Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,  ԳՆԴԱՊԵՏ  ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ԳՆԴԱՊԵՏ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ. 3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ,  ԳՆԴԱՊԵՏ  ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ2017 թվականը զորամիավորման համար մարտական պատրաստականության, պատրաստության և զինվորական կարգապահության առումով նվաճումների տարի էր: Զգալի աշխատանքներ են կատարվել առաջնագծի ինժեներական և ամրաշինական կառույցների կատարելագործման ուղղությամբ: Պահպանության գոտու ողջ երկայնքով կառուցվել և լրակահավորվել են նոր մարտական դիրքեր: Կատարելագործվել են դիտարկման և տեսադիտարկման համակարգերը` ապահովելով անձնակազմի պաշտպանությունը և ստեղծելով դիպուկ կրակ և արդյունավետ մարտ վարելու հնարավորություն: Ուշադրության կենտրոնում էր նաև մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը: Զորամասերից մեկը տեղափոխվել է միջազգային չափանիշներին համապատասխան նորակառույց զինավան:

Համաձայն տարեկան պատրաստության պլանի` 2017 թ. ընթացքում անցկացվել են հրամանատարաշտաբային, գնդային ու գումարտակային մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգությամբ, շտաբային մարզումներ: Հավաք-պարապմունքներ են անցկացվել նաև սահմանամերձ բնակավայրերի աշխարհազորայինների հետ` բարձրացնելով նրանց մարտական պատրաստվածության մակարդակը, դաշտային վարժվածությունն ու ներդաշնակումը կցված ստորաբաժանումներում: Անցկացված համաբանակային մրցումների ընթացքում գրեթե բոլոր զորատեսակներից զորամիավորումը ներկայացնող թիմերը գրավել են մրցանակային տեղեր, զինված ուժերում 1-ին պատվավոր հորիզոնականներն են զբաղեցրել մարտավարական և շարային պատրաստությունից: Նկարիչ-քանդակագործների համաբանակային մրցույթում 2-րդ հորիզոնականում էր զորամիավորումը ներկայացնող պարտադիր ժամկետային զինծառայողը:

Այս տարի զորամիավորմանը  շնորհվել է Սուրբ Հովհաննես Օձնեցու սրբապատկերով Խաչվառ, որ Աստծու օրհնությամբ և հովանու ներքո կրկնապատկվեն անձնակազմի հետագա հաջողություններն ու հաղթանակները:

Հարգելի՛ հայրենակիցներ, զորամիավորման ամբողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ անսպառ եռանդ ու հաղթանակներ: Մեր բանակի բոլոր զինծառայողներին ցանկանում եմ առողջություն, հաջողություններ անձնական կյանքում, ընտանիքում եւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում: