագիկ Ասլանյանի հետ:

 

-Պարո՛ն գնդապետ, նախ և առաջ ուզում եմ շնորհավորել այս նշանակալի իրադարձության առթիվ: Առաջին կործանիչների ժամանելու օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպիսի արտահայտություն արեց. «Այս ձեռքբերումը շրջադարձային է մեր երկրի, մեր ժողովրդի  անվտանգությունն ապահովելու գործում»: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես շատ բարձր գնահատեց այս փաստը:

-«Շրջադարձային» արտահայտությունը շատ դիպուկ էր մեր այս ձեռքբերումը բնորոշելու համար: Կարող եմ միայն ավելացնել, որ սա իմ ղեկավարած կառույցի՝ ԶՈՒ ավիացիայի համար նոր մակարդակի հասնելու ամուր ու կայուն հիմք է: Ինձ համար շատ կարևոր էր մեր երկրի վարչապետի, պաշտպանական գերատեսչության ղեկավարության ոգևորությունը այս հարցում, հսկայական աջակցությունը, մասնակցությունը, ինչի համար անչափ շնորհակալ եմ:

ՌԴ-ից,  Բելառուսից և Ղազախստանից գործընկերներս զանգում, շնորհավորում էին, ասում էին, որ սա մեծ ու նշանակալից ձեռքբերում է երկրի պաշտպանունակության տեսանկյունից:

Այս ինքնաթիռներն այսուհետ մեր երկրի կարևոր մարտական ներուժի մասն են: Բայց մենք չենք սահմանափակվելու միայն սրանցով. մեր ավիապարկը հետևողականորեն հարստացնելու ենք ավիացիոն սպառազինությամբ՝ այլ տեսակի ռազմական ինքնաթիռներով, ուղղաթիռներով: Այժմ այս ուղղությամբ աշխատանքներ են ընթանում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԳԵՐՀԶՈՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ-Մի փոքր ներկայացրեք, խնդրեմ, այս կործանիչները. դրանց կարևոր բնութագրերը, հնարավորությունները: 

-Այս ինքնաթիռներն աշխարհում լավագույններից են, և մեր հավանական հակառակորդի ագրեսիվ գործողությունները կանխելու, արժանի հակահարված տալու հիանալի միջոց: Ինչպես հայտնի է, Սու-30 ՍՄ ինքնաթիռը բազմաֆունկցիոնալ կործանիչ է: Այն կարող է իր խնդիրները կատարել  ինչպես օդում գերակայություն ապահովելու, այնպես էլ գերճշգրիտ ավիացիոն խոցման միջոցներով հավանական հակառակորդի կարևորագույն օբյեկտներին հարվածներ հասցնելու համար: Այս ավիատեխնիկան արդյունավետ կիրառվում է  նաև յուրային զորքերի կրակային աջակցման, հետախուզական ու մի շարք այլ նպատակներով: Որոշակի դեպքերում այն կարող է  վերածվել օդային հրամանատարական կետի՝ ղեկավարելով ու կազմակերպելով օդային մարտը:

Սու-30 ՍՄ կործանիչը ներկայացնում է նոր ավիացիոն համալիր՝ իր վրա տեղադրված ամենատարբեր համակարգերով: Կործանիչների ռադիոտեղորոշիչ համակարգերն  ի զորու են հսկայական տարածությունից հայտնաբերելու հակառակորդի օդային միջոցները: Այս կործանիչը կարող է իր վրա կրել 8000 կգ բեռ՝ համապատասխան ծավալի ավիացիոն խոցման միջոցներ. ժամանակակից միջին հեռահարության և հեռահար «օդ-օդ», «օդ-ցամաք»  կառավարվող հրթիռներ, ինչպես նաև չկառավարվող, մոտակա կիրառման հրթիռներ և այլն: Համալիրն ունակ է միաժամանակ հայտնաբերելու 15 օբյեկտ և խոցելու 4-ը: Սա մեր կործանիչների  հնարավորությունների ու բնութագրերի միայն ընդհանուր նկարագիրն է:

-Ինչպե՞ս են կործանիչները «հարմարվում» մեր երկրի օդային տարածքին, բնակլիմայական պայմաններին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԳԵՐՀԶՈՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ-Սրանք գերձայնային ինքնաթիռներ են. ունակ են գերազանցելու ձայնի արագությունը: Շատերն այն թյուր կարծիքին էին, թե Հայաստանը շատ փոքր երկիր է, որի երկնքում ինքնաթիռը մի շրջապտույտ էլ չի կարողանա կատարել: Կարծիքներ կային, որ չենք կարողանա կիրառել այս համալիրների բոլոր հնարավորությունները: Առաջին իսկ փորձը ցույց տվեց, որ այս բոլոր մտավախություններն իզուր էին: Մենք արդեն իսկ փորձարկել ենք այս հնարավորությունները գերձայնային թռիչք կատարելիս: Թռիչքներ ենք իրականացրել նաև գերբարձր տարածության վրա: Եվ պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր տարածքը լիովին համապատասխանում է այս կործանիչի լիարժեք կիրառմանը: Մեր երկինքը թույլատրում է նման գերժամանակակից ինքնաթիռների լիարժեք շահագործումը:  Իհարկե, ինքնին հասկանալի է, որ ինքնաթիռի գերձայնային արագությունը նախատեսված է անհրաժեշտության դեպքում գերկարճ ժամանակահատվածում, մեծ հեռավորություններ հատելով, մեր առջև դրված խնդրի իրականացման գոտի հասնելու և համապատասխան մարտական խնդիր իրագործելու համար: Կարծում եմ՝ մանրամասնելու անհրաժեշտություն չկա…

-Օրերս Սու-30 ՍՄ կործանիչներով մեր օդաչուները Ձեր առաջնորդությամբ իրականացրին առաջին ցուցադրական թռիչքը, հնարքները շատ տպավորիչ էին. կարճ ժամանակում այսպիսի արդյունքների հասնելը պետք է որ մեծ ջանքեր պահանջեր:

-Անշուշտ: Հիմա մենք հնարավորինս արագ ու հետևողականորեն յուրացնում, «սանձում ենք»  այս գերհզոր ավիացիոն տեխնիկան: Սա աշխատատար ու բարդ գործընթաց է: Բայց վստահ եմ, որ սահուն կանցնենք այս փուլը, բոլոր տեսակի դժվարությունները շատ արագ կհաղթահարենք և կարդարացնենք մեր ժողովրդի սպասելիքները:

-Տպավորիչ, գլխապտույտ առաջացնող վարժություններ կատարեցիք…

-Ձեր տեսած այդ բարդ հնարքներից յուրաքանչյուրը նախատեսված է որոշակի մարտական խնդիր կատարելու համար: Օրինակ՝ եթե մեծ բարձրության վրա օդաչուն 180 աստիճան պտտեցնում է ինքնաթիռն ու սրընթաց վայրէջք կատարում, ապա շատ դեպքերում դա արվում է գետնին թիրախը հայտնաբերելու և այն արագ ոչնչացնելու նպատակով: Սրընթաց վերելքն, իր հերթին, հակառակորդի ինքնաթիռին անակնկալ անկյունից հարված հասցնելու նկատառում, նաև հակառակորդի ՀՕՊ ռադիոտեղորոշիչ կայանների «տեսադաշտում» չհայտնվելու և հայտնաբերվելուց հետո էլ արագ խոցման գոտին լքելու նշանակությունն ունի:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԳԵՐՀԶՈՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ-«Մահվան օղակ» հնարքը ի՞նչ մարտավարական նշանակություն ունի: 

-Այս հնարքը սովորաբար կիրառվում է, երբ երկու կործանիչ օդում պայքարում են գերակայության համար: Պետք է ամեն կերպ խուսափել հակառակորդի նշանոցում հայտնվելուց և փորձել հարմար դիրք գրավել՝ նրան նշանառության տակ դնելու համար: Պարզ ասած՝ հակառակորդին շեղելու և նրա նկատմամբ բարենպաստ «խոցման անկյուն» գրավելու նպատակ է հետապնդում:

-Դուք վերջերս եք վերադարձել վերապատրաստման դասընթացներից: Տեխնիկական սպասարկման անձնակազմն ավելի վաղ էր վերապատրաստում անցել:

-Սու-30-ների անձնակազմերի վերապատրաստման կենտրոնի ղեկավարությունը բոլորիս էլ բարձր գնահատականի է արժանացրել: Նոր սերնդի ավիացիոն այս տեխնիկայի շահագործումը  առավել քան պատասխանատու և մեծ ջանքեր պահանջող գործընթաց է ինչպես օդաչուների, այնպես էլ տեխնիկան սպասարկող անձնակազմի համար: Վերապատրաստման այս դասընթացներում ընդգրկված էին ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ ու խոստումնալից օդաչուներ: Մեր արհեստավարժ ինժեներները նույնպես անցել են համապատասխան դասընթացները, յուրացրել ամբողջ հսկայածավալ նյութը և այսօր արդեն հմտորեն սպասարկում են համալիրները: Նրանց հետ համակարգված աշխատանքով ապահովում ենք նախաթռիչքային բոլոր աշխատանքները՝ անձրևին, ձյանը, թե կիզիչ արևի տակ: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սպասարկող անձնակազմին, հատկապես երիտասարդ սպաներին: Պարզապես զարմացած ու հիացած եմ նրանց խանդավառ նվիրումով: Շուտով վերապատրաստում կանցնեն նաև իրենց հերթին սպասող մեր մյուս օդաչուները:

-Դուք Ա.Խանփերյանցի անվ. ռազմաավիացիոն համալսարանի առաջին կուրսանտն էիք, որ ինքնուրույն թռիչք իրականացրիք՝ հրամանատարության բարձր գնահատանքին արժանանալով: Հիմա էլ հայկական ռազմական ավիացիայի առաջին օդաչուն եք, որ նստեց Սու-30 ՍՄ ղեկին և իրականացրեց թռիչքը: Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ պահին: 

– Ուրախ եմ ու հպարտ, որ արժանացա Սու-30 ՍՄ կործանիչը առաջինն օդ բարձրացնելու բարեբախտությանը, այդ պատվին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐԻ ԳԵՐՀԶՈՐ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ– Առաջիկայում ի՞նչ խնդիրներ ունեք իրագործելու: 

-Նախ՝ վերապատրաստում անցած անձնակազմին արագ շարք ներգրավել,  առավելագույնս  կատարելագործել առկա ներուժը, ավելացնել անձնակազմերի քանակն ու հնարավորինս արագ երիտասարդ օդաչուներին ընդգրկել մեր երկրի օդային սահմանների պաշտպանության համակարգում, համագործակցելով մեր մյուս զորատեսակների հետ՝ իրականացնել մեր երկրի սահմանների համակարգված պահպանությունը:

Այս նպատակով ինտենսիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացվում՝  հիմնականում ուսումնամարտական խնդիրներով: Յուրաքանչյուր թռիչքի ընթացքում վարժությունների որոշակի համալիր ենք կատարում: Զբաղվում ենք անձնակազմերը հնարավորինս արագ նորմատիվ պահանջներին հարմարեցնելու և դրանց պատրաստությունն իրականացնելու խնդրով:

– Միշտ ասում եք, որ ավիացիայի պետի պաշտոնը գրասենյակային պաշտոն չէ:

-Այո՛, ավիացիայի պետը, եթե ոչ՝ առաջինը,  ապա առաջիններից մեկը պետք է լինի մարտական ուղղաթիռի կամ ինքնաթիռի ղեկին: Միշտ ասում եմ՝ հրամանատարը պետք է ասի ոչ թե՝ «Առա՜ջ», այլ՝ «Իմ ետևի՜ց»: Երբ աշխատասենյակում ինձ չեն գտնում, գիտեն, որ օդակայանում եմ կամ թռիչքի:

Մեր ընթերցողներին ուզում եմ ասել, որ առաջիկայում կցուցադրենք մեր հետագա հաջողությունները, հաշվետու կլինենք մեր ժողովրդի առջև:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԱՐԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1333) 1.04.2020 - 7.04.2020, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/04/2020