Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ Է



ԶՈՐԱԿՈՉԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԷԱմենուր զորակոչի շունչն է թեւածում: Ուր գնաս՝ գյուղ, քաղաք, բակ ու փողոց, ամենուր զորակոչից են խոսում: Ժողովուրդն ապրում է զորակոչով: Երկիրն է ապրում զորակոչով: Հպարտությունն ու հուզմունքը, ուրախությունն ու արցունքը խառնվել են իրար: Քաղաքներում, գյուղերում սկսվեցին բանակի քեֆերը՝ երգ ու պարով, հայրենասիրական կենացներով՝ տղամարդավարի ծառայելու, հայրենիքն անառիկ պահելու հորդորով, անփորձանք ծառայության մաղթանքով, գերդաստանի քաջերի մասին հոտնկայս պատմություններով  ու այնքա՜ն հայկական կոլորիտով: Արու զավակը Հայրենիքինն է՝ հենց այդպես են ասել մեր պապերը: Ասել են ու ծնված օրվանից արու զավակի մեջ ապագա զինվորին են տեսել՝ իրենց կյանքի ու արժանապատվության պաշտպանին:

Արժանապատվությունը կյանքի չափ, կյանքից ավելի թանկ են համարել, դրա համար էլ արու զավակին տղամարդավարի են դաստիարակել, որ հետո օջախի սյուն ասեն նրան, տան ճրագՈւ հայրենիքին տան հպարտորեն ու անձնվիրաբար:

Զորակոչվող տղաները լավ գիտեն, որ հայրենիքն իրենցն է ու իրենք` հայրենիքինը: Որ զորամասում իրենց զենքն արդեն իրենց է սպասում: Որ բանակային երկու տարին հեշտ չի լինելու, բայց իրենք պարտավոր են արժանապատվորեն տանելու դժվարություններն ու անտրտունջ կանգնելու հայրենիքի սահմանին: Սա սոսկ օրենքով  սահմանված պարտականություն չէ, սա բարոյական պարտք է ու տղամարդկային պատվի առհավատչյա: Իրենք հիմա սոսկ հայկական անուններով տղաներ չեն տարբեր վայրերից, տարբեր ընտանիքներից եկած: Իրենք հիմա մի անուն ունեն` զորակոչիկ: Զորք են` ամենաուժեղ, ամենաամուր, ամենահամախումբ ընտանիքը, որի տունը սահմանն է հայրենիքի: Իսկ թիկունքում հարազատ ժողովուրդն է

Արաբկիրի զինկոմիսարիատը մանկապարտեզի հարեւանությամբ է: Նրանք, ովքեր երեկ վազվզում էին այս մանկապարտեզում, այսօր մանկապարտեզից քիչ հեռու` զինկոմիսարիատի բակում սպասում են, որ ավտոբուսը գա ու իրենց տանի հավաքակայան: Այնտեղից էլ` զորամաս: Նրանք արդեն մտովի փորձում են զինվորական համազգեստը, աչքերով փնտրում են սեփական մահճակալը զորանոցում ու պատկերացնում են դիրքի, խրամատի, նույնիսկ հեռվում երեւացող հակառակորդի պատկերը: Նրանք արդեն հայրենիքինն են: Ու մեղավոր չեն, որ չեն նկատում շենքերի լուսամուտներից կախված ժպտադեմ ու արցունքն աչքերին կանանց, հետաքրքրությամբ նայող դպրոցականներին, վերհուշերի գիրկն ընկած ծառայած տղերքին

Նրանց հոգում ապրումներն այնքան բուռն են, որ կարող են անգամ չնկատել իրենց հետեւից ջուր շաղ տվող տատիկներին, շուրթերին` օրհնանք, սրտում` գորով: Բայց նրանք չեն կարող հետ չշրջվել, որովհետեւ զրնգուն մանկական ծիծաղն ու փափլիկ թաթիկների ծափերը ոչ մեկին անտարբեր չեն թողնի:

ԶՈՐԱԿՈՉԸ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԷՇքերթի հավասար տեսարան է. զինակոչիկները քայլում են դեպի ավտոբուսը, իսկ մանկապարտեզի ցանկապատի մոտ հավաքված գույնզգույն վարտիքներով կիսամերկ երեխաները ծափահարում են «զինվորներին»: Ու ծափերը բազմապատկված են լսվում, որովհետեւ նրանց ծիծաղն էլ է ծափ, նրանց զրնգուն կանչերը` ես էլ եմ զինվոր դառնալու

Ու զորակոչվող տղաները գիտեն, որ իրենք պիտի կանգնեն սահմանին, որ այս փոքրիկների զինվոր դառնալու երազանքը իրականանա: Որ նրանք անհոգ մանկություն ունենան

Զորակոչը հայրենասիրության դաս է ազգային ինքնագիտակցություն ունեցող յուրաքանչյուր հայորդու համար: Մեր երկրի, մեր ազգի հզորացումն ու զարգացումը նաև բանակ գնացող այս տղաներն են ապահովում: Այսօրվա զորակոչիկները Հայրենիքի պաշտպաններն են, իսկ վաղը՝ նրա առաջնորդող ուժը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #27 (1198) 12.07.2017 - 18.07.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/07/2017