Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸՀայրենական  մեծ պատերազմի հաղթանակում  անուրանալի է հայ ժողովրդի մեծ ավանդը… Հայրենապաշտպանության սուրբ գործում իր լուման է ներդրել նաև մեր գերդաստանը:

1904թ. Գավառի Կարմիրգյուղ կոչվող շենում Մանուկ և Մագթաղ Արևշատյանների ընտանիքում է ծնվել ութ զավակներից առաջնեկը՝ Հայկը, որ 1941 թ. օգոստոսին, թողնելով երեք  անչափաս երեխաներին՝ Խաչիկին, Հրաչիկին, երեք ամսական Ռաֆիկին, և կնոջը՝ Աշխենին, մեկնել է ռազմաճակատ: Ինչպես գրված է  «Լենինյան դրոշով» թերթում՝ նա մասնակցել է Նովոռոսիյսկի, Կերչի և Դոնի Ռոստովի ազատագրման մարտերին: Ծանր  վիրավորվել է, ապաքինվելուց  հետո  համալրել սակրավորների ջոկատը: Նա  կռվել է, իսկ որդիները մեծացել են  հորից պարբերաբար  ստացվող նամակները  կրծքներին  սեղմած: Նամակներից մեկում Հայկը գրել է. «Մեր զորքերն անպայման կհաղթեն ֆաշիստներին, և հնարավոր է, որ շուտով հանդիպենք»: Այս նամակը շատ է ոգևորել ընտանիքի անդամներին. շուտով տեսնելու են  իրենց հայրիկին…

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸՀայկի կրտսեր եղբայր Սիմոնը այդ տարիներին դասավանդում էր գյուղի դպրոցում: Պատերազմի տարիներին մանկավարժներին չէին զորակոչում բանակ: Սիմոնը կորցրել էր հոգու անդորրը, ուստի վճռեց և 1943թ. հունվարին թողնելով երկու անչափահաս երեխաներին՝ Վանիկին և Լևիկին, ու կնոջը՝ Ասանեթին, կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ ավագ եղբոր հետքերով…

Մասնակցել է Կրասնոդարի  թեժ մարտերին, որտեղ էլ ծանր վիրավորվել է, եւ նրան տեղափոխել են Ախտիրսկայա ստանիցայի ռազմական հոսպիտալ:

1943թ., օգոստոս: Երկու եղբայրները ռազմաճակատի տարբեր հատվածներում էին: Հայկն իր սակրավորական ջոկատի հետ Դոնի Ռոստովում էր, իսկ Սիմոնը՝ հոսպիտալում: Շուտով թշնամին հարձակում սկսեց: Դրությունը բարդ էր: Հոսպիտալի զինվորներն ի վիճակի չէին նահանջելու և ստիպված էին դիմակայել թշնամուն այդտեղ: Ովքեր կարող էին տեղաշարժվել՝ մյուսներին զինեցին, խոստացան տեղ հասցնել նամակներն ու հեռացան…

Սիմոնի ընտանիքն ստացավ նրա նամակը.  գրում էր, որ ամեն ինչ կարգին է, և շուտով վերադառնալու է: Դա նրա վերջին նամակն էր… Սիմոնը զոհվեց 1943թ. օգոստոսին, զինվորական հոսպիտալի շրջակայքում տեղի ունեցած  անհավասար մարտի ժամանակ: Ամիսներ անց  «սև թուղթը» հանձնեցին հորը, որն այն գաղտնի պահեց Սիմոնի ընտանիքից, քանի որ սրտի տրոփյունով սպասում էին նրա վերադարձին:

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸՊատերազմն արդեն մոտենում էր երկար սպասված ավարտին: Ամենուրեք խոսում էին Խորհրդային Միության հաղթանակի մասին: Հայկի ընտանիքը կարոտը սրտում սպասում էր նրա վերադարձին: Իսկ այդ ժամանակ Հայկը սակրավորների ջոկատի հետ ականազերծում էր Տուլա-Օրյոլ երկաթգիծը, բայց մի օր դավադիր ականի անսպասելի պայթյունը կտրեց Հայկի հետ կրկին հանդիպելու՝ որդիների հույսը…

Արևշատյան եղբայրներն այդպես էլ չհանդիպեցին մարտի դաշտում… Հետո Հայկի «սև թուղթն» էլ հանձնեցին հորը՝ Մանուկին, որը երկու որդիների մահվան ծանր վիշտը սրտում ապրեց իր կյանքի վերջին տարիները և այդ գաղտնիքն իր հետ տարավ գերեզման: Հայկի և Սիմոնի ընտանիքները տարիներ շարունակ մեծ հավատով սպասում էին նրանց վերադարձին…

1978թ. Հայկի կրտսեր որդին՝  Ռաֆիկը, արխիվները փորփրելուց, բազմաթիվ տեղեկություններ հավաքելուց հետո միայն կարողացավ գտնել հոր և հորեղբոր գերեզմանները: Սիմոնի շիրիմը Կրասնոդարում էր, իսկ Հայկը հանգչում էր Տուլա քաղաքի Կոսայա գորա բանավանի եղբայրական գերեզմանոցում: Ռաֆիկը 1979թ. կնոջ հետ Կրասնոդարում այցելեց հորեղբոր շիրիմին, որից հետո նաև փնտրեց և գտավ հոր՝ Հայկի գերեզմանը Տուլայում:

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ1980թ. Արևշատյան եղբայրների շիրիմներին հերթական այցի ժամանակ Տուլայում մեծ շուքով դիմավորեցին Հայկի ընտանիքին ու մեծաթիվ հարազատներին և նրանց ուղեկցեցին եղբայրական գերեզմանատուն, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին և երախտիքի խոսքեր հնչեցրին: Այնուհետև նրանց ուղեկցեցին այն վայրը, որտեղ չարաբաստիկ ականի պայթյունից զոհվել էր Հայկը: Նրանք փամփուշտի  դատարկ պարկուճի մեջ   հող լցրին և հանձնեցին կնոջը՝ Աշխենին: Տարիներ անց, Աշխեն մայրիկի թաղման ժամանակ, որդիները հողին հանձնեցին նաև Տուլայից բերած պարկուճը:

…Արևշատյան եղբայրների անցած ուղու  և սխրագործությունների  մասին տեղեկություններ են հավաքված ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում թանգարանի աշխատակիցներին՝ մեր քաջ պապերի հիշատակը վառ պահելու և նրանց սխրագործությունների պատմությունը սերունդներին փոխանցելու շնորհակալ գործի համար:

 

ԳՈՌ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող