Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԻԺՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է…



«…Օր օրի ավելի եմ համոզվում, որ ստորաբաժանումներում բոլոր հաջողությունները, մանր ու մեծ ձեռքբերումները կայանում են հրամանատար-ենթակա ամուր կապի, փոխադարձ հարգանքի ու վստահության շնորհիվ։ Եվ ընդհակառակը՝ համարյա թե բոլոր դժբախտ պատահարների ու թերացումների պատճառը բոլոր կարգի հրամանատարների ու ենթակաների ոչ ճիշտ փոխհարաբերություններն են, մի դեպքում՝ հրամանատարի ոչ ճիշտ մոտեցումը, մի այլ դեպքում՝ ենթակայի ոչ գիտակցական վերաբերմունքը»։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» հատուկ ուղերձի այս տողերն անառարկելի են եւ բացարձակ ճշմարտություն, քանզի երբ ղեկավար-ենթակա փոխհարաբերություններում մարդկայինի, ընկերության ու համերաշխության փոխարեն գործում է ֆիզիկական կամ հոգեկան բռնության գործադրման դատապարտելի մեխանիզմը, հաջողության բանաձեւը երբեք չի գործում, նրա անիվը շրջվում եւ պտտվում է հակառակ ուղղությամբ, ու անխուսափելիորեն վրա է հասնում ողբերգությունը՝ առաջացնելով իրավիճակին իրավական գնահատական տալու եւ օրենքով դատապարտելու անհրաժեշտություն։
Ահավասիկ դրա վառ օրինակն է իշխանությունը չարաշահելու եւ իշխանազանցության փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի քննության արդյունքներով՝ մեղադրյալ Անդոկ Գառնիկի Գալստյանի (ծնված 1984թ., Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում, ազգությամբ հայ, բարձրագույն զինվորական կրթությամբ, ամուսնացած, խնամքին երկու անձ, ծառայել է N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, կոչումով՝ կապիտան, նախկինում չդատված) նկատմամբ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. մայիսի 14-ին դռնբաց դատական նիստում կայացված դատավճիռը։
Քրեական գործով ձեռք բերված բոլոր ապացույցների համակցությամբ դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Անդոկ Գառնիկի Գալստյանը 2008թ. օգոստոսի 28-ին մի քանի անգամ ծեծի է ենթարկել քրեական գործով տուժող՝ նույն վաշտի զինծառայող Մկրտչյանին, ինչի հետեւանքով Մկրտչյանը ստանալով գանգուղեղային հեմատոմայի տեսքով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք՝ 01.09.2009թ. մահացել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
Դատարանը լիովին հիմնավորված է համարել ամբաստանյալ Անդոկ Գառնիկի Գալստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով եւ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման համար առաջադրված մեղադրանքը ու կայացրել ներքոհիշյալ մեղադրական դատավճիռը.
Ամբաստանյալ Անդոկ Գառնիկի Գալստյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով եւ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ամբաստանյալ Անդոկ Գառնիկի Գալստյանին դատապարտել ազատազրկման 8 (ութ) տարի ժամանակով, ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամանակով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ կետի հիմքով նշանակված պատիժները մասնակի գումարելով՝ ամբաստանյալ Անդոկ Գառնիկի Գալստյանին վերջնականապես դատապարտել ազատազրկման 10 (տասը) տարի ժամանակով։ Պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Ամբաստանյալ Անդոկ Գառնիկի Գալստյանից բռնագանձել 2766000 դրամ՝ հօգուտ տուժողի իրավահաջորդ՝ Ոսկան Նորիկի Մկրտչյանի…
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչություն

Խորագիր՝ #41 (856) 20.10.2010 – 27.10.2010, Սոցիալ-իրավական


15/12/2010