Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ՛ ՏՐՈՐԵՔ ՅՈՒՐԱՅԻՆԻ ՑԱՎԸ



Անկախ պետականություն կերտելու, արեւի տակ սեփական տարածքը նվաճելու, բարեկեցիկ, օրինավոր ու պաշտպանված պետություն կառուցելու այս բարդ ու կորստաշատ ճանապարհը, որով անցնում ենք հիմա, շատ ազգեր հաղթահարել են տասնամյակներ, հարյուրամյակներ առաջ, անցել են նույն դժվարությունների միջով, սխալվելով ու շտկելով սխալները, ձախողվելով ու նվաճելով, կորցնելով ու գտնելով։ Մեզ թերեւս ավելի ծանր ճակատագիր բաժին ընկավ. մեր անկախությանը նախորդեց ավերիչ երկրաշարժը, մեր անկախությունը «նշանավորվեց» պարտադրված պատերազմով։ Մեր բանակաշինությունը սկզբնավորվեց ազատագրական կռվի բոցերում։ Հաղթանակած պատերազմից հետո մենք բառացիորեն գոյատեւման խնդիր էինք լուծում՝ սահմանին ու երկրի ներսում՝ կիսաֆիդայական բանակով, տնտեսական ճգնաժամի, սովի, ցրտի, զրկանքի, գաղթականների ու աղետյալների հոգսերի անհատնում բեռը ուսած ժողովրդի գերմարդկային ջանքերով։

Ցավոք, մեր առաջնահերթությունները առանձնահատուկ էին, պարտադրված։ Բանակի թիվ 1 խնդիրը կանոնադրային հարաբերություններն ու միջանձնային բարքերը չէին (չէին կարող լինել), որովհետեւ նոր-նոր էինք ազատագրել մեր գերեվար հողերի մի փոքրիկ հատվածը՝ Արցախը, իսկ պապենական թշնամին չէր համակերպվում ավարը կորցնելու մտքի հետ։ Բանակի թիվ 1 խնդիրը սպայակազմի բարոյական, գեղագիտական, հոգեւոր դաստիարակությունը չէր, ու երբ բանակը համալրվում էր քաղաքացիներով, ընտրության ելակետը նրանց մտավոր ունակությունները չէին, այլ սահմանին կանգնելու, թուրքի ճանապարհը փակելու, պատերազմական նվաճումները պաշտպանելու պատրաստակամությունը։

Պարզապես մենք այլընտրանք չունեինք, ու հաճախ թերությունների վրա աչք փակելը գալիս էր ոչ թե դրանք չնկատելուց կամ դրանց դեմ պայքարելու ցանկության բացակայությունից, այլ ուժերն ու հնարավորությունները չէին հերիքում։

Բանակը շուտով կբոլորի 20 տարին։ Մե՛ր բանակը։ Մերը` ոչ միայն այն պատճառով, որ մեր անվտանգության պաշտպանն է ու մեր երկրի անկախ պետականության երաշխավորը, այլ՝ այն, որ սա մեր ստեղծած բանակն է, որ այս բանակում ծառայել ու ծառայում են իմ եղբայրը, քո որդին, մյուսի հայրը, երրորդի հորեղբայրը… Մենք ենք՝ հասկանանք, թե չհասկանանք, ուզենք թե չուզենք։ Բանակը մեր նկարագրի մանրանկարն է։ Բանակը կատարեց իր գերխնդիրը՝ պաշտպանեց երկրի սահմանները, ապահովեց ժողովրդի անդորրը, որովհետեւ դա մեր հավաքական ցանկությունն ու կամքն էր։ Շատ լավ կլիներ, որ երկրի անվտանգությունը երաշխավորելու հետ միասին կարողանայինք կատարելության հասցնել զորքերում կանոնադրային հարաբերությունների մակարդակը, կարգապահությունն ու զինվորի ֆիզիկական-հոգեւոր-բարոյական պաշտպանվածության կայուն երաշխիքներ ստեղծեինք։ Չկարողացանք։ Մենք՝ բոլորս, չկարողացանք։ Ու բանակի խնդիրները վերացնելու ամենավտանգավոր ճանապարհը հասարակությունը անմեղների ու մեղավորների բաժանելն է։ Մեղադրողների ու արդարացողների։ Պահանջատերերի ու պատասխանատուների։

Անկատար հասարակությունը չի կարող ունենալ կատարյալ բանակ՝ լիովին ձերբազատված հասարակության արատներից, խնդիրներից ու թերություններից։ Սա անհնարին է ու անօրինաչափ։ Բանակը չի կարող արմատավորել իր արժեհամակարգն ու գաղափարախոսությունը, եթե նույն արժեքներն ու գաղափարները մերժված են հասարակության կողմից։ Ու պետք չէ խաբել ժողովրդին, ասել, որ մի քանի բարձրաստիճան սպայի բանակից հեռացնելով, մի քանիսին պատժելով կամ հսկողությունն ուժեղացնելով՝ մենք կհասնենք արմատական բարեփոխման ու կունենանք այն բանակը, որ երազում ենք։ Սա հեքիաթ է, ուտոպիա, անիրականանալի երազանք։ Դրական տեղաշարժ կլինի, չի բացառվում, բայց խնդիրն էապես լուծելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պիտի հրաժարվի մեղադրողի ու պահանջողի կեցվածքից ու «բարեփոխումն» սկսի հենց իրենից։ Սա դժվար ճանապարհ է։ Հեշտը գոռալն ու պահանջելն է, մեղադրելն ու վարկաբեկելը, մանավանդ՝ այս դեպքում առաջնորդների պակաս չկա։ Սա մարտական ջոկատ կռվի տանել չէ, թշնամու դեմ դուրս գալ չէ, ու առաջնորդները շատ են, որոնք համասեռամոլների, աղանդավորների շահերը պաշտպանելուց զատ, ձեռքի հետ պաշտպանում են նաեւ բանակում մահացած զինծառայողների ու նրանց ընտանիքների շահերը։ Իսկ ինչո՞ւ ոչ՝ ֆինանսավորումը կա, անվտանգ է։ Ոչինչ, որ դժվար է քողարկել իրական նպատակը՝ սեպ խրել հասարակության ու բանակի միջեւ, այսինքն՝ ծնողի ու որդու միջեւ, սերմանել վախի ու անվստահության մթնոլորտ, վարկաբեկել ամբողջ սպայակազմին, հողին հավասարեցնել այն մարդկանց վաստակը, ովքեր հերոսացել են պատերազմի դաշտում, ովքեր իրենց կյանքն են դրել հայրենիքի ազատագրության նժարին ու հաղթանակով են դուրս եկել ամենածանր փորձությունից։ Հասարակությունն ու բանակը բարոյալքելու, ոգեզրկելու ամենաուղիղ ճանապարհը հեղինակազրկելն է այն մարդկանց, ում ժողովուրդը սիրում ու հավատում է, ով այդ հավատը նվաճել է կյանքը թշնամու գնդակի առաջ վահան դարձնելով։

Մեր բանակում կան թերություններ, խնդիրներ, բացթողումներ, որոնք ունեն իրեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Ես չեմ հավատում մեր բանակը հզորացնելու «պատվիրված» ցանկությանը, ես զինվորական լրագրող եմ եւ բարոյական պարտք ու իրավունք ունեմ տեսնելու ու մատնանշելու բանակի թերությունները։ Ոչ ոք ՊՆ պաշտոնաթերթ «Հայ զինվորից» շատ չի «նկատել» այդ թերություններն ու չի բարձրաձայնել։ Այո՛, բանակում կա կաշառակերություն։ Այո՛, մինչ օրս սպան կարող է զինվորին հասանելիք արձակուրդը տալու համար գումար պահանջել։ Այո՛, բանակը ինքնամաքրման կարիք ունի, բանակում կան պատեհապաշտներ, որոնց տեղը զորքերը չեն, որոնք չունեն զինվորի հետ աշխատելու բարոյական, մտավոր եւ հոգեբանական արժանիքներ։ Այո՛, բանակում կան սպաներ, որոնք կարող են ձեռք բարձրացնել զինվորի վրա։ Այո՛, ազգային բանակում զինվոր է սպանվում, զինվոր է հասցվում ինքնասպանության, եւ այդ հանցագործությունների մի մասը կարող էր կանխվել, եթե դասակի, վաշտի, գումարտակի, գնդի հրամանատարները եւ մյուսները իրենց գործը կատարեին առավելագույն բարեխղճությամբ։ Ամենամեծ ցանկության դեպքում հազիվ թե որեւէ մեկը կարողանա նոր բան հավելել ասվածին։ Պարզապես մեր ելույթի ու գործունեության դրդապատճառներն ու նպատակներն են տարբեր։ Իմը ցավ է յուրաքանչյուր զոհված զինվորի, նրա ծնողների, ընտանիքի, հարազատների… բանակի… մեր երկրի ճակատագրի համար, իմ նպատակը տուժածների, վշտահարների ցավը մեղմելն է, ոչ թե բորբոքելը։ Իմ նպատակը նոր ողբերգության, նոր զոհերի ճանապարհը փակելն է, ոչ թե դրանց սպասելը, որպես սեփական թույնն ու մաղձը թափելու ակնկալիք։ Մեզ միավորվել է պետք, ոչ թե բաժանվել։

Հասարակությունը երկպառակելու, բանակը հասարակությունից կտրելու, երկիրը զոհերի ու դահիճների բաժանելու, մեղադրողների ու մեղավորների հասարակություն ստեղծելու ջանքերը չեն իրականանալու։ Չենք թողնելու։ Մենք շատ թանկ գին ենք վճարել անկախ պետականություն, ազգային բանակ, ազատագրված Արցախ ունենալու համար, շատ թանկ զոհեր ենք տվել ու ձեռքբերածը պահելու համար չենք խնայելու ոչինչ։ Մենք հասկանալու ենք, որ միասին պիտի հաղթահարենք բանակի խնդիրները, ոչ թե այս կամ այն պաշտոնյային թիրախ դարձնելով։ Հասկանալու ենք, որ ամբողջ մեղքը սրա-նրա վրա բարդելուց օգուտ չկա։ 4-5 զինվոր նվաստացրել, ծաղր ու ծանակի են ենթարկել ծառայակից ընկերոջը։ Վերջինս չի դիմացել ու ինքնասպանության է դիմել։ Նա զոհ է, մյուս 4-ը` դահիճ։ Առաջինի ծնողները մեղադրող են, պահանջատեր, մյուսներինը՝ մեղադրյալ։ Մեկ այլ դեպքում՝ ընթացքը փոխվել է։ Նվաստացված զինվորը վերցրել է ինքնաձիգը եւ գնդակահարել իրեն հալածողներին։ Փոխվեցին զոհն ու դահիճը, մեղադրողն ու մեղադրյալը։ Բայց հիմքում, ըստ էության, ոչինչ չի փոխվել։ Իսկ եթե նույնը կատարվեր բանակի պատերից դո՞ւրս։ Ո՞ւմ էին վերագրվելու թողտվությունը, հսկողության բացակայությունը։ Մեղադրանքի նետը շեղվելու էր սպաներից եւ ո՞ւմ էր ուղղվելու…

Ես ոչ մեկին պաշտպանելու կամ արդարացնելու մտադրություն չունեմ։ Բանակը փակ, խիստ ենթակայությամբ գործող համակարգ է, եւ սպաները պարտավոր են առավոտից իրիկուն հսկել, որ հակասությունները, տարաձայնությունները ահագնանալով՝ ողբերգության պատճառ չդառնան։ Օպերատիվ աշխատողները պարտավոր են տեղեկացված լինել, եթե կոնֆլիկտը պահի ազդեցության տակ չէ, այլ ունի նախապատմություն եւ ոչ կանոնադրային հարաբերություններով ուղեկցված շրջան։ Ավելին՝ ես կողմ եմ պատժիչ մեխանիզմները խստացնելու տարբերակին եւ մեծ հույսով ու ակնկալիքով լսեցի ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ պատժիչ քաղաքականությունը խստացնելու մասին տեղեկությունը (հարցազրույցը կհրապարակվի «Հայ զինվորի» գալիք համարում)։ Բայց… չեմ կարող չնշել՝ հանցանքը, որ կատարվում է բանակում, «հասունանում է» բանակի պատերից դուրս, երկար տարիների ընթացքում, մեր իսկ թողտվությամբ, անտարբերությամբ, սխալ դաստիարակությամբ, մեր հորինած արժեքների, փոխհարաբերությունների, հասարակության հավաքական աշխարհընկալման ու բարոյական ըմբռնումների, համընդհանուր հոգեբանական մթնոլորտի ազդեցությամբ եւ ուղղորդումով։ Ու պատեհ առիթի դեպքում տալիս է իր պտուղները։ Ի տարբերություն «հաստիքավոր» պահանջատերերի, բանակը չի պահանջում հասարակությունից, այլ խնդրում է՝ Ձեր ընտանիքներում դաստիարակեք ապագա զինվորի, ապագա սպայի, վաղվա Հայաստանի քաղաքացու։ Այսօրվա սխալները, վրիպումները, բացթողումները վաղը բումերանգի պես հենց մեզ են խփելու։ Բանակի վաղվա դիմագիծը, հարաբերությունների բարոյականությունը, զինվորի ֆիզիկական ու հոգեբանական պաշտպանվածությունը, ի վերջո, վաղվա բանակի մարտունակությունը ձեւավորվում- կոփվում է այսօր, հայ ընտանիքներում, կրթօջախներում, հասարակության մեջ։

Իսկ զոհված զինվորների ծնողներին սրտի խոր ցավով, մորմոքով պիտի խնդրեմ դիմանալ, չկոտրվել, պահպանել հոգու արիությունը։ Չփնտրել թշնամիներ։ Չդառնալ թշնամի։ Թույլ չտալ, որ մեր անամոք ցավը դառնա օտարի շահարկման ու մասնավոր հարցեր լուծելու միջոց։ Ձեր տղան մեր Զինվորն էր, մեր հայրենիքի Զինվորը։ Մեր Պաշտպանը։ Ու Ձեր ցավը` մեր ցավն է։ Հավատացեք, ատելությունը, թշնամանքը Ձեզ չեն սփոփելու։ Թույլ տվեք Ձեր կողքին կանգնել այն մարդկանց, ովքեր, իրոք, Ձեր վշտի բաժնեկիցն են։ Այն մարդկանց, ովքեր ժամանակին Ձեզ ու Ձեր որդիներին պաշտպանելու համար կյանք ու առողջություն են տվել, ովքեր կանգնել են բանակաշինության ակունքներում, իրենց ուսերին են առել բանակաշինության դժվարին լուծը ու խաղաղ հայրենիք են նվիրել մեզ։ Ո՞վ ավելի շատ կցավի զոհված զինվորի համար, ո՞ւմ սիրտը ավելի շատ կմրմռա զոհված զինվորի համար, հայրենիք ազատագրած հերոսի՞, թե՞ պատերազմի ժամանակ, երբ վտանգված էր հայրենիքի ու ժողովրդի գոյությունը, «մկան բույնը հազար թումանով առած» մորթապաշտի, որը հիմա հարմար «ռազմադաշտ» է գտել իր համար ու սուր է ճոճում։ Ո՞ւմ վրա։ Մի պահ մտածենք, ո՞վ է ում վրա սուր ճոճում, ո՞վ է ում հայրենասիրության դասել տալիս, ո՞վ է ում մեղադրում…

Մենք կմիանանք, մենք կբռունցքվենք, մենք ո՛չ կասենք մեզ իրար դեմ հանող օտարին, մենք արժանապատվորեն կտանենք մեր կսկիծը, մենք կկանգնենք մեր բանակի կողքին ու միասնաբար կշտկենք սխալները, բացթողումները։ Միասնաբար կփակենք վերահաս ցավի ճանապարհը։ Ու մեր ազգի զինվոր որդիների նկարները կբարձրացնենք ոչ իբրեւ մեղադրանք, այլ իբրեւ փառք ու հպարտություն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #42 (907) 27.10.2011 – 2.11.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/10/2011