Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ



ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԴեկտեմբերի 11-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2019 թ. ամառային զորակոչի արդյունքները, քննարկվեցին ծագած խնդիրներն ու մեկնարկող ձմեռային զորակոչի կազմակերպման աշխատանքները: Նիստին, բացի հանձնաժողովի անդամներից, ներկա էին շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները, Երևան քաղաքի և մարզային զորակոչային հանձնաժողովների նախագահները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների ղեկավար կազմն ու ներկայացուցիչները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ղեկավարներ, ԶՈՒ զորամիավորումների հրամանատարներ,  բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ ու այլք:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Դավիթ Տոնոյանն ընդգծեց,  որ զորակոչը պետական նշանակության կարևորագույն միջոցառում է, որի կազմակերպման որակով և արդարացիության աստիճանով է պայմանավորված հասարակության գնահատականը և վերաբերմունքը զինված ուժերի հանդեպ: Նա մեկ անգամ ևս կարևորեց զորակոչն արդարության, թափանցիկության սկզբունքով անցկացնելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ մշտական աշխատանքներ են տարվում զորակոչի արդյունավետությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ:

Անդրադառնալով ամառային զորակոչի արդյունքներին՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց մի քանի ընդհանուր ցուցանիշներ:

Նախարարը մասնավորապես խոսեց կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնց արդյունքում ՊՆ կենտրոնական զինկոմիսարիատը վերափոխվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային ծառայության, ու սա ավելի համահունչ է ժամանակակից զորակոչի պահանջներին: Ի տարբերություն նախորդ զորակոչերի՝ մեկնարկող ձմեռային զորակոչի ընթացքում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կլինի ոչ թե զինվորական կոմիսարը, ինչպես նախկինում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Ամառային զորակոչի ընթացքի և արդյունքների  մասին նախարարն ասաց, որ արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են: Շարունակվել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերով զորակոչիկների համալրումը: Նախարարը նկատեց, որ նախորդ զորակոչերի համեմատ՝ հատկապես «Պատիվ ունեմ» ծրագրով ծառայության անցածների աննախադեպ աճ է գրանցվել: «Զգալի տեղաշարժ կա նաև բժշկական հանձնաժողովների` զորակոչիկների բժշկական փորձաքննության աշխատանքներում: Արձանագրված ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցներ` փորձաքննությունն առավել արդյունավետ և թափանցիկ կազմակերպելու, ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող, բայց պատշաճ բժշկական փորձաքննություն չանցած զորակոչիկների հավաքակայան ներկայանալու դեպքերը բացառելու համար»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԶորակոչի հետ կապված թերացումներից զերծ մնալու, ինչպես նաև զորակոչիկների ծնողների բողոքներին օպերատիվ պատասխաններ և լուծումներ տալու նպատակով՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը ևս մեծածավալ աշխատանքներ է կատարել: Բոլոր դիմումներին  ընթացք է տրվել. դիմողների համար պարզաբանումները եղել են սպառիչ և համոզիչ: Զորակոչի ընթացքում և դրա ավարտին ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում գործող «Թեժ գծին» զորակոչիկներն և նրանց ծնողները նույնպես տարատեսակ հարցեր ու դիմումներ են հասցեագրել, որ իր հերթին նպաստել է զորակոչի թափանցիկ ու արդյունավետ իրականացմանը: «Նշված աշխատանքները կկատարվեն նաև ձմեռային զորակոչի ընթացքում,- նշեց պաշտպանության նախարարը,- կատարված աշխատանքների համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության և դրան ենթակա ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմաբժշկական ու ռազմական վերահսկողական վարչությունների աշխատակիցներին ու պատասխանատուներին, ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության, կենտրոնական բժշկական և զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին, Երևան քաղաքի ու մարզային զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ գերատեսչությունների անձնակազմերին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել` ամառային զորակոչը բարձր որակով անցկացնելու համար»:

2019 թ. ամառային զորակոչի անցկացման արդյունքների վերաբերյալ առավել մանրամասն հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ,  գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Վերջինս մանրամասն ներկայացրեց անցած զորակոչի արդյունքները և բացի վիճակագրական տեղեկություններից, ներկայացրեց թե՛ դրական միտումները և թե՛ խնդրահարույց հարցերը: Այնուհետև, հանձնաժողովն անցավ արդյունքների քննարկմանը: Հանձնաժողովի անդամները, մասնավորապես,  քննարկեցին նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումներին, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, նրանց բուժհետազոտությանը, զորակոչիկների անվտանգ տեղափոխումն ապահովելուն, ինչպես նաև գործընթացին  առնչվող այլ հարցեր։ Կարևորվեց զորակոչիկների անվտանգությանն առնչվող հարցերի մասին հանրությանն իրազեկելու խնդիրը: ՀՀ առողջապահության, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների մասնակցությամբ քննարկումներ ծավալվեցին զորակոչին վերաբերող և այս գերատեսչությունների իրավասության շրջանակներում եղած խնդրահարույց որոշ հարցերի լուծման ուղիների շուրջ:

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԴավիթ Տոնոյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝  պաշտպանության նախարարը արտերկրում ապրող զինապարտներին հորդորեց մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման:

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  զորակոչի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանձնարարականներ տվեց ԶՈՒ համապատասխան մարմիններին և ստորաբաժանումներին, հորդորեց անել առավելագույնը՝ զորակոչի ամբողջ գործընթացը խստագույնս վերահսկելու և լավագույնս իրականացնելու համար: Շնորհակալություն հայտնելով ներկաներին կատարված համատեղ արդյունավետ աշխատանքի համար` պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում մեկնարկող ձմեռային զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով:

Այնուհետև, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգևատրեց ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման գործում կարևոր ներդրում ունեցած մի շարք պատասխանատուների: Մասնավորապես` «Վազգեն Սարգսյան» մեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին մի շարք զինվորական կոմիսարներ, մարզպետներ: Իսկ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրվեց «Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ  ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #48 (1319) 18.12.2019 - 22.12.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/12/2019