Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՂԹԱՆԱԿՍ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ, ԳՈՏԻՍ` ՆԱԽԱԳԱՀԻՆ»



ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ

-Հարգելի Վախթանգ, սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայկական սպորտի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-երեկո, որտեղ դու եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վերելքի ուղին բռնած Հովհաննես Ժամկոչյանը, Ազատ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Տոլմաջյանը տպավորիչ մենամարտերով հաղթեցիք ձեր մրցակիցներին։ Ինչպիսի՞ն է քո տպավորությունը երեկոյից։

-Ես, իմ թիմը եւ բոլոր նրանք, ում հետ ես զրուցել եմ երեկոյի մասին, բոլորն էլ տպավորված են, բոլորն էլ ասում են, որ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառում էր։

-Վախթա՛նգ, ինչքան էլ Հայաստանը ավանդույթներով հարուստ սպորտային երկիր համարվի, որն ունեցել է նաեւ սիրողական բռնցքամարտի ճանաչված դպրոց, տվել օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի տասնյակ չեմպիոններ ու մրցանակակիրներ, միեւնույնն է` մեր երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ կազմակերպելն այնքան էլ դյուրին գործ չէ։ Ինչպե՞ս հաջողվեց այդ դժվարին գործը գլուխ բերել, եւ ի՞նչ նպատակ էր այն հետապնդում։

-Առհասարակ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտ կազմակերպելը կապված է կազմակերպչական լուրջ դժվարությունների եւ ֆինանսական մեծ ծախսերի հետ։ Այս նախաձեռնությունս կյանքի կոչելու համար իմ թիմը նախ դիմեց ու ստացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի, իսկ խաղը դատելու համար էլ` IBO-ի մրցավարական խորհրդի համաձայնությունը։ Եթե ես չլինեի լավ անուն ունեցող բռնցքամարտիկ, հատկապես ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում, եւ իմ թիմն էլ ուժեղի համարում չունենար, վերը նշված կազմակերպությունները դժվար թե թույլ տային մեր երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո կազմակերպել։ Երազանքս հնարավոր եղավ իրականացնել նաեւ մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եւ միջոցառման գլխավոր հովանավոր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ գործարար աշխարհում հայտնի մի շարք հայորդիների հովանավորության շնորհիվ։ Գլխավոր նպատակս իմ հայրենիքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջնություն կազմակերպելն էր, որպեսզի ողջ աշխարհն իմանա, որ բռնցքամարտը Հայաստանում սիրված եւ ընդունված մարզաձեւ է, եւ հայ բռնցքամարտիկներն էլ կարող են լուրջ հաջողությունների հասնել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։

-Դու վստահաբար ներխուժեցիր պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհ, թեթեւ քաշային կարգում քո «ծանր» խոսքը տեղ հասցրիր, դարձար աշխարհի չեմպիոն, ապա բացարձակ չեմպիոն։ Հետաքրքիր է իմանալ, հիմա ի՞նչ որոնումների մեջ ես, ի՞նչ բարձունքներ ես ուզում նվաճել։

-Ձգտում եմ մտնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի ռեկորդների գիրք։ Ես 18 անգամ մասնակցել եմ աշխարհում ուժեղագույնի կոչման համար մղվող մենամարտերի, 8 անգամ դարձել եմ աշխարհի չեմպիոն (իսկ ռեկորդը 10-ն է)։ Եվս երեք հաղթանակ, եւ ռեկորդը կունենա հայկական գրանցում։ Մտադիր եմ քաշս փոխել եւ այլ քաշային կարգում դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն։ Երբ ի կատար ածեմ այս նպատակներս, այն ժամանակ էլ կմտածեմ ձեռնոցներս պատից կախելու եւ պրոումոթերական աշխատանքի անցնելու մասին։ Վստահ եմ, որ կլինեմ այնպիսի պրոումոթեր, որ անունս բավական կլինի իմ բռնցքամարտիկին մենամարտի կանչելու համար։

-Պրոֆեսիոնալ ռինգում 40 մենամարտ ես անցկացրել։ Քեզ հանդիպած բռնցքամարտիկներից որի՞ն կառանձնացնեիր իր տաղանդով, ուժով, հանրաճանաչությամբ։

-Ինձ հետ մենամարտած բոլոր բռնցքամարտիկներն էլ կա՛մ տվյալ քաշային կարգում առաջին համարն են եղել, կա՛մ էլ մտել են ուժեղագույն հնգյակի մեջ։ Իհարկե, եղել են նաեւ անհամեմատ ուժեղ եւ հանրաճանաչ բռնցքամարտիկներ, որոնցից կառանձնացնեի կոլումբիացի Իռենո Պաչեկոյին, որին երբ հանդիպեցի (2004թ.), նա 33 մարտ էր անցկացրել, եւ չէր կրել ոչ մի պարտություն, իսկ 25-ը հաղթել էր նոկաուտով, որից 6-ը աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելիս։ Ուզում եմ առանձնացնել նաեւ Միխարեսին, որին հաղթելուց հետո դարձա աշխարհի բացարձակ չեմպիոն։ Մեքսիկայի լեգենդ դարձած Խորխե Արսեին, որն այս պահին էլ չորրորդ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է։ Իմ նշած երեք բռնցքամարտիկներին էլ հաղթել եմ նոկաուտով։ Իսկ թե Էվաս Մբամբան որքանով է լավ բռնցքամարտիկ, կտեսնեմ սեպտեմբերի 3-ին։ Գիտեմ, որ կռվող բռնցքամարտիկ է, փախչել չի սիրում։ Դեռեւս երկու տարի առաջ, երբ նա այդ քաշում համար մեկն էր, փորձեց ինձ ձեռնոց նետել, բայց քանի որ ես քաշս փոխում էի, հետեւապես այդ մենամարտը չկայացավ։ Հարավաֆրիկացուն որպես թեկնածու IBO-ն է ինձ առաջարկել։ Նա այնտեղ առաջին համարն է։ Եվ հետո ինձ համար տարբերություն չկա, թե ով է մրցակիցս, կարեւորը լավ մարտիկ լինի։

-Ինչո՞ւ որոշեցիր դրոշը փոխել եւ մենամարտել եռագույնի ներքո։

-Ես ամեն առիթով ասել եմ ու կասեմ, որ աշխարհի չեմպիոն և ճանաչված եմ դարձել` ապրելով Ավստրալիայում ու մենամարտելով նրա դրոշի ներքո։ Այդ երկիրն ինձ տվել է ամեն ինչ։ Եվ ես երախտապարտ եմ Ավստրալիային ու նրա ժողովրդին, որ միշտ երկրպագել է ինձ։ Որոշումս քաղաքական ինչ-որ պատճառ չունի։ Պարզապես ես ցանկանում էի, որ իմ Հայաստան հայրենիքն էլ պրոֆեսիոնալ բռնցքամարտից դառնա աշխարհում հայտնի, եւ ես մտադիր եմ նրա դրոշի ներքո դառնալ ե՛ւ աշխարհի չեմպիոն, ե՛ւ բացարձակ չեմպիոն։ Շատ եմ ցանկանում ռեկորդներ սահմանել` որպես Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ։

-Այս ապրիլի 23-ին Պերեսի նկատմամբ տարած հաղթանակդ նվիրեցիր ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչը նաեւ սպորտի միջոցով գոց դռներն ու սրտերը բացելու մի ուրույն ձեւ է։ Եթե այս մրցամարտում հաղթես, հաղթանակդ ո՞ւմ ես նվիրելու։

-Հաղթանակս նվիրելու եմ Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձին։

-Քո հաղթանակին հավատում ու սպասում են բոլորը, եւ ինքդ էլ քո հարցազրույցներից մեկում ասել ես, որ ցանկանում ես գեղեցիկ ոճով հաղթել։ Անգամ խոստացել ես մրցակցիդ լավ ծեծել։

-Կձգտեմ խոստումս կատարել։

ՄԵՆԱՄԱՐՏԻՑ ՀԵՏՈ

-Հաճախ մարզիկի ոգեւորությունը փոխանցվում է երկրպագուներին, եւ նրանք հավատում ու հույսով սպասում են, որ իրենց կուռքը ամեն գնով կկատարի իր տված խոստումը։ Խոստացել էիր հայրենիքում մրցամարտ կազմակերպել, մրցակցիդ լավ ծեծել, նրան հաղթել նոկաուտով։ Առաջին երկու խոստումդ կատարեցիր, իսկ երրորդը՝ ոչ. Մբամբան մի քանի անգամ երերաց, բայց չընկավ։

-Կարեւորը, որ Մբամբայի եւ նրա թիմի երազանքն անկատար մնաց։ Բռնցքամարտում այսպիսի բան կա. երբ շատ ես ուզում կատարել խոստումդ, չի ստացվում։ Շատ էի ուզում, նույնիսկ շտապում էի նոկաուտով հաղթել եւ իմ սիրելի ժողովրդին հուսախաբ չանել, բայց չստացվեց։ Շտապելս ինձ խանգարեց, հետո նա շատ «ամուր ընկույզ» դուրս եկավ։ Այն, որ նա այդքան հարված ստացավ դեմքին, գլխին ու մնաց ոտքերի վրա, անկեղծ ասած, ինձ էլ զարմացրեց։ Այդ հարվածներից մի քանիսն էլ բավական են եղել, որ նախկինում ես տասնյակ հակառակորդների նոկաուտ անեմ։

-Շատերը այն կարծիքին էին, որ հարավաֆրիկացին քեզ արժանի հակառակորդ չէ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում ոչ այնքան հայտնի անուն է, սակայն մենամարտի ընթացքը լրիվ հակառակը ցույց տվեց. Մբամբան դիմացավ «Կատաղի ցլի» գրոհներին։

-IBO-ի ղեկավարությունն իրեն թույլ չէր տա իմ դեմ թույլ բռնցքամարտիկի հանել։ Պարտության դեպքում ես կկորցնեի չեմպիոնի գոտիս։ Բոլորդ տեսաք, թե մրցակիցս որքան լավ էր պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես։ Էվասը ուժեղ հարվածների է տիրապետում, թեպետ հոնքիս պատռվածքը գլխի հարվածի հետեւանք էր։

-Վախթանգ, չեմպիոնական գոտիդ նվիրեցիր նախագահ Սերժ Սարգսյանին։ Այդ որոշումը հաղթանակից ոգեւորված պահի՞ն կայացրիր, թե՞ նախօրոք էիր կայացրել։

-Ես մենամարտից հետո ասացի, որ մի շատ կարեւոր հայտարարություն ունեմ անելու։ Այս որոշմանս մասին տեղյակ էի պահել IBO-ի ղեկավարությանը եւ ստացել նրանց համաձայնությունը, առանց որի ես չէի կարող գնալ այդ քայլին։ Լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե այդ ժեստն արել եմ, որպեսզի իմ շնորհակալությունը հայտնեմ մեր երկրի նախագահին` դպրոցի տարածք տրամադրելու համար։ Անկեղծ ասած, չէի ուզենա, որ նման մեկնաբանություններ արվեն, քանի որ այդպես չէ։ Իմ մտքով անցել է իմ երկրի նախագահին նվիրել իմ հալալ քրտինքով վաստակած չեմպիոնական գոտիներից մեկը, ես էլ սրտանց նվիրել եմ։ Ի՞նչ է, իրավունք չունե՞մ։ Եվ հետո` Սերժ Սարգսյանը բացարձակապես տեղյակ չի եղել իմ որոշման մասին. գոտիս եմ նվիրել, ոչ թե տիտղոսս։ Մի քանի ամսից ինձ կուղարկեն գոտուս պատճենը, բայց այնտեղ չի լինելու հաշվառման կոդը։ Ես հաղթանակս նվիրեցի մեր երկրի անկախության 20-րդ տարեդարձին, գոտիս՝ այդ անկախությունը կերտողներից մեկին՝ նախագահ Սերժ Սարգսյանին։

-Երեքուկես տարի է անցել քո առաջին պարտությունից, որի շնորհիվ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում ոչ այնքան հայտնի Նոնիտո Դոները դարձավ հանրահայտ եւ, ինչպես դու էիր բնորոշել, «հիմա նրան թագավորի պես սիրում են»։ Վերջապես ե՞րբ ենք ականատես լինելու այդքան սպասված ռեւանշ-մենամարտին։

-Այսքան ժամանակ ես նրան մենամարտի եմ կանչում, խոստանում մեծ գումար, սակայն ինքն ու իր պրոումոթեր, նախկինում հռչակավոր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն ու բացարձակ չեմպիոն Օսկար Դելահոյան, հրաժարվում են։ Եկող տարի ամենայն հավանականությամբ այդ մենամարտը կկայանա, նա այլեւս չի կարող ինչ-ինչ պատճառաբանություններով խուսափել ինձ հետ մենամարտելուց, այլապես գոտին կկորցնի։ Ինձ հետ մենամարտելուց նա կարող է խուսափել միայն քաշային այլ կարգ տեղափոխվելով։

-Վախթանգ, մեկ շաբաթից աշխարհասփյուռ հայությունը կնշի մայր հայրենիքի անկախության 20-ամյա տարեդարձը։ Մասնակցելո՞ւ ես անկախության տոնին։

-Շատ ափսոսում եմ, բայց այդ օրը հնարավոր է չլինեմ հայրենիքում եւ ներկա չգտնվեմ այդ պատմական իրադարձությանը։ Անգամ եթե ներկա չլինեմ, ես ու իմ ընտանիքը, իմ թիմը սրտով, հոգով մեր ժողովրդի հետ ենք եւ նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռվից նրա հետ կկիսենք այդ մեծ ուրախությունը։ Կեցցե մեր անկախությունը, փառք Հայաստանին, իմ հայ ժողովրդին, որին սպասում է պայծառ ու լուսավոր ապագա։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #36 (901) 15.09.2011 – 21.09.2011, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


22/09/2011