Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԲԱՔՎԻՆ»



* Ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող Ռահիմ Շյուքուրովը:
* Գեներալ Ռզաեւին սպանել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարության թողտվությամբ:
* Ադրբեջանցի սպաները խորը գիտելիք եւ մանկավարժական փորձ չունեն:

Արտակարգ պատահարներ

Հավաստի տվյալներով, այս տարվա հունվարից հոկտեմբեր ամիսներին ադրբեջանական բանակում գրանցվել է մոտ 230 արտակարգ պատահար, որի հետեւանքով զոհվել է առնվազն 111, վիրավորվել` 109 զինծառայող: Ընդ որում, ոչ կանոնադրական հարաբերությունների եւ ցածր կարգապահության հետեւանքով մահացածները կազմում են զոհերի ընդհանուր թվի մոտ 60%-ը:
Կան նաեւ արտակարգ պատահարներ, որոնք կարելի է վերագրել պատահականությանը, բայց իրականում զինվորական ծառայության վատ կազմակերպման, ի վերջո` ցածր կարգապահության հետեւանք են: Օրինակ` հոկտեմբերի 24-ին Սամուխի շրջանում տեղի ունեցած վթարը. զինվորական մեքենայի շրջվելու հետեւանքով 9 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի մեղավորը եղել է վարորդը, իսկ տուժածները ժամկետային ծառայության զինվորներ են («1news.az», 25.10.2010):
Ադրբեջանական բանակում արտակարգ պատահարների ավելացման միտումը պահպանվում է: Նոյեմբերի սկզբին մահացավ Ադրբեջանի հարավարեւմտյան զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Ռահիմ Շյուքուրովը: Ըստ պաշտոնական վարկածի` նա ինքնասպան է եղել («panorama.am», 02.11.2010):
Նոյեմբերի 3-ին զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ավիացիայի ակադեմիայի շրջանավարտ 22-ամյա Ռամիշ Աթակիշիեւը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել «կոկորդի հետ կապված խնդիրների պատճառով» («novosti.az», 04.11.2010):

Սպանվել են բարձրաստիճան հրամանատարներ

Ադրբեջանական բանակում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13.5%-ով ավելացել են հանցագործությունները: Ծանր հանցագործությունների թվում առանձնանում են Մինգեչաուրում տեղակայված ՀՕՊ զորամասի հրամանատար գնդապետ Ջանփոլադ Ալիեւի եւ Ադրբեջանի ՊՆ հրաձգության վարչության բաժնի պետ գնդապետ Գասըմ Ռամազանովի սպանությունները: Դրանք վկայում են, որ քրեականացված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ամբողջ համակարգը:
Նման եզրակացություն են հուշում 2009թ. փետրվարի 11-ին սպանված` Ադրբեջանի ՌՕՈՒ եւ ՀՕՊ զորքերի հրամանատար, պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ռայիլ Ռզաեւի գործում ի հայտ եկած սկանդալային փաստերը: Մասնավորապես, գեներալի նախկին օգնական Այդին Ռաֆիեւի այն հայտարարությունը, որ «գեներալի ընտանիքի անդամներն ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը գիտեն, թե ով է սպանության պատվիրատուն»:
Ռաֆիեւը դատավարության ժամանակ պատմել է, որ գեներալի սպանությունից երկու շաբաթ առաջ նրա ավտոմեքենան Բաքվի կենտրոնում գնդակոծվել է, եւ գեներալը միայն հրաշքով է ողջ մնացել: «Ռզաեւը ՊՆ ղեկավարությանը գրավոր տեղեկացրել է, որ իրեն հետեւում են: Դրանից հետո նրան սկսել են ավելի բացահայտ հետեւել, ինչը գեներալին խիստ նյարդայնացրել է: Նա ՊՆ ղեկավարությունից պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել` իր անվտանգությունը ապահովելու համար եւ սպառնացել, որ հակառակ դեպքում կհրապարակի «ՄիԳ-29» ինքնաթիռների գնման ընթացքում կատարված ապօրինությունների վերաբերյալ իր տեղեկությունները, որոնք պահում է արտասահմանյան բանկերից մեկի պահոցում»,- դատարանում ասել է Ռաֆիեւը:
Խոսքը 2007թ. Ուկրաինայից գնված «ՄիԳ-29» 12 օգտագործված ինքնաթիռների մասին է, որոնցից յուրաքանչյուրն, իբր, արժեր 27 մլն դոլար: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` այդ գինն ուռճացված էր, ինչի համար պատժվել էր գեներալ Ռզաեւի մերձավոր, Գալա ավանում տեղակայված ՌՕՈՒ զորամասի հրամանատար Ֆայիգ Մեմեդովը. նրա զինվորական կոչումը փոխգնդապետից իջեցվել էր մայորի: Իսկ Ռզաեւի սպանությունից հետո նրա պաշտոնը բարձրացվեց. պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանով Մեմեդովը նշանակվել է ՊՆ ավիացիոն անվտանգության ծառայության պետ: Գեներալ Ռզաեւի` ինքնաթիռների գործարքի հետ կապված մերկացնող տեղեկություններն էլ մինչ օրս ի հայտ չեն եկել: Այս ամենը գրում է «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթը («panorama.am», 01.11.2010):

Դրամաշորթություն ադրբեջանական բանակում

Վերը նշված ժամանակահատվածում Ադրբեջանի բանակում արձանագրվել են դրամաշորթության աղմկահարույց դեպքեր: Բաքվի կայազորի զորամասերից մեկում կրտսեր սերժանտներ Դ.Հաջիեւը, Ա.Շամիլովը, շարքայիններ Ու.Ալլահվերդիեւը, Ֆ. Խոջաթովը եւ Ռ.Հուդրաթովը արձակուրդից վերադարձած զինվորներից մշտապես դրամ են շորթել եւ նրանց հաշվին լիցքավորել իրենց բջջային հեռախոսները:
Շամխորի շրջանում տեղակայված զորամասի զինծառայողներ Շ.Մեհտիեւը եւ Ջ.Հասիմովը պարբերաբար շորթել են զինծառայողների դրամական բավարարումը: Զ.Թաղիեւի անվան ավանում տեղակայված զորամասում պարտադիր զինծառայությունից պահեստազոր ուղարկվող յուրաքանչյուր զինվորից շորթվել է 50-60 դոլար:
Կան նաեւ պետական միջոցների յուրացման աղաղակող դեպքեր: Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում յուրացվել է 380-440 հազար դոլար, հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է զորամասի ֆինանսական ծառայության պետը:
Ինչ վերաբերում է կաշառակերությանը, ապա այն Ադրբեջանի զինվորական ու պետական պաշտոնյաների կենսակերպն է: Այսօր Ադրբեջանում զինծառայությունից խուսափողը կարող է կաշառք տալով 10 օրում զինգրքույկի տեր դառնալ` համարվելով զինծառայության համար ոչ պիտանի: Բանն այն է, որ «Զորակոչի մասին» Ադրբեջանի նոր օրենքի համաձայն` զինծառայության համար զորակոչիկների պիտանելիությունը որոշելու լիազորությունները զինկոմիսարիատներից փոխանցվել է շրջանային բժշկական հանձնաժողովներին, որոնք գործում են ՊՆ կազմզորահավաքային վարչության կազմում: Այս փոփոխությունը 2-3 անգամ մեծացրել է կաշառքի չափը. եթե նախկինում հարցը լուծվում էր 400-850 դոլարով, ապա այսօր` 2500-3800 դոլարով: Բաքվում զինծառայությունից ազատվելն արժե 5000-12500 դոլար:
Զարմանալի չէ, որ մինչեւ ուղնուծուծը փտած համակարգում արդյունավետ չէ նաեւ մարտական պատրաստության գործընթացը: Թեպետ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան, հավաստի տվյալներով, այդ բնագավառում դրական տեղաշարժ դեռեւս չկա: Մարտական պատրաստությունը կազմակերպում եւ անցկացնում են սպաներ, որոնք մասնագիտական գիտելիք եւ մանկավարժական փորձ չունեն: Սա վերաբերում է հատկապես կրտսեր հրամկազմին:
Բացի դրանից, մարտական պատրաստությանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ առաջին գծի զորամասերի անձնակազմի կեսը մշտապես ընդգրկված է մարտական հերթապահության մեջ եւ, բնականաբար, մարտական պատրաստությամբ չի զբաղվում: Էլ չասած, որ մարտական հենակետերի սպայակազմը համալրված է ընդամենը 65%-ով:
Թերեւս, նաեւ այս փաստերը նկատի ուներ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` հոկտեմբերի վերջին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարելիս. «Ադրբեջանի ռազմական ծախսերի ավելացումը չի նշանակում նրա զինված ուժերի մարտունակության աճ: Միայն ռազմական ծախսերն ավելացնելով եւ սպառազինություն ձեռք բերելով` հաղթանակ ակնկալելն առնվազն միամտություն է: Պատերազմի ելքը պայմանավորված է շատ ավելի կարեւոր գործոններով: Դրա ակնառու վկայությունը Ղարաբաղյան պատերազմի դասերն են» («regnum.ru», 26.10.2010):
Դ.Տոնոյանը նշել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացմանը Հայաստանը պատասխանում է «անհամաչափ (ասիմետրիկ) քայլերով», այսինքն` այնպիսի հակամիջոցներով, որոնք համեմատաբար էժան են, բայց արդյունավետ: «Ռազմարվեստում ասիմետրիան ենթադրում է հակառակորդին անընդունելի վնասի պատճառում փոքր ուժերով, փոքր հնարավորություններով,- հայտարարել է պարոն Տոնոյանը:- Մենք մշակում ենք ռազմավարական զսպման համակարգ եւ դրանով իսկ խաղաղություն ենք պարտադրում Բաքվին»:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #44 (859) 10.11.2010 – 17.11.2010, Ռազմաքաղաքական


10/12/2010