Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԲԵՆՈՆ



ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԲԵՆՈՆԿենտրոնական հեռուստատեսության աշխատակցի վկայականով հեռուստաօպերատոր Բենիամին Ղարախանյանը բազմաթիվ «արգելված գոտիներ» է հատել: Արցախի նորաթուխ հեռուստատեսության ակունքներում կանգնած Բենոն՝ ինչպես նրան դիմել և դիմում են գործընկերները, ընդհատակում սկսված Արցախյան շարժումը անցկացնում էր ժապավենի վրա, հետո կադր առ կադր փոխանցում հայաստանյան և արտասահմանյան գործընկերներին։ Արցախից դուրս ապրողները կրակի գոտում տեղի ունեցածի մասին իմանում էին նաև Բենոյի կադրերի օգնությամբ։ Նրա և զինվորագրված ընկերների տարբերությունը մեկն էր՝ ինքն անբաժան էր տեսախցիկից, ընկերները՝ զենքից։ «Քո զենքը տեսախցիկն է, դու արձանագրում ես այն, ինչ տեսնում ես։ Բայց, պետք է նաև քթածակ ունենաս, արագ կողմնորոշվես, թե ինչ և ինչի համար ես նկարում։ Օպերատորը պատասխանատու է իր ամեն մի կադրի համար,-ասում է Բենոն ու բռնում արխիվացված ժապավենի ծայրից։Ասկերանում հացադուլ էր, պիտի նկարեի։ Գնացի, նկարեցի, իսկ ետդարձի ճանապարհին տեսնելով, որ ռուսները բերդի մոտ «պոստ» են դրել, հանեցի տեսախցիկս ու սկսեցի նկարել։ Հենց նկատեցին, որ նկարում եմ, մեքենան կանգնեցրին, ինձ տարան Ասկերանի պարետատուն (կոմենդատուրա) ու պահանջեցին տեսաերիզը հանձնել իրենց։ Ասացի՝ չեմ նկարել, չհավատացին, տեսախցիկից ժապավենը հանեցին ու ուղարկեցին Կիրովաբադ՝ երևակման։ Տղաները մեքենայից դուրս էին եկել ու անհանգիստ ետ ու առաջ էին անում, մտածում էին՝ բռնվել ենք, չգիտեին, որ հասցրել էի կտրել ժապավենը։ Ինձ մոտավորապես չորս ժամ պահեցին այնտեղ։ Տղաներին մի կերպ համոզեցի, որ գնան. գնացին միայն այն բանից հետո, երբ հասկացան, որ ժապավենը սև պայուսակի մեջ է, և պետք էր շուտ հասցնել հեռուստատեսություն, որպեսզի եթեր տրվի»։

Ռուսներին ու ադրբեջանցիներին մոլորության մեջ գցելը Բենոյի մոտ շատ լավ էր ստացվում։ Նրա մասին լսելիս գեներալ Սաֆոնովը նյարդային նոպա էր ունենում, քանի որ ոչ մի կերպ չէր կարողանում փաստի առաջ կանգնեցնել համարձակ օպերատորին։

ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԲԵՆՈՆՀեռուստատեսության և քաղաքային խորհրդի շենքերը դեմ դիմաց էին. Բենոն նկատում էր այնտեղ կատարվող աննշան շարժումն  անգամ, ուստի նրա աչքից չէր կարող վրիպել հատուկ ծառայությունների կողմից քաղաքային խորհրդի շենքի շրջափակումը։ Աչքի տակ ունենալով Սաֆոնովի հետ հերթական ոչ ցանկալի առերեսումը՝ Բենոն, տեսախցիկն ուսին, բարձրացավ պատուհանի վրա ու սկսեց նկարել։ Ու մինչ ներքևից կբարձրանային՝ առգրավելու տեսաերիզը, հնարամիտ օպերատորը հասցրեց հանել ժապավենը և նորը դնել։ Տրվելիք հարցերի պատասխաններն էլ էր նախօրոք պատրաստել. «Հասնելով ինժեներական սենյակ, որտեղից նկարում էի, հարցրին՝ ի՞նչ էիր նկարում, ասացի՝ ոչ մի բան չեմ նկարել, ընդամենը տեսախցիկն էի ստուգում (բախտս այս անգամ նրանով բերեց, որ ինժեներական սենյակում էիՏեսնելով, որ չեն հավատում, ասացի՝ խնդրեմ, ինքներդ համոզվեք։ Այդ պահին վրա հասավ Վադիմը՝ ՏԱՍՍի թղթակիցը, ու սկսեց պաշտպանել ինձ։ Նա փորձում էր համերկրացիներին համոզել, որ ես ճիշտ եմ ասում, անթույլատրելի ոչինչ չեմ արել։ Մի կերպ համոզեց, որ հանգիստ թողնեն ինձ։ Երբ մնացինք երկուսով, ասաց. «Բենո՛, զգույշ աշխատիր, էլի»։ Այսօրվա պես հիշում եմ նրա խոսքերը»։

Ազատամարտի տարիներին աշխատող լրագրողները թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանն իրենք էին գծում։ Մասնագիտական ուղեցույցի դեր կատարող խիղճը հուշում էր՝ ո՛ր իրավիճակում՝ ինչ անել, ինչ չանել։ Լրագրողի կերպարանափոխման իրավունքի մասին տեսականորեն չգիտեին, բայց անհրաժեշտության դեպքում դիմում էին այդ հնարքին՝ ակամայից իրագործելով իրենց վերապահված իրավունքը:

«1991թվականն էր, լուր ստացանք, որ ՕՄՕՆը՝ ռուսների հետ, մտել է Բերդաձոր։ Ցանկացած գնով պիտի հասնեինք այնտեղ։ Բնականաբար, եթե հանկարծ իմանային, որ լրագրող ենք, չէին թողնի գնալ, որոշեցինք որպես բժիշկ ներկայանալ։ Հեռուստատեսությունից երեք հոգի՝ սպիտակ խալաթներով և բժշկական սարքավորումների պայուսակով, որի մեջ տեսախցիկն էր թաքցված, հասանք օդանավակայան՝ Խոջալու, որտեղից պետք է ուղղաթիռով գնայինք Բերդաձոր։ Օդանավակայանում ասացինք, որ Բերդաձորում ծանր ծնունդ պետք է ընդունենք, հղիի վիճակը բարդ է, ուստի երկու բժիշկ և մեկ բուժքույր պետք կլինի։ Երբ ուզում էինք բարձրանալ ուղղաթիռ, մեզ մոտեցավ Խոջալուի դպրոցի տեղամասային տեսուչը, նայեց ինձ ու թե՝ ինքը բժիշկ չէ, թղթակից է։ Միայն հասցնում եմ տեսախցիկով պայուսակը փոխանցել Արթուրին, ինձ անմիջապես տանում են մի սենյակ ու սկսում ստուգել, թե ինչ կա մոտս։ Անմիջապես գտնում են հեռուստատեսության և  ԽՍՀՄ լրագրողների միության վկայականները, ուսկսվում է ծեծ ու ջարդը։ Տեղը տեղին իրենց գործն արել էին, երբ ներս է մտնում դպրոցի տնօրենն ու վերջ տալիս հաշվեհարդարին (ծիծաղում է)։ Լավ մարդ էր, շատ լավ էր ճանաչում ինձ, նրա շնորհիվ թողեցին, որ գնամ»,-չհաջողված օպերացիայի մասին, որ, ի դեպ, քանակական առումով բնականաբար զիջում է հաջողվածներին, Բենոն այսօր արդեն ժպիտով է հիշում։

ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԲԵՆՈՆՈւ կրկին միանում են Բենոն ու իր տեսախցիկը, որից ոչ մի անգամ սեփական կամքով չի բաժանվել՝ բացառությամբ մի դեպքի. «Սարսանգում շրջափակման մեջ ընկանք։ Թուրքերի տանկի արկակոծման արդյունքում մեր ութ տղաներից վեցը զոհվեցին, երկուսը վիրավորվեցին։ Նրանց հանել էր պետք, նկարելն արդեն առաջնահերթ չէր։ Տեսախցիկը թողնում եմ ու սկսում հանել տղաներին՝ առաջին հերթին վիրավորներին։ Ի դեպ, երկու վիրավորներին էլ հաջողվում է փրկել

Սուտ է՝ ով ասում է, թե չի վախենում պատերազմի դաշտում։ Նման բան չկա, բոլորն էլ վախենում են՝ տեսնելով մահը, իրենց կողքով անցնող գնդակը։ Ֆանտաստիկ կադրեր կլինեին, եթե կարողանայի նկարել։ Ոչ մի րոպե տեսախցիկը ցած չէի դնի, եթե տղաներին օգնող մեկը լիներ։  Ինչ խոսք, նման պայմաններում նկարելը շատ դժվար է, բայց պետք է կարողանաս ճնշել հուզմունքդ, զգացումներդ, հաղթահարես վախդ, այլապես չես կարող աշխատել։ Քանի անգամ ցույց եմ տվել, թե ինչպես է արկը պայթում մեր կողքին։ Այո՛, պատերազմի դաշտում մի քիչ հաստագլուխ պետք է լինես, քանի որ, կան բաներ, որ պետք է արձանագրես ցանկացած գնով։ Քո աշխատանքով դու պատմություն ես վավերագրում։ Գիտե՞ք, թե ինչքան է եղել՝ զինվորի հետ զրուցել եմ, զգացել եմ, որ հողը սիրող տղա է, հետաքրքիր, նկարելու արժանի բաներ է ասում, մեկ էլ՝ մարտն սկսվել էրոպեներ անց լուրը հասել է, որ զոհվել է»։

ԱԶԱՏԱՄԱՐՏԸ ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ԲԵՆՈՆԲազմիցս արկերի արկղերի վրա նստած՝ դիրքեր հասած հեռուստաօպերատորը շատերին է հիշում՝ անգամ անունազգանուններով, ու ափսոսում, որ միայն ինքն ու այդ տղաների մարտական ընկերներն են ճանաչում նրանց, որ ժողովուրդը հայրենասեր ու իսկական հերոս բազմաթիվ տղաների մասին չգիտի։ Դրանում նա իրեն էլ է մեղադրում, որ որոշ դեպքերում հապաղել է՝ հույս ունենալով, որ դեռ առիթ կունենա նրանց ներկայացնելու, որոշ դեպքերում էլ, ուղղակի, ստիպված լինելով ջնջել բացառիկ վավերագրությունները։ «Ժապավեն չկար։ Երբեմն նկարում էի, եթեր էր գնում, հետո նրա վրա նորից նկարում էի։ Պահեր են եղել, որ շատ հետաքրքիր կադրեր եմ արել, բայց մի քանի րոպե հետո մարտն սկսվել է, և ստիպված՝ ջնջել եմ նկարածս։ Ի՞նչ անեի, ուրիշ տարբերակ չկար»,-ափսոսում է Բենիամին Ղարախանյանը և մտովի տեղափոխվում իր ներկա ու բացակա կադրերի աշխարհ. «Հիմա էլ, եթե հեռուստաէկրանին հայտնվում է իմ արած որևէ կադր, անմիջապես ասում եմ՝ սա իմն է»։ Պրոֆեսիոնալ լրագրողը, Բենոյի ընկալմամբ, նա է, որը ոչ միայն տարիների հեռավորությունից ճանաչում է իր հեղինակած կադրը, այլև կարողանում է որսալ պահն ու արձանագրել այն՝ հստակ գիտակցելով, որ դրանով տարեգրություն է ստեղծում։

Տարիների ընթացքում չի փոխվել նրա ընկալումը, ինչպես և սկզբունքներն ու աշխատաոճը։  Ապրիլյան պատերազմի օրերին էլ իր ուզած կադրերը ստանալու տարբերակները գտնում էր.  «ԼելեԹեփեի մոտ դիակները պետք է փոխանակեինք. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չէին թույլատրում, որ նկարենք։ Մտածում էի՝ ինչ անեմ, որ կարողանամ ցույց տալ բարձունքը, նրանց (նկատի ունի ադրբեջանական կողմին) դիրքը, տեղադրվածությունը և տղաներին ասացի, թե ինչպես կանգնեն, որ կարողանամ աննկատ, իրենց ոտքերի արանքով նկարել»։

Չեն փոխվել Բենոյի մասնագիտական որակները, բայց փոխվել է պատերազմի դինամիկան. երկու պատերազմ վավերագրած հեռուստաօպերատորն արցախյան առաջին պատերազմի ռիթմը չի համեմատում ապրիլյանի հետ։ Զինվոր թե լրագրող՝ անում էին իրենց գործն այն ժամանակ էլ, 2016-ին էլ, բայց, եթե 1992-ին կյանք ընդհատողները «դանդաղաշարժ» փամփուշտներն ու արկերն էին, ապա այսօր առաջին գծում ամեն ինչ որոշում են անօդաչուները, սրընթաց փամփուշտներն ու արկերը և, իհարկե, բախտը։ Իսկ տեսախցիկն առաջվա պես  արձանագրում է այդ ամենը 

 Լ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #30 (1201) 02.08.2017 - 08.08.2017, Ճակատագրեր


02/08/2017