Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԽՆԱՅՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԽՆԱՅՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԽՆԱՅՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԱվելի քան երկու դար առաջ շոգեքարշի ստեղծմանը զուգահեռ մարդկությունն սկսեց  շահագործել թերևս ամենախնայողն ու հուսալին համարվող երկաթուղային տրանսպորտը: Ջերմաքարշերը, հետագայում նաև էլեկտրաքարշերը, առավել արդյունավետ դարձրին երկաթուղով բեռների տեղափոխումը:  Տրանսպորտային այս միջոցը անգնահատելի դերակատարում ունեցավ Առաջին և հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, երբ զինամթերքի և մարդկային ահռելի ռեսուրսների ժամանակին տեղափոխումից էր կախված տվյալ ճակատամարտի ելքը: Մեր օրերում էլ երկաթուղին չի կորցրել իր ռազմավարական նշանակությունը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմում 1992թ. հոկտեմբերի 1-ից ստեղծվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմական հաղորդակցությունների բաժինը: Այն ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ռազմական փոխադրումների կազմակերպման և պլանավորման աշխատանքները երկաթուղային, նաև օդային տրանսպորտով: Երկաթգծի օգտագործումը անձնակազմի և զինտեխնիկայի փոխադրման նպատակով անհամեմատ կրճատում է տեղափոխման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, երկարում է անվավոր և թրթուրավոր զինտեխնիկայի շահագործման ժամկետը, խնայվում են ինքնուրույն շարժի համար վառելիքի պաշարները:

Ռազմական հաղորդակցությունների բաժինը մասնակցում է երկաթուղային տրանսպորտով բոլոր տեսակի ռազմական փոխադրումների պլանավորման և կազմակերպման աշխատանքներին, վերահսկում է շարժակազմերի և այլ միջոցների ճիշտ, նպատակային և ռացիոնալ օգտագործումը: Վերահսկողություն է սահմանված նաև զորքերի և ռազմական բեռների բարձման-բեռնաթափման տեղերի ու սարքավորումների պահպանման և օգտագործման նկատմամբ:

Բաժնի անձնակազմը պատասխանատու է երկաթուղային տրանսպորտով փոխադրվող զորքերի ուսուցման և անվտանգության կանոնների պահպանման, երթևեկության ժամանակ ռազմական էշելոնների և տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման համար: Փոխադրումներից առաջ բաժնի սպաները զինվորական էշելոններում ընդգրկված զինծառայողներին հրահանգավորում են ռազմական տեխնիկայի բարձման-բեռնաթափման, ամրակապման ձևերի և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԽՆԱՅՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՓոխադրումներն իրականացվում են համաձայն ստացված հայտի, իրականացվում է անհրաժեշտ վագոնների և ամրակապման նյութերի հաշվարկը, դրա հիման վրա էլ որոշվում է շարասյան կազմը: Հրահանգավորումից հետո գործի է անցնում բարձող խումբը, հարթակային վագոնում իր տեղն է զբաղեցնում թրթուրավոր տեխնիկան:

Ռազմական տեխնիկան վագոնների վրա ամրակապելու համար ռազմական հաղորդակցությունների բաժինը մշակել և պատրաստել է նոր տիպի մետաղական բազմակի օգտագործման ամրակապեր, որոնք առավել անվտանգ են, արագացնում են բարձման-բեռնաթափման աշխատանքները, կրճատում են ամենամյա ծախսերը: Մետաղական ամրակապերը նաև բացառում են տեխնիկայի ճոճքը շարժման ընթացքում:

Ներկայումս կառուցվածքահաստիքային փոփոխությունների արդյունքում ռազմական հաղորդագրությունների բաժինը վերակազմավորվել է ռազմական հաղորդակցությունների ծառայության: Տարեցտարի ավելացող զորավարժությունների, տեղաշարժերի պայմաններում ծառայության մասնագետ սպաները շարունակում են ապահովել ռազմական փոխադրումների  անվտանգությունն ու արդյունավետությունը:

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ