Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՐԱՊՆԴԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Օրերս Հայաստանում էին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում մագիստրոսական պատրաստության երկամյա ծրագրով ուսանող ԶՈՒ ավագ սպաներից երկուսը` գնդապետ Վահրամ Գրիգորյանն ու գնդապետ Ալեքսանդր Ցականյանը: Իրենց երկարատև` ավելի քան քսանամյա զինծառայության ընթացքում հրամանատարական տարբեր կարևոր պաշտոններ զբաղեցրած սպաները, ավարտելով ակադեմիական ուսումնառության առաջին տարին, ՀՀ զինված ուժերում երկշաբաթյա զորային ստաժավորում էին անցնում. սկզբում` զորամիավորումներից մեկի շտաբում, այնուհետև` ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչություններում:

Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան ՌԴ բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություն է, որը զբաղվում է ՌԴ ԶՈՒ, այլ  նախարարությունների, ինչպես նաև օտարերկրյա բարձրագույն և ավագ սպայակազմի ներկայացուցիչների ուսուցման, պատրաստության և որակավորման բարձրացման խնդիրներով: Այստեղ ուսուցանվում է խոշոր զորախմբերի, զորամիավորումների հրամանատարական կազմը: Միաժամանակ, այս կրթօջախը ռազմական անվտանգության ապահովման, ռազմական և պետական ղեկավարման ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող ՌԴ առաջատար ռազմաուսումնական հաստատությունն է:

ՀՀ զինված ուժերի ստեղծման առաջին իսկ տարիներից ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիան հյուրընկալել է նաև մեր բանակի բարձրաստիճան սպաներին: Համաձայն ծրագրի` ակադեմիայում սովորող մեր սպաներն այժմ ուսումնասիրում են «Ազգային անվտանգություն», «Պետական կառավարում», «Ռազմավարություն», «Օպերատիվ արվեստ», «Ռազմական տնտեսագիտություն» և հարակից այլ առարկաներ` հընթացս աշխատելով իրենց մագիստրոսական թեզերի վրա:

Գնդապետ Վահրամ Գրիգորյանը մինչև ակադեմիա մեկնելը զբաղեցրել է վարչության պետի տեղակալի պաշտոնը: «Շատ կարևոր է այսպիսի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու հնարավորությունը,- նշում է գնդապետը,- ոչ բոլոր երկրներում կան նման ուսումնական հաստատություններ, և ցանկացած երկրի սպայակազմ չէ, որ նման ուսումնառության հնարավորություն ունի: Ուսումնական գործընթացը շատ հետաքրքիր է ու բովանդակալից: Մեզ հնարավորություն է ընձեռվում առնչվելու ինչպես ռուսական, այնպես էլ այլ երկրների ռազմաքաղաքական մտքին, այս ոլորտում նորագույն ուսումնասիրությունների արդյունքներին, պատկերացում կազմելու ժամանակակից պատերազմական գործողությունների, դրանց նախապատրաստման, վարման մեթոդների մասին»:

Գնդապետ Ալեքսանդր Ցականյանը ԶՈՒ-ում ծառայությունն սկսել է 1990-ական թվականների սկզբին` զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ: Վերջինը զորամիավորման շտաբի պետի պաշտոնն է: «Սա շարունակական գործընթաց է,- նշում է գնդապետը:- Մեր բանակի սպաները մշտապես ներգրավվում են ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիայի և այլ երկրների համանման բարձրագույն ռազմական կրթօջախների ուսումնական գործընթացում` միշտ բարձր արդյունքներ գրանցելով: Եվ, իհարկե, ստացված գիտելիքները, ի շահ մեր պետության, մեր զինված ուժերի կիրառելիս պետք է մշտական դրական առաջընթաց գրանցենք: Այս ամենն, ի վերջո, նպաստում է մեր պետության ռազմական անվտանգության հետագա ամրապնդմանը»:

Ներկայումս սպաներն աշխատում են իրենց մագիստրոսական թեզերի վրա, որոնք նվիրված են ՀՀ ռազմական անվտանգության ապահովման համակարգին և, ընդհանուր առմամբ, նպատակ ունեն նպաստելու պետության անվտանգության ապահովմանն ուղղված համալիր միջոցառումների իրագործմանը: «Մեր գիտական թեզերի նպատակը պետությանն սպառնացող վտանգների ու սպառնալիքների ուսումնասիրությունն է տարբեր ոլորտներում,-պարզաբանում է գնդապետ Գրիգորյանը,- իհարկե` շեշտադրում ենք անում նախ և առաջ ՀՀ ռազմաքաղաքական սպառնալիքներին և դրանց չեզոքացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներին: Անհրաժեշտության դեպքում նաև` ռազմական ագրեսիան հետ մղելու արդյունավետ միջոցներին ու մեթոդներին»:

Ստաժավորման փուլը, սպաների համոզմամբ, նրանց ուսումնառության և իրականացվող ուսումնասիրությունների ամենակարևոր ու հետաքրքրական փուլերից է, երբ մոտենում է թեզերի արդյունքների գործնական փորձարկման, դրանց տեղայնացման խնդիրների վերլուծության ժամանակը: «Կատարվող ուսումնասիրությունը լիարժեք դարձնելու նպատակով մեր մեթոդիկան, արված եզրահանգումները պետք է գործնականում փորձարկենք, անհրաժեշտ ուղղումներ մտցնենք և հետագա ուսումնասիրություն կատարենք: Անշուշտ, մեր դրույթների քննարկումն այն պաշտոնատար անձանց հետ, որոնք անմիջականորեն զբաղված են տվյալ խնդիրների լուծմամբ, անգնահատելի փորձառություն է,- ընդգծում է գնդապետ Գրիգորյանը,- հենց այս փուլում է, որ լուծվում է ստացված արդյունքների տեղայնացման խնդիրը, և կարծիքների փոխանակումն ու համատեղ քննարկումները նպաստում են լավագույն ուղիների ընտրությանը»:

Առջևում դեռ մեկ ուսումնական տարի կա: Իսկ ռազմական ակադեմիան ավարտելուց հետո սպաները կվերադառնան ՀՀ ԶՈՒ` իրենց նպաստը բերելու մեր պետության կարևորագույն բաղադրիչներից մեկին` ռազմական անվտանգության ապահովմանը:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ