Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՊԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ



Այս տղաները կապի ուսումնական զորամասի լավագույն զինծառայողներից են: Ամիսների քրտնաջան պարապմունքների արդյունքում նրանք յուրացրել են զինվորի ծառայողական «այբուբենը», այժմ էլ կատարելագործում են մասնագիտական հմտությունները: Նրանց մի մասը ուսումնական փուլի ավարտին կտեղափոխվի տարբեր զորամասեր: Այսօրվա ստացած գիտելիքների որակից կախված է նրանց հետագա ծառայության ողջ ընթացքը:

ՏԱՐՈՆԸ

Կրտսեր սերժանտ Տարոն Մինասյանը զորամասի հիմնական կազմից է, ուսումնական շրջանն ավարտելուց հետո որպես բարձր առաջադիմություն ունեցող կուրսանտի` նրան պահել են ուսումնական զորամասում եւ ներգրավել նորակոչիկների ուսուցանման գործում: Ծառայության երկրորդ` հիմնական շրջանում նա գերազանց է դրսեւորել իրեն, պարգեւատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով, նշանակվել է վաշտի սերժանտական խորհրդի նախագահ: Տարոնն օժտված է նաեւ կազմակերպչական կարողություններով: Տոնական տարբեր միջոցառումների ժամանակ նա սպաների հետ միասին ծրագիր է պատրաստում, հետեւում դրա հստակ իրականացմանը:

Տարոնը գյումրեցի է, ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը` որպես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ: Մասնագիտական կարողությունները նրան շատ են պետք եկել ծառայության ընթացքում. օգնել են ավելի հեշտ հաղորդակցվել ծառայակից ընկերների, ինչու չէ, նաեւ սպաների հետ, միեւնույն ժամանակ նա, որպես կապավոր, զորակոչվելու հենց սկզբից արդեն որոշակի գիտելիքների ու հմտությունների է տիրապետել հատկապես տեխնիկական բնագավառում:

-Ես կապի ջոկի հրամանատար եմ եւ պարտավոր եմ տիրապետել կապի տարբեր միջոցների` ռադիոկապ, գծային կապ եւ այլն: Ամեն սարքավորում իր առանձնահատկությունն ունի: Յուրաքանչյուրի հետ աշխատանքը պահանջում է երբեմն աննշան նրբությունների իմացություն եւ կիրառման ունակություն: Թե՛ ես, թե՛ իմ ընկերները քաջ գիտակցում ենք, որ դրանք լիարժեք շահագործելու համար պետք է անընդհատ սովորել ու կատարելագործվել,-նշեց կրտսեր սերժանտ Մինասյանը:

ԱՐՏԵՄԸ

Կուրսանտ Արտեմ Հակոբյանը մասնագիտանում է որպես ռադիոհեռագրավար, ուսումնասիրում է նաեւ Մորզեի այբուբենը: Ինչպես ինքն է ասում, ռազմական տեխնիկային ծանոթանալով, եւս մեկ անգամ համոզվել է, որ կապը մարդկության մեծագույն նվաճումներից մեկն է:

-Մասնագիտական, նաեւ հասարակական-պետական պարապմունքների դասաժամերին մենք առավել մանրամասն տեղեկանում ենք պատմական տարբեր ժամանակաշրջաններում կապի օգտագործման առավելությունների, առանձնահատկությունների մասին, առավել խորն ըմբռնում զինվորական ստորաբաժանումների միջեւ անխափան կապի ապահովման անհրաժեշտությունը, իրական մարտի ժամանակ թեկուզեւ ամենահասարակ կապի միջոցի կիրառման նշանակությունը: Հատկապես ուշադիր ենք ուսումնասիրում Արցախյան պատերազմի տարիներին մեր կապավորների գործողությունները, նրանց դերակատարումը ընդհանուր հաղթանակի գործում: Զորամաս գալու առաջին իսկ օրվանից ծառայությունը համարել եմ երկրորդ մասնագիտություն ստանալու հնարավորություն: Մինչ այդ բոլորովին այլ նախասիրություններ ունեի, ավելի շատ հումանիտար ուղղվածության: Այստեղ հասկացա, որ հատկապես տեխնիկական գիտելիքները կարող են պետք գալ կյանքի բոլոր բնագավառներում, ինչու չէ, նաեւ աշխատանքի հետագա ընտրություն կատարելիս:

Նշենք, որ Արտեմը հոր` Սամվել Հակոբյանի հետ միասին տպագրության է նախապատրաստում «Հայաստանի մարզեր» հանրագիտարանը: Հայր ու որդի միասին են հղացել այս գաղափարը, քննարկել բոլոր մանրամասները եւ այժմ սպասում են Արտեմի ծառայության ավարտին` կիսատ թողած գործը վերջացնելու համար: Սակայն գործը, միեւնույնն է, չի կանգնում. Արտեմը ազատ ժամերին դասակարգում, խմբագրում է հավաքած նյութը, նոր նշումներ անում: Հավելենք, որ սկզբնապես նրանք գրքույկ են պատրաստել հայրենի Վեդի քաղաքի մասին, այնուհետեւ ծրագիրն ընդլայնվել է, ներառել Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի մարզերը: Մյուս մարզերի մասին ծավալուն տեղեկատվության ամբողջացումը ընթացքի մեջ է: Արտեմին այնքան է դուր եկել իր զորամասը, որ զորացրվելուց հետո մեծ ցանկություն ունի դրա վերաբերյալ որոշակի նյութեր ընդգրկելու հանրագիտարանի վերջնական տարբերակում:

ՀԱՅԿԸ

Զորամաս մտնելու առաջին իսկ պահից սպաները մեզ ներկայացրին Հայկ Լուսարարյանին. «Հիանալի զինվոր է, գերազանց է տիրապետում իր պարտականություններին եւ հմուտ մասնագետ է, աչքի է ընկնում եւ՛ բարձր կարգապահությամբ, եւ՛ մարտական պատրաստության գործում ունեցած ձեռքբերումներով»: Այսպիսի գնահատականներից հետո պատահական չէ, որ շարահրապարակում ծածանվող Հայաստանի Հանրապետության դրոշը նորով փոխարինելիս այն բարձրացնելու պատիվը հենց Հայկին է վստահվել: Հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել մեր այցելության նախօրեին, եւ Հայկի մեջ դեռ թարմ էին տպավորությունները:

-Ճիշտն ասած, ինձ համար անակնկալ էր, երբ հրամանատարի տեղակալը հայտնեց դրոշը բարձրացնելու մասին, որովհետեւ զորամասում արժանի զինվորներ իրոք շատ կան: Եվ ես անչափ ուրախ եւ հպարտ եմ այդ վստահության համար: Մի աննկարագրելի զգացում էր ինձ պատել արարողության ժամանակ. կանգնած էր զորամասի ամբողջ անձնակազմը, եւ ես հանդիսավոր կերպով բարձրացնում էի դրոշը: Սկզբում հուզմունքից ձեռքերս նույնիսկ դողում էին, հետո հուզմունքին աստիճանաբար ավելացավ հպարտությունը: Անհամբեր սպասում եմ հարազատներիս հետ հանդիպմանը, որպեսզի պատմեմ այդ մասին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ հրամանատարներին, որոնք այսպիսի մեծ հավատ ներշնչեցին սեփական ուժերիս հանդեպ:

Հայկն ավարտել է Ճարտարագիտական համալսարանի ռադիոֆակուլտետը: Մինչեւ զորակոչվելը հույս ուներ հայտնվել կապի զորամասում, եւ այդպես էլ եղավ: Մասնագիտական ծառայությունը նրա համար առաջին օրվանից էլ որեւէ դժվարություն չի ներկայացրել, արդեն տիրապետել է տեխնիկական հարուստ գիտելիքների: Հայկը պատրաստվում է որպես կայանի պետ եւ իր մասնագիտական պատրաստվածությունը ցուցադրել է դաշտային պարապմունքների, կապի վարժանքների ժամանակ:

ԱՐՄԵՆԸ

Երեւանցի Արմեն Ասատրյանը ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժինը: Խաղացել է հանրապետության ֆուտբոլային առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ուլիս» թիմի երիտասարդական եւ հիմնական կազմերում: Թե՛ վաշտում, թե՛ զորամասում նա լավագույնն է վազքից, 100 մետրը վազում է 12,8 վայրկյանում, իսկ 1 կիլոմետրը` 3,25 րոպեում: Երկու դեպքում էլ գերազանցից բարձր արդյունք է ցույց տալիս:

Ուսումնական շրջանն ավարտելուց հետո նա այլ զորամասում կնշանակվի կապի հանգույցի ռադիոհեռախոսավար:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ազգային բանակ


04/10/2011