Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԱզդարարող կրակոցից անմիջապես հետո զորավարժարանի սպիտակ դրոշը փոխարինվում է կարմիրով, զորամասի առօրյան էլ՝ պայմանական հակառակորդին խոցելով։ Սահմանված ժամին զինծառայողները ստանում են ահազանգն ու անցնում ակտիվ գործողությունների։ Մարտունակությունն ու պատրաստականությունը բարձր է, ստորաբաժանումը փորձված է ու գիտի՝ երբ, որտեղ և ինչ սցենարով առաջ շարժվել։

Բարձրադիր գոտում անցկացվող այս զորավարժության սցենարով՝ հակառակորդը ճեղքել է առաջնագիծն ու ջանում է առաջ շարժվել։ Հայկական կողմի առաջադրանքն է` կասեցնել ու ոչնչացնել հակառակորդին ու վերականգնել առաջնագիծը նվազագույն կորուստներով։

Հայկական զորախումբը նախ կասեցնում է հակառակորդի առաջխաղացումն ու կանխում հնարավոր զարգացումները։ Թիկունքից արձակված կրակը խուճապի է մատնում սահմանախախտներին ու կրակահերթով ջախջախում հակառակորդի խմբավորումը։ Զորավարժության սցենարով առանցքային դեր ունեն ստորաբաժանումների հրամանատարները, նրանք տեղում արագ որոշումներ են կայացնում, ենթականերին կտրուկ հրահանգներ տալիս։ Հաջորդ քայլը տանկերի գրոհն է հակառակորդի ուղղությամբ։

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԼեռների ստորոտներին ու ավելի խորքում հակառակորդին փոխարինում են թիրախները. դրանցից յուրաքանչյուրը խոցվում է դիպուկ կրակով։ Զորավարժանքի գրեթե ամբողջ ընթացքում տեղացող անձրևը սցենարով «նախատեսված չէր», սակայն եղանակային ավելի բարդ պայմաններում էլ հայկական ստորաբաժանումները կարողանում են առաջադրանքն իրականացնել ամբողջ ծավալով։ Մարտավարական զորավարժությունն այս անգամ ստուգողական էր, գլխավոր ռազմական տեսուչն էր հետևում ընթացքին, գնահատում արդյունքը։ Ուշադրության կենտրոնում նաև կապն էր ղեկավար կազմի և պայմանական մարտական խնդիր կատարող ստորաբաժանումների միջև։ Կապն անխափան էր, հրամանատարների վճիռներն՝  արդյունավետ։ Զորավարժությունն ավարտվեց, գլխավոր ռազմական տեսուչի ստուգումները շարունակվում են արդեն զորամասում, անձնակազմի թիկունքային ապահովման գոտիներում։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #24 (1295) 26.06.2019 - 2.07.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/06/2019