Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԻԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 2009-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 270 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ



MAKC-2011 միջազգային ցուցահանդեսում հայտարարելով այդ մասին, ՌԴ վարչապետը Վլադիմիր Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանն այսօր աշխարհում չորրորդն է տիեզերքի յուրացմանն ուղղված պետական հատկացումների գծով, իսկ աերոտիեզերական համալիրի զարգացումը Ռուսաստանի ռազմավարական առաջնահերթություններից է: Ըստ այդմ, համալիրի զարգացմանն ուղղված պետական հատկացումները շարունակվել են նաև ճգնաժամի ամբողջ ընթացքում, ինչի շնորհիվ աերոտիեզերական բոլոր կարևոր նախագծերի մշակման աշխատանքները չեն ընդհատվել:

ՌԴ վարչապետն ընդգծել է, որ առաջիկայում կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ավիացիոն արդյունաբերության ձեռնարկությունների և գիտական կենտրոնների տեխնիկական վերազինման, ինչպես նաև միջազգային շուկաներ դուրս գալու խնդիրները:

Վլադիմիր Պուտինը նաև տեղեկացրել է, որ ՌԴ կառավարության որոշմամբ Ժուկովսկում կստեղծվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ավիաշինության ազգային կենտրոն, որը կմիավորի ռուսաստանյան ավիաշինության բոլոր առաջատար կոնստրուկտորական բյուրոները, գիտահետազոտական ինստիտուտներն ու փորձնական արտադրության գործարանները:

MAKC-2011 միջազգային ցուցահանդեսի երկրորդ օրն առանձնացավ ոչ միայն փորձարկումների փուլում գտնվող ռուսական հինգերորդ սերնդի կործանիչների ցուցադրական թռիչքներով, այլև ռուսական ինքնաթիռների և ուղղաթիռների գնման վերաբերյալ ՌԴ վարչապետի ներկայությամբ տասը խոշոր պայմանագրերի կնքմամբ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


18/08/2011