Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Վերցնելով իշխանությունը, երիտթուրքերը որդեգրեցին կայսրության ամբողջականությունը պահպանելու դանդաղ գործընթացը, որի հիմքում ընկած էին ոչ թե տված խոստումների կատարումը, ոչ թե հրապարակված կարգախոսների կատարումը, տնտեսական առաջընթացի ապահովումը, այլ ձուլման ու կոտորածների քաղաքականությունը։ Այսինքն՝ ընդունելով իրենց գաղափարական առաջնորդ սուլթանի գործելակերպը, երիտթուրքերը առայժմ կտրուկ քայլեր չէին ձեռնարկում եւ համբերատար վերաբերմունք էին դրսեւորում ընդդիմադիր ուժերի պահանջների նկատմամբ։ Երբ սպառվեցին բոլոր հնարավորությունները, եւ նրանք այլեւս անկարող էին կոծկելու իրենց նպատակները, երիտթուրքերը բացահայտ քայլերի դիմեցին` առաջին հարվածն ուղղելով Կիլիկիայի հայության դեմ։ 1909թ. ապրիլի 1-ին՝ հրահանգելով Ադանայի կոտորածը, որին զոհ գնացին 30000 հայեր, երիտթուրքերը ի լուր հայտարարեցին, որ նախկինում որդեգրած կարգախոսները լոկ քող էին, որ ծածկեն կայսրության ամբողջականությունը պահպանելու իրենց դիվային ծրագիրը։

Հայկական հարցը նորից հայտնվեց բարդ ու դժվարին իրադրության մեջ։ Ասել, թե հայ քաղաքական միտքը չէր կռահում երիտթուրքերի մտադրությունները, ճիշտ չէ, քանզի դեռեւս 1902թ. արդեն հայտնի էր նրանց քաղաքական ուղեգիծը։ Հնարավո՞ր էր խուսափել նոր վտանգից. հարցը դրական պատասխան կունենար միայն այն ժամանակ, երբ համընդհանուր քաղաքական հասունացման տեր լիներ ողջ արեւմտահայությունը։ Ուշադրության կենտրոնում բալկանյան ճգնաժամն էր, որի հետ, թերեւս, հույսեր էին կապում տերությունները, որպեսզի ավելի ճշգրտեին իրենց ճամբարների կարողությունները։

1912-1913թթ. բալկանյան պատերազմն ավարտվեց Թուրքիայի պարտությամբ։ Տերությունները հնարավորություն էին ստանում փլուզվող կայսրությունից պոկելու առավել փայաբաժին։ Հայկական հարցը չէր տեղավորվում այդ համակարգում, որովհետեւ առաջնայինը մնում էին ուժերի նոր վերադասավորությունն ու ասիական բռնատիրության մասնատումը։ Խնդրի այսպիսի դասավորության պայմաններում, թեեւ Թուրքիայի ներքին գործերին միջամտելու գործընթաց սկսվեց, բայցեւայնպես, այն հեռու էր Հայկական հարցին վերջնական լուծում տալու հավակնությունից։ 1912թ. դեկտեմբերի 21-ին Պոլսի պատրիարքարանը Ազգային ժողովի հետ դռնփակ գաղտնի նիստ գումարեց, որտեղ որոշվեց դիմել տերություններին 61-րդ հոդվածը իրագործելու համար։

Եվրոպական տերությունները, բնական է, առաջնությունը նորից պետք է զիջեին հայերի ավանդական պաշտպանի դերակատար Ռուսաստանին։

1913թ. հունիսի 8-ին Պոլսի ռուսական դեսպանության աշխատակից Ա. Մանդելշտամը, օգտագործելով նախկին բոլոր փաստաթղթերը եւ պատրիարքարանի տրամադրած նյութերը, մշակում է մի նախագիծ, որով հայկական 6 վիլայեթների միացումով կազմվում էր մի նահանգ։ Այն 5 տարի ժամանակով կառավարելու էր թուրքահպատակ քրիստոնյա կամ եվրոպացի քրիստոնյա նահանգապետը՝ տերությունների ու սուլթանի համաձայնությամբ։ Կազմվելիք նահանգն ունենալու էր վարչական խորհուրդ, ոստիկանություն, ժանդարմերիա։ Անհրաժեշտության դեպքում, զորքը եւս դրվելու էր նահանգապետի տրամադրության տակ։ Պաշտոնյաները լինելու էին հայ եւ մահմեդական, հավասարապես օգտագործվելու էին հայերենը, թուրքերենը, քրդերենը, ցրվելու էին քրդական զորախմբերը, իրագործվելու էր 1863թ. սահմանադրությունը, արգելվելու էր բալկանյան մահմեդականների բնակեցումը, վերադարձվելու էին հայերից խլված հողերն ու գույքը։

Նախագիծը դիմադրության արժանացավ հատկապես Գերմանիայի կողմից, որ դիրքերը ամրապնդելով Թուրքիայում, անընդունելի համարեց առանձնապես այն ձեւակերպումը, որով բարենորոգումների կատարման հսկողությունը իրականացնելու էր Ռուսաստանը։ Շուտով սկսվեցին ռուս-գերմանական բանակցությունները։ Գերմանիայի խորհրդով, որպեսզի առավելագույնս խճճվեին բանակցությունները, թուրքական կողմը մշակեց իր ծրագիրը։ Ի վերջո, համաձայնություն կայացվեց Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ, որը հաստատվեց 1914թ. հունվարի 26-ին (փետրվարի 8-ին)։ Արեւմտյան Հայաստանը բաժանվելու էր երկու նահանգի՝ Էրզրումի եւ Վանի։ Առաջինի կազմի մեջ մտնելու էին Էրզրումի, Սեբաստիայի եւ Տրապիզոնի, երկրորդի՝ Վանի, Դիարբեքիրի, Բիթլիսի, Խարբերդի վիլայեթները։ Նահանգապետի թեկնածությունները հաստատելու էր սուլթանը։ Նահանգապետի իրավասության տակ էին դրվելու դատական, վարչական, ոստիկանական իշխանությունները, գործադրվելու էին հայերենը, թուրքերենը, քրդերենը, կազմավորվելու էին զինված ուժեր, զինվորական ծառայությունը լինելու էր պարտադիր, առանց ազգային սահմանափակության, քրդական զինյալ միավորումները վերածվելու էին պահեստային ուժերի, նահանգական վարչական խորհուրդը կազմվելու էր բոլոր ազգությունների ներկայացուցիչներից, հայկական դպրոցների պահպանությունը իրականացնելու էր պետությունը։

Հիշյալ համաձայնագիրը, որն ստորագրել էին Պոլսում Ռուսական կայսրության հավատարմատար Գուլկեւիչը եւ Մեծ վեզիր Սաիդ-Հալիմը, տարբեր գնահատականների արժանացավ։ Հայ ժողովուրդը նորից հուսախաբ եղավ։ Համաձայնագիրը չէր լուծում Հայկական հարցը, հայությունը թեեւ ունենում էր երկու վարչական միավոր ու եվրոպացի նահանգապետներ, սակայն դա անկախություն չէր նշանակում։ Արեւմտյան Հայաստանը նորից մնում էր կայսրության կազմում, եւ հանգամանքների բերումով ձեռք բերված արտոնությունները արագ կոչնչացվեին, երբ երիտթուրքերը պահը հարմար նկատեին։ Ասել է թե՝ համաձայնագիրը ամրագրված չէր, այն զուրկ էր պաշտպանվածությունից։ Ավելին, թուրքական վերնախավին հայտնի էր, որ շուտով սկսվելու է պատերազմ, ուստի, ժամանակավրեպ նկատելով առճակատումը հակառակորդ խմբակցության անդամ Ռուսաստանի հետ, հաշտությամբ զիջեց պահանջների հարցում, խնայված ժամանակը տրամադրելով պատերազմի նախապատրաստությանը։

Հուլիսին, նահանգապետների ժամանելուց հետո, Պոլսում մշակվեց նրանց գործունեությունը կարգավորող հրահանգ, որի բոլոր դրույթների քննությունը ցույց էր տալիս, որ ձեւավորվելիք նահանգները գրեթե ոչնչով չէին տարբերվելու թուրքական մյուս վիլայեթներից, պահպանվելու էր գործող վարչակարգը, պաշտոնները, նահանգապետների գործունեությունը վերահսկվելու էր, որպեսզի ի կատար ածվեին «կայսերական կառավարության հաստատած» որոշումները։

Հրահանգավորվելուց հետո Վանի նահանգապետ Հոֆը ուղեւորվեց իր պաշտոնավայրը, բայց ճանապարհից Թալեաթի հրամանով նրան հետ վերադարձրին։ Օգոստոսի 1-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը, եւ Հայկական հարցը նորից մնաց չլուծված։ Մեկ անգամ եւս ռուսական դիվանագիտությունը ապացուցեց, որ Հայկական հարցի արծարծումը լոկ միջոց է իր ծավալապաշտական ծրագրերի իրականացման ուղղությամբ, եւ երիտթուրքերից պոկելով այդ պոչատ միջոցառումները, ցարիզմը նախապատրաստվում էր Առաջին աշխարհամարտին։ Նրան անհրաժեշտ էին հայ ժողովրդի համակրանքը, բարոյական, ֆիզիկական, տնտեսական կարողությունները՝ ի նպաստ ռուսական հաղթանակների։

Առաջին աշխարհամարտի սկսվելու հաջորդ օրը՝ օգոստոսի 2-ին (ըստ որոշ աղբյուրների), Գերմանիան ու Թուրքիան ստորագրեցին պայմանագիր, որով երկու պետությունները մտնում էին դաշնակցային կապերի մեջ, Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանի՝ Ավստրիայի վրա հարձակման դեպքում պատերազմ հայտարարել Ռուսաստանին։ Ելնելով նախապատրաստվելու անհրաժեշտությունից, Թուրքիան նույն օրը հայտարարեց իր չեզոքությունը, որը պահպանվեց մինչեւ հոկտեմբերի 29-ը, երբ բացվեց աշխարհամարտի Կովկասյան ճակատը, որը ձգվում էր Սեւ ծովից մինչեւ Ուրմիա լիճ, ուներ 720 կմ երկարություն։

Հիշյալ պայմանագրով Գերմանիան Թուրքիային խոստանում էր օգնել այնպես գծել արեւելյան սահմանները, որ անմիջական, կենդանի կապ ստեղծվի կովկասյան ու միջինասիական մահմեդականության հետ։

Առաջին աշխարհամարտը հայ ժողովրդի արյունոտ տարեգրությունը լրացրեց նոր, զարհուրելի փաստերով։ Հայությունը նորից ենթարկվելով ռուսական «հայասիրական» նկրտումներին, որոշեց լայն մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին, որպեսզի չկրկնվի պատերազմում թույլ տված սխալը, եւ իրավունք ունենա պահանջելու իր հարցի լուծումը։ 1914թ. հուլիսին Կարին հասավ երիտթուրքական պատվիրակությունը, որը գումարված ՀՅ Դաշնակցության ընդհանուր ժողովին առաջարկեց պատերազմում հանդես գալ Թուրքիայի պաշտպանությամբ։ Ժողովը մերժեց առաջարկը եւ հայտարարեց, որ հայությունը պահպանելու է չեզոքություն։ Հայկական հարցի նկատմամբ Ռուսաստանի տրամադրվածությունն ստուգելու նպատակով կաթողիկոսը դիմեց Կովկասի փոխարքային, որպեսզի կայսրը, գթություն ցուցաբերելով, աքսորից ու բանտարկությունից ազատի 1912թ. դաշնակցության մեծ դատավարությունից հետո բանտարկվածներին։ Ինչպես եւ սպասվում էր, խնդրանքը բավարարվեց։ Ցարիզմը զիջումների գնաց ու ազատություն շնորհեց «հակապետական» ճանաչված 180 հայ գործիչների, որովհետեւ ակնկալում էր պատերազմում հայերի ակտիվությունը։

Շարունակելի