Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՊԱՎՈՐԸ ԿԱՄ ՈՒՄ ԷԼ ԱՓԴ ՊԱՐԶԵՍ, ՔՈՆԸ ԿԴԱՌՆԱ
ԿԱՊԱՎՈՐԸ ԿԱՄ ՈՒՄ ԷԼ ԱՓԴ ՊԱՐԶԵՍ, ՔՈՆԸ ԿԴԱՌՆԱ

ԿԱՊԱՎՈՐԸ ԿԱՄ ՈՒՄ ԷԼ ԱՓԴ ՊԱՐԶԵՍ, ՔՈՆԸ ԿԴԱՌՆԱՍուրճս առել, նստել եմ գետնատնակի կողքի փայտաշեն տաղավարում: Արդեն չորս հոգու հետ հարցազրույց եմ արել, ու ինչպես հոգնելիս լինում է սովորաբար, ասես գլուխս թանձր մառախուղ լցրած լինեն: Այս վիճակից դուրս գալու համար 10-15 րոպեանոց լռություն է պետք: Հաճույքով կփակեի աչքերս, բայց Ջեկոն անհանգիստ պտտվում է շուրջս: Դիրքապահներն ասացին` մի՛ վախեցիր, սահմանապահ շուն է, յուրայիններին հոտառությամբ է ճանաչում: Բայց ես ոնց հույս դնեմ էս ահռելի գամփռի հոտառության վրա: Ավելի լավ է՝ գնամ-նստեմ Տարոնի կողքին:

Երբ գետնատնակում զրուցում էի գումարտակի շտաբի պետ, մայոր Արթուր Բաղդասարյանի հետ, Տարոնն այնտեղ էր: Մի պահ միացավ մեր զրույցին: Հիշեցի, հենց նա էր, որ ռազմարվեստից էր խոսում: Ես հասկանում եմ` հիմա Տարոնի մասին մտածելու ժամանակը չէ. ես պիտի անջատեմ ուղեղս, որ կարողանամ թոթափել հոգնությունը ու էլի մի քանի դիրքապահի հետ հարցազրույց անել, քանի դեռ լրիվ չի մթնել: Բայց Տարոնի ձայնը խցկվում է գլխիս ծանրացած մշուշի մեջ:

-Իմ ամենասիրած առարկան ռազմագիտությունն էր: Երբ մեր ուսուցիչը պատմում էր  ճակատամարտերի մասին, սիրտս ոգեւորությունից սկսում էր թպրտալ: …Չկա ավելի գեղեցիկ բան, քան մարտավարությունը: Այն ե՛ւ գիտություն է, ե՛ւ արվեստ: Կառավարել մարտը, զենքերը, զորքի շարժը… իրավիճակին համապատասխան արագորեն նոր լուծումներ գտնել: Ստեղծագործել:

Ես բացում եմ գրոտած թղթերն ու սկսում փնտրել Տարոնի անունը: «Տարոն Զաքարյան, կապի դասակի հրամանատար, լեյտենանտ»:

-Տեղ տուր,- ասում եմ Տարոնին. նստել է սալքարի ուղիղ մեջտեղում:

-Քեզ լրիվ ուրիշ ձեւի էի պատկերացնում,- ասում է մի կողմ քաշվելով:

-Ի՞նչ ձեւի: -Ես տեղավորվում եմ սալքարին, մեջքս հենում կանաչած թմբին: Տաք է: Ջերմությունը հաճելիորեն հոսում է մարմնիս մեջ:

-Հեչ լրագրողի նման չես:

Ես անակնկալի եմ գալիս:

-Ինչո՞ւ:

-Լրագրողները սովորաբար հարցը տալիս են, պատասխանը չեն լսում: Ոնց որ՝ ձայնագրիչի հետ խոսես: Ձայնագրիչի հետ խոսել կլինի՞:

-Լրագրողները պատասխաններ չեն լսում, որովհետեւ իրենք նախապես գիտեն, թե ինչ ես պատասխանելու,- ես խաղում եմ Տարոնի հոգու հետ:

-Հա՞: Դրա համար էլ մի անգամ ինձ հարցրին` ինչու էիր երազում սահմանապահ դառնալ, որ հերոսանա՞ս, ասացի` չէ, որ առանց կորուստների, անձնակազմիս անվտանգությունն ապահովելով՝ ճիշտ մարտավարության շնորհիվ ինձ վստահված սահմանն անառիկ պահեմ: Երբեք հերոսանալու մասին չեմ մտածել: Բայց լրագրողը, միեւնույն է, գրեց` իբր ասել եմ. «Մանկուց երազել եմ հերոսանալ»:

Ես բարձրաձայն ծիծաղում եմ ու վախեցնում աղունիկներին, որոնք ցորեն են կտցում հենց Տարոնի ափից:

-Ո՞նց էլ ափիդ միջից ուտում են: Քո՞ աղունիկներն են:

-Չէ՛, մեր դիրքի: Ում էլ ափդ պարզես, քոնը կդառնա: Ձեռքդ տուր:

Ես բնազդաբար մեկնում եմ ձեռքս: Տարոնը բացում է ափս, մեջը ցորեն լցնում: Քիչ անց աղունիկները վախվորած հավաքվում են շուրջս ու սկսում են կտցահարել ափս:

-Սա ինձ մայրս է սովորեցրել:

-Ի՞նչը,- իմ ուղեղի մշուշը դեռ չի ցրվել:

-Մայրս ասում էր` սերը ամենահզոր զենքն է, սիրով կնվաճես ամեն ինչ ու ամենքին: Ասում էր` սերը բացում է բոլոր փակ դռները:

-Իմ մայրն էլ է նույնն ասում:

Տարոնն էլ է հենվել բլուրին, որը դիմահար արեւից ավելի է տաքացել:

-Մայրս մեր գյուղի բուժքույրն էր: Օրվա որ ժամին ասես մեր դուռը թակում էին, ու մայրս, որքան էլ հոգնած լիներ, պատրաստակամ վերցնում էր դեղերն ու սրսկիչը:

-Պարզում էր ափը…

-Երբ սկսում եմ կերակրել սահմանապահ շներին, մերձակայքի շներն էլ են հավաքվում: Կենդանիները, ի տարբերություն մարդկանց, անսխալ զգում են` սիրում ես իրենց, թե ոչ: Կենդանիներին չես կարող խաբել: Շները գալիս, հավաքվում են գետնատնակի մոտ…

Մորաքրոջս աղջիկն ասում էր` Ամերիկայում մի փոքրիկ գյուղաքաղաք կա, որտեղ բոլոր տները կանաչ են ներկված, ու գիշերը բոլոր տների բակերում կանաչ լույս է վառվում: Այդ կանաչ լույսը մարդկանց ասում է, որ միշտ, օրվա ցանկացած ժամի, կարող են օգնություն խնդրել տների բնակիչներից անհրաժեշտության դեպքում:

«Մարդկանց պարզած ափ»: Սիրուն պատկեր է, ու լրիվ հերիք է, որ մի լավ հոդված ծնվի: Ես փակում եմ աչքերս ու վայելում գարնանային արեւը: Պետք է ընտրություն անեմ հոդվածի ու վայելքի միջեւ:

-Սեւանալու ես,- ասում է Տարոնը:

-Քեզ նմա՞ն:

Տարոնի մաշկը կարմրաշագանակագույն է:

-Ես այգում աշխատելիս եմ սեւացել: -Տարոնը վիրավորվում է: -Մանկուց սիրել եմ ծառ ու ծաղիկ: Նրանց երեխայի պես եմ խնամում: Եթե հողը չսիրես, կխռովի…

Սերոբ պապին հիշեցի: Ագուլիսից էր: Նախիջեւանին Նախչէվան էր ասում:

-Իմ հողն ինձնից խռով մնաց,- մորմոքում էր մեռնելուց առաջ,- որ հողդ շատ սիրես, ոչ մի թշնամի հողդ քեզանից չի խլի:

Խեղճ, միամիտ Սերոբ պապ:

Ջեկոն եկել, բոյով մեկ փռվել է ոտքերիս մոտ:

-Արի գնանք, տաղավարում նստենք,- ասում եմ Տարոնին:

-Ուժեղները պաշտպանում են, թույլերն են կծում: Ջեկոն հետեւիցդ ման է գալիս, որ քեզ պաշտպանի,- լուրջ-լուրջ հավատացնում է Տարոնը: -Պատերազմի ժամանակ ամենալավ կռվողները կյանքում խաղաղասեր, հավասարակշռված, հանդարտ մարդիկ են: Ու հենց նրանք են լավ զինվորական դառնում, որովհետեւ սպայի մասնագիտությունը համբերատարության մասնագիտություն է: Հորեղբայր Աշոտը մեր գերդաստանի ամենախաղաղ ու հանգիստ մարդն է, բայց Արցախյան պատերազմն սկսվեց, ռազմաճակատ գնաց: Երբեք չէր խոսում պատերազմի, կռվի, հերոսության մասին: Ասում էր` մարդուն չի կարելի վերեւից նայել: Եթե մարդը ներքեւում է, նրան պիտի այնքան բարձրացնես, որ նրա աչքերին նայելու համար գլուխդ բարձր պահես:

Ես, այնուամենայնիվ, ընտրում եմ հոդվածը:

-Դո՞ւ էլ ես խաղաղասեր,- ու առանց պատասխանը լսելու մտնում եմ գետնատնակ, որ թուղթ ու գրիչ վերցնեմ. պետք է նշումներ անել:

-Ես ռոմանտիկ եմ,- ասում է Տարոնը, երբ վերադառնում եմ: -Սիրում եմ ամուր, ավանդապաշտ ընտանիք, հավատում եմ, որ իսկական սերը երբեք չի մարում: Արդեն երկու երեխա ունեմ, բայց շարունակում եմ պարբերաբար ծաղիկներ նվիրել կնոջս, անակնկալ նվերներ տալ: Ես շատ գոհ եմ իմ կյանքից: Իմ բոլոր երազանքներն իրականացել են: Սկզբում բանակ մտա որպես պայմանագրային, բայց հետո մասնակցեցի սպայական դասընթացների ու արդեն լեյտենանտ եմ: Երբ զինվոր էի, իմ կուռքը մեր գնդի հրամանատարն էր` գնդապետ Արարատ Մելքումյանը: Նա խիստ էր, հարգված, ազդեցիկ: Երազում էի, որ ինձ էլ մի օր հրամանատար կոչեն, ու այսօր ամեն ինչ անում եմ, որ արժանի լինեմ այդ կոչմանը: Ամսվա մի մասը սահմանին եմ, մյուս մասը՝ զորամասում: Գուցե ոմանց համար մեր ծառայությունը դժվար է, բայց ես չեմ հոգնում, ես սիրում եմ աշխատանքս: Գործից հետո սիրով կնոջս ու երեխաներիս հետ գնում եմ զբոսնելու: Իսկ հանգստյան օրերին սիրով այգիս եմ մշակում: Ամեն ինչ հաճույքով եմ անում:

Ես փորձում եմ հիշել մեր զրույցի մանրամասները ու միտքս եկածը գրում եմ թղթին:

-Դու կապավոր ես, չէ՞:

-Հա, կապավոր եմ: -Տարոնը փորձում է վերծանել խզբզածս: Հետո միանգամից պայծառանում է: -Կապավոր, ուրիշ էլ ինչ: Կապը ամենակարեւոր բանն է ե՛ւ կյանքում, ե՛ւ բանակում: Առանց կապի չկա միասնական ուժ, համագործակցություն, ներդաշնակություն, փոխըմբռնում… Կապը փոխեց աշխարհի դեմքը: Գիտության զարգացումը հազարամյակներով առաջ ընկավ: Զինվորական կապի սարքավորումները…

Տարոնի դեմքը փայլում է: Կանգնել է հասակով մեկ: Նոր եմ նկատում, որ շատ բարձրահասակ է ու հաղթանդամ:

-Ի՞նչ ես գրում,- Տարոնը անսպասելի ընդհատում է «կապի» գովքը:

-Քո մասին հոդված եմ գրելու:

-Հարցազրո՞ւյց ենք անելու:

-Արդեն արել եմ:

Տարոնը մռայլվում է:

-Գոնե նախապես ասեիր` մտքերս հավաքեի,- ասում է դժգոհ:

-Նախապես ես էլ չգիտեի:

…Դիրքապահները դուրս են գալիս խրամատից: Մտնում եմ գետնատնակ: Ես Տարոնին թողնում եմ սալքարի մոտ ու հետեւում եմ նրանց: Գնում եմ գտնելու մի նոր պատմություն հայրենիքի սահմանին կանգնած սովորական-անսովոր այս տղաների մասին:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ