Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԵՑ ԳԵՐԱԶԱՆՑ



ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԵՑ ԳԵՐԱԶԱՆՑՀոկտեմբերի 1-ից 9-ը «Բաղրամյան» զորավարժարանում կայացած հայ-ռուսական լայնածավալ զորավարժությունները, որոնցում ներգրավված էին հազար հինգ հարյուր զինծառայող եւ 500 միավոր զինտեխնիկա, նպատակաուղղված էին տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները ներդաշնակելուն, միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելուն:

 

Հոկտեմբերի 9-ը վարժանքի ավարտական, կրակային փուլի օրն էր։ Զորավարժարանում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ, Ռուսաստանի ԶՈՒ հարավային օկրուգի հրամանատարության ներկայացուցիչներ: Զորավարժության ընթացքում խաղարկվեցին պաշտպանական և հակահարձակողական մարտի գրեթե բոլոր տարրերը, հղկվեցին ու ներդաշնակեցվեցին  ներգրավված մեծաքանակ ցամաքային և օդային տեխնիկայի, Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների գործողությունները։

Համաձայն զորավարժության սցենարի` հակառակորդի զինված խմբավորումը հատել է պետական սահմանը և փորձում է ներխուժել մեր ստորաբաժանումների թիկունք։ Զինված խմբավորման ու սահմանապահների միջև մարտ է ծավալվում։ Վերջիններս անմիջապես օգնություն են կանչում։ Հնչում է տագնապ ազդանշանը, մարտական գործողության վայր է հասնում սահմանապահների ջոկատը և կարճ ժամանակահատվածում ոչնչացնում զինված խմբավորումը, որի անդամներից մեկը գերեվարվում է։ Գործողության ընթացքում սահմանապահներին հաջողվում է ճշտել, որ զինված խմբավորումը միակը չէ, պայմանական հակառակորդը մշակել է գործողությունների մի ամբողջ շարք, պետական սահմանին է մոտենում դիվերսիոն-հետախուզական մեկ այլ ջոկատ։ Գործողության դուրս եկած Հայաստանի ԶՈՒ հետախուզական խումբը աննկատ դիրքավորվում է, քողարկվում և սպասում հակառակորդին։ Հընթացս խնդիր է դրվում անօդաչու թռչող սարք կիրառել։ Դրա օգնությամբ հնարավորություն է ընձեռվում բարձրությունից հետախուզել տեղանքը, տեսանկարահանել ու ստույգ կոորդինատներ փոխանցել հակառակորդի ուժերի գտնվելու վայրի վերաբերյալ։ Հայտնաբերված դիվերսիոն-հետախուզական խմբի ուղղությամբ հանկարծակի կրակ բացելով, օգտագործելով նռնակներ ու հատուկ միջոցներ` մեր հատուկ ջոկատայինները ոչնչացնում են հակառակորդի ևս մեկ զինված խմբավորում։ Առգրավելով զենքն ու փաստաթղթերը` հետախույզները հեռանում են գործողության վայրից։

Մարտական գործողությունների բնույթը փոխվում է, երբ մեր թիկունք ներթափանցման անհաջող փորձերից հետո հակառակորդը գործի է դնում ավիացիան։ Օդային մարտի են բռնվում համատեղ զորախմբի ՄԻԳ-29 կործանիչները։ Առաջադրանքը  հակառակորդի ավիացիայի ոչնչացումն է, օդային գրոհից յուրային զորքերին պաշտպանելը, ինչպես նաև ցամաքային թիրախներ խոցելը։

Համաձայն զորավարժության սցենարի` հակառակորդին հաջողվում է խոցել մեր կործանիչներից մեկը։ Օդաչուն հարկադրված լքում է օդանավն ու հայտնվում հակառակորդի տարածքում։ Նրան տարհանելու համար ՄԻ-8 ուղղաթիռով օգնության է շտապում հատուկ նշանակության ջոկատը, օդում նրանց պաշտպանում է ՄԻ-24-ը: Զորավարժության այս դրվագում հաջողությամբ խաղարկվում է մարդատար և ռազմական ուղղաթիռների համատեղ գործողությունը։

Այնուհետև, ըստ սցենարի, հայ-ռուսական համատեղ զորքերի ստորաբաժանումները պայմանական հակառակորդի ուղղությամբ կրակ են վարում հրետանային տարբեր միջոցներից, «Գրադ» կայանքներից, մարտական գործողություններին ներգրավվում են տանկերը, հետևակի մարտական մեքենաները, ՀՕՊ տեխնիկան ու հետևակը։

ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԵՑ ԳԵՐԱԶԱՆՑՑամաքային զորքերին օգնության է հասնում ավիացիան։ ՄԻ-24 ուղղաթիռները միաժամանակյա կրակ են բացում պայմանական հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի և կրակային կետերի ուղղությամբ։ Պաշտպանական մարտի ընթացքում խաղարկվում են նաև վնասված զինտեխնիկայի ու վիրավոր զինծառայողների տարհանման դրվագներ։ Գիտակցելով իր պարտությունը` պայմանական հակառակորդը սկսում է նահանջել։ Համատեղ զորախմբավորման ստորաբաժանումները, հետևակի մարտական մեքենաները սկսում են հետապնդումը, ծավալվում են հակահարձակողական գործողություններ։ Վերադիրքավորվող հակառակորդի ուղղությամբ վերջին ու կործանիչ հարվածը հասցնում են հայկական ռազմաավիացիոն ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռները։ Մեր երկրի պետական սահմանը հատած հակառակորդը գլխովին ջախջախվում է։

 

Հայկական ու ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյան.

-Զորավարժությունն իր բնույթով աննախադեպ էր։ Խաղարկվեցին ժամանակակից պաշտպանական ու հակահարձակողական մարտի գրեթե բոլոր դրվագները։ Մասնակցեցին հայ-ռուսական միացյալ զորախմբավորման գրեթե բոլոր ստորաբաժանումները, մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանային ու ՀՕՊ միջոցներ, հետախուզական ստորաբաժանումներ ու ավիացիա։ Խնդիրը կատարվեց գերազանց:

 

ՌԴ հարավային ռազմական օկրուգի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Գիլյազով.

-Գործողություններն առավելագույնս մոտեցնելով իրականին, մենք անցկացրինք մարտական կրակով երկկողմանի մարտավարական զորավարժություն։ Այս անգամ ներառեցինք ու գործնականում ցուցադրեցինք բազմաթիվ նորարարություններ ինչպես ղեկավարման օղակում, այնպես էլ հենց մարտավարական գործողություններում: Հրամանատարները ցուցաբերեցին արհեստավարժություն և կարողացան կատարել առաջադրված խնդիրը շնորհիվ հայ զինծառայողների գրագետ ու համատեղ գործողությունների։

 

ԶԱՎԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #40 (1311) 16.10.2019 - 22.10.2019, Ազգային բանակ


17/10/2019