Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏՆԻ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՊԻ ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ



ՀՀ զինված ուժերի կապի ստորաբաժանումներում ամփոփվեցին «Լավագույն կապի դասակի հրամանատար» մրցույթի արդյունքները: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց հոկտեմբերի 7-ին, իսկ մինչ այդ ներզորամասային եւ ներկորպուսային փուլերում արդեն որոշվել էին եզրափակչի մասնակիցները: Մրցույթի ընթացքում ամենաբարձր արդյունքն է գրանցել եւ լավագույն կապի դասակի հրամանատար է ճանաչվել կապի գնդի դասակի հրամանատար լեյտենանտ Վ. ՆԵՐԿՐԱՐԱՆՑԸ: Բարձր ցուցանիշներ են գրանցել նաեւ հրաձգային գումարտակի կապի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տ. Սմբատյանը եւ կապի վաշտի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Պ. Մինոյանը:

Մրցույթի վերաբերյալ պարզաբանումներ տվեց ՀՀ ԶՈՒ կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Նազարյանը: Նա տեղեկացրեց, որ մրցույթի եզրափակիչն անցկացվել է կապի զորամասերից մեկի բազայի վրա: Գլխավոր շտաբի պետի հրամանով կազմվել է ստուգողական պարապմունքների անցկացման կարգը: Ստուգվել են մասնակիցների ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական գիտելիքները: Տեսական հատվածում առաջին անգամ կիրառվել է թեստային մեթոդը: Նախապես վարչության մասնագետները կազմել են հարցաշար, որում ընդգրկել են կապավոր սպաներին վերաբերող տարաբնույթ թեմաներ:

Առավել մեծ ուշադրություն է դարձվել գործնական հմտությունների ստուգմանը: Հրամանատարաշտաբային մեքենայով եւ HARRIS տեսակի կրովի ռադիոկայաններով մասնակիցները համալիր խնդիրներ են կատարել` հեռախոսային եւ ռադիո-կայանների կարգաբերում, հեռախոսագծի անցկացում եւ այլն: Հրամանատարաշտաբային մեքենան, որպես գործնական ունակությունների ցուցադրման միջոց, հատուկ է ընտրվել, քանի որ լայն հնարավորություններ է տալիս զանազան խնդիրներ իրականացնելու համար:

-Արդյունքներից գոհ եմ, գրանցված ցուցանիշները վկայում են, որ զորատեսակի մասնագետների պատրաստվածության աստիճանը պատշաճ մակարդակի վրա է,-նշեց գնդապետ Նազարյանը:-Մասնակիցները կարողացան կատարել սահմանված նորմացույցները, բացազատել ռադիոկայանը, կարգաբերել այն եւ կապ հաստատել նշված կետի հետ: Հաղթողին շատ դժվար էր որոշելը, իրոք լավագույնների միջից ենք արժանավորի ընտրությունը կատարել:

Գնդապետը նաեւ նշեց, որ, մասնակիցների գիտելիքները ստուգելուց բացի, հանձնաժողովը հաշվի է առել նաեւ ենթակաների` վերադաս հրամանատարությունից ստացած առաջադրանքը ճիշտ պարզաբանելու եւ համապատասխան հրամաններ ու հանձնարարություններ տալու կարողությունը: Ստուգվել են գործնական վարժությունների կատարման կարգն ու հաջորդականությունը:

Հավելենք` լավագույն կապի դասակի հրամանատարի մրցույթում հաղթած, ինչպես նաեւ ամենաբարձր արդյունքներ գրանցած սպաները խրախուսվել են թանկարժեք նվերով ու պատվոգրերով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #41 (906) 20.10.2011 – 26.10.2011, Ազգային բանակ


26/10/2011