Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. «ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ՄԵՌՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ ԵՄ»
ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. «ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ՄԵՌՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ ԵՄ»

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ. «ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ ՄԵՌՆԵԼ ԱՅՆ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԾՆՎԵԼ ԵՄ»Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցը: 

Հրանտ Դինքը իր սպանությունից երկու օր առաջ հարցազրույց է տվել Թղթակիցների միջազգային կազմակերպության անդամներ Էլեն Ռուդնիցկիին եւ Միրկո Շվանիցին՝ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության համար: Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացվող հարցազրույցը, ըստ ռուսաստանյան գործակալության, Դինքի վերջին հարցազրույցն է:

 -Պարոն Դինք, Ձեր «Ակոս» թերթում հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլեւ բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

 -Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբեւէ հետեւե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից եւ պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

 -Վերջին ամիսներին երկու անգամ դատարանի առջեւ կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքին եւս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն Ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս ստացվեց:

 -Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչո՞ւ տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, որը քրեական հետապնդում է նախատեսում թուրք ազգը վիրավորելու համար, ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Ձեւակերպումը այդ հոդվածի, որի վերացումը արդարացիորեն պահանջում է Եվրամիությունը, ցանկացած դատավորի ձեռքերին ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է: 

 -Դուք հրատարակում եք «Ակոս» թերթը: Դրա տպաքանակը մեծ չէ: Ինչո՞ւ է Թուրքիայում որոշ մարդկանց այն այդչափ վտանգավոր թվում:

 -Ճիշտ է. թերթի տպաքանակը շուրջ 6 հազար է: Որոշակի ուժերի անհանգստացնում է, որ այն կարդում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, եւ ոչ միայն Թուրքիայում: 

 -«Ակոսը» համարվում է հայկական փոքրամասնության թերթը: Ինչո՞ւ է այն լույս տեսնում թե՛ հայերեն եւ թե՛ թուրքերեն լեզուներով:

 -Հենց այդ պատճառով էլ այն այդչափ վտանգավոր է մեր հասարակության որոշակի ազգայնական շրջանակների համար: Մեր թերթը ճշմարտությունն է պատմում հայերի ցեղասպանության մասին: Բայց, միաժամանակ, այդ իրադարձությունը վերաբերում է պատմությանը, որից մենք պետք է դասեր քաղենք: 

 -Իրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը: 

 -Դե, եթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ախր ես թուրք չեմ: Հասարակայնության ներկայացուցիչները սիրում են վկայակոչել, որ երկրում հայկական մանկատներ եւ հայկական դպրոցներ կան: Սակայն այն մասին, որ այդ դպրոցներից հեռացնում են քաղաքական կյանքին մասնակցողներին, նրանք նախընտրում են լռել: Իմ դեպքում, սակայն, այդպես էլ եղավ:

 -Ե՞րբ Ձեր հանդեպ իսկական խտրականություն զգացիք:

 -Բանակում ծառայությունս ավարտելով՝ ես կարող էի շարունակել զինվորական կարիերաս եւ սպա դառնալ: Այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեի եւ սպասում էինք երրորդին: Որպեսզի կոչում ստանամ, ես, ինչպես եւ բանակի իմ շատ թուրք ծառայակիցներ, քննություններ տվեցի: Դրանից հետո սպայի կոչման բոլոր հավակնորդներին պետք է հերթով կանչեին եւ հատուկ մեդալներ շնորհեին: Չկարդացին միայն իմ անունը: Եվ այդժամ ես հասկացա. աշխարհիկ պետություն դարձած Թուրքիայում անհնար է դառնալ սպա, եթե դու մահմեդական չես: Այդժամ ես իրականում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը:

 -Ձեր թերթի վերջին համարի նյութերից մեկում հարց եք տվել. «Ի՞նչն է ինձ թիրախ դարձնում»: 

 -Ի դեպ, այդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես, ինչպես շատ հայեր, չեմ նախընտրում վտանգի դեպքում գլուխս թաքցնել: Բայց ուր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը, հենց դուք՝ գերմանացիներդ, պատմության ընթացքում ձեզ վրա զգացել եք, եւ ոչ միայն դուք: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, եւ, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին եւս այդ ամենը առնչվում է: Կնոջ եւ երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում՝ թե՛ հեռախոսով եւ թե՛ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, ապա՝ որովհետեւ աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ՝ որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք: Որպեսզի գոյություն ունեցող կարգին երբեւիցե վերջ տրվի:

 -Բայց կարող էիք հեռանալ այս երկրից …

 -Գոնե դուք մի խոսեք այդ մասին: Բավական է արդեն, որ ամբողջ ժամանակ դա լսում եմ բարեկամներիցս: Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ եւ հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, եւ ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ: