Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԵՐԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ



ՀԱՄԵՐԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐԱրցախի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի տոնակատարությունների շրջանակում «Բերձոր» ժողգործիքների համույթը համերգներով շրջագայում է շրջանի համայնքներում: Սեպտեմբերի 12-ին «Բերձոր»-ը հանդես եկավ Աղաձոր գյուղում և սահմանապահ N զորամասում: Այս ամսվա ընթացքում սա համույթի 4-րդ համերգն է համայնքներում: Աղաձորում համերգը կայացավ նույն գյուղի բնակիչ, 2015 թ. մարտի 19-ին Արցախի հյուսիսային սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցում: Մինչ համերգն սկսելը՝ համույթի անդամները, Աղաձորի համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը ծաղիկներ խոնարհեցին Հ. Խաչատրյանի շիրիմին, հարգեցին հերոսի հիշատակը: Դպրոցի միջանցքում, որտեղ կայացավ համերգը, ստեղծվել է նաև հերոսին նվիրված անկյուն: 10 տարի այս դպրոցում է սովորել Հակոբը: Համույթը կատարեց ժողովրդական, ազգագրական, գուսանական, ռազմահայրենասիրական երգեր: Մասնակից եղան նաև դպրոցի սաները: Նույն օրը «Բերձոր»-ը ելույթ ունեցավ նաև սահմանապահ զինվորների համար: Համերգը կայացավ զորամասի շարահրապարակում, որտեղ էին սպայական կազմը, սերժանտներ, շարքային զինվորներ, զինվորականների երեխաներ, մոտակա բնակավայրի բնակիչներ: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ողջունեց հայոց բանակի զինվորներին, շնորհավորեց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անկախության հռչակման 26-ամյակի առթիվ և համերգը հայտարարեց բացված: Հայոց երկու պետությունների Եռագույնների տակ հայկական ժողովրդական, գուսանական երգերի գեղեցիկ կատարումներով զինվորներին ողջունեցին ու ոգևորեցին երգչուհիներ Ֆիրուզա Արզումանյանը, Նուբար Գեղամյանը, Սիմա Թադևոսյանը: Հնչեցին նաև ռազմահայրենասիրական երգեր, որն էլ դարձավ առիթ, որ համերգին իրենց խրոխտ պարերով մասնակցեն զինվորները: Շարքային Սեմ Աբրահամյանը 2 ամիս է, ինչ Արտաշատից զորակոչվել է բանակ, ցանկություն հայտնեց երգել և կատարեց իր հայրենակցի՝ Գուսան Հայկազունի «Պիտի գնանք…» երգը: Առաջին անգամ հնչեց Արթուր Մովսիսյանի հեղինակած երգը՝ «Ղարաբաղը մերն է, մերն էլ կմնա»: Ընթացքում զրուցեցի զինվորականների հետ: Եղբայրներ Նորիկ և Նորայր Պստեյանները Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի բնակիչներ են: ՀԱՄԵՐԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐՍկզբնական շրջանում եղբայրները նույն զորամասում եղել են ժամկետային զինծառայողներ, այժմ պայմանագրային ծառայության սերժանտներ են: Գոհ են ծառայությունից, և ուրախ, որ ներկա եղան նման գեղեցիկ միջոցառման: Արման Խաչատրյանը նույնպես նոր է զորակոչվել, Ապարանից է, արդեն ընտելացել է զինվորական կյանքին: Ուրախ է, որ ներկա եղավ նման համերգին: Ենթասպա Արմեն Հակոբյանը նույն զորամասում է ծառայել՝ որպես ժամկետային, այնուհետև պայմանագիր է կնքել, ու արդեն 11 տարի է, ինչ հայոց սահմանն է պաշտպանում: Համերգի վերջում երգիչ-երաժիշտներին գեղեցիկ կատարումների, իրենց առօրյան մշակութային ընդմիջումով հարստացնելու համար շնորհակալություն հայտնեց զորամասի ԱՀՏԱ տեղակալ Ա. Գասպարյանը և շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հ. Ավանեսյանին, համույթի ղեկավարի պաշտոնակատար, Բերձորի արվեստի դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանին ու երգչուհի Ֆիրուզա Արզումանյանին հանձնեց զորամասի հրամանատարի շնորհակալագրերը: Համույթի անդամներին ընդունեց նաև զորամասի հրամանատարը և ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումները հաճախակի լինեն: 

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #37 (1208) 20.09.2017 – 26.09. 2017, Բանակ և հասարակություն


22/09/2017