Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՌՈՄԱՅՈՒՄ»
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՌՈՄԱՅՈՒՄ»

ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ «ՌՈՄԱՅՈՒՄ»Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում» կայացավ: Ընդ որում, կայացավ այնպես, ինչպես երազում էին նրա և «Ռոմայի» բոլոր երկրպագուները: Ո՞վ կարող էր ենթադրել, որ մեր առաջատարը ոչ միայն հենց առաջին խաղում կընդգրկվի մեկնարկային կազմում, այլև ընդամենը 30 րոպե անց կդառնա գոլի հեղինակ:

Մխիթարյանի՝ այսպիսի տպավորիչ մեկնարկը նորություն չէ: Հենոն գրեթե միշտ բոլորին ցնցում է առաջին իսկ խաղերում: Դորտմունդում էլ, «Արսենալում» էլ հայ ֆուտբոլիստը փայլատակեց գոլերով ու փոխանցումներով: «Մանչեսթեր Յունայթեդում» էլ Հենրիխի ճանապարհին կանգնել էր հավակնոտ Ժոզե Մոուրինյոն, որը հետագայում ևս ստիպված եղավ ընդունելու իր սխալը:

Հայ ֆուտբոլիստի համար Հռոմը լավագույն վայրն է կարիերան վերաթողարկելու համար: Իտալիայի մայրաքաղաքն իր կոլորիտով, գուցե ամենաֆուտբոլայինն է ամբողջ Ապենինյան թերակղզում: Գայլերի երկրպագուները գիտեն՝ ինչպես աջակցել իրենց սիրելիին: Իսկ եթե այդ սերը փոխադարձ է, ապա այն կարող է սարեր շրջել:

Մխիթարյանի նորաթուխ թիմակից, իսկ ընդամենը օրեր առաջ երևանյան դիմակայության մրցակից Էդին Ջեկոն հիացած է մեր ֆուտբոլիստի խաղով: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ջեկոն անկեղծացել է. «Նա թոփ մակարդակի խաղացող է: Ես նրան ասացի, որ եթե նա 2 գնդակ խփեց Բոսնիայի և Հերցեգովինայի հետ խաղում, ուրեմն  պարտավոր է աչքի ընկնել նաև առաջնության անդրանիկ խաղում: Ու նա արեց դա»:

Իր հեղինակավոր կարծիքը հայտնեց նաև «Հռոմի վերջին կայսրը», գայլերի ամենա-ամենան՝ Ֆրանչեսկո Տոտին: Սովորաբար արտահայտություններում ու որակումներում զուսպ Տոտին բարձր գնահատական տվեց Հենոյին:

Ֆրանչեսկո Տոտի. «Մխիթարյանը կարող է իր հետ բերել որակ, ուստի սա լավ տեղափոխություն է: Նա վերջին 2 տարիներին մշտական խաղաժամանակ չի ունեցել, բայց, հուսով եմ, որ «Ռոմայում» կզգա իրեն ինչպես տանը: Երկրպագուները կգնահատեն նրա որակները, որովհետև նա լավ տեխնիկա ունի և լցված է իրեն դրսևորելու ցանկությամբ»:

Թվիթերյան քվեարկության արդյունքով՝ Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը ճանաչվեց «Սասուոլոյի» հետ հանդիպման լավագույն խաղացող։

Առջեւում «Ռոմայի» ու ազգային հավաքականի համար պատասխանատու խաղերն են։ Այնպես որ, երկրպագուների պատգամը մեկն է՝ այդպես շարունակել։

 

ՌՈԲԵՐՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ