ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում ենք:
Անձնակազմը շարված է առավոտյան հերթափոխի: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանը, օրվա կարգացուցակով առաջնորդվելով, հրահանգավորում է ստորաբաժանումների ղեկավարներին: Օրը կիրակի է, հագեցած է տարաբնույթ միջոցառումներով, մրցույթներով: Ավարտին ի մի կբերվեն բոլոր արդյունքները, եւ հաղթողները զորամասի հրամանատարի հրամանով կխրախուսվեն տարբեր պարգեւներով՝ ազատ արձակման թերթիկներ, պատվոգրեր…
-Զինվորի առօրյան պետք է հետաքրքիր ու բովանդակալից լինի, որ ծանրաբեռնված պարապմունքներից հետո լիարժեք հանգստանան, լիցքաթափվեն: Անձնակազմի հետ տարվող աշխատանքներում շեշտն առաջին հերթին դրվում է անձի դրական հատկանիշների, վարքագծի օրինակելի կողմերի վրա: Ծառայության են գալիս տարբեր խառնվածքի, տարբեր դաստիարակության, կրթական տարբեր մակարդակների զինվորներ, եւ բանակում սպան է ուղղորդում զինվորի գիտակցական, զգայական աշխարհը, ու անչափ կարեւոր է սպայի դերը. սպան գիտելիքով հարուստ պետք է լինի, գիտակցի իր պատասխանատվությունը, մեկտեղի, համախմբի իր բոլոր հնարավորությունները եւ մշտապես կատարելագործի մասնագիտական որակներն ու ունակությունները: Աշխատանքների արդյունավետությունն էլ ապահովելու համար երբեք չպետք է բավարարվել ձեռքբերածով, անհրաժեշտ է անընդհատ եւ համակարգված աշխատանք տանել անձնակազմի յուրաքանչյուր օղակում եւ առաջ շարժվել ժամանակի հրամայականով, ամեն ժամն ու վայրկյանը նպատակային օգտագործել,- նշում է փոխգնդապետ Քամալյանը ու շարունակում, -արվեստի դպրոցների հետ ենք կապ հաստատել, մեր զինվորները մասնակցում են «Հայ ասպետ» ինտելեկտուալ խաղին, ազգագրական երգի-պարի համույթները հաճախ են հանդես գալիս զորամասում: Ամեն ինչ՝ անգամ երգ, պար, ֆիլմի դիտում, ինքնանպատակ չէ, ամեն կերպ պետք է հարստացնել զինծառայողների գիտելիքները, մշակույթով «ներազդել» զինվորի ենթագիտակցության վրա, խթանել ռազմահայրենասիրական դաստիարակությունը:
Արա Քամալյանը բոլորովին վերջերս է նշանակվել այս զորամասում:
-Դպրոցական տարիներին երազում էի բժիշկ դառնալ,- անկեղծանում է փոխգնդապետը,- փոքր տարիքում առողջական լուրջ խնդիրներ եմ ունեցել, ու մի հրաշալի բժշկուհի փրկել է կյանքս: Բժշկուհու կյանք պարգեւող կերպարն ինձ այնչափ էր ոգեւորել, որ ուզում էի հատկապես մանկաբույժ դառնալ, մարդկային կյանքեր փրկել…Դպրոցը որոշել էի գերազանց ավարտել, որ նպատակս առանց դժվարությունների իրագործեի…
Արա Քամալյանը գերազանց գնահատականներով ավարտել է դպրոցը, բայց…
-Արդեն 24 տարի զինվորական համազգեստ եմ կրում,- ժպտում է փոխգնդապետը:
Ժամանակներն ուրիշ էին, ժամանակն այլ թելադրանք ուներ. 1992թ հուլիսի 28-ին ծննդավայրը՝ Ճարտարը, մեծածավալ հարձակման ենթարկվեց, գյուղը յոթ կորուստ ունեցավ, Արայի հայրը, որ գյուղի ինքնապաշտպանական մարտերի մասնակից էր, զոհվեց…Թշնամու ճանապարհը փակելը հրամայական էր:
1993թ. սեպտեմբերից զինվորագրվեց… Ականանետային դասակի հրամանատար էր, մարտկոցի ավագ սպա, հետո՝ դիվիզիոնի հրամանատար, 2013թ.՝ պաշտպանականի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, այս տարվա օգոստոսից էլ նշանակվել է այս զորամասում:
-Զինվորականի մասնագիտությունն էլ ինչ-որ առումով նման է բժշկի մասնագիտությանը,-փորձում եմ համեմատության եզրեր գտնել,- դեռ մի բան էլ ավելին՝ զինվորականը ոչ թե մի մարդու կյանք է փրկում, այլ՝ հազարավորների, ամբողջ ժողովրդի անվտանգությունն է ապահովում:
-Սպան ենթակայի մեջ պետք է տեսնի իր զավակին, զինվորին վերաբերվի այնպես, ինչպես կվերաբերվի իր սեփական զավակին, խստությունն էլ չի բացառվում, երեխայի հանդեպ էլ ես խիստ ու պահանջկոտ, կարծում եմ՝ զինվորը հասկանում է խստության տակ թաքնված սրտացավությունը ու չի նեղանում…
Փոխգնդապետը հինգ երեխայի հայր է:
♦♦♦
Շրջում եմ զորամասում, ամենուր մարզական միջոցառումներ են. մի տեղ պարանի ձգում է, մի այլ տեղ շաշկի, շախմատ են խաղում: Շախմատ խաղացող տղաներից մեկի ռուսերեն խոսվածքը գրավում է ուշադրությունս: Ալբերտ Խանդանյանը երկար տարիներ Մոսկվայում է ապրել, վերջերս է վերադարձել Ռուսաստանից՝ ծառայելու նպատակով: Արմատներով Սեւան քաղաքից է:
-Կարոտել էի Սեւանը` օրվա մեջ փոփոխվող իմ հազարագույն լիճը,- արդեն հայերեն անկեղծանում է երիտասարդը ու ոգեւորված նկարագրում-ներկայացնում է Գեղամա գեղեցկուհու բոլոր գույներն ու նրբերանգները տարվա տարբեր եղանակներին ու ժամերին, հետո լրացնում է՝ հայրենիքը միայն հեռվից չեն սիրում, եկել եմ ծառայելու: Ալբերտի շախմատի խաղընկերը՝ Արծրուն Մեսրոպյանը, որ մինչ այդ ժպիտով ունկնդրում էր ընկերոջ պատկերավոր նկարագրությունը, հաստատում է՝ իրոք, մեզնից յուրաքանչյուրը պիտի կարեւորի իր դերը հայրենիքն ամուր պահելու գործում: Ի դեպ՝ Արծրունի ավագ եղբայրը` Արամայիսը, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է:
Շախմատիստ տղաներին բոլոր մարտերում միայն ու միայն հաղթանակներ մաղթելով՝ լսարանից դուրս եմ գալիս:
♦♦♦
Հաճելի եղանակ է: Զինվորները հավաքվել են տաղավարում ու զրուցում են: Ծանոթանում եմ, որպիսությունից հարցնում:
-Ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքացիականում էի, հիմա ամեն ինչ զինվորական կարգուկանոնով է` ուտել, քնել, հանգստանալ, պարապել զինվորական ժամանակացույցով` սովորական զինվորի առօրյա,-բանակային կյանքը համառոտ ներկայացնում է տղաներից մեկը՝ Վահե Հակոբյանը, ապա նկատելով ձեռքիս ձայնագրիչը՝ նկատելիորեն աշխուժանում է.
-Ես էլ Արմենպրեսի լրագրող եմ, մասնագիտության բերումով բանակային կյանքը քիչ չեմ լուսաբանել, եղել եմ տարբեր զորամասերում, զրուցել հայրենի եզերքն ամուր ու անառիկ պահող զինվորների հետ, հիմա ես եմ զինվորական կյանքի առանցքում: Ուզում եմ թերթում անպայման գրեք՝ մեր վաշտը, զորամասը շատ լավն է: Տղերքն էլ նվիրումով ծառայում են: Ազատ ժամանակ կարդում եմ, զորամասի գրադարանում գրքերի պակաս չկա, ամեն ժանրի գիրք էլ կգտնեք, Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներն» եմ վերցրել ընթերցելու,- շարունակում է Վահեն ու հավելում,- նոթատետրումս էլ գրառումներ, նշումներ եմ կատարում, փորձում եմ ներկայացնել բանակային առօրյան… Ծառայությունից հետո դարձյալ իմ գործին կլինեմ, հավատացեք, արդեն կարոտել եմ…
Զրույցից պարզվում է, որ զորամասում էլի լրագրող կա, ավելին՝ խմբագիր. Հովհաննես Վարդանյանը ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան է ավարտել, համալսարանի «Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիրն է:
-Մասնագիտական ունակություններով կաշխատեմ օգտակար լինել զորամասին,-ասում է Հովհաննեսը: -Նոր միջավայր, նոր ընկերներ, բանակային ընկերություն… ծառայողական կյանքն իր բոլոր առանձնահատկություններով կխուժի իմ ստեղծագործական տիրույթ: Որոշել եմ վեպ գրել բանակի մասին, իրապատում վեպ: Ծառայությունից հետո շարունակելու եմ մասնագիտանալ հեռուստատեսության ոլորտում:
-Ազատ ժամանակ ես էլ փորձում եմ բանաստեղծություններ գրել, ապրումներս թղթին հանձնել,- շարքային Գրիգոր Խաչումյանը միանում է զրույցին ու արտասանում.
Կյանքս էլ կտամ, որ պաշտպանեմ
Մեր երկիրը հայրենի,
Հիմա արդեն ես եմ զինվոր
Պաշտպանը մեր մայր հողի,
Ու պատրաստ եմ կռվել արի
Հանուն մեր սուրբ, թանկ հողի,
Հանուն զոհված զինվորների,
Հանուն նրանց վեհ գործի…
-Ծառայությունն ինձ համար պատիվ է, իրավունք եւ հնարավորություն ծառայելու երկրին, ժողովրդին: Գիտակցում ես, որ ծառայում ես քո հարազատների, քո ծնողների համար, նաեւ նրանց, ովքեր հենց այսօր, հենց այս պահին ծնող դարձան, լույս աշխարհ եկած մանկիկների խաղաղ ու անհոգ մանկության համար ես ծառայում,- ասում է Գրիգորը:
Պարզվում է՝ զորամասը շնորհալիների պակաս չունի՝ Սերգեյ Ալեքսանյանն էլ երաժշտական քոլեջի վոկալ բաժինն է ավարտել, սիրում է երգել, հատկապես հայրենասիրական երգեր:
-Այստեղ միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում: Տարբեր շնորհներով օժտված տղաներ կան, բոլորն էլ իրենց ունակություններով, իրենց ուժերով աշխատում են լցնել զորամասային կյանքը: Ես էլ քանդակագործությամբ եմ զբաղվել, հիմնականում եկեղեցիներ եմ քանդակել,- ներկայանում է Էրիկ Թամազյանը,- պետական տնտեսագիտական համալսարանից եմ զորակոչվել: Մեր մշակութային կյանքը լիարժեք է: Թող մեր ծնողները չանհանգստանան, ամեն ինչ լավ է:
Ծառայությունն էլ իր հունով գնում է: Ազատ ժամերին զրուցում ենք, մեզնից ավագները դիրքերից են պատմում, հազար խորհուրդ տալիս, շեշտում են ամենակարեւորը՝ անվտանգության կանոնները խստորեն պահպանելը:
-Բանակում ամենատպավորիչն այն է, երբ շարահրապարակում երդվում ես քո ժողովրդի, քո երկրի, քո եկեղեցու առաջ ու բարձրանում ես դիրքեր: Վերամբարձ բոլոր ֆրազները փոշիանում են այնտեղ, ու հասկանում ես՝ դիրքում կանգնած մեկ րոպեն ավելին է, քան չոր ասֆալտի վրա հայրենիքը սիրելու մասին հազարավոր խոստումները… Ու հասկանում ես նաեւ, որ մոլորակի ամենաթանկ հողակտորի՝ հայրենիքի մի փոքրիկ մասնիկ դու ես պաշտպանում, ու հայրենիքի մի փոքրիկ կտոր ամուր ու անառիկ է հենց քո շնորհիվ…
Այս գեղեցիկ ձեւակերպումների հեղինակն էլ Շավարշ Զոհրաբյանն է: Ուսանել է պոլիտեխնիկական համալսարանում, մագիստրատուրան էլ ավարտել է Բրագանսայի (Պորտուգալիա) պոլիտեխնիկականում եւ զորակոչվել բանակ: Ծառայությունն սկսել է ուսումնական զորամասից, ստացել կապի ջոկի հրամանատարի որակավորում:
-Ապրիլյան պատերազմի ժամանակ ես դրսում էի, օտար հողում: Ուրիշ զգացողություն է, երբ քո հայրենիքում ես, բոլորովին ուրիշ, երբ քո հակառակորդ երկրի ներկայացուցիչների հետ նույն լսարանում նստած ես ու ներկայացնում ես քո երկիրը:
Արդեն ծառայության մեջ էի, դիրքերում, երբ մերոնք նամակ էին ստացել, որ ես Պորտուգալիայում տարվա լավագույն ուսանող եմ ճանաչվել, իսկ այդ նամակը ուղարկվել էր այդ տարվա բոլոր 2500 ուսանողներին, որոնց մեջ թուրքեր եւ ադրբեջանցիներ շատ կային… թշնամուդ հետ պետք է մրցակցես ու հաղթես նաեւ գիտելիքով…
♦♦♦
Կիրթ, զարգացած, բազմաշնորհ մեր այս տղաների ապագա հաջողությունների, նվաճումների մասին, վստահ եմ, դեռ կգրվի ու կխոսվի: Իսկ հիմա… մեծագույն պատասխանատվությամբ ու նվիրումով նրանք կատարում են զինվորի իրենց առաքելությունը՝ ամուր ու անառիկ են պահում մոլորակի ամենաթանկ հողակտորը՝ Հայրենիքը…
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս՝ հեղինակի
Խորագիր՝ #42 (1213) 25.10.2017 - 31.10.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում