Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ



Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Բարձրաստիճան զինվորական կազմի, տարբեր օղակների հրամանատարների և զինծառայողների մասնակցությամբ տոնական նիստն սկսվեց ՀՀ պետական հիմնի կատարումով: Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

-Մի քանի օրից ողջ հայությունը Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում կնշի մեր համաժողովրդական ամենանվիրական տոնը, որը հայոց նորագույն պատմության ամենապայծառ էջն է: Երկու շաբաթ առաջ մենք արդեն ազգովի նշեցինք Արցախի անկախության քսանամյակը: Գրեթե նույն օրերին, երբ ստեղծվում էր նոր ու անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակ, որն իր հետ բերում էր բազմաթիվ վտանգներ և սպառնում էր հայ ժողովրդի ամենակենսական շահերին, արցախահայության ֆիզիկական գոյությանը, հայկական երկու պետությունները միջազգային բոլոր նորմերին համապատասխան և համաժողովրդական միակամ որոշմամբ հայտարարեցին այսուհետև իրենց ազատ ու անկախ ապրելու մասին: Սակայն աշխարհում բոլորը չէ, որ արդարության և իրավունքի շրջագծում արձագանքեցին այդ որոշումներին, և մեզանից անչափելի ջանքեր ու զոհողություններ պահանջվեցին անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Մեր անկախությունը ձեռք բերվեց մարտադաշտերում, և մեր կամավորականների ու նոր ստեղծվող բանակի զինվորների ու սպաների անձնուրաց նվիրումը դարձավ ազատ ապրելու իրավունքի նվաճման երաշխիքը: Այդ նվիրումի բարձրակետը Շուշիի ազատագրումն էր, որի քսանամյա հոբելյանը պատշաճ կերպով նշելու, ինչպես նաև ռազմագործողության փորձն ընդհանրացնելու և վերաիմաստավորելու աշխատանքներն իմ հրամանով արդեն սկսվել են: 1994թ. զինադադարը անկախության նվաճման ամրագրումն էր մարտադաշտում, բայց քանի դեռ չի կնքվել միջազգային իրավունքի մեխանիզմներով երաշխավորված հստակ խաղաղություն, քանի դեռ Ադրբեջանում ծավալվում է հակահայկական հիստերիա, և միմյանց են հաջորդում ռազմատենչ հայտարարություններն ու մեր սահմանների պաշտպանությունում թույլ տեղեր գտնելու ապարդյուն փորձերը, հայ ժողովրդի ազատ զարգացման ամենակարևոր գրավականը շարունակելու է մնալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Այս դահլիճում ես տեսնում եմ ոչ միայն այն մարդկանց, ում հետ ուս ուսի տված նվաճեցինք հաղթական խաղաղությունը, այլև հայոց բանակի սպայակազմի նոր սերնդին, ովքեր իրենց հերթին մեծ ներդրում ունեն զինված ուժերի մարտունակության ու հզորության շարունակական բարձրացման գործում: Մենք հաստատակամ ենք պաշտպանելու ծանր զոհողությունների և թանկ զոհերի գնով ձեռք բերված անկախությունը, խաղաղությունը և մեր հայրենիքի սահմանների անձեռնմխելիությունը, արժանի հակահարված տալու հակառակորդի յուրաքանչյուր` մեծ թե փոքր ոտնձգություններին: Դրանում բոլորը համոզվում են հակառակորդի յուրաքանչյուր սադրանքի ձախողումից հետո:

Իր խոսքում նախարարը նշեց, որ սեպտեմբերի 21-ը առաջին հերթին հայրենիքի պաշտպանների` զինվորականների տոնն է, որ նրանցից շատերը կնշեն` ունենալով բարեխիղճ ծառայության գնահատանքի ևս մեկ վկայություն` քիչ հետո դահլիճում հանձնվելիք պետական կամ գերատեսչական պարգև: Հավելեց, որ այդ շքանշանները պետք է ներշնչեն ոչ միայն հպարտության, այլև առավել մեծ պատասխանատվության զգացում, պարտավորեցնեն ավելի շատ ժամանակ հատկացնել գիտելիքների ու հմտությունների զարգացմանը, մեծացնել վստահված աշխատանքի արդյունավետությունը և համատեղ ջանքերով ապահովել ՀՀ զինված ուժերի առջև դրված խնդիրների հստակ կատարումը:

Նախարարը նշեց, որ անկախ սպառազինության արդիականացումից, նոր մարտահրավերների ի հայտ գալուց կամ, ընդհակառակը, արտաքին քաղաքական բարենպաստ պայմաններից, ազգային անվտանգության ապահովման գործում շարունակում է մեծ դեր խաղալ մարդկային գործոնը, ուստի աճող սերնդի և երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները պետության գլխավոր գերակայություններից են: Այս ասպարեզում բազմաթիվ անելիքներ կան, և պաշտպանության նախարարությունը հետևողականորեն համագործակցելով մի շարք գերատեսչությունների հետ` դպրոցից սկսած մեծ աշխատանք է կատարում այս ասպարեզում: Նրա կարծիքով, այս ամենն անկասկած շուտով կտա իր դրական արդյունքը` հանրապետության զինված ուժերը ռազմահայրենասիրական դաստիարակություն ստացած, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց առաքելությունը քաջ պատկերացնող գիտակից ու կարգապահ պատանիներով համալրելու գործում:

-Սակայն, միևնույնն է, մենք ենք պատասխանատու բանակում ամուր կարգապահության համար և չպետք է արդարանանք ամենատարբեր օբյեկտիվ գործոններով: Նման արդարացումները անընդունելի են, շատ բան կախված է մեր նվիրվածությունից, ձգտումից և բարեխիղճ աշխատանքից: Հիշենք, որ հայրենիքի ու բանակի ամենամեծ արժեքը զինվորն է, որն առաջին հերթին պետք է շրջապատված լինի բոլորիս հոգատարությամբ, վստահ լինի, որ յուրաքանչյուր սպա իր ավագ ընկերն է: Կարողացեք ճիշտ զուգորդել զինվորի նկատմամբ հոգատարությունն ու խստապահանջությունը, ապրեք նրանց հոգսերով ու զգացմունքներով, և մեր բանակը կլինի ավելի ամուր և կարգապահ, զերծ կմնա ներքին, նաև արտաքին մի շարք մարտահրավերներից: Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվի, թե ձեզանից միայն պահանջում են: Հնարավորության սահմաններում արվում է ամեն ինչ` զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները բարելավելու, սպաների ծառայողական առաջխաղացման մեխանիզմները կատարելագործելու համար և այլն: Կարծում եմ, այս ուղեգծի արդյունքը դուք տեսնում եք, իսկ շատ հարցերի նկատմամբ պետության ղեկավարության և պաշտպանության նախարարության մոտեցումները հստակ շարադրվել են ամռանը կայացած երիտասարդ սպաների անդրանիկ համաժողովում:

Մի քանի ամիս անց մենք մեծ շուքով կնշենք հայոց բանակի կազմավորման քսաներորդ տարեդարձը: Ես լիահույս եմ, որ անկախության և բանակի կազմավորման երրորդ տասնամյակ մենք կմտնենք առկա խնդիրները մեկընդմիշտ լուծելու և բացասական երևույթները արմատախիլ անելու հստակ ծրագրերով, դրանք իրագործելու եռանդով ու վճռականությամբ:

Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, երջանկություն, անձնական և ծառայողական նորանոր հաջողություններ` ի շահ մեր բանակի մարտունակության հետագա ամրապնդման և հայ ժողովրդի խաղաղ ու ազատ զարգացման:

Այնուհետև, ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի հրամաններով մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին ՀՀ պետական և գերատեսչական պարգևներով:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ Ազգային բանակ


28/09/2011