Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԿԱՆԵ ԳՈՏԻ



ԱԿԱՆԵ ԳՈՏԻԿրակոցի ձայնին ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Այս կողմերում կրակոցներն այնքան սովորական են, որքան թռչունների վաղորդյան ծլվլոցը լուսամուտի տակ:

-Համերգն սկսեցին,- ասաց Նարեկը, ու նույն պահին օդում ճայթեց զենիթային ինքնագնաց կայանքների որոտը:

-Անօդաչուներն են հյուր եկել, «հրավառություն» է լինելու:

Տղերքն անշտապ խմբվեցին զորանոցի լուսամուտների մոտ:

-Էս ոնց որ լուրջ բան է,- Անդրանիկը հարցական նայեց Ավետին: Ոչ ոք չարձագանքեց: Բոլորն անաղմուկ անկողին մտան, ու զորանոցը մթնեց: …Քունը չէր տանում: Կրակոցների ձայնը հետզհետե ավելի էր մոտենում: Հիշեց իր առաջին «մկրտությունը»: Հաջորդ օրը երդման արարողությունն էր լինելու, ու հուզմուքից ոչ ոք չէր կարողանում քնել: Մեկ էլ գիշերվա լռության մեջ կայծակի պես պայթեց «մարտական տագնապ» կանչը: «Մարտական»: Սիրտն սկսեց արագ բաբախել: «Պատերազմ է»` միտքը շամփրեց ուղեղը: Վեր թռավ անկողնուց:

-Բա մենք ի՞նչ ենք անելու,- հարցրեց սերժանտին:

-Դո՞ւք… ոչ մի բան,- սերժանտն այնպիսի հայացքով նայեց՝ կարծես ասելիս լիներ` «Դուք էիք պակաս»:

– Դիվերսիոն հարձակում է եղել, զոհ ու վիրավոր ունենք: Քնե՛ք:

Ոչ ոք չքնեց: Պառկել էին` ամեն մեկն իր մտքերի հետ: Ու առավոտյան «վեր կացը» դիմավորեցին բաց աչքերով: Քաղաքի կենտրոնում, հուշարձանի մոտ, երդման արարողության ժամանակ հատուկենտ կրակոցներ էին լսվում: Տնեցիք երեւի վախեցած են` մտածեց: Բազմամարդ ամբոխի մեջ հազիվ գտավ մորն ու քրոջը, ձեռքով արեց, ժպտաց: Արագ երդվեցին, ու ամեն մեկն իր ընտանիքն առած գնաց մի քանի ժամ հանգստանալու: Չի էլ հիշում, թե ինչ ասաց մորը, որ համոզի ժամանակից շուտ վերադառնալ տուն, քանի կրակոցները լռել էին, թե չէ՝ հետո շատ էր հուզվելու: Մորը հիշելիս սրտի միջով տաք ալիք անցավ: Կոպերը ծանրանում էին:

…Չհասկացավ` ոնց ննջեց: Երբ աչքերը բացեց, գիշերվա ժամը երկուսն էր: Վաշտի հրամանատարը կանգնած էր գլխավերեւում:

-Արկերը քաղաքի վրա՞ են ընկնում,- հարցրեց:

Կապիտանը գլխով արեց:

-Պիտի շարժվենք նստեցման վայր:

Բակում իրարանցում էր: Զինվորները` զենքերը ձեռքներին, վազելով լցվում էին բեռնատարներն, ու մեքենաները մեկը մյուսի հետեւից դուրս էին գալիս զորամասից: Լուռ հագնվեցին: Մի քանի րոպե հետո արդեն «Զիլը» շարժվում էր ցեխոտ ճանապարհով: Հակառակի պես, անձրեւը նորից սկսվեց: Կանգ առան ու մինչեւ ծնկները ցեխի մեջ թաղվելով` սկսեցին քողարկել մեքենաները: Փոս փորելն ավելի դժվար էր: Թաց հողը կրկնակի ծանր էր: Վերջապես գործն ավարտեցին ու տեղավորվեցին փոսում: Անձրեւը վարարել էր: Ջուրը լցվում էր փոսը, թրջում հագուստը: Ավետը փակեց աչքերը: Պետք էր ինչ-որ բան մտածել՝ ցուրտն ու մաշկի վրայով հոսող անձրեւի սառնությունը չզգալու համար: Հիմա իրենց գյուղում իսկական ձմեռ է: Արագածի փեշին գյուղը 7 ամիս ծածկված է ձյան հաստ շերտով` ճերմակ, հեքիաթային: Աչքերի առջև նկարվեց հարազատ պատկերը: Դրսում ճքճքան ցուրտ էր, իսկ տանը վառարանը կարմրում էր տաքությունից: Երեկոյան ընթրիքից հետո պապը նստում էր վառարանի մոտ ու հեքիաթ էր պատմում: Պապը լավ պատմող էր: Նույն հանգիստ, խռպոտ ձայնով պատմում էր ջրահարսերի, բարի կախարդների ու Հայրենական պատերազմում իր քաջագործությունների մասին: Այնքան պատկերավոր էր պատմում, որ թվում էր՝ ֆիլմ ես նայում: Հետո մայրը դաշնամուր էր նվագում ու երգում էր… Շատ գեղեցիկ էր երգում մայրը:

…Ռումբերի ոռնոցն ու արկերի պայթյունը գնալով ուժեղանում էին, ու մերթընդմերթ լսվում էին մերոնց ձայները. «Վայ քո ցավը տանեմ, ուղիղ կալոնայի մեջ խփեցիր», «Աջ ուղղությամբ տանկեր են մտնում, անշարժացրե՛ք»…

-Ինչքա՞ն ենք այստեղ նստելու,- Գոռի ձայնն էր: Արձագանք չեղավ: Բոլորն էլ նույնն էին ուզում, որ վերջապես դուրս գան էս անիծված փոսից: Մի շաբաթ էլ չի անցել, երբ Թալիշում ականներն էին տեղադրում: Փետրվարի 8-ից մինչեւ մարտի 26-ը մնացին Թալիշում: Էլի ցեխ էր, ձնախառն անձրեւ, բայց ծածկ ունեին գլխավերեւում: Եվ տրամադրությունն էր բարձր. ծիծաղը չէր պակասում: Այդ անգամ հաշվեց ականների քանակը: Ուղղակի` հետաքրքրության համար: 20 օրում 1500 ական տեղադրեց թշնամու ներթափանցման հնարավոր ուղիների վրա:

…Առաջին անգամ կամավոր գնաց. իրեն չէին ուզում տանել, իր անունը չկար ցուցակում: Մոտեցավ վաշտի հրամանատարին, ասաց. «Ես էլ եմ ուզում գալ»: «Ուզում ես, արի՛»,- ասաց կապիտանը: Այդ օրը ինքը սակրավոր դարձավ` տեղադրելով իր առաջին ականը:

Լուսանում էր, իսկ դա նշանակում էր, որ ամբողջ օրը պիտի անցկացնեն փոսի մեջ, որովհետեւ ականները տեղադրելու համար խավար է պետք, անթափանց մութ: Աշխարհում ամենածանր պատիժը սպասումն է՝ մտածեց: Մանավանդ, երբ դու զինվոր ես, իսկ քո քթի տակ պատերազմ է: Քեզնից քիչ հեռու ուրիշ զինվորներ` զինակից ընկերներդ, կռիվ են տալիս երկրիդ ամեն թիզ հողի համար, զոհվում են ու հաղթում, ապրում են ու հաղթում: Իսկ դու նստած ես թաց փոսի մեջ ու սպասում ես հրամանի:

Երբ ինժեներական ծառայության պետի ուրվագիծը նշմարվեց հեռվում, բոլորը թեթեւացած շունչ քաշեցին:

-Դիրքը պիտի հետ վերցնենք: Հետո սկսենք ականապատել,- ասաց հրամանատարը:

-Դիրքի անձնակազմը ո՞ղջ է…

-Պատրաստվե՛ք,- մայորը չպատասխանեց հարցին:

Ուրեմն՝ դիրքը գրավված է: Իսկ դիրքի անձնակա՞զմը…Ինչո՞ւ չպատասխանեց:

Վերջապես մեքենան շարժվեց: Թվում էր` ճանապարհը չի ավարտվելու: Կրակը կասեցնում էր մեքենայի ընթացքը: Հանկարծ հրետակոծություն սկսվեց: Շարժվելը դարձավ անհնար: Հարկավոր էր պատսպարվել ու սպասել մինչև հակառակորդի հրետանին լռի: Բունկեր մտնելուն պես ննջեց, հոգնած էր ու սոված: Կես քուն, կես արթուն՝ հիշողության պատառիկներ էին լողում տարտամ մտապատկերում: «Բունկեր»: Այս բառն առաջին անգամ պապից էր լսել: Հետո, երբ վիճակահանությամբ պիտի որոշվեր, թե որ զորամասում է ծառայելու, ու ինքը աղոթում էր Աստծուն, որ Արցախ ընկնի, չգիտես ինչու, ուղեղի մեջ կպչուն մտքի պես պտտվում էր բունկեր բառը: Երբ առաջին անգամ իրական բունկեր տեսավ, այս ամենը պատմեց Աշոտին: Ընկերը ծիծաղեց` էս բունկերը քեզ նվեր, վայելիր, համ էլ` ինչո՞ւ էիր Աստծուն խնդրում, զինվորականներից որին էլ ասեիր, մեծ սիրով քեզ Արցախ կուղարկեր` ամենաթեժ առաջնագիծը:

Դեմքին թաց տաքություն զգաց: Բացեց աչքերը: Մի փոքրիկ շուն լիզում էր երեսը: Հրեց շանն ու նստեց: Բոլորը քնած էին: Հրետակոծությունը դադարել էր, ու լսվում էին բունկեր մտնող տղաների ոտնաձայները:

-Շարժվում ենք.- հրամանատարն էր,- մերոնք դիրքը հետ են վերցրել:

Միանգամից բոլորի տրամադրությունը փոխվեց, զինվորների մթնած դեմքերին ժպիտ հայտնվեց, սկսեցին խոսել, կատակել: Մեքենան առաջ էր սողում խորդուբորդ ճանապարհով, ու ամեն թափահարելու հետ տղաները ծիծաղում էին բարձրաձայն: Հանկարծ ուժեղ ցնցում զգաց, ու ինչ-որ անբնական դժժոց լցվեց ականջները: Վերջ՝ մտածեց: Ընկերների լարված դեմքերը լողում էին մշուշի մեջ:

-Մի քանի սանտիմետր, մի քանի վայրկյան, ու արկը մեքենայի վրա էր ընկնելու: Բայց փրկվեցինք,- ձայնն ասես անդունդի խորքից էր լսվում: Մի կերպ ընկալեց լսածը: Ուրեմն՝ արկը մեքենային չի կպել, ու բոլորս ողջ ենք՝ մտածեց, փորձելով բացել աչքերը: Սթափվեց մեջքի սուր ցավից: Գոտկատեղի հատվածում ասես մի անտեսանելի երկաթե ձեռք ճզմում էր երիկամները: Վերջապես տեղ հասան: Դեռ լույսը չէր բացվել, ու տղաները անխոս սկսեցին տեղափոխել ականները:

…Օրերն անցնում էին ասես երազի մեջ: Պետք էր հասցնել: Ցերեկը քնում էին, որ գիշերը կարողանան աշխատել: Պատերազմը յուրաքանչյուր պահի կարող էր վերսկսվել, եթե չփակեին թշնամու ճանապարհը:

…Սկզբում երկու ական վերցրեց: Ամեն ականը 11 կիլոգրամ էր: Քսան կիլոգրամ գումարած 10 կիլոգրամանոց զրահաբաճկոնը: Այդ բեռով մեկ կիլոմետր ճանապարհ կտրելը խաղուպար թվաց: Երկրորդ անգամ չորս ական վերցրեց: Հետո ավելացրեց եւս երկուսը: Վեց ական, մոտ 72 կիլոգրամ բեռ: Եթե ճանապարհը ցեխոտ չլիներ, մեկ կիլոմետր չէ, երկու կիլոմետր էլ կգնար այդ բեռով: Չենք հասցնելու` մտածեց: Ու եւս երկու ական ավելացրեց բեռին: Ծանրությունը դարձավ 100 կիլոգրամ:

-Ցնդե՞լ ես, սիրտդ չի դիմանա,- զինակից ընկերն էր:

-Չենք հասցնելու:

-Մարդ ես, հո տրակտո՞ր չես:

Չպատասխանեց: Ոտքերի ու ձեռքերի մկաններն անասելի ցավում էին, բայց պետք էր հասցնել մինչեւ լուսաբաց: Պետք էր փակել թշնամու հետդարձի ճանապարհը: Արդեն հաշիվը կորցրել էր, թե քանի անգամ գնաց ու հետ եկավ: Ուղեղում միայն մի միտք կար` արագ, արագ, արագ… Իսկ աչքը սեւ ու ամպամած երկնքին էր, որը բարեբախտաբար չէր լուսավորվում: Հանկարծ ուժեղ պայթյուն լսվեց: Վազեց առաջ: Տղաները գրկած բերում էին Նորայրին: Ականը պայթել էր ոտքի տակ: Ավետին տեսնելով` Նորայրը ժպտաց: Փորձեց պատասխանել ընկերոջ ժպիտին, բայց երեւի չստացվեց, որովհետեւ Նորայրն ասաց.

-Դուխով: Երկու ո՞տքս է…

-Չէ՛, մեկը,- պատասխանեց բնազդաբար:

-Ձեզնից շուտ եմ զորացրվելու, տղե՛րք, էդ լավ չի: Մեկ էլ, մերս կնեղվի: Մնացածը խնդիր չի…

Նորայրը մրի մեջ էր, ոտքից արյուն էր ծորում: Ցավը զսպելու ճիգից երակները ուռել էին: Լավ էր, բուժակը ցավազրկող սրսկեց:

-Օգնե՞մ…

Բուժակը գլխով արեց: Մինչ վերքը կկապեին, մեքենան մոտեցավ դիրքին: Նորայրին տեղափոխեցին պատգարակի վրա:

-Ամեն ինչ լավ կլինի,- շշնջաց ընկերոջ ականջին ու սեղմեց ձեռքը: Նորայրը ժպտաց, գլխով արեց:

Երբ Նորայրին տանող զինվորական մեքենայի հռնդյունը մարեց հեռվում, լռությունն ավելի ճնշող դարձավ:

-Ինչո՞ւ կանգ առանք,- հարցրեց փոխգնդապետին:

-Ի՞նչ ասեմ,- հրամանատարը հուզված էր:

-Ինչո՞ւ…

-Ես ո՞ւմ ասեմ՝ մտի՛ր մահվան դաշտ… ո՞նց ասեմ:

-Ե՛ս կգնամ:

-Ե՛ս էլ…

-Ե՛ս էլ…

-Կգնամ…

Քանի՞ ձայն էր, չհաշվեց: Շատ էր:

…Մութն արդեն ցրվել էր, ու կաթնագույնի մեջ նշմարվում էր հակառակորդի տանկը:

-Շարունակում ենք. հակառակորդի կողմից շարժ չկա,- չհասցրեց խոսքն ավարտել, երբ ադրբեջանական տանկն սկսեց կենդանանալ ու փողն ուղղեց դեպի հայկական դիրքերը:

-Նշանառության տակ ենք:

-Հետ ենք դառնում:

Ընդամենը մի քանի քայլ էին նահանջել, երբ հակառակորդի կողմից ինչ-որ մեկը գոռաց` փախեք: Տղաները կանգ առան, նայեցին իրար:

-Ասաց` փախե՛ք: Մե՛զ ասաց: -Արտյոմի դեմքին վախ չկար: Վիրավորանք էր, զայրույթ, ատելություն:

-Շարունակում ենք. -ո՞ւմ ձայնն էր, չիմացավ: Գուցե հենց ինքն ասաց` շարունակում ենք:

-Ով ուզում է, թող հետ դառնա:

Ոչ ոք չշարժվեց, բոլորը մնացին տեղում: Բոլորը` մեկ մարդու պես: Հետո… Աշխարհում մահ չկար, չկար անցյալ, չկար ապագա… չկար ցավ ու վախ: Ադրբեջանական տանկն էլ չկար` իր ահարկու փողով, որ Աստված գիտի, թե ինչու չկրակեց: Կար միայն դիրքը: Ու հողի մեջ խրված փրկության ականե գոտին…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #3 (1225) 24.01.2018 - 30.01.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/01/2018