Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը ՌԱԴԻԱՑԻՈՆ, ՔԻՄԻԱԿԱՆ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐՆ Է



ԶՈՐԱՏԵՍԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոկտեմբերի 10-ը հայկական բանակում նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին (հրամանատար` կապիտան Օ.Խաչատուրյան), իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը (բաժնի պետ փոխգնդապետ Մ. Հայրապետյան) և հաշվարկա-վերլուծական կայանը: Հետագայում բացվեցին նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրելու հարցը լուծվեց խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով: Հետագայում կազմավորվեց ուսումնական դասակ, որը դարձավ քիմիկոս-մասնագետների և կրտսեր հրամանատարների պատրաստման կարևոր օղակ: Հաշվի առնելով կատարված աշխատանքի ծավալը` 1997թ. մարտ ամսին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության, որը մինչ այսօր ղեկավարում է գնդապետ Ս. Արզումանյանը:

ՌՔԿՊ զորքերը անմասն չմնացին Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, մասնագետները սահմանամերձ տեղամասերում և հակառակորդի հավանական հարձակման ուղղություններով տեղադրեցին հրանետներ, կազմակերպեցին անձնակազմի ուսուցումը, իրականացրին մարտադաշտից հավաքված` մանրէներով վարակված և վերանորոգման ենթակա տեխնիկայի հատուկ մշակումը:

Զինադադարից հետո առաջնահերթ ուշադրություն դարձվեց անձնակազմի մարտական պատրաստությունը որակական նոր աստիճանի բարձրացմանը: Ստեղծվեց նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, ՀՀ ԶՈՒ զորամիավորումներն ու զորամասերը ապահովվեցին անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով: Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում:

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԸ

Ստեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի գործունեությունը կազմակերպվում է երկու ուղղություններով` հակառակորդի` ռադիացիոն, քիմիական, կենսաբանական միջոցների կիրառմամբ հավանական հարձակման դեպքում զորամասերի ու ստորաբաժանումների կողմից մեր զինծառայողների ու քաղաքացիական բնակչության պաշտպանություն և ԶՈՒ անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից ճիշտ օգտվելու ուսուցանում:

ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ: Մասնավորապես, արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ պլան է մշակվել Մեծամորի ատոմակայանում, «Նաիրիտ» գործարանում և այլ ձեռնարկություններում հավանական վթարների հետևանքով առաջացած ռադիացիոն կամ քիմիական վտանգը համատեղ վերացնելու վերաբերյալ: Վարչության մասնագետները մասնակցում են նաև ժամկետանց դեղորայքի ոչնչացման, Նուբարաշենի աղբանոցի մաքրման աշխատանքներին:

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

Ինչպես մեզ տեղեկացրեց ՌՔԿՊ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Հովհաննիսյանը, այսօր ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերը զարգացման բոլորովին նոր փուլ են մտնում: Մշակվել է զորքերի վերազինման ու կատարելագործման նոր ծրագիր, որի իրագործումը թույլ կտա օգտագործել նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, զորքեր մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ:

Մեր ռազմարդյունաբերությունը անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում արդեն ներկայացրել է նոր հզոր զինատեսակ` համազարկային հրանետ: Այն ստեղծվել է բոլորովին նոր` հայ մասնագետների մշակած տեխնոլոգիայի հիման վրա: Շարժական բազմափող նռնականետային կայանքները նախատեսված են հակառակորդի քողարկված կրակակետերի ոչնչացման, թեթև զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկան շարքից դուրս բերելու, ինչպես նաև բաց տեղանքում և տարբեր տեսակի թաքստոցներում կենդանի ուժի ոչնչացման համար: Այս կայանքներն ի վիճակի են 6 վայրկյանում կատարել 12 համազարկ, միջին հեռավորությունների վրա միաժամանակ հրետակոծել հակառակորդի 1500 քառակուսի մետր մակերես: Հայ մասնագետների մի քանի այլ նախագծեր մշակման փուլում են:

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԵՐ ՍՊԱՆԵՐԸ

Այսօր ՌՔԿՊ զորքերի վարչությունը ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում այս օրերին Երևանում տեղի է ունենում կազմակերպության անդամ պետությունների համապատասխան ծառայությունների մասնագետների հավաք, որի ընթացքում կքննարկվեն եկող տարի Հայաստանում անցկացվելիք խոշոր միջոցառման պլանները: Արդեն հայտնի է, որ մյուս տարի մեր պետությունում կանցկացվեն զորատեսակի զորավարժություններ, սեմինարներ, զանազան հավաքներ:

Նմանատիպ ծրագրեր են իրականացվում նաև ՆԱՏՕ-ի հետ: Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Եվրոպայում և այլ երկրներում, մասնակցում այնտեղ անցկացվող զորավարժություններին, ծանոթանում այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային: Անկասկած, համագործակցության յուրաքանչյուր օրինակ ավելի է նպաստում մեր զինված ուժերի տվյալ զորատեսակի մարտունակության բարձրացմանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #39 (904) 06.10.2011 – 12.10.2011, Ազգային բանակ


13/10/2011