Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՅՈՒՄՐԵՑԻ ՔԱՋՈՐԴԻՆ



ԳՅՈՒՄՐԵՑԻ ՔԱՋՈՐԴԻՆԱվագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի հիշատակին

 

Ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյան: Ճակատագրի բերումով՝ համակուրսեցին տարբեր տարիներին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած քաջարի հերոսներ Գոռ Խուդինյանի, Մհեր Հակոբյանի, Շավարշ Մելիքյանի, Արմենակ Ուրֆանյանի… Հայորդիներ, որ կյանքի գնով կասեցրին թշնամու ներխուժումն ու հավերժացան:

Հրաչ Գալստյանը ծնվել է 1991թ. մարտի 20-ին: Նրա ծնունդը նոր հույս ու սպեղանի էր 1988-ի երկրաշարժին առաջին կնոջն ու երկու երեխաներին կորցրած Վարդանի համար: Գերազանց գնահատականներով ավարտել է թիվ 42 դպրոցն ու ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2011թ. ավարտել և մեկնել է Մատաղիս՝ որպես դասակի հրամանատար: 2013թ. ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը գործուղվել է Թալիշ՝ որպես մոտոհրաձգային վաշտի հրամանատար: Արցախյան լեռներն ու ձորերը, Թալիշն ու մյուս բնակավայրերը նույնքան հոգեհարազատ ու թանկ են եղել Հրաչի համար, որքան Գյումրին: Այնտեղ էլ հանդիպել է լեռնային քնքուշ ու նորաբաց ծաղկի նմանվող Անուշին: Հանդիպել են, սիրել, ամուսնացել և որոշել են հենց Թալիշում էլ մնալ:

…Հրաչն անհամբեր սպասում էր առաջնեկի ծնունդին: Այնքան էր ուզում տեսնել, գրկել իր փոքրիկին:  Մեկ ամիս ևս՝ և հայր էր դառնալու:

…Նոր էր իջել դիրքերից: Տխուր էր: Մեկ օր առաջ՝ ապրիլի մեկին, երկրորդ գումարտակից Վլադիմիր Մելիքյանն էր զոհվել: Նոր էին հասցրել քնել, երբ Անուշի մայրը տագնապած արթնացրեց.

-Հարձակում է, վե՛ր կացեք, արա՛գ:

Չէին հասցրել հագնվել, երբ հրետակոծությունից փշրվեցին պատուհանի ապակիները, թափվեցին Հրաչի վրա: Քերծվածքներն անտեսելով՝ Հրաչը շտապեց կնոջն ու ընտանիքի անդամներին դուրս բերել տնից: Թշնամին լայնածավալ հարձակում էր սկսել սահմանի ամբողջ երկայնքով: Հրաչը հարազատներին ուղեկցեց ապահով վայր, հրաժեշտ տվեց:

-Մի՛ գնա,- խնդրեց Անուշը,- չես տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում:

-Չեմ կարող, ես իմ զինվորներին մենակ չեմ թողնի:

Իսկ ծնողների զանգին կարճ պատասխանեց.

-Ամեն ինչ լավ է: Մի՛ անհանգստացեք ու էլ մի՛ զանգեք: Երբ հարմար լինի՝ ես կզանգեմ: Անուշին ուղարկել եմ, լավ կպահեք…

…18-ից 20 տարեկան մեր ժամկետային զինծառայողները կռվել էին մինչև վերջին փամփուշտը, դիրքեր խուժած թշնամու հետ ձեռնամարտի բռնվել… Հրաչն ու մյուս տղաներն արդեն լսել էին Մերուժան Ստեփանյանի և Վիկտոր Յուզիխովիչի զոհվելու լուրը և այդ լուրն անչափ ծանր տարան… Եվ որոշվեց ամեն գնով ետ բերել մեր դիրքերը. այլ ճանապարհ չկար: Թշնամին ինքն էլ չհասկացավ, թե ինչպես ետ շպրտվեց՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ ռազմատեխնիկա, զենք և դիեր: Սակայն թշնամու տանկերը կրկին ուժեղ կրակի տակ էին պահում կարևոր նշանակություն ունեցող բարձունքներից մեկն ու փորձում էին առաջանալ: Ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը ծառայակիցներին հրամայում է մնալ տեղում և նետվում է առաջ՝ ոչնչացնելու գրոհող տանկը: Նրան է հետևում շարքային Գևորգ Վարդանյանը. նրանք խոցում են դիրքին մոտեցող տանկը, փրկում են խրամատում դիրքավորված  զինակիցների կյանքը, բայց ընկնում են քաջի մահով…

Մեկ ամիս անց ծնվեց Հրաչի և Անուշի դուստրը` հույսով և ուրախությամբ լցնելով Գալստյանների օջախը: Հիմա նա մանկապարտեզ է հաճախում, միշտ համբուրում է հերոս հայրիկի լուսանկարն ու զրուցում նրա հետ: Սա ամենաթանկ ընծան է, որով  ապրում և մեղմում են իրենց սրտի կսկիծը Վարդան և Անահիտ Գալստյանները, Անուշը:

Զարմանալի դիպվածով Հրաչն ու նույն անունը կրող պապը մահացան քսանհինգ տարեկանում, զարմանալիորեն հենց Հրաչի ծննդյան օրը նրա եղբայր Աղասին որդի ունեցավ և անվանակոչեց Հրաչ:

Գյումրիում փոքրիկ Անահիտն ու Հրաչը խաղում են Ապրիլյան պատերազմի հերոսների անվան պուրակում, ջուր են խմում Հրաչ Գալստյանի հուշաղբյուրից: Գյումրին և մյուս բնակավայրերը արթնանում և քուն են մտնում խաղաղությամբ: Իսկ սահմանին գիշերուզօր մեր հայրենիքի խիզախ պահապաններն են…

 

ՀՐԱՆՈՒՇ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գյումրի

Խորագիր՝ #8 (1328) 26.02.2020 - 3.03.2020, Ճակատագրեր


27/02/2020