Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՀՆԱՐ Է ՉՆՎԻՐՎԵԼ ԱՅՍ ԳՈՐԾԻՆ…



ԱՆՀՆԱՐ Է ՉՆՎԻՐՎԵԼ ԱՅՍ ԳՈՐԾԻՆ...Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Երջանիկ Բարսեղյանը ծառայում է սահմանամերձ զորամասում: Ծնունդով Ապարանից է, որտեղ, մինչև ծառայության անցնելը, եկեղեցում դպիր է կարգվել: Ասում է` զինծառայությունը կավարտի ու կվերադառնա հոգևոր ծառայությանը:

Հետաքրքիր համադրություն է. ինչպե՞ս են զինվորական գործն ու հոգևոր սպասավորի ծառայությունը մեկտեղվում:

-Հավատացե՛ք՝ շատ լավ համադրություն է: Ինձ համար այս երկու ծառայությունները միևնույն հարթության վրա են. թե՛ հայրենիքի պաշտպանությունը և թե՛ Աստծուն ծառայելը սրբազան գործեր են,- ասում է կրտսեր սերժանտ Բարսեղյանը,- զինվորական գործի՝ իմ յուրացրած նրբությունները, գիտելիքներս ու փորձս փոխանցում եմ իմ ջոկի զինվորներին: Դրան զուգահեռ` տղաներին կարողանում եմ նաև եկեղեցական  կարևոր խորհուրդներին ծանոթացնել, եղբայրասիրության և նվիրումի կարևորությունը հաղորդել:

Դպիր դառնալու ցանկությունը Երջանիկի մեջ դեռ մանկուց է ձևավորվել: Դպիր ընկերների, ծնողների խորհրդով սկսել է այցելել եկեղեցի ու հասկացել, որ այս ուղին իրենն է:

-Շատ բաներ հասկացա, նորովի ընկալեցի ամեն ինչ, և կարևորը` հոգու խաղաղություն ու անդորր գտա եկեղեցում: Մինչ այդ, բռնկուն էի, պահի ազդեցությամբ կարող էի սխալ քայլեր անել, բայց այնտեղ հասկացա ու գնահատեցի համբերատարության կարևորությունը:

Այժմ ամենատարբեր իրավիճակներում, դժվար պահերին անվրդովությունն ու հավասարակշռությունը չկորցնող ջոկի հրամանատարը օրինակ է ենթակաների համար:

-Ներքին հանգստությունս միշտ նկատում են: Բոլոր հարցերին, որ մյուսների կարծիքով շատ բարդ են, շատ հանգիստ եմ մոտենում, ու դա օգնում է արագ ու արդյունավետ լուծումներ գտնելուն: Իրենք էլ են փորձում հասկանալ, ըմբռնել հոգևոր խաղաղության գաղտնիքը: Իսկ սա զինծառայողի համար իրոք շատ կարևոր որակ է: Բացատրում եմ, որ դա գալիս է դիմացինի հանդեպ հարգանքից, ներողամտությունից, սիրուց և օգնելու ցանկությունից: Երբ սիրով ես վերաբերվում դիմացինիդ, չես կարող նրան ճիշտ չուղղորդել:

Խոսելով զինվորական ծառայության մասին` Երջանիկը նկատում է՝ յուրաքանչյուր զինվորի կյանքում կարևորագույն մկրտությունը` որպես դիրքապահ, սահմանին կանգնելն է:

-Սովորաբար բոլորի մոտ էլ առաջին անգամ դիրք բարձրանալը մոտավորապես նույն զգացողություններով է ուղեկցվում: Մեծ հետաքրքրությամբ ես հենակետ բարձրանում ու հերթապահում, խորապես զգում ու հասկանում ես սահման պահողի առաքելության խորհուրդը, գիտակցում ես, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված ուսերիդ: Դրանից հետո ավելի շատ ես սկսում սիրել զինվորական գործը: Չես կարող չնվիրվել այս գործին… Այն դիրքի հետևում, որը ես եմ ջոկիս հետ պաշտպանում, մեր հայկական գյուղերից մեկն է: Երբ իրիկնանում է, գլուխդ ետ ես շրջում ու տեսնում ես գյուղի տների` հերթով հանգչող լույսերը…  Մարդիկ հանգիստ քուն են մտնում, քանի որ գիտեն` դու այստեղ ես, արթուն հսկում ես իրենց քունը: Այս գիտակցությունն ինձ անասելի մեծ ուժ է հաղորդում: Հաճախ եմ նայում գյուղին…

Կրտսեր սերժանտ Բարսեղյանը հպարտությամբ կրում է «Քաջարի մարտիկ» կրծքանշանը, որ տրվում է բարեխիղճ զինծառայության՝ մարտական հերթապահությունը լավ իրականացնելու, առօրյա ծառայության մեջ պարտաճանաչությամբ առանձնանալու համար:

-Ջոկիս ցուցանիշները փորձում եմ հասցնել հնարավոր առավելագույնին: Դեռ աշխատելու, շտկելու շատ բաներ կան, իհարկե, բայց ծառայությունն էլ հենց դրա համար է, որ ամեն օր աշխատենք մեր հմտությունները կատարելագործելու ուղղությամբ: Այն գիտակցումը, որ քո ենթակայությամբ ծառայող զինվորներից յուրաքանչյուրի թե՛ թերության և թե՛ առավելության համար դու ես պատասխանատու, ստիպում է միշտ զգոն ու պարտաճանաչ լինել:

Կրտսեր սերժանտ Երջանիկ Բարսեղյանի ծառայության ավարտին քիչ է մնացել, շուտով կզորացրվի: Հայրական օջախ ու հոգևոր ծառայության նա կվերադառնա արդեն նոր որակով` որպես հայրենիքի` իրեն վստահված սահմանն անառիկ պահած քաջարի մարտիկ:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #42 (1313) 30.10.2019 - 5.11.2019, Ազգային բանակ


31/10/2019