Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
25 ՏԱՐԻ ԱՌԱՋ
25 ՏԱՐԻ ԱՌԱՋ

 

25 ՏԱՐԻ ԱՌԱՋԱրցախյան շարժումը, որը վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրելու նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել ԼՂՀ կազմից: 1993թ. մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը: 1993-ի մարտի 31-ին Սիսական ջոկատի մի վաշտ, Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ, Լաչինից շարժվեց հյուսիս՝ հասնելու Քարվաճառի ազատարարներին: Սիսիանցիները պետք է անցնեին Վակունիս գյուղով, որն, ըստ տեղեկությունների, ազատագրված պիտի լիներ: Սակայն 31 հոգուց բաղկացած մարտական ջոկատն ընկնում է շրջափակման մեջ: Թշնամու հրետանին դիմացից խոցում է մեր տղաների ռազմական մեքենան: Հայոց քաջերը կռվում են հերոսաբար, սակայն հայտնվելով բաց ու հարթ տարածքում, ընկնում են ուղիղ նշանառության տակ, վիրավորվում, զոհվում: Ծանր վիրավորվում է նաև հրամանատարը, արյունաքամ  լինում, սակայն իր զինվորներին կարգադրում է՝ իրեն այնպես պառկեցնել, որ շարունակի մարտը ղեկավարել: Մարտի 31-ին Վակունիսի այս դաշտում մարտիրոսվում են Վուրգը և իր ջոկատի 10 մարտիկ՝  Գևորգ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Վահան Սիմոնյանը, Հրայր Եղիազարյանը, Զոհրակ Գևորգյանը, Ալբերտ Ազարյանը, Վալերիկ Ավետիսյանը, Վարդան Բաբայանը, Մելսիկ Աթանեսյանը, Վոլոդյա Կարապետյանը։

1993թ. դեկտեմբերին կազմավորվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը: Վուրգ Ոսկանյանի անունով է կոչվում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հարավ ընկած գյուղերից մեկը՝ Վուրգավանը: Գրեթե նույն հեռավորությամբ` հյուսիսում է Վակունիս գյուղը: Գյուղի դպրոցը կոչվում է Վուրգ Ոսկանյանի անվամբ։ Գյուղի մոտակա բաց դաշտում բացվել է Սիսական ջոկատի հուշակոթող-խաչքարը: Ամեն տարի մարտի 31-ին մարդաշատ է Վակունիսը: Այստեղ են գալիս Վուրգի զինակից-ընկերները, հարազատները, մշակութային խմբեր, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան բնակավայրերի բնակիչներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Իսկ Վուրգ Ոսկանյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվում է քաջորդիներին նվիրված հուշ-ցերեկույթ, որն այս տարի կայացավ ապրիլի 10-ին: Դպրոցի աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, ազգագրական պարերով, ասմունքով: Անդրադարձ եղավ նաև 2016թ. Ապրիլյան պատերազմին: Սիսական ջոկատից այդ օրերին զոհվեցին Վուրգի ութ զինակից ընկերները: Դպրոցականները ներկայացրին Վուրգ Ոսկանյանի կենսագրությունը՝ նշելով հերոսի անցած փառավոր ճանապարհը, որն ընդհատվեց իրենց բնակավայրի ազատագրման համար մղված մարտում: Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցի զինղեկը։ Արցախյան շարժման առաջին օրերից Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորականների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Դպրոցի տնօրեն Վ. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ մասնակից եղան իր սաների ներկայացմանը, բոլորին մաղթեց հաջողություն և խաղաղություն: Երեկոյան հրաժեշտ տվեցինք Վակունիսին՝ հավատով, որ այս փոքրիկները տեր են լինելու Վուրգի և նրա զինակիցների ազատագրած, նրանց արյամբ սրբացած հողին…

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ