Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՊԱՐԶ ՈՒ ԲԱՐԴ ԿՅԱՆՔԸ



ԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՊԱՐԶ ՈՒ ԲԱՐԴ ԿՅԱՆՔԸԼեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանին հանդիպեցի սահմանամերձ գոտում բացազատված ռազմաբժշկական գումարտակի զորավարժության ժամանակ: Երբ հետևում էի նրա գործողություններին, հասկացա, թե ինչ ի նկատի ուներ հրամանատարը, երբ նրա մասին ասում էր. «Պատասխանատու ու պարտաճանաչ զինվորական է մեր Հասմիկը: Համագործակցության գծով իմ օգնականն է, շատ լավ կազմակերպիչ:  Նաև՝ սպայի կին է, շատ լավ մարդ ու երեք հրաշալի զավակների մայր»: Զորավարժության ընթացքում Հասմիկը ռադիոհաղորդիչը մի պահ ձեռքից վայր չդրեց. անընդմեջ հետևում էր հիվանդների ու բժիշկների տեղաշարժին ու տեղեկատվությունը փոխանցում դաշտային հոսպիտալի բոլոր կետերին: Այդ օրը հաջողեցի միայն հպանցիկ մի քանի հարց տալ նրան՝ հետագայում հանդիպելու և զրուցելու պայմանով:

 

Լեյտենանտ Հասմիկ Բաբաջանյանը զինված ուժերում է 2006թ., սիսիանցի է, ավարտել է Գորիսի պետական համալսարանի պատմության բաժինը: «Երազում էի բժիշկ դառնալ, բայց հարազատներս համոզեցին, որ հեռու մնամ այս մասնագիտությունից: Բայց, հետաքրքիր է, որ հենց հոսպիտալի հետ պետք է կապեի իմ կյանքը»: 17 տարեկան էր, երբ ծառայության անցավ Սիսիանի կայազորային հոսպիտալում` շուրջ 11 տարի: 8 տարի համատեղել է համակարգչի տեխնիկ-օպերատորի և կապի պետի պարտականությունները: Քառօրյա պատերազմի օրերին հոսպիտալի կադրերի և շարային մասի պետն էր:

-Ձևավորվում էր առանձին բժշկական ջոկատը, և մենք ներգրավում էինք քաղաքացիական բժիշկներին: Ապշեցուցիչ է, թե ինչպես իրար ընդհանրապես չճանաչող բժիշկները, որ կամավոր եկել էին Երևանից, Սիսիանից ու այլ վայրերից, կարողացան դաշտային պայմաններում զրոյից հոսպիտալ կազմակերպել ու մի ամսվա ընթացքում թիմ դառնալ: Ուսումը կիսատ թողնելով` Երևանից ծննդավայր էին շտապել  նաև պետական բժշկական համալսարանի սիսիանցի ուսանողները: Ամեն օր մեծ թվով վիրավորներ էին բերում դաշտային հոսպիտալ, անընդմեջ վիրահատություններ… Նրանց Մարտունու և Ստեփանակերտի հոսպիտալներում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ուղարկում էին մեզ մոտ: Նայում էի 18-ամյա տղաներին ու զգում, որ մի քանի օրում հասուն մարդիկ են դարձել… Ոչ ոք չէր մտածում տուն գնալու մասին: Ուզում էին րոպե առաջ առողջանալ ու միանալ կռվող ընկերներին:  Պատերազմի դրվագներից ոչինչ չէին պատմում. խստորեն պահպանում էին գաղտնիությունը: Զինվորներից մեկին հարցրի` «Որտե՞ղ ես վիրավորվել»: Խիստ ձայնով պատասխանեց. «Ռազմական գաղտնիք է», ու այդպես էլ չասաց:

Մայիսի վերջն էր: Բուժվող տղաներին գյուղի դպրոցի երեխաներն էին այցի եկել: Երբ նրանց ուսուցիչն ասաց. «Դուք մեր հերոսնե՛րն եք», զինվորներից մեկը պատասխանեց. «Մե՛նք չենք հերոսները, այլ մեր ընկերները, որ մարտի դաշտում զոհվեցին», ու թվարկեց իր բոլոր զոհված ընկերների անունները…»:

Մեզ մոտ բուժվում էր Հարություն Բադալյանը: Այդ օրերին երիտասարդն անընդհատ հեռուստացույցի էկրանին էր, բայց երեք օր մեզ մոտ պառկած էր, ու ոչ ոք չէր իմացել, թե ի՜նչ սխրանք է գործել, որի համար շուտով արժանանալու էր «Մարտական խաչ» շքանշանին:

Հոսպիտալի մուտքի մոտ ամեն օր հիվանդատեսների մեծ հերթ էր գոյանում. մեծ մասը բուժվող տղաներին անծանոթ մարդիկ էին, ուզում էին շնորհակալություն հայտնել, ամենահամեղ ուտեստներն էին բերում:

-Մի քիչ էլ քեզնից պատմիր. ի՞նչ օրեր էին դրանք քեզ համար,- հարցնում եմ Հասմիկին: Արդեն նկատել եմ, որ իր մասին չի սիրում խոսել:

-Այդ շրջանում՝ ապրիլից մինչև մայիս, միայն մի քանի օր եմ տուն գնացել, այն էլ` գիշերելու: Այդ ընթացքում ամուսինս դիրքերում էր: Երեխաների համար էլ շատ դժվար էր: Մայրիկիս մոտ էին մնում: Մեծս՝ դուստրս, 8 տարեկան էր, մյուս երեխաներս՝ ավելի փոքր: Դեռ չգիտեինք՝ այս ամենը ինչ զարգացում կունենա: Երեխաները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեին ամեն ինչի: Առաջին անհրաժեշտության պարագաները պատրաստ դրել էի ու մեծ աղջկաս հորդորել.  «Անհանգստանալու բան չկա, բայց հենց մի բան լինի, կվերցնեք ու կիջնեք նկուղ»: Երեխաներս, կյանքի բերումով, շատ ինքնուրույն են մեծանում: Մեծ աղջիկս, որ այս տարի 13 տարեկան կդառնա, իմ աջ ձեռքն է: Ինչ որ չեմ  հասցրել անել, վստահել եմ նրան: 10 տարեկան էր, երբ ես միաժամանակ աշխատում ու սովորում էի, նա տան հոգսը իր ուսերին էր վերցրել: Երբ Սիսիանում էինք, համեմատաբար հանգիստ էր:  Թվում էր՝ Երևան տեղափոխվելուց հետո ավելի դժվար կլինի երեխաների համար: Բայց այստեղ էլ նույն հաջողությամբ կարգադրում են իրենց բոլոր գործերը: 

Պատերազմից հետո Հասմիկը Երևանում մասնակցում էր կադրային հաշվապահության դասընթացների: Այստեղ էլ որոշեց մայրաքաղաք տեղափոխվել, քանի որ երեխաների համար կրթության ավելի մեծ հնարավորություններ էր տեսնում: Զորացրվեց: Որոշ ժամանակ քաղաքացիական աշխատանքներ էր փորձել, բայց զգում էր, որ դա իրենը չէ: Էլի ներգրավվել էր զինված ուժերում: Հետագայում, իմանալով Խաղաղապահ բրիգադի կազմում ձևավորվող դաշտային հոսպիտալի մասին և առաջարկություն ստանալով, ընդգրկվեց դրա կազմում:

ԿԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՊԱՐԶ ՈՒ ԲԱՐԴ ԿՅԱՆՔԸ-«Զառ» զորավարժարանում կայացած զորավարժությունից հետո, երբ մեզ  հավաստագրեր էին հանձնելու, գնդապետ Երոյանն ասաց. «Մեր հանրապետությունում կանանց առաջին դասակն է ձևավորվում: Ո՞վ կցանկանա փորձել»: Գնդապետը ներկայացրեց այս ծառայության բոլոր բարդությունները: Լուրջ կրակային պատրաստություն, անկարգելով թռիչքներ, մի քանի օր տևող զորավարժություններ: Սիրում եմ մարտահրավերներ. ցանկություն հայտնեցի ներգրավվելու:   Ուզում էի ուժերս փորձել նաև այս ասպարեզում: Դե, իհարկե, սա արդեն բոլորովին այլ աշխարհ էր:  Մինչ այդ, միշտ ղեկավար պաշտոններ էի զբաղեցրել, մտածում էի, որ առնվազն որպես վաշտի հրամանատարի տեղակալ կներգրավվեմ: Ավելի ուշ գիտակցեցի, նախ` որպես զինվոր պետք է կայանալ: Հասկացա, որ նախկին ծառայությանս 11-ից ավելի տարիների ընթացքում իրականում լավ չեմ պատկերացրել, թե ինչ է զինվորական ծառայությունը: Աղջիկների դասակով «Զառ»-ում մեկամսյա զորավարժության մեկնեցինք: Հունվարն էր: Սկսվեցին կրակային պարապմունքները: Զորավարժության վերջին մեկ շաբաթը գիշերային հերթապահությանն էր տրամադրված: Մի օր 10 կմ-անոց գիշերային ելքի գնացինք՝ զենք ու զրահով, ծանր ուսապարկերով: Մեր խումբն առաջինը կատարեց առաջադրանքն ու վերադարձավ: Տրամադրություններս բարձր՝ որոշեցինք հյութով տոնել մեր հաղթանակը, ու մեկ էլ՝ կրակոցներ. պայմանական թշնամին «հարձակում էր գործել»: Անմիջապես վեր թռանք… Գիշերները անընդհատ տագնապներ էին հնչում: Տարբեր սցենարներ էին առաջադրվում: Երբ «Զառ»-ից վերադարձանք, ու պատմեցինք, թե ինչ հետաքրքիր էր անցել, խաղաղապահ գումարտակում մեզ շարունակեցին նույն հագեցածությամբ մարզել… Այս ընթացքում ձգտում էի «գերազանցիկ» լինել, բայց դժվար էր: Երբ տանը պարապում էի, երեխաներս զարմացած հետևում էին ինձ, իրենք էլ էին միանում:

Երբ 2018թ դաշտային հոսպիտալը խաղաղապահ բրիգադի կազմից տեղափոխվեց Կենտրոնական զինվորական հոսպիտալ, նշանակում ստացա այնտեղ՝ որպես բժշկական գումարտակի հրամանատարի ռազմաքաղաքական համագործակցության գծով օգնական: Այդպես դուրս եկա կանանց ստորաբաժանումից, բայց սա լուրջ փորձառություն էր ամբողջ կյանքիս համար:

Հասմիկը դժվարություններին սովոր է դեռ մանկուց: Տասը տարեկան  էր, երբ կորցրեց հորը: «Միակ զավակն էի, ու մայրս իր ամբողջ կյանքը նվիրեց ինձ, հետո` երեխաներիս»:  Ամուսինը պայմանագրային զինծառայող է եղել. 12 տարի շարունակ մարտական հերթապահություն է իրականացրել Սիսիանի սահմանին: Լավ ծառայության և հաջողությամբ պսակված հատուկ գործողության մասնակցելու համար պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով: Այժմ ծառայում է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանում՝ թիկունքային ծառայությունում: «Սկզբում մտածում էր, որ դիրքային ծառայությունից հետո չի կարողանա հարմարվել: Հյուսն է,- ասում է Հասմիկը:- Դիրքում ծառայողի պարտաճանաչությամբ հիմա էլ այս գործն է կատարում:

…Ամենակարևորն այն է, որ բոլոր դժվարությունները կարողացանք հաղթահարել, ու  այժմ արդեն բոլորս միասին ենք»:

-Իսկ ինչպե՞ս են վերաբերվում ծնողների զինվորական լինելու հանգամանքին ձեր երեխաները: Չե՞ն դժգոհում դժվարություններից:

-Մեծ աղջիկս վերջերս ավելի ու ավելի հաճախ է ասում, որ զինվորական է դառնալու: Բայց, կարծում եմ, երկու զինվորականը մի ընտանիքում բավական է,- ժպտում է Հասմիկը: Իսկ քիչ մտածելուց հետո ավելացնում է,- չնայած՝ ի՞նչ իմանաս: Մենք նրանց որոշումներին աշխատում ենք երբեք չմիջամտել:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #32 (1303) 21.08.2019 - 27.08.2019, Ազգային բանակ


22/08/2019