Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԵՍ ԵՄ»
«ԵՍ ԵՄ»

Զորակոչը հանրապետությունում շարունակվում է: Հայրենիքի նորօրյա պաշտպանները մեկնում են զինվորական  ծառայության այն զորամաս, որն ընտրել են վիճակահանությամբ: Զորակոչիկներից ոմանք, սակայն, նախընտրել են այլընտրանքային ծառայության տարբերակներ. բանակ են զորակոչվելու «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով:

«ԵՍ ԵՄ»«Ես եմ» ծրագրի մասին զորակոչիկ Էրիկ Գասպարյանը տեղեկացել է տարածքային զինկոմիսարիատից, հետաքրքրվել է մանրամասներով, խորհրդակցել հարազատների հետ ու որոշել, որ բանակ է զորակոչվելու այդ տարբերակով:

– Երբ իմացա «Ես եմ» ծրագրի մանրամասների մասին, պայմաններն անմիջապես գրավեցին ինձ: Բավականին շատ են արտոնություններն ու առավելությունները: Միայն այն հանգամանքը, որ յուրաքանյուր ամիս մեկ շաբաթ անցկացնելու ես տանը՝ ընտանիքիդ հետ, կարծում եմ, արդեն իսկ գրավիչ է և ոգևորիչ:

Ժամ առաջ ներկայացել եմ զինկոմիսարիատ՝ «Ես եմ»-ի դիմում-հայտը լրացնելու: Վստահ եմ, որ ժամկետային-պայմանագրային հիմունքով բանակ զորակոչվելու այս տարբերակի հեռանկարային արդյունքներն ինձ պես շատերին կուղղորդեն:

 

«ԵՍ ԵՄ»Զորակոչիկ Արիստակես Ազատյանն էլ «Ես եմ» ծրագրով բանակ զորակոչվելու տարբերակի մասին գովազդը դիտելուց հետո անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացել է զինկոմիսարիատ, որտեղ էլ առավել մանրամասն, կետ առ կետ սպաները ծանոթացրել են «Ես եմ» ծրագրի առանձնահատկություններին ու առավելություններին: «Գիտեմ, որ ուսումնական փուլն ավարտելուց հետո երկու շաբաթ լինելու եմ մարտական հենակետում, մեկ շաբաթ զորամասում և մեկ շաբաթ՝ տանը»,-նշեց Արիստակեսը:

Զորակոչիկ Ազատյանը նաև որոշել է, թե ինչպես է ծախսելու ծառայության ավարտին իրեն հատկացվելիք 5 մլն դրամը՝ վճարելու է ուսման վարձը: