Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՄԵՐ ԿՌԻՎԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԸՆԵՆՔ…

ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Շուշիից անընդհատ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։ Բնակչությունը պատսպարվել էր նկուղներում։ Արցախի մայրաքաղաք էին ժամանել տարբեր երկրներից լրագրողներ։ Անգլերենի, ֆրանսերենի գործը հեշտ էր. կային թարգմանիչներ։ Իսկ ճապոնացիները հուսահատ այս ու այն կողմ էին վազում՝ իրենց մայրենիով փորձելով հավաքվածներին ինչ-որ բան հասկացնել,- պատմում է Հովիկ Հայրապետյանը։- Այդ օրերին մայրաքաղաքը լցված էր փախստականներով, ֆիդայական հագուկապով, թավ բեղ-մորուքով ազատամարտիկներով։ Նրանց տեսնելով՝ ճապոնացիները երեւի հաղորդակցվելու հույսները կտրել էին։ Մոնթեի հետ Ստեփանակերտում էինք՝ խորհրդակցության։ Արդեն պատրաստվում էինք Մարտունի մեկնել, երբ Մոնթեն նկատեց ճապոնացի լրագրողներին, որոնք, մի կողմ քաշված, համբերատար սպասում էին։ Մոնթեն իջավ մեքենայից, մոտեցավ նրանց եւ սկսեց զրուցել։ Ճապոնացիների զարմանքը կամաց-կամաց փոխվեց ուրախության։ Մեկը մյուսին հերթ չտալով՝ դիմում էին Մոնթեին։ Զրույցը երկարում էր։ Մոնթեն արդեն մերթ ընդ մերթ ժամացույցին էր նայում։ Իսկ բաժանումը ջերմ էր։ Երբ շարժվեցինք, Մոնթեն ժպտում էր։ Բարեհաճ տրամադրությունից օգտվելով՝ հարցրի.

-Ի՞նչ էին ասում ճապոնացիները։

-Եղբա՛յր, ասքան բեղ-մորուքով մարդ էին տեսել, մեզ երեւի նախամարդու տեղ դրած էին։

Մի փոքր պատմական տեղեկություն տվի, ապա բացատրեցի, թե մեր կռիվն ինչի համար է։ Կհասկնա՞ն՝ լա՛վ, չե՞ն հասկնար՝ Աստված իրենց հետ։ Չնայած լրատվությունն էլ կարեւոր է, լավ կլինի, աշխարհն էլ ճիշտը իմանա, սակայն, միեւնույն է, մենք պիտի ընենք մեր կռիվը,-ժպտալով պատասխանեց Մոնթեն»։

♦♦♦

«ՆԱՀԱՆՋ»

«Հորադիզի բնակչությունն արդեն թողել էր գյուղը։ Դատարկ փողոցներով առաջ էինք շարժվում։ Հանդիպեցինք մի պառավի, որն անտեղյակ ամեն ինչին, բանջարանոցում լոբու մարգերն էր քաղհանում,- պատմում է Ա. Մարտիրոսյանը։- Տղաներից մեկը առաջացավ դեպի պառավը։ Սա գլուխը բարձրացրեց ու բարկացած ցույց տալով լոբու տրորված մարգերը՝ քաղհանի ուրագով առը հա՝ սրա գլխին։ Պառավն ադրբեջաներենով թուքումուր էր թափում մեր ընկերոջ գլխին եւ ուրագը ձեռքին շարունակում էր սպառնալ։ Մեր ընկերն էլ՝ ավտոմատը վզից կախ, գլուխը բռնած, աչքը՝ պառավին, նահանջում էր։ Ծիծաղից թուլացել էինք։

Երեկոյան կողմ, հրամանատարի կարգադրությամբ, գերիներին պետք է տանեինք կենտրոն։ Մեքենայի մեջ էր նաեւ քաղհան անող պառավը ¥որին վերջապես «գերել» էր մեր ընկերը¤։ Երբ մեքենան շարժվեց, դիմեցի գլուխը կապած մեր ընկերոջը.

-Էդ գլխիդ ցավը հեչ, մի քիչ էլ համբերի, հիմա որ հասնենք հրամանատարի մոտ, ու հրամանատարը հարցնի, թե էս ո՞վ է պառավին գերի բռնել՝ էն ժամանակ մտածիր, թե ի՞նչ ես պատասխանելու։

Մեր «վիրավոր» ընկերը կանգնեցրեց մեքենան, դուռը բացելով՝ հասկացրեց պառավին, որ ազատ է, կարող է իջնել։ Պառավն արդեն նախորդ օրն ասված անեծքի փոխարեն ինչ-որ քաղցր-մեղցր բառեր էր ասում, երեւի իր շնորհակալությունն էր հայտնում»։

 

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #45 (1316) 20.11.2019 - 26.11.2019, Հոգևոր-մշակութային


21/11/2019