Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՇՏԱԿՈՎ ԿԻՆԸ



ՄՈՒՇՏԱԿՈՎ ԿԻՆԸԵս շատ լավ եմ լեզու գտնում երեխաների հետ։ Երեխաներն ինձ սիրում են, քանի դեռ նրանց «իմաստուն» մայրիկները խելքներին զոռ չեն տվել.

-Ճաշիկդ կեր, թե չէ` Գայանեն կսրսկի։

Ա՜յ քեզ բան։ Նախ՝ ես ինչ կապ ունեմ սրսկելու հետ (մանկուց ատել եմ սրսկիչներն ու վախեցել բժիշկներից)։ Եվ հետո՝ կարելի էր ասել՝ ճաշիկդ կեր, թե չէ` կսրսկեմ։ Սրսկելը սրսկել է, ի՞նչ կապ ունի, թե ով կսրսկի։

Ինչևէ, ես չեմ հանդուրժում, երբ ինչ-որ մեկը փորձում է փչացնել իմ ու երեխաների փոխհարաբերությունները, ու անմիջապես ասում եմ.

-Ես չեմ սրսկի, թեկուզ ամբողջ ճաշիկդ չուտես։ Ես բժշկուհի չեմ և երբեք չեմ եղել։ Ես զինվոր եմ, զին-վոր…

Երեխաները «զինվոր» բառը լսելուն պես այնպես են խանդավառվում, այնքան են տարվում «զենքիս, ուսադիրներիս ու քաջագործություններիս» մասին ինքնահնար պատմություններով, որ մայրիկները հասցնում են նրանց կիսաբաց բերանները խցկել ափսեի ամբողջ պարունակությունը։

…Երբեմն ինքս ինձ նվեր եմ անում՝ զինվորական համազգեստով մտնում եմ խանութ կամ նստում եմ երթուղային տաքսի ու վայելում ինձ ուղղված ակնածալի հայացքները։ Երբ զինվորական համազգեստով եմ, ամենայն բծախնդրությամբ եմ հետևում պահվածքիս, շարժուձևիս, խոսքիս։ Չէ՞ որ մի ամբողջ փառահեղ խավի պատիվն ու հեղինակությունն եմ մարմնավորում իմ համազգեստով։ Օրինակ, երբ զինվորական համազգեստով եմ, չեմ կոպտում լավաշի երկար հերթում հենց նոր հայտնված ու հերթս խլել փորձող հաղթանդամ հորեղբորը։ Ու որքան էլ ոտքերս հոգնած լինեն բարձրակրունկներով քայլելուց, մեղմ ժպիտով ու թավշյա ձայնով ասում եմ.

-Պարոն, հիմա իմ հերթն է, Դուք հենց նոր եկաք, խնդրում եմ՝ գնացեք ու կանգնեք վերջում։

Ես գիտեմ, որ կիսաբաց սև վերնաշապիկի վրա կիլոգրամանոց ոսկե խաչ կրող նման հորեղբայրների ծալ-ծալ պարանոցի ու փարթամ այտերի արանքում կորած ականջները դժվարությամբ են ընկալում ցածր տոները, բայց, միևնույն է, ձայնս չեմ բարձրացնում նաև այն ժամանակ, երբ հորեղբայրը խորին արգահատանքով ոտից գլուխ չափում է ինձ ու ասում վաճառողուհուն.

-Հինգ կիլո՝ չորերից (խոսքը լավաշի մասին է)։

Այդ ժամանակ ես նույն բարեհամբույր տոնով ասում եմ.

-Լավ, այս անգամ առանց հերթի գնեք, բայց մյուս անգամ նման բան չանեք,- ու համբերությամբ սպասում եմ, թե երբ է վաճառողուհին ներսից 5 կգ չոր լավաշ բերելու հորեղբոր համար։

Սա պատմեցի, որ համոզվեք՝ երբ զինվորական համազգեստով եմ, անհնար է ինձ հունից հանել։ Ես նույն պայծառ ժպիտով եմ պատասխանում ինձ ուղղված (հիմնականում) սիրալիր, (երբեմն) անտարբեր և (հազվադեպ) անհաճո հայացքներին։

Այդ օրը նույնպես զինվորական համազգեստով էի։ Դեմքի խաղաղ արտահայտությամբ, հոլիվուդյան մեղմ ժպիտով փորձում էի կարդալ թթվասերի տուփի վրա նշված պիտանելիության ժամկետը, երբ տեսա նրան։ Ավելի ճիշտ՝ տեսա մուշտակը, որի մեջ նա էր։ Որքան էլ ինձ մանկուց սովորեցրել են արհամարհել ամեն շքեղություն և նախապատվությունը տալ հարմարավետությանը, որքան էլ ասել են, որ ամենակարևորը մարդու առաքինություններն են և ուղեղի պարունակությունը, ու գրքերն ավելի մեծ հարստություն են, քան ադամանդակուռ զարդերը, միևնույն է, ես առաջինը նկատեցի մուշտակը, որի փայլուն, սպիտակ փափկությունը ձգվում էր մինչև դեռատի կնոջ կոճերը՝ ստվերելով նույնիսկ նրա անխաթար գեղեցկությունը։ Իսկ կինը, իրոք, գեղեցիկ էր՝ անգամ տարատեսակ ուտելիքներով ծանրաբեռ երկու ահռելի սայլակների գաստրոնոմիական ֆոնին։ Իսկ քիչ հեռու հինգ-վեց տարեկան մի փոքրիկ տղա քաղցր պանրիկներ էր լցնում մոմլաթե սպիտակ տոպրակի մեջ։ (Դրանք տարբեր մրգահամերով են լինում ու շոկոլադապատ)։ Ես ժպտացի տիկնոջը, շոյեցի փոքրիկի գլուխը ու շարունակեցի վերծանել թթվասերի պիտանելիության ժամկետի անհասկանալի հիերոգլիֆները։ 

-Հերի՛ք է, էդքան մի լցրու,- հանկարծ բղավեց կինը՝ փորձելով խլել տոպրակը երեխայի ձեռքից։

-Չէ՛, հերիք չի՛,- ավելի բարձր բղավեց երեխան ու ձեռքի քաղցր պանրիկները նետեց հատակին։

-Բալի՛կ ջան, չի՛ կարելի խանութում վիճել մայրիկի հետ։- Ես փորձեցի օգնել մուշտակով կնոջը։

-Համ էլ՝ սա խանութ չի, սուպերմարկետ ա,- ասաց երեխան արհամարհանքով։ Ու այդ պահին մայրն այնպիսի հպարտությամբ նայեց շուրջը, ասես իր տղան առաջին տեղ էր գրավել շախմատի կամ ջութակի մրցույթում։

-Բոլոր սուպերմարկետները, նույնիսկ հիպերմարկետները և, առհասարակ, բոլոր մարկետներն ընդամենը խանութ են, որտեղ հաց ու երշիկ, գուլպա ու կոշիկ են վաճառում, ոչ պատկերասրահ են, ոչ էլ թանգարան,-բացատրեցի մայրիկին՝ փորձելով պահպանել հոլիվուդյան ժպիտս։

-Խելոք մնա, տես՝ ինքը ոստիկան է, քեզ կծեծի, կտանի բանտ,- ասաց կինը՝ ադամանդներով զարդարված մատը մեկնելով ինձ։

Չէի հասցրել սաստել կնոջը, երբ երեխան պատասխանեց.

-Պապաս «Լեքսուսով» դուրսն ա, կզանգեմ, կգա, տես՝ քեզ ինչ կանի…

Ես պիտի սովորեմ տարբերել մեքենաների տեսակները։ Գոնե պիտի հասկանամ, որ «Լեքսուսը» «Օփել» չէ, իսկ «Ջիփն» ու «Նիվան» միայն արտաքինով են նման։ Այդ դեպքում կկարողանամ խուսափել որոշ տհաճ իրավիճակներից։

-Տիկի՛ն,- ասացի,- Ձեր երեխան բացարձակ դաստիարակություն չի ստացել։ Եվ, առհասարակ, այս սայլակները պետք է Ձեր ամուսինը («Լեքսուսի» տերը) քարշ տա, ոչ թե Դուք։ Երեխային ոստիկանով վախեցնելու փոխարեն, նրան քաղաքավարություն սովորեցրեք։ Ինչ վերաբերում է ոստիկաններին, նրանք ոչ միշտ են ծեծում մարդկանց։ Եվ հետո, լայն բացեք Ձեր աչքերը։ Սա ոստիկանակա՞ն համազգեստ է։ Գույները չե՞ք տարբերում։ Ես զինվորական եմ։ Զին-վո-րա-կան։

Եվ այս քաջ փոքրիկին ոչ թե բանտ, այլ բանակ կտանեմ։ Որ զենքով պաշտպանի հայրենիքը, հաղթի թշնամուն ու հերոս դառնա։

Առհասարակ, նման տեքստերից հետո երեխաներն ուրախությունից թռչկոտում են, և մենք անմիջապես բարեկամանում ենք։ Բայց այս անգամ անսպասելի բան կատարվեց։ Երեխան սկսեց սարսափահար ճչալ՝ թաքնվելով մոր փայլուն-սպիտակ փեշի տակ։ Մուշտակով կինը ատելությամբ նայեց վրաս և ասաց.

-Մալադեց, քո չափ խելք չունեինք։ Լեղաճաք արիր էրեխուս։

Կինը երկու ծանրաբեռ սայլակները մոռացած՝ ճչացող երեխային գիրկն առավ ու վազեց դեպի խանութի ելքը, որտեղ նրանց սպասում էր «Լեքսուսով» հայրիկը։ Իսկ ես շարունակեցի անխռով ուսումնասիրել թթվասերի տուփը, որի պիտանելիության ժամկետի տեղում երկու փոքրիկ թանաքակույտ էր։ …Որովհետև ես դեռ չգիտեի, թե «Լեքսուսն» ինչով է տարբերվում «Օփելից»։ Մեր մեջ ասած՝ հիմա էլ չգիտեմ։

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #06 (1228) 14.02.2017 – 20.02. 2017, Բանակ և հասարակություն


15/02/2018