Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



(1993թ.)

Աղդամը կորցնելուց հետո վերախմբավորելով ուժերը` թշնամին ԼՂՀ հարավում դիմեց վճռական գործողությունների, սակայն Ինքնապաշտպանության ուժերը (ԻՊՈՒ) կանխող հարված հասցրին: Առջևում 93-ի աշունն էր, երբ ամբողջացավ ԼՂՀ սահմանների շուրջ ստեղծվող անվտանգության գոտին: Օգոստոսին մարդասիրական միջանցքի հարավային թևում և Արցախի հարավում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերն ու Հայաստանի կամավորական ջոկատները գնացին առաջ՝ ոչնչացնելու միջանցքին, Սյունիքին ու ԼՂՀ հարավին սպառնացող թշնամական հենակետերը:

Օգոստոսի 10-ին ԻՊՈՒ հրամանատարությունը կարգադրեց ապահովել առաջիկա լայնածավալ մարտական գործողությունների բուժապահովումը ռազմաճակատի ողջ երկայնքով: Որոշվեց, որ առաջին գծում կլինեն զորամասային բժիշկները` հոսպիտալային բուժքույրերի հետ: Իսկ հեռավոր ու դժվարհասանելի Խծաբերդի ուղղությունում, քանի որ լեռնային ու կտրտված այդ տարածքում ուրիշ հարթ տեղ չկար, Չիման լեռան ստորոտում, հրետանու կրակադիրքերի հարևանությամբ, ռազմադաշտային հոսպիտալ բացազատվեց: Դժվարհաղթահարելի տեղանքում ծավալվեցին ծանր մարտական գործողություններ:

Օգոստոսի 15-ին Կենտրոնական և 1-ին պաշտպանական շրջանի ստորաբաժանումներն ազատագրեցին Ցորը, ապա Բանազուրն ու Առաքյուլը, ինչից հետո մարտական գործողությունները տեղափոխվեցին Ֆիզուլի-Ջեբրայիլ-Ղուբաթլու հատված: Ծանր մարտեր էին: Կատարվեցին ականապատման և ականազերծման մեծածավալ աշխատանքներ: Թշնամու վերջին ու հուսահատ հարձակումները ետ մղելուն զուգընթաց սկսվեց Հադրութին սպառնացող հենակետերի աստիճանական լռեցումը: Քայլ առ քայլ ազատագրելով 91-ին բռնազավթված գյուղերն ու ոչնչացնելով շրջանին սպառնացող հենակետերը, Պաշտպանության բանակի և Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ կամավորական բրիգադի ստորաբաժանումները Ֆիզուլին շրջապատեցին հյուսիսից, արևմուտքից և հարավից: Քաղաքն օղակի մեջ էր, միայն թշնամու նահանջի ճանապարհն էր բաց:

Ղուբաթլուի ուղղության վրա թշնամին նահանջեց, թեպետ հզոր պաշտպանական բնագծեր ուներ: Նրա դիմադրությունը հիմնականում օջախային բնույթ էր կրում: Իր բանակից խաբված ժողովուրդը դեռ հավատում էր, որ վերադառնալու է և անգամ ջրհորները չէին թունավորել, այլ միայն ծածկել էին քարերով: Մարդասիրական միջանցքի ուղղությունից առաջ շարժվող զորքերը, ոչնչացնելով դիմադրության օջախները, շուտով գրավեցին Կուրբանթեփեի լավ ամրացված բնագծերն ու առժամանակ դիրքավորվեցին այստեղ, իսկ մյուս ուղղությունում ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը, շարունակելով հարձակումը, դժվարին տեղանքում մղվող ծանր մարտերով քայլ առ քայլ մոտեցան հիմնական ավտոճանապարհին ու Բաշարաթին, որտեղ թշնամին լուրջ դիմադրություն ցույց տվեց: Սակայն հրետանային հզոր աջակցության շնորհիվ այս հենակետն ի վերջո ազատագրվեց:

Հարավային ռազմաճակատի ողջ երկայնքով խուճապահար նահանջող զորքերին օդային աջակցություն ցուցաբերելու` հակառակորդի փորձն ավարտվեց անհաջողությամբ. օգոստոսի 16-ին և 17-ին նույն մարտական մեքենայից արձակված հրթիռները ոչնչացրին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռ:

Օգոստոսի 22-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումների և հայաստանյան կամավորական ջոկատների ճնշման ներքո թշնամին թողեց Ֆիզուլի քաղաքը և շուրջ 1380 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող համանուն շրջանը, օգոստոսի 23-ին` պաշտպանվող Ջեբրայիլ շրջկենտրոնը, իսկ երկու օր հետո 1050 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող Ջեբրայիլ շրջանի տարածքն անցավ հայկական ուժերի վերահսկողության ներքո:

Ֆիզուլու անկումից հետո թշնամուն հաջողվեց օդային ռմբահարման ենթարկել Կապան քաղաքը, որի խաղաղ բնակիչների զոհվելը որևէ կերպ չօգնեց անկանոն նահանջող բանակին: Ֆիզուլու և Ջեբրայիլի անկումից հետո 1-ին և 2-րդ պաշտպանական շրջանների ստորաբաժանումները հարձակումը զարգացրին Ղուբաթլուի ուղղությամբ: Շրջկենտրոնը շրջապատված էր, բայց բնակչության նահանջն ապահովելու համար ԻՊՈՒ հրամանատարությունը ստիպված էր երկու օրով կասեցնել հարձակումը, ուստի շրջկենտրոնն ազատագրվեց օգոստոսի 31-ին: Ռազմավարական նշանակության հենակետի կորստյան դիմաց թշնամին անզորությունից վերստին փորձեց վրեժխնդիր լինել խաղաղ բնակչությունից, սակայն թանկ գին վճարեց. ԻՊՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ստեփանակերտի երկնքում ոչնչացրին թշնամական մեկ ռմբակոծիչ, իսկ Մարտակերտի ճակատում՝ մեկ ուղղաթիռ:

Օգոստոսյան հաղթանակների արդյունքում սեպտեմբերի սկզբին հայկական ուժերի դիրքերը որոշ հատվածներում ընդամենը 4-5 կիլոմետր էին հեռու Արաքսից:

Ղուբաթլուի անկումից հետո Ադրբեջանի և ԼՂՀ միջև կնքվեց կրակի դադարեցման մասին համաձայնագիր և պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև սեպտեմբերի 10-ը երկու կողմերի ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Դրա արդյունքը լոկ կարճատև հրադադարը եղավ:

Փորձելով տիրել նախաձեռնությանը, հոկտեմբերի 10-ին Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հադրութի պաշտպանական շրջանի դիրքերի, մասնավորապես` Կույջակ և Սաֆարշա բնակավայրերի ուղղությամբ, սակայն նույն օրը նախաձեռնությունն անցավ հայկական ուժերին, որոնք գրավեցին այդ հենակետերը, երկու օր անց` Նուզգյարն ու Շեյբեյը, և շարունակելով մի քանի ուղղություններով զարգացնել հակահարձակումը, հոկտեմբերի 24-ին ճնշեցին հակառակորդի ամենախոշոր հենակետերից մեկը՝ Հորադիսի երկաթուղային հանգույցը:

Այս ամենի արդյունքում Զանգելանի, Ջեբրայիլի և Ղուբաթլուի` դեռևս չազատագրված տարածքներում գտնվող զորքերը հայտնվեցին շրջափակման օղակի մեջ: Իսկ նոյեմբերի 1-ին ազատագրվեցին Զանգելան շրջկենտրոնն ու հարակից հենակետերը. ադրբեջանական բարոյալքված բանակը Զանգելանում և Մինջևանում այլևս անկարող էր լուրջ դիմադրություն ցուցաբերել. միայն Մինջևանում 14 վագոն զենք-զինամթերք թողեց: Գտնված քուղերը վկայեցին, որ վերջին պահին խուճապի մեջ չէին հասցրել պայթեցնել դրանք: Իսկ նախօրեին ԻՊՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները «Իգլա» զենիթահրթիռային դյուրակիր կայանքով Զանգելանի հատվածում ոչնչացրին թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ:

Արցախի հարավարևելյան սահմաններին սպառնացող հենակետերի ազատագրման ժամանակ զորամասային օղակի կապավորները, համագործակցելով միմյանց հետ, մեծաքանակ ուժերի մասնակցությամբ իրականացվող գործողության ողջ ընթացքում կարողացան փայլուն կերպով ապահովել կապը: Իսկ տարածքների ազատագրումից հետո կապավորներն իսկույն ձեռնամուխ եղան մեկ այլ գործողության. դեռ խորհրդային ժամանակներից, Ֆիզուլիից Կապան ձգվող ստորգետնյա խոշոր կապուղի կար, որը թշնամին վնասել էր: Այն արագորեն գտնվեց, վնասված հատվածները նորոգվեցին, ինչի շնորհիվ հուսալի ուղիղ կապ ապահովվեց Սյունիքի և ազատագրված տարածքների պաշտպանությունն իրականացնող զորամասերի հետ:

Հարթավայրում հարձակումն արագորեն զարգացնող զորքերը հաճախ կտրվում էին հրետանուց, ինչը պարտադրեց նոր մոտեցումներ մշակել կապի կազմակերպման ոլորտում: Բացի այդ, այս տարածքների քարտեզներ գրեթե չունեին, և տեղակապակցումը կատարում էին… 20կմ հեռու գտնվող սարերի օգնությամբ:

Աշնան հաղթանակներին հաջորդած դադարն ավարտվում էր: Ի սկզբանե պարզ էր, որ ռազմաճակատի հարավարևելյան հատվածը դառնալու է ծանր ու վճռորոշ մարտերի թատերաբեմ, և մեծածավալ աշխատանք էր կատարվում պաշտպանության հրետանային ու ինժեներական ապահովման ուղղությամբ: Աշնան վերջին ղարաբաղյան ուժերը ռազմաճակատի նոր գծում առաջին անգամ մեքենայացված ականապատում իրականացրին. ականադիր երեք մեքենաներ առաջին գծում մի գիշերում մինչև 600 ական էին տեղադրում: Հունվարի առաջին օրերին, երբ ճակատի գիծը ճեղքվեց, ու մերոնք նահանջեցին, այս ականադաշտերը մնացին թշնամու թիկունքում, և շուրջ հինգ տարի շարունակ հակառակորդի ռադիոկայաններում գերիշխող թեման այնտեղ որոտացող պայթյունների մասին հաղորդումներն էին:

Հայկական ուժերի ամառային-աշնանային փայլուն հաղթանակների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ձևավորվեց անվտանգության գոտին, և հաստատվեց մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը ձգված հարաբերական խաղաղությունը, որն ընդմիջվեց միայն նոյեմբերի վերջին, երբ Սիսիանի կամավորները ծանր մարտերով ոչնչացրին Խուդաֆերինի կամրջի մերձակա բարձունքները` ազատագրված վայրերում թշնամու վերջին հենակետը: Վերջին գիշերը թշնամին առանց կռվի թողել էր դիրքերը:

Այսպիսով, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի և հայաստանյան կամավորական ջոկատների` օգոստոսին սկսած հաղթարշավի ընթացքում ոչ միայն ազատագրվեցին դեռ 91-ին տխրահռչակ «Օղակ» գործողության ընթացքում հայաթափված գյուղերը, այլև լրիվ ոչնչացվեցին Գորիսի, Կապանի, Մեղրու, իսկ ԼՂՀ-ում՝ Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին սպառնացող թշնամական հենակետերը` խաղաղություն բերելով հայոց զույգ պետությունների հարավարևելյան շրջաններին:

Իրական պաշտպանություն թշնամին կարողացավ կազմակերպել միայն Բեյլագանի (Ժդանովի) շրջանի սահմանագլխին, թեև այստեղ էլ մի շարք կարևոր հենակետեր կորցրեց, որոնց վերատիրացավ 94-ի հունվարի սկզբին` աֆղան մոջահեդների օգնությամբ ձեռնարկած լայնածավալ հարձակման արդյունքում: Հարձակումը, սակայն, արագորեն կասեցվեց, և 94-ի ձմեռային-գարնանային ծանր մարտերն ավարտվեցին առ այսօր պահպանվող մայիսյան հաղթական զինադադարի հաստատմամբ:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #38 (903) 29.09.2011 – 5.10.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


04/10/2011