Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՈԿԻ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ



ՋՈԿԻ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸԺամանակակից համազորային մարտի վարման ընթացքում ավելի ու ավելի մեծ տեղ է հատկացվում փոքր ստորաբաժանումների գործողություններին: Ամրապնդվում է այն մոտեցումը, որ դասակը, ջոկը կարող են կատարել ինքնուրույն խնդիրներ, նպաստել ընդհանուր հաղթանակին: Արդիական սպառազինությամբ համալրված և համապատասխան պատրաստություն անցած դասակը (ջոկը) ընդունակ է ոչնչացնելու հակառակորդի կենդանի ուժը, տանկերը, զրահապատ տեխնիկան, հակատանկային և այլ կրակային միջոցները, պայքարելու ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և այլ օդային թիրախների դեմ, պաշտպանելու իր զբաղեցրած բնագիծը հակառակորդի գերակշռող ուժերից, ինչպես նաև հարձակում գործելու, հետախուզություն վարելու և այլն: Դասակի ընդհանուր հաջողությունը պայմանավորված է բաղկացուցիչ մաս կազմող ջոկերի ճիշտ գործողություններով: Մի քանի ջոկերի առաջխաղացումը բարենպաստ պայմաններ և հարմար բնագիծ է ստեղծում խոշոր ուժերի լայնածավալ հարձակման համար:

Իհարկե, ջոկի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է, որ ջոկի հրամանատարը լինի փորձառու, գրագետ, կարողանա ղեկավարել անձնակազմը և ճիշտ հրամաններ արձակել: Մեր զինված ուժերում կրտսեր հրամանատարների պատրաստությանը մեծ ուշադրություն է դարձվում: Ուսումնական բրիգադում արդեն քանի տարի է՝ ջոկի հրամանատարներ են պատրաստում: Վերջին շրջանում ուսումնական գործընթացի արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է: Ուսումնական զորամասն արդեն այլ զորամասերից է զինվորներ ընդունում և վերապատրաստում որպես ջոկի հրամանատարներ: Այսինքն՝ հավաքակայանից նորակոչիկներ չեն գալիս, իսկ այլ զորամասերի հրամանատարներն իրենց մոտ ծանոթանում են յուրաքանչյուր զինվորի անհատական և ծառայողական որակներին, տեղում որոշում՝ տվյալ զինծառայողը կարո՞ղ է ստորաբաժանում ղեկավարել, թե ոչ, և թեկնածուներին գործուղում են ուսումնական զորամաս՝ ջոկի հրամանատարների դասընթացների: Ամփոփիչ քննությունները հանձնելուց հետո տվյալ զինծառայողները վերադառնում են իրենց հիմնական զորամաս՝ որպես ջոկի հրամանատարներ: Նման մոտեցման շնորհիվ ուսուցումն ավելի նպատակային է դառնում, և միջոցներ ու ժամանակ չեն վատնում այնպիսի զինվորների պատրաստության վրա, որոնք հետագայում կթերանան որպես կրտսեր հրամանատարներ: Իհարկե, հիմա էլ եթե ամփոփիչ քննությունների ժամանակ կուրսանտը թեկուզև մեկ առարկայից անբավարար գնահատական ստանա, նա չի դառնա կրտսեր հրամանատար:

ՋՈԿԻ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸՀրաձգային ջոկի հրամանատարներ պատրաստող ուսումնական գումարտակի հրամանատարն է փոխգնդապետ Լ. Արշակյանը: Նա նշեց, որ իրենք տարեկան առաջխաղացման ներկայացվող զինվորների չորս հոսք են ընդունում: Ամփոփիչ քննություններն ընդունում է մարտական պատրաստության վարչության մասնագետներից կազմված հանձնաժողովը, որն էլ որոշում է՝ տվյալ զինվորը համապատասխանո՞ւմ է կրտսեր հրամանատարին ներկայացվող պահանջներին, թե՞ ոչ: Ուսումնական ծրագիրը խտացված է, ապագա ջոկի հրամանատարներին ուսուցանում են պարապմունքներին նախապատրաստվելու, արդյունավետ անցկացնելու կարգը, մասնագիտական գիտելիքներից բացի, զարգացնում են հրամանատարական ունակությունները: Կուրսանտների հետ անցկացվում են անհատական զրույցներ, նրանց հենց սկզբից հոգեբանորեն նախապատրաստում են անձնակազմ ղեկավարելուն:

-Պարապմունքների մի մասն անցկացվում է ուսումնական դասակի կազմով: Զինծառայողներից յուրաքանչյուրն ինքը ապագա ջոկի հրամանատար է: Նա պետք է պատրաստ լինի նաև դասակի հրամանատարի պարտականությունները կատարելուն: Նմանատիպ վարժանքների ընթացքում յուրաքանչյուրը ներկայանում է որպես ջոկի հրամանատար, հրամաններ է արձակում, խնդիրներ է առաջադրում անձնակազմին, տեղանքում մարտ կազմակերպում՝ օգտագործելով տվյալ տեղանքի առանձնահատկությունները, զենքի և ռազմական տեխնիկայի հնարավորությունները: Արգելափակոցների և խոչընդոտների հաղթահարման եղանակներ, կրակային դիրք զբաղեցնելու կարգ և այլն՝ ցանկացած իրավիճակում հրամանատարի ճիշտ որոշումից է կախված լինելու առաջադրանքի կատարման հաջողությունը: Այս մոտեցումն ենք սերմանում զինծառայողների մեջ: Պարապմունքների միջոցով էլ  ստուգում ենք որպես կրտսեր հրամանատար գործելու նրանց կարողությունները և ստացած գիտելիքների մակարդակը,-նշեց փոխգնդապետ Արշակյանը:

ՋՈԿԻ ԱՊԱԳԱ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸՄի շարք տեսական դասընթացներից հետո սկսվում է ստացած գիտելիքները գործնականում ամրապնդելու շրջանը: Հրաձգարանում անցկացվում են կրակային, մարտավարական պատրաստության պարապմունքներ: Իսկ մինչ այդ, կուրսանտները հնարավորություն ունեն իրենց վարպետությունը հղկելու նաև վարժասարքերով, ինչն էականորեն նպաստում է բարձր արդյունքներ ցույց տալուն: Գործնական ամեն մի պարապմունք լրացուցիչ վստահություն, փորձառություն է հաղորդում անձնակազմին: Պարապմունքների մի մասն էլ հստակ ուղղվածություն ունի: Հնարավոր է՝ շատերն իրենց ծառայությունն անցկացնեն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, և յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի դիրքի ավագի պարտականությունները կատարելուն:

Փոխգնդապետ Արշակյանի հետ զրույցը մերթընդմերթ ընդհատվում էր զեկույցներով: Պատասխանատուները ներկայացնում էին պարապմունքների ընթացքը, հետագա ցուցումներ ստանում շարային, ֆիզիկական պատրաստության, մարտավարության, մասնագիտական տարբեր առարկաների շուրջ: Տեղամասերից  մեկում էլ գործնական հրաձգության նախապատրաստական փուլն էր: Դասակի հրամանատարի տեղակալ, ավագ սերժանտ Ռ. Փիլիպոսյանը հրաձգության ուսումնական սարքերով և հրամանատարական արկղով սովորեցնում էր ճիշտ նշանառություն կատարել: Տարաբնույթ պարապմունքների նպատակը մեկն է՝ զորքերի համար պատրաստել գրագետ և բանիմաց կրտսեր հրամանատարներ:

Հավելենք, որ ուսումնական գործընթացն անընդհատ կատարելագործվում է: Հընթացս ծրագրում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ: Օրինակ՝ նախորդ ուսումնական փուլի համեմատ երկարաձգվել է փուլի տևողությունը և ավելացել գործնական հրաձգությունների քանակը:

Ա. ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ Վարդանյանի

Խորագիր՝ # 37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Ազգային բանակ


22/09/2017