Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍԱՀՄԱՆԻՆ...
ՍԱՀՄԱՆԻՆ…

ՍԱՀՄԱՆԻՆ...Հարավարեւելյան դիրքը սահմանի ծայրին է: Ամառային դեղնահող ճանապարհն արագ ենք անցնում եւ տեղ հասնում քրտնած ու փոշոտ: Մեքենայի անիվների արգելակման ձայնը բլինդաժում հանգստացող զինծառայողներին հավաքում է հսկայական թթենու տակ: Մերկ հարթավայրում հաստաբուն կանաչ ծառը, ասես, փրկության օազիս լինի: Մեզ դիմավորող տղամարդիկ էլ են թթենու պես՝ պինդ, վստահություն ներշնչող, հաստատուն: Պայմանագրայիններն են: Առաջարկում են նստել երկաթե ինքնաշեն սեղանի շուրջ՝ երկնասլաց ծառի զով ստվերում: Տեղավորվում ենք շրջանաձեւ՝ ասես կարեւոր միջազգային հանդիպման լինենք:  Բայց զրուցակիցներս բոլորովին անկաշկանդ են՝ խոսելաձեւով, շարժումներով, ամեն ինչով:

Դասակի հրամանատարն ու դիրքի սպան Գրիգորյան Գուրգենն է: Ինքն է այստեղ կարգադրություն անողը: Բավականին բարձրահասակ է, չոր ու պահանջկոտ ձայնով, բայց մեղմ ժպիտով: Մարտունու Ճարտար գյուղից է:

-Ա՜յ էն ծերից էս ծերը պահել եմ,-ցուցամատն ուղղում է  անորոշ ու հեռավոր մի կետի եւ շարունակում:- Ժամանակին ես էլ էի պայմանագրային, հետո քննություն հանձնեցի ու սպա դարձա:

-Արցախում ո՞վ չի պայմանագրային,- հարցը օդում կախում է Բորիսը՝ շեկ, կապտականաչ աչքերով դիրքի ավագը:

-Հա, բոլորն էլ պայմանագրային են,-հստակ ու աներկբա վրա է բերում Գուրգենը:-Կապ չունի՝ էս պահին բանակում են, թե չէ:

-Մենք տալու հող չունենք, միայն հետ բերելու է,- Բորիսը նորից է միջամտում,- դրա համար էլ մի ձեռքով կռվում ենք, մյուսով՝ աշխատում:

-Թե ուզում ես սահմանին կանգնած տղերքի ղադրն իմանաս, պիտի գոնե տասնչորս օր էստեղ հերթապահես,-մի քիչ անհանգիստ ձայնով ասում է Արթուրը՝ հաղթակազմ մի տղամարդ, որ վեց ամիս առաջ է ստանձնել պարտականությունները:- Սահմանին տասնչորս օրը մի կյանք է, «կուճուր» կյանք…

-Հո չասիր, էստեղ մի օրն էլ մի կյանքի քաշ ունի,-Գուրգենը աչքի տակով նայում է ընկերոջը:

-Տղերքն  են ջահել, շատ են ջահել,-լուրջ-լուրջ շարունակում է Արթուրը։- Բայց ինչ գործ են անում՝ կանգնել են էստեղ ու զենք են կռվեցնում, թշնամու քիթ ու մռութն են ջարդում, հողն են պահում,-ձեռքը թափ է տալիս:

ՍԱՀՄԱՆԻՆ...Բոլորը հայացքները շրջում են դեպի «Արիության» մեդալակիր զինվորը՝ Կարապետը, որ սաղավարտն ու զրահաբաճկոնը հանել ու մեզ համար սուրճ է պատրաստում:

-Նշանածըդ կոֆե ըծելիս նկարներդ տեսնալու ա, ասի՝ տնաշեն, սահմանին սաղ օրը կոֆե՞ ես եփում,-կատակի  է տալիս  վարորդ Նորիկը: Մենք ծիծաղում ենք՝ բոլորովին մոռացած մի քանի տասնյակ մետր այն կողմ գտնվող հակառակորդին:

-Կարապե՛տ, օտպուսկ քեցալը՞ս,-հետաքրքրվում է ավագ լեյտենանտը:

-Հա: Քիչ առաջ էլ տուն գնալու ճամփին էի,-ասում է զինվորն ու զգալով, որ իր խոսքը ներկաներին զարմացրել է, պարզաբանում է,-…եթե միավորման հրամանատարի հարցին ճիշտ պատասխանեի:

-Ի՞նչ է հարցրել,-հոնքերը վեր է բարձրացնում Արթուրը:

-Հարցրեց՝ ո՞րն է զինվորի թշնամին:

-Դե, մի բան ա խի՞,-զարմանում է Գուրգենն ու մտքին եկածն ասում,-երեւի` մտածմունքը:

-Մշտական հաղթանակները,-Կարապետը բարձրաձայնում է  ճիշտ պատասխանը:

-Հա էլի: Հաղթանակը «երես տվող» բան է,-մեկնաբանում են պայմանագրայինները:

-Զգոնությունդ թուլացնում է,-իր տարբերակն է առաջ քաշում Կարապետը:

Նկատում եմ հեռվից մոտեցող զինվորականին: Միանգամից է երեւում՝ նոր մարդ չէ այս կողմերում: Ասում են՝ Մարադոնան է: Պատմում են, որ Ռուսաստանում էր աշխատում, բայց եկավ, ամուսնացավ, մնաց: Ծառայության յոթ տարվա փորձ ունի: Նորից եմ հարցնում անունը՝ մտածելով՝ Մարադոնան հաստատ մականունը կլինի: Ասում են՝ չէ, հայրը որդուն անվանակոչել է ի պատիվ սիրելի ֆուտբոլիստի: Ծանոթանում ենք:

-Ֆուտբոլ միայն նայում եմ,  չեմ խաղում,-ասում է, ապա ավելացնում,-իմը երգելն է:

-Լավ է երգում, որ սկսում է՝ էլ պրծնել չկա,-կատակում է Արթուրն ու համոզում,-դե, մի բան երգիր՝ լսենք:

-Մարադոնա, «Մելինեն» ասե,-առաջարկում է Բորիսը:

-Քանի որ սահմանին բոլորը կարոտ են քաշում, սիրահարված են, սիրո մասին կերգեմ,- Մարադոնայի դեմքին ժպիտ է առկայծում:

-Ոնց է երեւում, որ մի շաբաթ տանը չի եղել,-պարզություն  է մտցնում Գուրգենը:

ՍԱՀՄԱՆԻՆ...Եվ Մարադոնան երգում է: Երգում է ինքնամոռաց: Երգում է բարձր, զիլ ձայնով՝ ասես  շշպռում է  մեր դիրքի վրա կրակող հակառակորդին:

-Թուլեն գնաց պոստ,-աչքերով հետեւելով շան փոքրիկ ձագին, որ առաջինն է արձագանքում կրակահերթին,  ասում է Գուրգենն ու վեր կենում տեղից: Քայլում է խրամատի երկայնքով՝ ավտոմատը ուսին: Հետեւում եմ նրան: Ժամանակ առ ժամանակ կանգ է առնում պաշտպանիչ կամ մոլորեցնող ինժեներական կառույցների մոտ: Ստուգում է: Հասնում ենք խրամաբջիջ, որտեղ հերթապահում է Օհանյան Արարատը:

-Հը՞, կրակո՞ւմ են,-հետաքրքրվում եմ բարեւելուց հետո:

-Առանձնապես, չէ, էնպես, թեթեւ բան էր,-Արարատը կանգնել է պատի տակ: Աչքերում անսահման բարություն է խտացած:

-Կռիվ արած է: «Մարտական խաչ» ունի: Առաջին պատերազմի ժամանակ տանկեր է խփել,- հրամանատարը ձեռքը դնում է ընկերոջ ուսին:

-Քանի՞սը,-հարցնում եմ Արարատին:

-Մի քանիսը,-պատասխանում է՝ համեստորեն ժպտալով: Արարատը Մինգեչաուրում է ծնվել, ապրել: Շարժման ժամանակ տեղափոխվել է Ճարտար, ու պատերազմը նրան տանկիստ է դարձրել: Ապրիլին նորից բարձրացել է դիրքեր ու որոշել՝ էլ իջնողը չէ: Թղթեր է հավաքել  ու պայմանագրային ծառայության անցել:

-Բա էդ շների հետ կռվելու հաճույքը թողնե՞մ տասնութ տարեկաններին,-կարծես՝ ինքն իրեն է հարցնում:

-Լավ, էս հարցը ո՞նց պիտի լուծվի,-խոսում եմ ինքս ինձ:

-Երեւի՝ կռվով,-մտքում ծանր ու թեթեւ անելով՝ ասում է Արարատը,-իմ տարիքին էլի տղերք կան, հենըն վեները յուղած-պատրաստ:

Լռում ենք: Գուրգենը, որ դիտարկում է կատարում, փորձում է ցրել  մեզ  պատած մտքերը:

-Ծուխը տեսնո՞ւմ ես,-ես գլխով եմ անում:-Խոտը կրակ են տվալ,-ափսոսանքով է ասում: Հետո երկու քայլ աջ է գնում ու ադրբեջանական խրամատի դիմաց ընկած երկաթին սեւեռում ուշադրությունս,-Էն պատերազմում Արարատի թխած տանկի բաշնյան է,-ասում է լեյտենանտը, կարծես ակնարկելով՝ «էլի փորձեն՝ ջարդված ետ են փախչելու»:

Ես հրաժեշտ եմ տալիս պայմանագրայիններին` անփորձանք ծառայություն մաղթելով: Մեքենան չի հասցնում պոկվել տեղից, ինձ մի բուռ թութ են հյուրասիրում:

Հիմա ես գիտեմ՝ ինչ համ ունի խաղաղությունը…

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի