Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ



Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում
(1914-1917թթ.)

Մաս 1

Վերջին տարիներին հրատարակվել են ուսումնասիրություններ, որոնք ներկայացնում են հայկական հետախուզության եւ հակահետախուզության գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին (1918-1920թթ.)։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուս-թուրքական ռազմաճակատում հակամարտող երկրների հատուկ ծառայությունների գործունեությունը լուսաբանող ամփոփ աշխատություն հայտնի չէ։
Պատմաբան Ռուբեն Սահակյանի հոդվածը 12 տարվա նրա հետեւողական աշխատանքի ու պրպտումների արդյունք է։ Աղբյուրների սակավության պայմաններում հեղինակը «կաթիլ առ կաթիլ» ի մի է բերել թեմային առնչվող տեղեկությունները։ Հոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ նշված ժամանակաշրջանում հայ հետախույզների գործունեությանը։

Հատուկ ծառայությունների պատմությունը, նրանց իրականացրած գործողությունները մշտապես հետաքրքրել են մարդկանց: Առայսօր տարբեր պետություններ խնամքով թաքցնում են գաղտնի ծառայությունների կատարած բազմաթիվ օպերացիաներ: Եվ շատ դեպքերում միայն տասնամյակներ եւ նույնիսկ հարյուրամյակ անց են հայտնի դառնում որոշ դեպքերի մանրամասներ:
Առավել հայտնի են Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշված տերությունների հատուկ ծառայությունների մղած բացահայտ եւ գաղտնի պատերազմները: Սակավ հայտնի են Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ընթացքում գաղտնի ծառայությունների կատարած հետախուզական եւ դիվերսիոն գործողությունները, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945թթ.) եւ նրանից հետո սկսված «սառը պատերազմը»` ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի մղած գաղտնի եւ բացահայտ գործողություններն իրենց վրա էին սեւեռել ուսումնասիրողների, քաղաքագետների եւ լրագրողների ուշադրությունը: Որոշ ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմում հատուկ ծառայությունների մղած պայքարն անուշադրության է մատնվում: Պատմաբանների շրջանում ընդունված էր երկար ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն անվանել «մոռացված» պատերազմ:
1990-ական թվականներից սկսած ուսումնասիրողների շրջանում աճել է հետաքրքրությունը Առաջին համաշխարհային պատերազմի նկատմամբ: Բանն այն է, որ 20-րդ դարի վերջին տեղի ունեցող իրադարձությունները զարգանում են Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եւ դրանից հետո ստեղծվածին համանման իրավիճակում: Քարտեզի վրա հայտնվում են նոր պետական կազմավորումներ: Նախկին գաղութները կամ կիսանկախ պետությունները ստանում են անկախություն:
Ռուսական հետախուզությունը գործում էր Գլխավոր շտաբի Գլխավոր վարչությունում: Այստեղ էին կենտրոնանում ռուսական զինվորական գործակալների (կցորդների) հետախուզական զեկուցագրերը, ինչպես նաեւ Ռուսաստանում գործող ռազմական առաքելությունների, լրտեսության մեջ կասկածվող անձանց եւ կայսրությունում բնակվող օտարերկրացիների վերաբերյալ զանազան բնույթի փաստաթղթերը:
Պատերազմի ժամանակ Գլխավոր վարչությունը ստանում էր փաստաթղթեր, որոնք ներկայացնում էին մարտական գործողությունների ընթացքը, տեղեկություններ հակառակորդի մասին, արտասահմանյան եւ ռուսական մամուլի հրապարակումները պատերազմի ընթացքի մասին: Ստացվել են տեղեկություններ հակահետախուզության եւ ռազմական գրաքննության գործունեության վերաբերյալ:
Հակառակորդի մասին տեղեկություններ են հաղորդել արտասահմանում աշխատող 17 ռուսական զինվորական կցորդները կամ, ինչպես նրանց անվանում էին այն ժամանակ, զինվորական գործակալները: Նրանց ճնշող մեծամասնությունը մարտական փորձ ունեցող եւ Գլխավոր շտաբի ակադեմիան հիմնականում գերազանց ավարտած սպաներ էին, որոնք ազատորեն տիրապետում էին մի քանի օտար լեզուների: Զինվորական կցորդներն անմիջականորեն ենթարկվել են Գլխավոր շտաբին: Զինվորական կցորդներից ոմանք, Ռուսաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, անցնում են ծառայության խորհրդային հետախուզությունում:
Իր հետախուզական ծառայությունն ուներ արտաքին գործերի նախարարությունը, հանձինս հյուպատոսների եւ դիվանագիտական այլ ծառայողների: Սակայն, ինչպես վկայում են փաստաթղթերը, բանակային հետախուզությունը եւ արտաքին գործերի նախարարությունը հազվադեպ, դեպքից դեպք էին փոխանակում հետախուզական բնույթի տեղեկատվություն: Սերտ համագործակցությունը սկսվում է միայն պատերազմի տարիներին:
Ռազմական պատմաբանները գլխավորապես ուսումնասիրում են Եվրոպայում ընթացող մարտական գործողությունները, ռազմադիվանագիտական պատմությունը, ռազմական արդյունաբերության զարգացման խնդիրները, բանակի մատակարարման առանձնահատկությունները, զենքի եւ զինամթերքի նոր տեսակների կիրառման հարցերը եւ այլն: Հրապարակ են գալիս ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են նաեւ հատուկ ծառայությունների` հետախուզության եւ հակահետախուզության ծավալած աշխատանքները Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ռազմական պատմաբանների ուշադրությունից դուրս է մնացել Անտանտի եւ Քառյակ միության (մասնավորապես` ռուսական, բրիտանական, գերմանական եւ թուրքական, մասամբ ավստրիական) հետախուզությունների գործունեությունը ռուս-թուրքական (Կովկասյան կամ Հայկական) ռազմաճակատում: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ռուս-թուրքական ռազմաճակատը համարվում էր երկրորդական:
Առայսօր անտիպ է 1914 թ. դեկտեմբերից մինչեւ 1916 թ. մարտ Կովկասյան բանակի դաշտային շտաբի (Կովկասյան բանակն ուներ երկու շտաբ: Մեկը գտնվում էր Թիֆլիսում, իսկ մյուսը` անմիջականորեն ռազմաճակատում` Կարսում, ապա՝ Էրզրումում: Վերջինս ղեկավարում էր բանակի հրամանատար Նիկոլայ Նիկոլաեւիչ Յուդենիչը) հետախուզական բաժանմունքի պետ, գեներալ Դ. Պ. Դրացենկոյի (1876-?) “записки” աշխատությունը: Այնտեղ ներկայացված են ռուսական հետախուզական ծառայության գործունեությունը ռուս-թուրքական ռազմաճակատում: Ձեռագիրը պահպանվում է Կոլումբիայի համալսարանում (ԱՄՆ) գտնվող Կովկասյան բանակի նախկին գեներալ-կվարտիրմեյստեր (թիկունքի պետ, որը միաժամանակ ղեկավարում էր հետախուզական ծառայությունը) գեներալ Ե. Վ. Մասլովսկու արխիվում:
Ամերիկյան հետախուզության սպա Էլլիս Մ. Զախարիասի հուշերից հետեւում է, որ խաղաղ ժամանակ հետախուզական տեղեկությունների մոտ 95%-ը հայթայթվում է բաց աղբյուրներից` գրքերից, զբոսաշրջիկներից, թերթերի հոդվածներից, ռադիոյից եւ նման այլ տեղերից: Տեղեկությունների եւս չորս տոկոսը հասու է դառնում կիսապաշտոնական աղբյուրներից, որոնք հայթայթում են զինվորական կցորդները եւ գործակալները: Եվ միայն մեկ տոկոսն է, որ հնարավոր է լինում ստանալ գաղտնի աղբյուրներից:
Հետախուզության ամերիկյան պատմաբան Ռ. Ռոուանը գրում է. «Երբ խոսում են համաշխարհային (Առաջին-Ռ.Ս.) պատերազմի մասին, ապա միշտ հիշում են ռազմական հետախուզության բացակայությունը»:
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պարզ է դառնում, որ բավարար չէ իմանալ հակառակորդի կամ հակառակորդների բանակի տեղակայման միայն վայրը եւ թվաքանակը: Անհրաժեշտ են սպառիչ տեղեկություններ հակառակորդ երկրի կամ երկրների քաղաքական եւ տնտեսական դրության, զինուժի բարոյահոգեբանական վիճակի մասին:
1914-1918թթ. ընթացքում պարզ է դառնում, որ պատերազմն արմատականորեն փոխում է ռազմական հետախուզության աշխատանքի պայմանները: Եթե նախորդ պատերազմում հիմնականում հեծելազորն էր բանակային հետախուզության գլխավոր հնարավորությունը, ապա պատերազմի առաջին իսկ օրերից նրա նշանակությունը վերանում է: Հակամարտ կողմերն արդեն օգտագործում են օդային հետախուզությունը:
Պատերազմի նախօրյակին ռուսական հետախուզությունն ուներ համեմատաբար լայն գործակալական ցանց, որը գործում էր ռուս-թուրքական սահմանի երկու կողմերում: Սակայն, Կովկասյան բանակի հետախուզությանը հատկացվող գումարները եւ հաստիքները անչափ սակավ էին: Բանն այն է, որ ռուսական Գլխավոր շտաբը հավանական հակառակորդ համարում էր Գերմանիային եւ Ավստրո-Հունգարիային, ուստի այդ ուղղությամբ էր կենտրոնացրել իր հիմնական ուժերը: Այդ էր պատճառը, որ ռուսական հակահետախուզական 12 բաժանմունքներից Թիֆլիսի եւ Օդեսայի հակահետախուզական բաժանմունքներին տրվում էր ավելի քիչ փող: Նրանք, իբր, դիմակայում էին թուրքական եւ ավստրիական հետախուզական թույլ ծառայություններին: Նման թերագնահատումը թանկ է արժենում ռուսների համար: 1911թ. ավստրո-հունգարական հետախուզությունը կարողանում է հայթայթել 11 գերգաղտնի փաստաթուղթ, որոնք վերաբերում էին սեւծովյան ռազմական նավատորմին: Ավելին, գերմանական հետախուզությանը հաջողվում է ռուսական ռազմածովային նավատորմի նավաշինարարական գործարանում ներդնել իր գործակալներին: Վերջիններիս հաջողվում է 1916թ. հոկտեմբերի 7-ին պայթեցնել եւ ջրասույզ անել ռուսական «Իմպերատրիցա Եկատերինա» գծանավը:
Կովկասյան ռազմական օկրուգում 1914թ. որպես լրտես, կասկածանքի տակ էին գտնվում Գերմանիայի 11, Ճապոնիայի 2 եւ Թուրքիայի 55 գործակալներ:
Կովկասյան հակահետախուզական բաժանմունքը 1912-1913թթ. լրտեսության կասկածանքով ձերբակալել էր ընդամենը երկու հոգու: 1911-1914թթ. Կովկասում լրտեսության մեղադրանքով դատապարտվել է միայն մեկ հոգի:
Կովկասյան բանակի հրամանատարության հետախուզական ծառայությունը կարողացել էր տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ ստեղծել սահմանամերձ ակտիվ գործակալական ցանց, որում հիմնականում ընդգրկված էին հայեր: Նրանք, տիրապետելով թուրքերենին եւ քրդերենին, ինչպես նաեւ իմանալով կայսրությունում բնակվող բազմազգ բնակչության սովորույթները, կարողանում էին արժեքավոր հետախուզական տեղեկություններ հայթայթել: Սակայն ռուսական հետախուզության հիմնական թերությունն այն էր, որ նա մեծ տեղ էր հատկացնում սահմանամերձ, գործակալական հետախուզությանը եւ չէր մտածում ռազմավարական հետախուզության մասին: Բանն այն է, որ մարտական գործողությունների շրջանում ե՛ւ ռուսական, ե՛ւ թուրքական հետախուզությունները հիմնականում կորցնում են իրենց գործակալների մեծ մասին: Նրանք կամ հեռանում են պատերազմական գործողությունների վայրերից կամ էլ նահանջում են մնացած բնակչության հետ: Դրա հետեւանքով հետախուզությունը կորցնում է տարիներ շարունակ ձեւավորված գործակալական ցանցը:
Պատերազմի ընթացքում ռուսական հետախուզությունը ստիպված էր լայնածավալ աշխատանքներ կատարել վերականգնելու գործակալական ցանցը:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում ինչպես Անտանտի, այնպես էլ Քառյակ միության երկրների ղեկավարությունները հատուկ ծառայություններին հատկացնում էին երկրորդական դեր: Այդ երկրների զինվորական բարձրագույն ղեկավարությունը համոզված էր, որ պատերազմը կարճ է տեւելու, ուստի հետախուզությանը եւ հակահետախուզությանը հանձնարարվում էր երկրորդական` ոչ էական առաջադրանքներ: Սակայն այն բանից հետո, երբ մարտական գործողությունները սկսում են ձգձգվել, հակամարտող կողմերը ստիպված էին զգալի տեղ հատկացնել հատուկ ծառայությունների գործունեությանը: Այս հարցում հատկապես աչքի են ընկնում բրիտանական եւ գերմանական հետախուզությունները:
Պատերազմի նախօրյակին գերմանական հետախուզությունը լայն աշխատանքներ է ծավալում նաեւ Միջին Ասիայում եւ Աֆղանստանում: Ռուսական հետախուզության տվյալների համաձայն, միայն 1909թ. հոկտեմբերի ընթացքում Աֆղանստան է տեղափոխվում 17 հազար գերմանական արտադրության հրացան: Գերմանացիները շարունակում են զգալի քանակությամբ զենք ուղարկել նաեւ Միջին Ասիա: Զենքի, զինամթերքի եւ հակառուսական, պանիսլամիստական եւ պանթուրքական բնույթ կրող գրականության գաղտնի ներկրումը շարունակվում էր նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
1915թ. ամռանը Աֆղանստան է ժամանում գերմանական զինվորական-դիվանագիտական պատվիրակությունը, որի կազմում էին նաեւ թուրք եւ ավստրիացի սպաներ ու հնդիկ ազգայնականներ: Առաքելությունը ղեկավարում է գերմանական գլխավոր շտաբի կապիտան (հետագայում` գեներալ), հետախույզ Օսկար ֆոն Նիդերմայերը: Վերջինս, որպեսզի ստանա պանթյուրքիստների եւ պանիսլամիստների վստահությունը, մահմեդականություն է ընդունում:
Գերմանական եւ թուրքական հետախուզությունների ծավալած աշխատանքի արդյունքում, 1916թ. ամռանը Արեւելյան Թուրքեստանում բռնկվում է հակառուսական ապստամբություն: Հարկ ենք համարում նշել, որ գեներալ Օ. ֆոն Նիդերմայերը կրկին հայտնվում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, երբ խորհրդային ռազմագերիներից գերմանացիները կազմավորում էին ազգային լեգեոններ: Թուրքեստանում հակառուսական տրամադրություններն ունեին իրենց հիմքերը: Բանն այն է, որ 20-րդ դարի սկզբին ռուսական իշխանություններն իրականացնում էին երկրամասի գաղութացման քաղաքականություն: Վերաբնակ ռուս գյուղացիները հաճախ զավթում էին տեղաբնիկների հողերը՝ հարուցելով նրանց խիստ դժգոհությունը, ինչը հաճախ էլ վերաճում էր զինված բախման: Ճիշտ է տեղական ողջախոհ ռուս իշխանավորներն աշխատում էին հարթել դժգոհությունները, առաջարկելով վերաբնակիչներին հիմնավորվել միայն այն հողերի վրա, որոնք չունեին իրենց մշակողները:
Անհանգստացած փոխարքայությունում գերմանական հետախուզության ակտիվությամբ, Կովկասյան բանակի շտաբի պետ, գեներալ Ն. Ն. Յուդենիչը շտապում է այդ մասին զեկուցել փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովին: Ռուսական հետախուզությունը կարողանում է կալանել Անդրկովկասում գործող գերմանական գործակալներին եւ զգալի հարված հասցնել գերմանական հետախուզությանը: Ռուս հակահետախույզներին հաջողվում է պարզել, որ գերմանական հետախուզության կենտրոններ են հանդիսացել Կովկասում «Զինգեր» ֆիրմայի մասնաճյուղը եւ «Դոյչե բանկի» բաժանմունքը:
Ռուսական իշխանությունները պատերազմի նախօրյակին անուշադրության են մատնում Կարսի մարզում թուրք գործակալների հաճախակի հայտնվելը: Ճիշտ է, Էրզրումի ռուսական գլխավոր հյուպատոսարանը զգուշացրել էր այդ մասին, սակայն ոստիկանությունը, ինչպես հարկն է, հետաքննություն չէր կատարել: Հյուպատոսարանը նույնիսկ նշել էր նրանց հնարավոր երթեւեկության ուղին: Ենթադրվում էր, որ երիտթուրքական գործակալները նպատակ ունեին դրամական միջոցներ հայթայթել թուրքական ռազմական նավատորմի համար:
Բացի այդ, արտասահմանից ստացվում են զանազան կառավարական ծառայողների եւ սպաների անուններով նամակներ՝ ուղղակի առաջարկելով դրամական պարգեւի դիմաց զբաղվել լրտեսական գործունեությամբ:
Պատերազմի նախօրյակին ակտիվանում են գերմանական եւ ավստրիական հետախուզությունները: 1914թ. հունիսի սկզբներին Օլթիի օկրուգում լազերի տարազով հայտնաբերվում են երկու թուրք եւ մեկ գերմանացի սպա: Բացի այդ, մոլլայի զգեստով շրջում են թուրք գործակալներ, որոնք քայքայիչ քարոզչություն են կատարում ռուսահպատակ մահմեդական բնակչության շրջանում, կոչ անելով պատերազմի դեպքում անցնել Թուրքիայի կողմը:
Տարբեր պատրվակներով` զբոսաշրջություն, տեղական կենդանական եւ բուսական աշխարհի ուսումնասիրում, Անդրկովկաս են գալիս հիմնականում գերմանացի, ինչպես նաեւ ավստրիացի հետախույզներ: Այսպես, 1914թ. հուլիսի սկզբին Կովկաս են ժամանում երկու գերմանացի ուսուցիչներ, որոնք պետք է ճամփորդեին Սվանեթիա, Օսիա, այնուհետեւ անցնելու էին Հայաստան՝ Արագած, Արարատ Սեւանա լիճ: Մի շարք դեպքերում ռուսական իշխանությունները տարբեր պատճառաբանություններով արգելում են նրանց ուղեւորությունները: Սակայն, ինչպես տեսանք հետագա իրադարձություններից, գործակալները ոչ միայն դրամական նվիրատվություններ էին հավաքում, այլեւ տեղի մահմեդական բնակչությանը նախապատրաստում էին խռովության: Կարելի է ենթադրել, որ տարբեր ժամանակներում, իհարկե գաղտնի, Կարսի եւ Բաթումի մարզ է բերվել զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք, որը բաժանվել է աջար եւ թուրք բնակչությանը:
Ռուսական հրամանատարության համար անսպասելի չէր թուրքական հարձակումը: Նրանք գիտեին, որ հակառակորդն անպայման դաշնակցելու է Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի հետ: Ռուսների համար անսպասելի էր 1914թ. հոկտեմբերի թուրքական հարձակումը, որը կլիմայական եւ այլ պատճառներով գրեթե անհնար էր: Ռուսական հրամանատարությանը հայտնի էին Կարսի մարզի եւ Բաթումի նահանգի մահմեդական բնակչության շրջանում հակառուսական խմորումները, մինչդեռ նրանց համար անակնկալ եղավ ապստամբական գործողությունների մեջ զգալի թվով ռուսահպատակ մահմեդականների ընդգրկվելը: Այս հանգամանքը եւս անհրաժեշտ է ի ցույց դնել, քանի որ վկայում է ռուսական հակահետախուզության անբավարար աշխատանքը:
Ռուսական հետախուզության գերազանց կազմակերպված ապատեղեկատվության շնորհիվ հնարավոր է դառնում Թիֆլիս բերել Էրզրումի գերմանական հյուպատոս Է. Անդերսին եւ նրա օգնական, կապիտան Վեյկմանին ու ձերբակալել:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական շրջանում Անտանտի տերությունների հատուկ ծառայությունները գործում էին միմյանցից անկախ: Չէր փոխանակվում հետախուզական եւ հակահետախուզական բնույթի որեւէ տեղեկատվություն: Միայն 1915թ. վերջին՝ Փարիզում, դաշնակիցները հիմնում են «Միջդաշնակցային բյուրո», որը պետք է մշակեր համատեղ միջոցառումներ` պայքարելու հակառակորդի հետախուզության քայքայիչ գործողությունների դեմ:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական ռազմաճակատում ռուսական հետախուզության գործունեությանը, ապա ցանկանում ենք նշել, որ մեր ունեցած տեղեկությունները այնքան էլ շատ չեն: Գեներալ Ն. Գ. Կորսունի աշխատությունից տեղեկանում ենք, որ Կովկասյան բանակի դաշտային շտաբում կար հետախուզության ընդամենը երեք սպա: Եվ դա այն դեպքում, երբ 1915թ. ռազմաճակատի երկարությունը 2500 կմ էր եւ ձգվում էր Սեւ ծովից մինչեւ Սեիստան (աֆղանական սահման), իսկ Արեւմտյան ռազմաճակատում ռուսական զորքերի ճակատը 1200 կմ էր:
Կովկասյան բանակի հրամանատարների եւ բարձրաստիճան սպաների թվում զգալի էին հետախույզները: Նրանց թվում են գեներալներ Գ. Ֆ. Չեռնոզուբովը, 39-րդ հետեւակային դիվիզիայի պետ, գնդապետ, ապա գեներալ Դանիիլ Պավլովիչ Դրացենկոն, Կովկասյան բանակի շտաբի պետ, գեներալ Վ. Վ. Վիշինսկին (երկար տարիներ եղել է Էրզրումի ռուսական հյուպատոսի օգնական) եւ ուրիշներ:
Բավականին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում գեներալ Ե. Վ. Մասլովսկին: Նա գլխավորապես առանձնացնում է Կովկասյան բանակի շտաբի հետախուզական բաժանմունքի պետ, գնդապետ Դ. Պ. Դրացենկոյի ծավալած գործունեությունը: Կովկասյան բանակին հետախուզական տեղեկություններ էր տրամադրում շտաբին ամրագրված բրիտանական բանակի սպա, մայոր Մարշը:
Կովկասյան ռազմաճակատում ռուսական հետախուզության ծավալած գործունեության մասին որոշ տեղեկություններ է հայտնում Կովկասյան 4-րդ բանակի հետախուզական ծառայության աշխատակից, ապա ՀՀ բանակի գլխավոր շտաբի հետախուզական բաժանմունքի պետ Տիգրան Դեւոյանը: Փաստորեն, մի ողջ ժամանակահատված` 1914-1917թթ., դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրությունից:
Սակայն ռուսական բանակի հրամանատարությունը աստիճանաբար սկսում է ավելի մեծ տեղ տալ հետախուզությանը: Օգտագործվում էր ցանկացած հնարավորություն` հակառակորդի մասին տեղեկություններ հայթայթելու համար: Կովկասյան 4-րդ բանակային կորպուսի հետախուզական բաժանմունքի պետ, կապիտան Վլ. Ան. Օզոլը պարբերաբար տեղեկություններ էր ստանում 1915թ. սկզբին Իգդիրում գործող «Հայկական շտաբից»: Նրա անդամներից` Տիգրան Դեւոյանը տեղեկություններ էր հավաքում Իգդիրով անցնող գաղթականներից, «որոնք կուտային շատ արժէքաւոր տեղեկութիւններ թրքական ուժերու մասին»: Զեկուցագրերի պատճենները ուղարկվում էին Ռոստոմին (Ստեփան Զորյան):
Ողջ պատերազմի ընթացքում ռուսական հրամանատարությունը Թուրքիայում իր գործակալներից ստանում էր տեղեկություններ: Տ. Դեւոյանի գնահատմամբ, մինչեւ պատերազմը, լրտեսների թիվը հասնում էր հազարների: Նրանք «շատ կարեւոր դէպքերուն` իրենք փախչելով կուգային կը յանձնւէին ռուսական բանակին` հետները բերելով շատ կարեւոր տեղեկութիւններ»:
Ռուս-թուրքական ռազմաճակատում հետախուզությունը կատարվում էր ինչպես բանակային, այնպես էլ գործակալական:
Կովկասյան 4-րդ բանակային կորպուսին կից գործում էր հայկական հատուկ հետախուզական ջոկատ Տ. Դեւոյանի գլխավորությամբ: Բացի ռազմաճակատային հետախուզությունից, նրանք ուղարկվում են Թուրքիայի խորքերը, ընդհուպ մինչեւ Կ. Պոլիս, հայթայթելով ստույգ տեղեկություններ հակառակորդի զինուժի թվաքանակի, տեղաշարժման, պարենի ապահովության եւ այլնի մասին:
Ռուսական Կովկասյան բանակի շտաբը, ըստ Դեւոյանի, տեղյակ էր հակառակորդի գրեթե բոլոր տեղաշարժերի, համալրման եւ սպառազինության մասին: Նա նշում է, որ իրենք պարբերաբար տեղեկություններ էին ստանում դասալիքների եւ գործակալների միջոցով: Նրանց տեղեկությունները ստուգելու կամ ճշտելու համար բանակային հրամանատարությունը հետախուզական հեծելախմբեր էր ուղարկում ռազմաճակատի այս կամ այն տեղամաս` հրամայելով բերել «լեզու» (գերել հակառակորդի առաջապահ դիրքերից որեւէ զինվորի կամ սպայի): Եվ այդ կերպ կարողանում էին համադրել ստացված բոլոր տեղեկությունները:
Որեւէ բնակավայր գրավելու դեպքում հետախուզական բաժանմունքի աշխատակիցներն առաջին հերթին ստուգում էին թուրք սպաների բնակության վայրերը, աշխատելով հավաքել նրանցից հետո մնացած փաստաթղթերը, հեռագրերի պատճենները: Բացի այդ, «բոլոր դաշնակից պետութիւնները իրենց ստացած լուրերը թուրք բանակի շարժումներու մասին իրենց ներկայացուցիչի միջոցաւ ամէն օր կը հաղորդէին մեր բանակի սպայակոյտին (շտաբին-Ռ.Ս.)»:
Գերմանական գլխավոր շտաբը մեծ տեղ էր հատկացնում ռուսների թիկունքում դիվերսիոն-հետախուզական գործունեությանը եւ ձգտում էր ավելացնել ու ակտիվացնել քայքայիչ – դիվերսիոն գործունեություն ծավալող, կովկասցի տեղաբնիկներից կազմված ստորաբաժանումների գործունեությունը: Վերջիններս ապստամբական լայնածավալ ելույթներով պետք է ապակայունացնեին թիկունքը՝ հրահրելով վրաց եւ մահմեդական բնակչությանը խռովարարության: Այս խնդրում գերմանացիներին լուրջ աջակցություն են ցույց տալիս արտասահմանում գտնվող վրաց վտարանդիներ, սոցիալ-ֆեդերալիստները` Միխայիլ Ծերեթելին, Վառլամ Չերքիզիշվիլին, Գեորգի Մաչաբելին, Լեո Կերեսելիձեն եւ կովկասցի թաթարներ Ա. Աղաեւը, Հուսեյինզադեն եւ ուրիշները: Վրացիները կազմակերպում են Վրաստանի անկախության կոմիտե եւ 1914թ. վերջին հիմնավորվում Կ. Պոլսում:
Գերմանացիների նպատակն էր Կովկասում հրահրել անջատողական շարժում: Ինչպես նշում է ռուսաստանցի պատմաբան Ա. Ի. Ուտկինը, Գերմանիայի համար առավել ցանկալի նշանակետը Վրաստանն էր: Կ. Պոլսում կազմակերպվում է հատուկ ֆոնդ, որի նպատակն էր Վրաստանին հանել Ռուսաստանի դեմ: Վերը հիշատակած վրացի վտարանդիները ցանկանում էին գերմանացիների օգնությամբ հասնել Վրաստանի անկախությանը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հանձնարարում է Վերներ ֆոն Շուլենբուրգին կազմել եւ ղեկավարել հատուկ նախագիծ` «Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից եւ նրա հետագա քաղաքական կազմակերպումը»: Այս փաստաթղթի հեղինակներն էին Գերմանիայում գտնվող վրաց սոցիալ-ֆեդերալիստներ Գեորգի Մաչաբելին եւ Միխայիլ Ծերեթելին: Նշված նախագծի համաձայն, նախատեսվում էր Անդրկովկասում հիմնել «Կովկասյան Շվեյցարիա» Գերմանիայի ենթակայության ներքո: Նշենք, որ այս նախագիծը կրկին օրակարգի խնդիր է դառնում 1918թ. մայիսին, երբ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հռչակում են իրենց անկախությունը: Վրաստանը եւ Ադրբեջանն առաջարկում են Հայաստանին միանալ եւ ստեղծել կոնֆեդերացիա: Իրականում այս միությունն ուղղված էր լինելու Ռուսաստանի դեմ, որին Հայաստանը չհամաձայնեց: Պետական այդ կազմավորման գաղափարը կրկին պատկանում էր գերմանական հետախուզությանը: Ցանկանում ենք նշել, որ համադաշնության հարցը նորից բարձրացվեց 1990-ական թվականներին, այս անգամ թուրքական հետախուզության կողմից, որը ցանկանում էր կովկասյան ժողովուրդներից ստեղծել «Կովկասյան տուն» անունը կրող պետական կազմավորում եւ Կովկասը կտրել Ռուսաստանի ազդեցության գոտուց: Պետական այդ կազմավորումում, սակայն, Հայաստանը տեղ չուներ, քանի որ հայտնի էր նրա դիրքորոշումն այդ հարցում:
Ինչեւէ, Վ. ֆոն Շուլենբուրգը եռանդով սկսում է գործել: Նրան հանձնարարվում է.
ա) Կովկասում հրահրել հակառուսական տրամադրություններ եւ խռովություններ:
բ) Հաստատել համագործակցություն վրացական «Անկախության կոմիտեի» եւ թուրքական հրամանատարության միջեւ` Կովկասում համատեղ ուժերով ապստամբություններ կազմակերպելու համար:
գ) Կապվել ապստամբների եւ գերմանական ու թուրքական համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաեւ մյուս կազմակերպությունների հետ, որոնք նմանապես հետապնդում են «ազատագրական» նպատակներ:
դ) Կովկասի եւ հարակից շրջանների վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկատվություն հայթայթել:

Գերմանական հետախուզությունը իր կենտրոնատեղին դարձնում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմը: Գերմանական հետախուզությունը պատահական չէր ընտրել Ստոկհոլմը որպես կենտրոնատեղի: Ռուս դիվանագետներին եւ զինվորականներին հայտնի էին շվեդական կառավարության, զինվորականության եւ ազնվականության գերմանամետ տրամադրությունները: Այդ հանգամանքը լրացուցիչ ապահովություն էր տալիս գերմանացի հետախույզներին իրենց հետախուզական գործողությունները կատարելիս: Ստոկհոլմից Անդրկովկաս ուղարկվեց մեծ քանակությամբ դրամ` երկրամասում ապստամբական շարժումներ կազմակերպելու համար: Այս աշխատանքները կոորդինացնում էր «կապի սպա»՝ իրականում գերմանական հետախուզության աշխատակից Վ. ֆոն Շուլենբուրգը:

Շարունակելի

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Պատմության էջերից


09/12/2010